Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը, Հայկական հարցը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը

Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը, Հայկական հարցը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Վերջին շրջանում տեղական և համաշխարհային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը: Թուրքիան իր հերթին, ինչպես բազմաթիվ անգամներ անցյալում, փորձում է վիճարկել երկրների խորհրդարանների իրավունքը՝ գնահատականներ տալու անցյալում տեղի ունեցած իրադարձություններին:
Այս թոհուբոհի մեջ մեր ուշադրությունից վրիպում է մի շատ ավելի կարևոր հանգամանք՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի սահմանադրական իրավասությունը՝ գնահատականներ տալու միջազգային իրավունքի խախտումներին և քայլեր նախաձեռնելու մեղավորին պատժելու համար: Ըստ ԱՄՆ-ի սահմանադրության 1-ին հոդվածի 8-րդ մասի 10-րդ կետի՝ ԱՄՆ-ի Կոնգրեսն իրավասու է որոշել միջազգային իրավունքի խախտումները և պատժել խախտողներին. “The Congress shall have power … to define and punish … offenses against the law of nations” (Article 1, Section 8, §10): Առավել ևս սա վերաբերում է այն դեպքերին, երբ միջազգային իրավունքի հիման վրա որոշումների կայացմանը մասնակցել է ԱՄՆ-ի բարձրագույն պաշտոնյան՝ երկրի նախագահ Վուդրո Վիլսոնը: Ըստ այդմ՝ Կոնգրեսի ցանկացած անդամ կամ անդամների խումբ Կոնգրեսի պալատներից յուրաքանչյուրում կարող է հանդես գալ հետևյալ հարցապնդումով.
Արդյո՞ք Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանի վերաբերյալ իրավարար վճռի (22.XI.1920թ.) չկա-տարումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում: Եթե այո, ապա ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը՝ պատժելու համար միջազգային իրավունքը խախտողին:
Կոնգրեսը, վստահաբար, հաստատելու է Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումն առնվազն 2 հիմունքով.
• Հիմունք առաջին – Սենատի նախադեպային դիրքորոշումը.
Դեռևս 1927թ. Սենատը հստակ դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի վերաբերյալ: Այսպես, հունվարի 18-ին ԱՄՆ-ի Սենատը, որի իրավասությունների շրջանակում է միջազգային պայմանագրերի վավերացումը, մերժել է վավերացնել ամերիկա-թուրքական պայմանագիրը (Լոզան, 6 օգոստոսի, 1923թ.), հետևաբա ճանաչել ներկայիս Թուրքիայի հանրապետությունը:1 Ըստ այդմ՝ ամերիկա-թուրքական հարաբերությունները մնացել են առկախ վիճակում:2 Պայմանագիրը մերժելու համար եղել է 3 պատճառ, և դրանցից առաջինը եղել է ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների չկատարումը. “failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia”:3 Հետագայում ԱՄՆ-ի պետքարտուղարությունն այլևս փորձ չի արել Սենատում վավերացնել ամերիկա-թուրքական պայմանագիրը: Այն Սենատում մնացել է ևս 7 տարի՝ մինչև 1934թ. հունվարի 16-ը, երբ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի խնդրանքով ետ է ուղարկվել նախագահի վարչակազմին:4 Թուրքիան իր հերթին երբեք չի ամբողջացրել վավերացման գործընթացը:5
• Հիմունք երկրորդ – Դեմոկրատական կուսակցության ծրագրային հիմնադրույթները.
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության 1924թ. և 1928թ. ծրագրային հիմնադրույթների (Party Platform) մեջ միանշանակորեն շեշտվել է Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության իրավունքը «Վիլսոնյան Հայաստանի» նկատմամբ. “Fulfill¬ment of President Wilson’s arbitral award respecting Armenia” (1924թ. ծրագիր): Դեմոկրատական կուսակցության 1928թ. ծրագիրը ոչ միայն վերահաստատել է հայերի իրավունքները, այլև իր զորակցությունն է հայտնել ԱՄՆ-ի այն հետևողական ջանքերին, որոնք նպատակամղված կլինեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո, ԱՄՆ-ի և Դաշնակից ուժերի կողմից Հայաստանին ու հայ ժողովրդին տված խոստումների և պարտավորությունների կենսագործմանը. “We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and enga-gements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people”:6 Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանին տված ԱՄՆ-ի միակ անկատար խոստումը եղել և մնում է Վիլսոնի իրավարար վճիռը:
Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ի ներկա Կոնգրեսի 2 պալատներում էլ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, միանգամայն հնարավոր և տրամաբանական է, ԱՄՆ Սահմանադրության ընձեռած իրավասության հիման վրա, Ներկայացուցիչների պալատում և Սենատում որոշել-սահմանել (define) Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումը (offences against the law of nations)՝ ԱՄՆ-ի նախագահի իրավարար վճռով ստանձնած պարտավորությունների չկատարումը, և գործադիրին դիմել իրավախախտին պատժելու (punish) համար:
Հղումներ և ծանոթագրություն
1. Unperfected Treaties of the United States of America (1776-1976) (ed. & ann. Wiktor C.L.), 1919-1925, NY, 1984, v. 6, p. 421; Gordon L.J. Turkish-American Political Relations. Am Polit Sci Rev 1928;22(3):721.
2. Trask R.R. The United States Response to Turkish Nationalism and Reform 1914-1939. Minneapolis, 1971, p. 36.
3. Lausanne Treaty is Defeated. Davenport Democrat, 19 Jan 1927, p. 1.
4. Trask R.R. Ibid, p. 48.
5. Unperfected Treaties... Ibid, p. 421.
6. National Party Platforms (1840-1968) (compl. by Porter K., Johnson D.), Urbana-Chicago-London, 1972, p. 277.

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan