Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ուկրաինան սեփական պրիզմայից և բացառապես մեր շահերից. «Այլընտրանք»

Ուկրաինան սեփական պրիզմայից և բացառապես մեր շահերից. «Այլընտրանք»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր անդրադառնանք քաղաքական և հասարակական հարցերի նկատմամբ մեր ընկալումներին, սուբյեկտիվ և օբյեկտիվ մոտեցումները տարբերակելու անհրաժեշտությունից ելնելով, խնդիրներին սառը դատողությամբ նայելով, և դրանից հետո նաև մեր՝ հասարակության կամ ժողովրդի շահերից ելնելով: Դա միայն մեզ չէ, որ հատուկ է, և, հետևաբար, այստեղ այլամերժության խնդիր գոյություն չունի: Ցանկացած հասարակություն, ժողովուրդ, ազգ և պետություն ունի իր շահերը, հետևաբար, ցանկացած խնդիր անհրաժեշտ է դիտարկել սուբյեկտիվ մոտեցումներից վերանալով, զուտ օբյեկտիվ մոտեցմամբ, և հետո նույն խնդրին սեփական շահերի դիտանկյունից նայելով: Իսկ վերջնական դատողությունն ու որոշումը և սեփական դիրքորոշումը կառուցել է պետք այդ երկու դիտարկումները կատարելուց հետո։
Առիթը, իհարկե, ներկա ժամանակներում Ուկրաինայի խնդիրն է, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք վերջին ամիսներին և, հատկապես վերջին շաբաթներին, հասկանալի պատճառներով, Հայաստանի բնակչության ուշադրության կենտրոնում են հայտնվել: Այսօր ես տարբեր կողմերից բավական սուբյեկտիվ մոտեցումներ եմ տեսնում: Դրանցից մի մասը հարցին նայում է հասարակության, քաղաքացիական ազատության դիտանկյունից, իսկ մյուս մասը միջազգային կամ համաշխարհային դավադրության պատկերացումներից ելնելով: Մինչդեռ, ես կարծում եմ, որ ցանկացած նման խնդիր, իսկ այս պահին հենց Ուկրաինայի առջև ծառացած խնդիրը անհրաժեշտ է դիտարկել վերը նշված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ ազգային շահի դիտանկյունից:
Ուրեմն ինչ է՞ տեղի ունեցել և ինչ՞ է տեղի ունենում Ուկրաինայում։ Ուկրաինան, իհարկե, սլավոնական երկիր է: Ուկրաինացիները մեծամասամբ սլավոնական ժողովուրդ են, սակայն ռուսներ չեն, հետևաբար, Ուկրաինան անկախ և առանձին պետություն լինելու և առանձին պետականություն ունենալու իրավունք ունի, եթե ուկրաինացի ժողովուրդը նման ցանկություն ունի: Եվ փաստորեն ունի: Խնդիրն այն է, որ ուկրաինացի ժողովուրդը որպես ազգ միատարր չէ իր այդ ցանկությամբ, քանի որ այնտեղ գոյություն ունի բավական շեշտված հակառուսական տրամադրություններով զինված բնակչություն, ինչպես նաև նրանք, ովքեր ռուսներ չեն, ուկրաինացիներ են, սակայն ռուսախոս են և իրենց հակադրված չեն զգում Ռուսաստանին։ Երկու կողմն էլ ուկրաինացիներ են, սակայն այստեղ Ուկրաինայի քաղաքական դիմագծի և ինքնության դիմագծի ճշտման մեջ արդեն խնդիրներ են ծագում: Ուկրաինայում այս խնդրի լուծումը կարող է տեղի ունենալ միայն այդ երկու մոտեցումների համադրմամբ և հաշտեցմամբ, թույլ չտալով որևէ կողմի գերապատվությունը մյուսի նկատմամբ: Այսինքն՝ այս երկու մոտեցումներից որևէ մեկին գերապատվություն տալը, լինի դա արևմտյան ուկրաինացիների հակառուսական դիրքորոշումը, թե արևելյան ուկրաինացիների ռուսամետ դիրքորոշումը, կնշանակի մյուս կողմի իրավունքների ոտնահարում։ Արդար լուծումը պահանջում է այդ երկու դիրքորոշումների համադրությունը գտնելու փորձ։
Ուկրաինայի կողմից պետական անկախության, ինքնուրույնության, գերիշխանության ձգտումը լիովին արդարացի է։ Սակայն, դա չի նշանակում, որ արևմտյան ուկրաինացիների դիրքորոշմանը գերապատվություն պետք է տրվի անտեսելով արևելքցիների դիրքորոշումը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ Ուկրաինայում գոյություն ունի ռեժիմի խնդիր: Այն ահավոր կոռումպացված երկիր է, որը օլիգարխներն են տիրապետում: Նրանք տիրացել են երկրի բոլոր ռեսուրսներին: Կոռուպցիայի վերացմանը, օլրգարխիկ նաև քրեա-օլիգարխիկ ռեժիմը փոխելուն միտված և ժողովրդավարական, սոցիալական առումով ավելի արդար և քաղաքացիների տարբեր իրավունքները հարգող պետական կառավարման համակարգի ձևավորումը և կայացումը միանշանակ արդար պայքար է: Այդ ուղղությամբ իրոք պայքար է մղվում, և, այդ մասին, կարծում եմ, երկրորդ կարծիք չի կարող լինել: Իսկ ցանկացած պայքար, որը մղվում է կոռուպցիայի և օլիգարխիկ միջավայրի վերացման համար, միանշանակ արդարացված է։ Հարցը նրանում է, թե արդյոք այդ անվան տակ կատարվող ցանկացած գործունեություն իսկապես ունի նման միտում։
Ուկրաինայում ծավալված շարժման մեջ հնարավոր չէ չտեսնել ծայրահեղականն ու այլամերժը: Դրանք իրականում գոյություն ունեն, սակայն, ողջ շարժումը հավասարեցնել և նրան վերագրել նման միտումներ, իհարկե թույլատրելի չէ։ Ո՛չ, կարելի է ուկրաինական շարժումը դիտարկել որպես հակասեմիթական, ֆաշիստական կամ ծայրահեղ աջակողմյան շարժում և ոչ էլ դիմել մյուս ծայրահեղությանը, ներկայացնելով այն որպես քաղաքացիների ազատության, մարդու իրավունքների համար մղվող պայքար։ Իրական կյանքը բարդ է, և ինչպես կյանքն է տարբեր երանգներ կրում, այնպես էլ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Խնդիրն այն է, թե այդ երանգներից որն է ի վերջո տիրապետող դառնալու: Եվ իհարկե, պետք է մաղթել, որ ամեն ինչ կատարվի այնպես, որ մարդկայինը, ազգայինը և ոչ թե այլամերժ թշնամականը դառնա տիրապետող Ուկրաինայում։ Ուկրաինացի ժողովրդի օլիգարխիայից ազատվելու հստակ ձգտումը անհնար է չտեսնել, սակայն, միաժամանակ չի կարելի չմտահոգվել, որ տեղի ունեցած փոփոխություններից հետո հիմնականում օլիգարխների դերակատարությունը չի պակասել երկրում: Փաստն այն է, որ մի քանի մարզերում նախկին մարզպետներին և նահանգապետերին փոխարինելու են եկել ճանաչված օլիգարխներ։ Այստեղ ևս միանշանակ գնահատականներ տալ հնարավոր չէ, սակայն, չի կարելի չդիտարկել և չմտահոգվել զարգացումներով։
Ամփոփելով այս բաժինը պետք է ասել, որ ներքին առումով ուկրաինացի ժողովուրդը ունի իր ազգային պետականությունը, գերիշխանությունը հաստատելու և տարածելու իրավունք, քաղաքացիական արդար հասարակություն, հարաբերություններ ստեղծելու և սոցիալական հավասարություն հիմնելու խնդիր: Եվ որևէ մեկը չի կարող ուկրաինացի ժողովրդին զրկել այդ իրավունքից։ Բայց արդյոք՞ գործընթացները գնում են այդ ուղղությամբ: Սա արդեն այլ խնդիր է, և ժամանակն ու զարգացումները անկասկած ցույց կտան։ Ես կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները միանշանակ կերպով միայն ժողովրդի ազատության, քաղաքացիական հասարակության հաստատման և պետական անկախության կայացման գործընթացներ ներկայացնելը չափազանցված է, իսկ այն մեկնաբանությունները, որոնք այդ զարգացումները ներկայացնում են որպես հակաժողովրդական գործընթացներ, ևս ըստ էության մերժելի են և ճիշտ չեն։

Առանձին խնդիր է Ղրիմի խնդիրը, որը երբեք ուկրաինական պետության մաս չի կազմել, այն ժամանակներում, երբ Ուկրաինան անկախ և գերիշխան պետություն է եղել: Ինչպես մեզ շատ հարազատ խնդիրների դեպքում, այն է՝ Արցախի, Նախիջևանի և այլն, Ղրիմը ևս կամայական որոշմամբ է միացվել Ուկրաինային Խրուշչովի կողմից, 1954 թվականին: Ցանկացած արդար ու ողջամիտ մոտեցում պահանջում է, որ, եթե Ղրիմի ժողովուրդը ցանկություն ունի ուկրաինական պետության մաս չկազմել և վերամիավորվել Ռուսաստանին, ապա դրա ամբողջական իրավունքը նրան պետք է տրվի։ Ըստ էության, որևէ տարբերություն չկա Արցախի և Ղրիմի խնդիրների միջև, չնայած, մանրամասնությունների մեջ տարբերությունները շատ են։ Կարելի է ասել, որ Ղրիմը ի սկզբանե ռուսական տարածք ևս չի եղել, բայց եթե ռուսական տարածք չի եղել, ապա թաթարական տարածք է եղել: Բայց արդյոք՞ եղել է: Եվ ովքեր՞ են այսօր Ղրիմի թաթարները։ Ղրիմի թաթարները, իհարկե, հենց տեղացի թաթարներ են: Իրենք իրենց համարում են թաթարներ, սակայն, այնուհանդերձ, եթե մենք ավելի փորփրենք, կտեսնենք, որ այդ թաթարները սերել են ոչ թե թաթար-մոնղոլներից, այլ նրանց արշավանքների հետևանքով բռնի ուծացված, ձուլված տեղացի հույներից և հայերից։ Հետևաբար, ավելի խորը գնալու դեպքում մենք կհայտնվենք այլ հարթություններում: Որպես ճշմարտություն մնում է այն, որ ներկայումս Ղրիմի բնակչությունը մեծամասամբ ռուսներ են, այլ ոչ պարզապես ռուսախոսներ, և դարեր ի վեր Ղրիմը Ռուսաստանի մաս է կազմել: Հետևաբար, ցանկության դեպքում, նրանք լիարժեք իրավունք ունեն միանալ Ռուսաստանին։ Նույնը չի կարելի ասել արևելյան Ուկրաինայի մասին, որտեղ բնակչությունը ավելի շատ ռուսախոս է և ոչ թե էթնիկապես ռուս, և, հետևաբար, նույն դատողությունը չի կարելի անել արևելյան տարածքների մասին։ Հետևաբար, եթե մենք արդար ենք համարում ուկրաինացի ժողովրդի գերիշխանության պահանջը, արդար կարգերի հաստատումը, ապա միանշանակորեն պիտի արդարացված համարենք Ղրիմի բնակչության ազատ ինքնորոշվելու իրավունքը։ Ղրիմի խնդիրը Ուկրաինայի հարցը բերում է արդեն միջազգային հարթություն, և այստեղ պետք է քննարկել Ռուսաստանի դիրքորոշումը և դերակատարությունը, և նաև Արևմուտքի դերակատարությունը, 2 կողմերի նկրտումները Ուկրաինայի նկատմամբ: Հիմնականում Ուկրաինայից դուրս գտնվող մարդկանց դատողությունները, ներառյալ հայերինը, պայմանավորված են նրանով, թե նրանք ինչ դիրքորոշում ունեն Ռուսաստանի կամ Արևմուտքի նկատմամբ։
Ինչպե՞ս պետք է հասկանալ, մեկնաբանել և գնահատել Ռուսաստանի դիրքորոշումը, կեցվածքը Ուկրաինայի և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Արդյո՞ք պետք է միանշանակ դատապարտել, թե՞ պաշտպանել դրանք: Ինչպե՞ս ցանկացած դեպքում, Ուկրաինայի ներքին խնդիրների այս պարագայում ևս, առարկայական մոտեցումը չի կարող միանշանակ պատասխան տալ: Մի կողմից գոյություն ունի այն հանգամանքը, որ Ռուսաստանը Ղրիմի հարցով, ինչպես ասվեց, ունի լեգիտիմ շահեր, որոնք անհերքելի են։ Չի կարելի Ռուսաստանի մոտեցումը միանշանակորեն հիստերիկ ծավալապաշտական գնահատել Ուկրաինայի նկատմամբ և չընդունել ու չհասկանալ նրա լեգիտիմ շահերը Ղրիմում և ընդհանրապես որպես պետություն։ Չի կարելի չհասկանալ, չըմբռնել Ռուսաստանի կամ Ռուսաստանի ղեկին գտնվող անձի կամ ցանկացած ռուս քաղաքացու մտահոգությունը այն առումով, որ Ուկրաինայի դեպքերը կարող են ուղղված լինել Ռուսաստանին մեկուսացնելուն, խեղճացնելուն և տրոհելուն, քանի որ մտահոգվելու պատճառներ այդ առումով առկա են։ Դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից սկսած Ռուսաստանին Արևմուտքի կողմից ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայի երկրներին չմոտեցնելու, նրանց այնտեղ չներառելու խոստում տրվեց, սակայն, այդ խոստումը չհարգվեց: Դրանից հետո բազմաթիվ առիթներով Ռուսաստանը իրեն խաբված է զգացել, օրինակ, Լիբիայի պատերազմի ժամանակ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանին համոզեցին չօգտագործել ՎԵՏՈ-ի իրավունքը խոստանալով չներխուժել Լիբիա: Սակայն, այս խոստումը դրժվեց, և ներխուժումը իրականացավ: Հետևաբար, կողմնակալ չլինելու համար, պետք է ընդունել, որ Ռուսաստանը մտահոգվելու լուրջ պատճառներ ունի։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Ռուսաստանը Ուկրաինայի և ընդհանրապես տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցերին մոտենում է բացառապես արդարության սկզբունքով և այլ ժողովուրդների նկատմամբ արդարության մոտեցում ցուցաբերելով: Բացարձակապես այդպես չէ, և, տվյալ դեպքում ևս, իր իրավացի մտահոգությունները ունենալով հանդերձ, Ռուսաստանը ինքն իրեն դրսևորում է որպես կայսերական երկիր, և այն մեթոդները, որ նա կիրառում է Ուկրաինայում և դրանից դուրս, կայսերական են և ծավալապաշտական: Հետևաբար, այստեղ ևս միանշանակ գնահատական հնարավոր չէ տալ: Ճիշտ է, Ուկրաինայում կան արդարացի լեգիտիմ նպատակներ, սակայն արդյոք՞ գործընթացը և դեպքերի զարգացումը լեգիտիմության և արդարության ուղղությամբ է գնում: Ռուսաստանի պարագայում կան լեգիտիմ մտահոգություններ, սակայն, նրա վերաբերմունքը միանշանակ արդարացնել չի կարելի։ Կարելի է արդարացնել մտահոգությունը, սակայն ոչ այն քայլերը, որ Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայում և դրանից դուրս։ Փաստորեն, այն մեթոդները, որին Ռուսաստանը դիմում է Ղրիմում որպես տարածք կորցրած պետություն, իր արդարացի իրավունքները իրականացնելու համար, չի կարելի միանշանակորեն արդարացնել: Չի կարելի արդարացնել նաև այն մեթոդները, որ Ռուսաստանը կիրառում է արևելյան Ուկրաինայում օգտագործելով իր ազդեցության լծակները, և բնականաբար, չի կարելի ընդունել այն մոտեցումները, որ Ռուսաստանը ցուցաբերում է Ռուսաստանից դուրս գտնվող ցանկացած ռուսախոս տարածքում, այնտեղ կիրառելով Ռուսաստանի օրենքներով իրեն վերապահվող իրավունքներ։ Սա, բնականաբար, միանգամայն մերժելի է և իրենից կայսերապաշտական ու ծավալապաշտական մոտեցում է ներկայացնում, և դրա հետ ոչ թե պետք է հաշտվել, այլ դրա դեմ պայքարել է պետք։
Չեմ ուզում խոսել արևմուտքի՝ Եվրոպայի և Միացյալ նահանգների մոտեցումների մասին, որոնք ինչպես միշտ երկակի են: Դրանք Ուկրաինայի ներքին զարգացումների, Ղրիմի և որոշակի չափով նաև Ռուսաստանի լեգիտիմության մտահոգությունների նկատմամբ իրոք երկակի են: Հետևաբար, Ուկրաինայի ժողովրդի պայքարը պիտի համարել լեգիտիմ պայքար: Այն միանգամայն լեգիտիմ պայքար է իր անկախության, ներքին արդարության և քաղաքացիական կարգերի հաստատման ձգտումով: Եվ մերժելի է դրանք հակառուսական կամ որպես հակառուսաստանյան կոնսպիրատիվ շարժում որակելը: Սակայն, իրավիճակը սև ու սպիտակ չէ ոչ ներքին առումով և ոչ էլ արտաքին: Ցանկալի պիտի լիներ, որ Ուկրաինայում տիրապետեին նրա ազգային շահերը, որ այնտեղ չհաղթանակեր ոչ արևմտամետությունը և ոչ ռուսամետությունը, և Ուկրաինան չդառնար Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության զոհը, այլ լիներ չեզոք, Արևմուտքի և Ռուսաստանի շահերի համադրման երկիր, այլ ոչ թե այդ շահերի հակադրման և բախման կիզակետ երկիր, իսկ Ղրիմի բնակչությունը ունենար ինքնորոշվելու իրավունք, թեկուզ և Ռուսաստանին միանալու արդյունքով, քանի որ ինքնորոշման իրավունքը տրված է տեղի բնակչությանը, և դրանից չպետք է ենթադրել, որ Ուկրաինան այդպիսով հայտնվելու է Ռուսաստանի գերիշխանության տակ: Եվ խնդիրը բացառապես Ռուսաստանի կամ Արևմուտքի շահերից ելնելով դիտարկելը որևէ մեկին չի կարող օգտակար լինել: Ոչ Ուկրաինայի ժողովրդի համար այս դեպքում, և ոչ էլ մեր դեպքում՝ հայերիս համար:
Այժմ փորձենք խնդիրը դիտարկել հայկական շահերից ելնելով, որովհետև, ինչպես ասացի, ցանկացած հարց պետք է փորձել դիտարկել նախ օբյեկտիվ տեսանկյունից և հետո՝ սեփական ազգային շահերից ելնելով:
Հայկական շահերից ելնելով ինչ՞ է իրենից ներկայացնում Ուկրաինայի խնդիրը: Մեզ համար անխուսափելի է Ղրիմի ինքնորոշման իրավունքի ընդունումը, սակայն անհրաժեշտ է միշտ շեշտել, որ այդ իրավունքը պետք է հիմնված լինի ոչ թե պարտադրանքի վրա, ռուսական զորքերի առկայության պայմաններում, այլ ազատ պայմաններում ինքնորոշման իրավունքի արտահայտման վրա: Մերժել Ղրիմի այս իրավունքը կնշանակի մեծ վտանգի ենթարկել Արցախի խնդրում մեր իրավունքը, քանի որ ակնհայտ է, թե որքան նման են այս երկու պարագաները: Սա ասելով հանդերձ, մենք պարտավոր ենք չափազանց զգուշանալ Ռուսաստանի մոտեցումներից, քանի որ, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը ունի լեգիտիմ իրավունքներ Ղրիմի և Ուկրաինայում ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ազդեցությունը մերժելու առումներով: Սակայն, սա Ռուսաստանին իրավունք չի տալիս գործել ծավալապաշտական և կայսերական երկրի տրամաբանությամբ, ինչը, ցավոք, Ռուսաստանը միշտ արել է և մինչ օրս էլ շարունակում է անել: Մեզ պետք է խիստ մտահոգեն Ռուսաստանում մշակված օրենսդրական նախագծերը՝ Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու և խնդրանքի դեպքում Ռուսաստանից դուրս գտնվող տարածքները Ռուսաստանին միացնելու մասին: Հետևաբար, Ղրիմի հարցում ըմբռնումով մոտենալով հանդերձ, մենք շատ հստակ պետք է գծենք այն սահմանը, որից այն կողմ թույլ չենք տալու Ռուսաստանի կողմից որևիցէ ոտնձգություն մյուս ժողովուրդների նկատմամբ, իսկ մեր դեպքում՝ մեր ժողովրդի իրավունքների, հայկական պետականության նկատմամբ Արցախում և այլ տարածքներում:
Ղրիմի հարցը հայերիս հետաքրքրում է նաև այն առումով, որ Ուկրաինան Ռուսաստանից լրիվ պոկվելու և Ղրիմն էլ Ռուսաստանից պոկվելու դեպքում Սև ծովում միանշանակորեն ուժեղանալու է Թուրքիայի ազդեցությունը, ինչը, բնականաբար, չի կարող մեզ համար լրացուցիչ մտահոգությունների պատճառ չլինել, քանի որ Ռուսատանի ներկայությունը Սև ծովում որոշակի հավասարակշռություն է ստեղծում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Մինչդեռ այնտեղից Ռուսաստանի հեռացումով տարածաշրջանային միակ հզոր ուժը դառնում է Թուրքիան իր բոլոր հետևանքներով:
Իհարկե, ներկայիս զարգացումները ևս ուժեղացնում են Թուրքիայի դերակատարությունը: Այսինքն Արևմուտք և Ռուսաստան հակամարտության աճի պայմաններում Արևմուտքի համար Թուրքիայի նշանակությունը բարձրանում է, և դա ևս, բնականաբար, մեզ համար ցանկալի չի կարող համարվել: Դա նշանակում է, որ Ռուսաստանի հեռացումը Սև ծովից, և, ընդհանրապես, Ռուսաստանի չափից ավելի խեղճացումը և տրոհումը ցանկալի լուծում չէ և չի կարող բխել հայ ժողովրդի և Հայաստանի շահերից: Արդարության տեսակետից, ինչպես բոլորի համար, այնպես էլ մեր շահերից ելնելով, լավագույնը պիտի լիներ, որ Ռուսաստանը որպես երկիր կարողանար պաշտպանել իր շահերը, չծավալվելով այլ ժողովուրդների շահերի հաշվին, որ տարածաշրջանում Ռուսաստանի և համաշխարհային ու տարածաշրջանային ուժերի միջև գոյություն ունենար հավասարակշռություն, որ մեր շահերը լավագույնս պաշտպանված լինեին այդպիսի հավասարակշռության առկայությամբ, և, որ փոքր կամ մեծ տարածաշրջանները չգտնվեին մեկի կամ մյուսի ամբողջական տիրապետության տակ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan