Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ով է կանգնած Էրդողանի հետևում. ինչու քրդերը դավաճանեցին Օջալանին «Կիսալուսնի մայրամուտը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ռեջեփ Թայիփ Էրդողան. հասկանալու համար, թե ինչ է կատարվում հիմա Թուրքիայում, պետք է անդրադառնալ Էրդողանի քաղաքական ուղուն՝ հենց ամենասկզբից: Ինչպես նա մտավ քաղաքական դաշտ, ինչպիսի ներքաղաքական գաղափարախոսության է հետևել, ովքեր են կանգնած Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության հետևում, որոնք օգնել են նրան գալ իշխանության և մնալ այսքան երկար: Էրդողանի հաջողության գաղտնիքը՝ ամենասկզբից մեր օրեր:

Հաղորդման սղագրություն

_ Բարև Ձեզ, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում իր աշխատանքն է սկսում «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Գայանե Չոբանյանը և հաղորդման հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը:
Ողջո՛ւյն, Տիրան:
_ Բարև Ձեզ:
_ Վերջին շրջանում Թուրքիայում տեղի են ունենում հետաքրքիր ներքաղաքական զարգացումներ: Մասնավորապես կցանկանայի՝ անդրադառնայինք Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրանց արդյունքներին: Սակայն, այս ամենը սերտորեն կապված է մի քաղաքական անձի անվան հետ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան: Ավելի պարզ հասկանալու համար, թե ինչ է կատարվում հիմա Թուրքիայում, կցանկանայի անդրադառնայինք Էրդողանի քաղաքական ուղուն՝ հենց ամենասկզբից, թե ինչպես նա մտավ քաղաքական դաշտ, ինչպիսի ներքաղաքական գաղափարախոսության է հետևել, և ովքեր են կանգնած Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության հետևում, որոնք օգնել են նրան գալ իշխանության և մնալ այսքան երկար:
_ Էրդողանը դեռ երիտասարդ տարիներին քաղաքականության մեջ մտած անձնավորություն է, և մոտավորապես 20-22 տարեկանում նա արդեն դարձել էր Թուրքիայում իսլամական ուղղվածություն ունեցող կուսակցության երիտասարդական թևի առաջնորդը: Հետո նա աճեց Նեջմեթին Էրբաքանի թևերի տակ, նրա, այսպես ասած, ուսանողներից, աշակերտներից մեկն էր:
_ Կներեք, որպեսզի ռադիոդիտողներին և ռադիոլսողներին պարզ լինի, մի փոքր անդրադառնանք, թե ով էր Նեջմեթին Էրբաքանը, ինչ կուսակցություն էր ներկայացնում:
_ Նեջմեթին Էրբաքանը, կարելի է ասել, որ Թուրքիայում իսլամական ուղղությունը քաղաքականության մեջ մտցնող գլխավոր անձնավորությունն է, և երկար տարիներ քաղաքական դաշտի մեջ մնալով՝ նա մի քանի կուսակցություններ էր հիմնել այս ուղղությամբ: Ինչո՞ւ մի քանիսը. քանի որ այն ժամանակ քաղաքականության մեջ հակակրոնամետների ուղղություն կար, նրան շարունակ արգելում էին, կուսակցությունը փակում էին, հաջորդ անգամ նա ուրիշ անվանումով նոր կուսակցություն էր բացում, և այլն: Իհարկե, ակնհայտ է, որ կուսակցությունների անուններն այնքան էլ անհրաժեշտ չէ հնչեցնել, այդ պատճառով ես հիմա չեմ թվարկելու դրանք, նրա ուղղությունն ու գործունեությունն են կարևոր. վերջում նա այնպիսի մի կետի հասավ, որ, իհարկե, որոշ սխալներ արեց՝ բավականին շուտ իրեն շատ ուժեղ զգաց և ցույց տվեց իր նպատակները, և դա նպաստեց, որ նրան շատ շուտ հանեցին քաղաքական դաշտից և արգելեցին քաղաքականությամբ զբաղվել: Իմիջիայլոց, նույն բանը կատարվեց Էրդողանի հետ. ինչպես ուրիշները, Էրդողանն էլ նրա հովանավորյալներից մեկն էր, որը կամաց-կամաց զարգանում էր, Էրդողանն էլ ինչ-որ ժամանակ սխալ մտքեր արտահայտեց, որից կարողացան կառչել հակառակորդները և նրան դատի տվեցին ու բանտ նստեցրին, արգելեցին քաղաքականությամբ զբաղվել: Սակայն կարճ ժամանակ անց երկրում օրենքները փոխվեցին, և նա դարձյալ վերադարձավ քաղաքական դաշտ, ինչը Էրբաքանը չկարողացավ անել, որովհետև նա արդեն շատ տարեց էր, և երևի մտածում էին, որ արդեն նոր սերունդն է գալիս, արդեն պետք է նոր սերնդին գործելու հնարավորություն տալ: Դրանցից մեկն Էրդողանն էր, մյուսը Գյուլն էր, որոնք բավականին զարգացան. իհարկե, կային նաև այլոք:
_ Եվ, այնուամենայնիվ, ինձ թվում է՝ Էրդողանի և Էրբաքանի քաղաքականությունը տարբերվում է ՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական:
_ Իհարկե, տարբերվող է: Եվ այդ պատճառով ինքը հաջողության հասավ, իսկ Էրբաքանը հաջողության չկարողացավ հասնել: Էրբաքանից հետո Էրդողանը, Գյուլը և այլոք այս անգամ մոտեցան Գյուլենին. Գյուլենի շարժումն արդեն բավականին ուժեղացած էր, Գյուլենն ամբողջ աշխարհով տարածվել էր: Եվ Գյուլենը նույնպես կրոնական թեքում ունեցող մեկն է, որը նաև քաղաքականությամբ է զբաղվում, նաև դպրոցներ է հիմնում աշխարհի տարբեր կողմերում: Դրանք շատ որակյալ դպրոցներ են, և ընդունվում են ամբողջ աշխարհում: Սակայն դա իր նպատակներին հասնելու մի ճանապարհ է, ինչը շատերը չեն հասկանում և կուլ են տալիս այդ խայծը: Գյուլենը, այո՛, փափուկ ուժի կիրառման կողմնակից է, նա կողմ է ինչ-որ երկրի ոչ թե ուժով տիրանալուն, այլ կամաց-կամաց ներթափանցելուն. ինչպես մանրեն մտնում է մարմնի մեջ, կամաց-կամաց զարգանում է, կամ վիրուսը, որը մեր մարմինը չի ճանաչում, հետո՝ երբ արդեն նկատում է, որ ինչ-որ բան է կատարվում, ուշ է լինում, այդ վիրուսն իր բացասական ազդեցությունն արդեն թողել է, և հնարավոր չէ կանխել:
_ Սակայն Գյուլենի այդ ուղղության վերջնական նպատակը ո՞րն է՝ հասնել իշխանության, իշխանության ղեկն իր ձեռքը վերցնե՞լ, թե՞ Թուրքիան դարձնել թեոկրատիկ պետություն:
_ Գյուլենի վերջնանպատակն է սկսած Թուրքիայից՝ ամբողջ աշխարհում իսլամական ղեկավարություն հիմնել. ոչ միայն Թուրքիայի մասին է խոսքը: Եվ դրա պատճառով է ինքը ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում դպրոցներ բացում: Մանավանդ չզարգացած երկրներում դա շատ լավ անցնում է. եթե հետամնաց, խնդիրներ ունեցող երկրում շատ որակյալ դպրոց ես հիմնում, շատ հեշտ ընդունվում է դա. նրանց թվում է, թե իրենց լավություն են անում: Սակայն Գյուլենը իր կադրերն է պատրաստում, որոնք, արդեն շատ լավ կրթություն ստացած մարդիկ լինելով, վաղը ստանձնելու են երկրի ղեկավարությունը և ղեկավարելու են ամեն ինչ Գյուլենի ուզած ձևով: Գյուլենի քաղաքականությունը սա է, և Գյուլենի համախոհներից մեկն էլ Էրդողանն էր, և կարելի է ասել, որ նաև Գյուլենի շնորհիվ հասավ այսօրվա իր դիրքին, քանի որ Գյուլենը Թուրքիայում արդեն իր ցանցն ընդլայնել էր, ուժային կառույցներում իր կադրերը ստեղծել էր: Գյուլենն Ամերիկայում է ապրում, քանի որ այն ժամանակ վտարվել էր Թուրքիայից՝ որպես քաղաքականության մեջ կրոնական հակումներ մտցնող մարդ, և այնտեղ ամերիկյան վարչակարգի, ամերիկյան պետության հետ շատ լավ կապեր ունի, այսինքն՝ հովանավորվում է Ամերիկայի կողմից:
_ Այսինքն՝ իսլամական քաղաքականությունն իրականացնում է Ամերիկայի թույլտվությամբ:
_ Իհարկե. ոչ միայն թույլտվությամբ, այլև՝ համագործակցությամբ: Գյուլենը և ամերիկյան պետությունը համագործակցում են: Եվ եթե Գյուլենը և ամերիկյան պետությունը իրար հետ համագործակցում են, և Գյուլենի ուսանողը, այսպես ասած, Թուրքիայում գալիս է իշխանության, ուրեմն կարելի է ասել, որ այս ղեկավարությունն էլ համագործակցում է թե՛ Գյուլենի, և թե՛ Ամերիկայի հետ: Այստեղ պետք է նշեմ մի հետաքրքիր հանգամանք, որ Էրդողանը վարչապետ ընտրվելուց շատ կարճ ժամանակ առաջ գնաց Ամերիկա, այնտեղ չգիտենք՝ ում հետ ինչ հանդիպումներ ունեցավ, սակայն շատ գոհ վերադարձավ և դրանից անմիջապես հետո էլ ընտրվեց: Եվ այս համագործակցության մասին վկայող մի երկու բան էլ ավելացնեմ. Էրդողանը իր մի խոսակցության մեջ (նա ամեն օր էլ ժողովրդին դիմում է, չէ՞. նա, իմիջիայլոց, շատ լավ խոսնակ է)…
_ Նաև խարիզմայի շնորհիվ հասավ այս բարձր դիրքին:
_ Այսինքն՝ նա այդ հատկություններն ունի, և այդ պատճառով էլ նրան ընտրեցին և բերեցին այդ դիրքին: Ժողովրդին ուղղված մի խոսքի ժամանակ նա ասաց, որ մի մեծ ծրագիր կա այս տարածաշրջանում, և որ ինքը ընտրվել է այդ ծրագրի համանախագահը: Եվ մի ուրիշ խոսակցության մեջ նույնպիսի մտքեր արտահայտեց՝ մեծ ծրագիր կա այս տարածաշրջանի հետ կապված, սահմանների հետ կապված, և այլն, և մենք դեր ենք ստանձնել այդ ծրագրում: Դա արդեն բավականին բացահայտ է:
_ Արդյո՞ք դա նաև արտաքին քաղաքականության՝ այդ նեոօսմանիզմ կոչված քաղաքականության մի մասն է կազմում՝ ստեղծել ավելի չափավոր իսլամական պետություն, որը կարող է հակակշիռ դառնալ ծայրահեղ իսլամական արաբական երկրներին և լիդերի դեր ստանձնել:
_ Դա հենց արտաքին քաղաքականությանն է վերաբերվում: Իսկ ներքին քաղաքականության մեջ գյուլենական այդ միտքն էր առաջ տանում, որ Թուրքիան լինի իսլամական թեքումով երկիր, եթե ոչ՝ իսլամիստ:
_ Սակայն 2008-09 թթ. սկսած ներքաղաքական ոլորտում տարաձայնություններ են նկատվում գյուլենականների և էրդողանականների միջև. ինչո՞վ է դա պայմանավորված:
_ Այո՛, սակայն նրանք արդեն հասան մի ճամփաբաժանի, և Էրդողանը, երևի բավականին ուժեղ զգաց ինքն իրեն, որովհետև իսկապես այսօր բավականին ուժեղ է, մանավանդ, որ իր դեմ եղած նախկին ուժերին էլ ինքը սկզբնական շրջանում նախ չեզոքացրեց: Երևի մեր ռադիոլսողները գիտեն Էրգենեկոնի՝ այդ կառույցի հետ կապված խնդիրները, երբ հիմնականում զինվորականներ, բարձրաստիճան սպաներ, ձերբակալվեցին, նրանց նկատմամբ դատեր հարուցվեցին, և այլն, և նրան հակառակվելիք գլխավոր ուժը չեզոքացվեց: Իհարկե, այստեղ էլ պետք է մտածել, թե ինչպես եղավ, որ այդ ուժը, այդ կառույցն այդքան հեշտ փլուզվեց Էրդողանի հարվածներից. ո՞ւմ աջակցությամբ, և ո՞վ, միգուցե, այդ հակառակ ուժին ասաց, որ ձայները կտրեն և նստեն իրենց տեղը, այսպես ասած: Սակայն, հետաքրքիր է՝ կարճ ժամանակ հետո մենք միանգամից տեսանք, որ նա ինչ-որ ընդհարումներ ունեցավ Գյուլենի հետ: Երևի սա այդ քաղաքականությունը առաջ տանելու հետ էր կապված. նա այնքան էլ չէր ընդունում Գյուլենի՝ բռնի և բացահայտ ուժ չօգտագործելու այդ սկզբունքը, երևի նա մտածեց՝ ես եմ, որ կամ, …
_ Այսինքն՝ ինչքան նրա իշխանությունն ու վարկանիշը բարձրացավ, այնքան ուզեց իր ձեռքերն ազատել և ազատ գործել:
_ Այո՛, նա մտածեց, որ ինքը կարող է անել՝ ինչ ուզենա: Սակայն երբ ընդհարվեց Գյուլենի հետ, Գյուլենը, որ արդեն իր ցանցն ուներ ամբողջ երկրում, առաջին հարվածը հասցրեց Էրդողանին՝ նրա մեխանիզացիաները, նրա որդու հետ կապված ինչ-որ բաներ ի հայտ բերեց:
_ Վարկաբեկեցին, կաշառքի հետ կապված վիդեոները հայտնվեցին:
_ Այո՛, ես չեմ ուզում շատ մանրամասնությունների մեջ մտնել: Ամեն դեպքում, Գյուլենը հարվածը հասցրեց Էրդողանի նկատմամբ: Սակայն այստեղ ուրիշ խնդիր կար՝ միգուցե, Գյուլենը չէր մտածել, կամ միգուցե, մտածել էր նրան մի որոշակի ուժ ցույց տալ, քանի որ Էրդողանն ինքն այդ ցանցի անդամ էր, ինքն այդ ամբողջ ցանցը գիտեր, անձանց անգամ ճանաչում էր, և նա շատ հեշտ բոլոր այդ գյուլենականներին, այդ կադրերը միանգամից չեզոքացրեց՝ աշխատանքից ազատեց, հատկապես՝ ոստիկանության շարքերից բարձրաստիճան ոստիկաններին հեռացրեց և դրանով հանգստացավ: Իր կադրերը բերեց, և դրանով խաղաղություն տիրեց այդ առումով: Միգուցե, նաև մնացած գյուլենականները, հավանաբար, Գյուլենի հրամանով իրենց հետ պահեցին, զուսպ նստած են հիմա, սակայն ապագայում մի հարմար առիթով նրանք կարող են գործել: Իհարկե, այսօր կոնկրետ չենք կարող ասել, թե այդ հակառակությունը հենց Գյուլենի հետ էր, թե՝ Ամերիկայի: Այստեղ պետք է մտածել, որ Էրդողանը վերջին տարիներին նոր քաղաքականություն է վարում Սիրիայի հարցով: Միգուցե, նրա վարած քաղաքականությունը Ամերիկայի քաղաքականության կամ նախատեսած քաղաքականության հետ չէր համընկնում, դրա համար էլ ընդհարվեց թե՛ Գյուլենի, թե՛ Ամերիկայի հետ: Իհարկե, ապագան մեզ ցույց կտա, թե ինչ է լինելու այդ հարաբերություններում:
_ Մի փոքր անդրադառնանք նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթանակ տարավ: Ինչո՞վ էր պայմանավորված այս հաղթանակը. չէ՞ որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում նա չկարողացավ մեծամասնություն հավաքել, չցանկացավ կոալիցիա կազմել, և այդ պատճառով արտահերթ ընտրություններ նշանակվեցին:
_ Արտահերթ ընտրություններից առաջ նախ անդրադառնանք հիմնական ընտրություններին, թե ինչպես եղավ, որ Էրդողանը հաղթեց, սակայն չստացավ այն, ինչ ակնկալում էր, այդ պատճառով դա իրականում պարտություն էր: Նա մի երկու սխալ գործեց. գլխավոր սխալն այն էր, որ նա ընտրություններից առաջ արտահայտեց իր միտքը, թե ինչ է ուզում անել ընտրություններից հետո՝ նա շատ վստահ էր իր ուժերի վրա, դա եղավ նրա սխալը: Եվ հայտարարեց, որ ընտրություններից հետո եթե իրենց կուսակցությունը գա բացարձակ իշխանության, իրենք արդեն ուժ կունենան սահմանադրությունը փոխելու, որով մեծ լիազորություններ կտար երկրի նախագահին:
_ Այսինքն՝ ուզում էր հաստատել մենիշխանություն և բացահայտ խոսում էր այդ մասին:
_ Այո: Եվ դա բոլորին վախեցրեց, և այնպես եղավ, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը կամ կուսակցությունից անհատներ տեսան, որ դա շատ վտանգավոր է՝ իրենք ընդհանրապես չեզոք գոտի են մղվելու, այդ պատճառով աջակցեցին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, և ժողովրդի մի մասը, որն անգամ Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցն էր, միայն այն նպատակով, որ Էրդողանը չանցնի, մեն-մենակ իշխանության չգա, քվեարկեց այդ Դեմոկրատական կուսակցության օգտին, որ այն կարողանա գոնե 10 տոկոս սահմանված շեմն անցնել ու մտնել խորհրդարան, և այդպիսով, Էրդողանը չկարողանա մենիշխանություն հիմնել: Եվ այդպես էլ եղավ. սրան Էրդողանը չէր սպասում: Քրդական կուսակցությունը տվեց այդ քվեն:
_ Սակայն տեսնում ենք, որ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններում նա հավաքեց մեծամասնություն՝ շնորհիվ մեծամասամբ «Ազգային շարժում» կուսակցության ձայների, ինչպես նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քվեների: Եվ ինչո՞վ էր սա պայմանավորված. չէ՞ որ կարծիք կար, որ երկրում սկսել էին քրդերի նկատմամբ բացահայտ ուժային քաղաքականության կիրառում, կարելի է ասել՝ ջարդեր, և պետք է ենթադրել, որ քրդերը կամ այն զանգվածը, որը դեմ էր այդ քաղաքականությանը, իրենց ձայնը կտային Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, ոչ թե՝ Էրդողանին:
_ Այո: Շատ պարզ պատճառով, որ Էրդողանի աչքերը բացվեցին, նա տեսավ իր սխալը և արդեն գիտեր, թե ինչ պիտի աներ: Եվ նաև այդ պատճառով էր, որ Էրդողանը ընտրություններից անմիջապես հետո՝ առաջին ժամերին, երբ նկատվեց, թե ինչ է կատարվում, ասաց՝ մենք պետք է գնանք վաղաժամ ընտրությունների: Եվ այդպես էլ եղավ, և նա արդեն գիտեր՝ ինչ պիտի աներ: Ինչպես ասացի, մեծ դժվարությամբ անցավ, հատեց 10 տոկոսի շեմը, 13 տոկոսի հասավ, սակայն այդ 3 տոկոսը, իհարկե, շատ խաբուսիկ է, և շատ հեշտ է կորցնել:
_ Այդ 3 տոկոսը երևի նաև Ժողովրդահանրապետական կուսակցության ձայների որոշ մա՞սն էր:
_ Մասամբ, իհարկե: Եվ այդ 3 տոկոսը նա համարյա կորցրեց: Կորցրեց ի՞նչ պատճառներով. առաջինն այն էր, որ այլևս Ժողովրդահանրապետական կուսակցության համաձայնությունը, աջակցությունը չկար, արդեն փոխվել էր: Ժողովրդահանրապետական կուսակցությունն էլ մտածում էր, որ գուցե ինքն էլ ընտրություններից հետո ինչ-որ բան կարող էր կորզել: Ես այդ երկու ընտրությունների ամբողջ ընթացքում Ստամբուլում էի և Թուրքիայի մյուս հատվածներում: Հետաքրքիրն ի՞նչն էր՝ ամբողջ ժողովուրդը՝ ոչ էրդողանականները, հավատում էին, որ այս անգամ Դեմոկրատական կուսակցությունն ավելացնելու է իր քվեների քանակը, իսկ Էրդողանի քվեները պակասելու են տարբեր պատճառներով, նրանք կարծում էին, որ եթե Դեմոկրատական կուսակցությունն անցնի այս շեմը, ուրեմն կանցնի վերջնականապես: Մարդիկ իրենց ցանկությունները որպես իրականություն են ուզում տեսնել. իհարկե, ուզում են, որ Էրդողանը չհաղթի, այլ Դեմոկրատական կուսակցությունը հաղթի, և մտածում են, որ դա ավելի լավ է: Ես միշտ ասում էի, որ ոչ. Էրդողանը հիմա սովորեց իր սխալների վրա, և հիմա անելու է իր համար ճիշտ բաները: Եվ այդպես էլ եղավ: Քրդերի և Դեմոկրատական կուսակցության նկատմամբ Էրդողանի կատարած ահաբեկչությունը, որը բացահայտ էր՝ ամբողջ աշխարհի աչքի առջև մարդիկ սպանվում էին, ճնշումների էին ենթարկվում, ձերբակալվում էին, ի վերջո, հանգեցրեց ցանկալի արդյունքի, որովհետև այդ տեռորը ժողովրդի վրա հակառակ ազդեցություն ունեցավ, քան կարծում էին մյուսները. նրանք մտածում էին, որ հիմա ժողովուրդն ավելի է նեղանալու Էրդողանից և դեմ է գնալու նրան: Ոչ, ժողովուրդը միշտ մտածում էր , թե երբ պիտի այս ամենը վերջանա, ժողովուրդը հոգնել էր այդ ամեն ինչից:
_ Էրդողանը երևի շատ ճիշտ էր ճանաչում ժողովրդին, որովհետև նրա քաղաքականությունը, մարտավարությունը արդարացվեցին. օրինակ՝ առաջին ընտրությունների ժամանակ նրանց կարգախոսն էր «Դե, հանուն աստծո», իսկ արդեն երկրորդ ընտրությունների ժամանակ կարգախոսը փոխվեց՝ «Քվեարկեք կայունությանը»: Նա հայտարարություն է արել, որ երկրում այս զոհերը, այս ամենը չէին լինի, եթե դուք ընտրեիք մեզ՝ մեր կուսակցությանը:
_ Այո, նա արդեն անցավ բացահայտ գործունեության և սկսեց բացահայտ խոսել: Ինքը բացահայտ կատարում էր այդ տեռորը, և դրանից հետո էլ ասում էր՝ եթե դուք ինձ քվե տայիք, այս ամենը չէր լինի: Շատ պարզ արտահայտվեց՝ եթե մենք 400 պատգամավոր ստանայինք, այս մահերը չէին լինի: Աշխարհի որևէ կետում նրան միայն դրա համար կարող են դատի տալ, բայց Թուրքիայում, իհարկե, ոչ մի բան չկատարվեց: Հասկացողը հասկացավ, սակայն մարդկանց ենթագիտակցության մեջ մտավ, որ եթե Էրդողանը չհաղթի, ուրեմն սա շարունակվելու է, և ավելի վատ է լինելու: Եվ շատ մարդիկ հենց «կայունության» համար նախընտրեցին էրդողանին տալ իրենց քվեները, ինչ ուզում է՝ լինի, միայն թե իրենք հանգիստ ապրեն, և իրենց երեխաները չմահանան:
_ Շնորհակալություն: Այս թեման բավականին ծավալուն է, և մենք դեռ խոսելու շատ բաներ ունենք, որոնց կանդրադառնանք մեր հաջորդ հաղորդումների ընթացքում: Կհանդիպենք մյուս շաբաթ: Ցտեսություն:
_ Ցտեսություն:

 

 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan