Free Critik-ը իր բլոգում գրել է.
«Ես ի սկզբանե Նիկոլ Փաշինյանին` որպես քաղաքական գործիչ, չեմ ընկալել: Եվ երևի նա այդպես էլ ինձ համար մնար հրաշալի սկանդալային լրագրող, եթե, արի ու տես, չլիներ այդ հոլիվուդյան ֆիլմի հերոսներին հարիր ելույթը…: Լինելով քիչ թե շատ վերլուծաբան` ես իմ շեշտադրումը սովորաբար չեմ անում ակնթարթային էմոցիոնալ հարթության դրվագների վրա, սակայն այս դրվագը քաղաքական համարձակ ապտակ էր: Իհարկե, չեմ բացառում, որ այդ սցենարը նախօրոք պլանավորված քայլ էր, և այնտեղ կային հարթակային էլեմենտներ, բայց նույնիսկ այդպես խաղալու համար անհրաժեշտ է ունենալ հզոր կամայական հատկանիշներ և բավականին անալիտիկ մտածելակերպ: Երեկվանից, մանրամասն ուսումնասիրելով մամուլը, հասկացա, որ նա կարողացել է դրական տպավորություն թողնել նույնիսկ այնպիսի քաղաքական գործիչների վրա, որոնք վերջին տարիներին նրա մասին նույնիսկ որևէ մեկնաբանություն անելը համարում էին ոչ լուրջ : Որպեսզի հասկանանք, որ ես չեմ չափազանցնում, եկեք մի պահ մեզ պատկերացնենք իր տեղը, այնտեղ` ԱԺ-ում: Ի սկզբանե Վարդան Օսկանյանին համարելով Քոչարյանի կողմից գործուղված քաղաքական գործիչ, որը, ըստ Նիկոլի, Մարտի 1-ի պատասխանատուներից է, նա, այնումենայնիվ, կարողացավ թեկուզ մի պահ հաղթահարել ինքն իրեն: Լավ գիտակցելով, որ նման քայլը միանշանակ չի ընկալվի ՀԱԿ-ի կողմից, նամանավանդ` իր հնարավոր մրցակից Զուրաբյանից, նա, առանց վարանելու, գնաց այդ քայլին: Այդ քայլով նա ոչ միայն մեղադրեց դատախազին, այլև մի շատ բախտորոշ պահի շեղեց լսարանը Օսկանյանի անձեռնմխելիության թեմայից: Իհարկե, արդյունքում այդ շեղումը էական նշանակություն չի ունենա ԱԺ-ի որոշման հարցում, բայց և այնպես իր հետքը կթողնի որոշում ընդունելիս:
Ավարտելով ուզում եմ ասել` եթե մինչև 2013-ի նախընտրական փուլի սկսվելը ի հայտ չգան նոր արժեհամակարգով ազգանպաստ քաղաքական գործիչներ, ապա Նիկոլը ունի բոլոր նախադրյալները` լինել առկա ընդդիմության միասնական թեկնածու»:































