Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիա՝ հայերն այլևս հետին պլանում են՝գաղափարական վախի ոլորտում. «Կիսալուսնի մայրամուտը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

 

Պետական գլխավոր գործունեությունն այն է, որ ԻՊ-ին պատկանող մարդիկ՝ թե վերնախավը, թե հասարակ ռազմիկները, իրենց զենքերով, զինամթերքով ազատ, անարգել ելումուտ են անում Թուրքիայում, Թուրքիային սահմանամերձ սիրիական գյուղերում, օրը ցերեկով իրենց զենքերով փողոցներում շրջում են ու գիշերները թուրքական մեքենաներով անցկացվում են սահմանով: Կռիվներ են լինում, հետո ժողովուրդը տեսնում է, որ նորից թուրքական մեքենաներով վիրավորներ են բերում Թուրքիա, սահմանից անցկացնում են և տեղափոխում են պետական հիվանդանոցներ, և պետական վերահսկողության տակ այդ մարդիկ բուժվում են, իսկ ապաքինվելուց հետո նորից գնում են մյուս կողմը: Այս ամենը ցույց է տալիս, թե Թուրքիան ինչ աջակցություն է ցուցաբերում ԻՊ-ին:

Հաղորդման սղագրություն

_ Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում իր աշխատանքն է սկսում «Կիսալուսնի մայրամուտ» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Գայանե Չոբանյանը և հաղորդման հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը:

Ողջույն, Տիրան:
_ Բարև Ձեզ:
_ Նախորդ հաղորդմանը մենք անդրադարձել էինք Էրդողանի վարած ներքին քաղաքականությանը, թե ինչպես էր նա կարողացել գալ իշխանության և ինչպես կարողացավ հաղթել վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Սակայն այս բոլոր գործընթացները նաև սերտորեն փոխկապակցված են Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ, մասնավորապես՝ քրդական գործոնի հետ, քրդերի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությունը, Սիրիա-Թուրքիա հարաբերությունների հետ, ինչպես նաև ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ Թուրքիայի հարաբերություններին՝ արդյոք հովանավորո՞ւմ է այդ կազմակերպությանը, թե՞ ոչ: Կցանկանայի՝ անդրադառնայինք քրդերի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությանը, թե ինչ փոխվեց այն ժամանակ, երբ նա եկավ իշխանության, ինչպես կարողացավ լուծել քրդական հարցը, և հիմա ինչ զարգացում է ապրել այդ քաղաքականությունը:
_ Մեր նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք, որ Էրդողանի սկզբնական քաղաքականությունը և հետագայի քաղաքականությունը բավականին տարբերվում են իրարից: Եվ քրդական հարցում էլ նրա մոտեցումը նույնը եղավ. սկզբնական շրջանում սկսեց շատ մեղմ քաղաքականություն վարել՝ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպումներ եղան, քրդական կազմակերպության` “PKK”-ի հետ հանդիպումներ եղան, և ինչ-որ կերպ զինադադար հայտարարվեց “PKK”-ի և Թուրքիայի միջև: “PKK”-ի զինյալ խմբավորումների մեծ մասը Թուրքիայից հեռացավ կամ զենքը վայր դրեց, սակայն հետաքրքիրն այն էր, որ դրա դիմաց թուրքական պետությունը ոչինչ չարեց. դա այն ժամանակ էլ երևում էր:
_ Սակայն ամրացան Էրդողանի դիրքերը թե՛ քրդական շրջանում, թե՛ երկրի ներսում:
_ Էրդողանի դիրքերը, իհարկե, ամրացան: Եվ այսպիսի մի խնդիր էլ կա, սրան նաև հոգեբանական տեսանկյունից պիտի նայել. մարդիկ քանի դեռ պատերազմի մեջ են, ինչպես որ մեկը աշխատանքի ժամանակ չի զգում իր հոգնածությունը, բայց հենց մի 5 րոպե նստում է, ավելի դժվար է վեր կենալը և աշխատանքը շարունակելը, պատերազմը շարունակելու ժամանակ մարդիկ այդ պատերազմի դժվարությունները չէին տեսնում, սակայն երբ որ պատերազմը վերջացավ, երբ խաղաղություն տիրեց, մարդիկ սկսեցին հանգիստ, խաղաղ ապրել, և այլն: Հիմա արդեն նորից սկսելը բավականին դժվար է այդ իրականում սկսեց էլ:
_ Սակայն նաև որոշ արտոնություններ, որոշ քայլեր եղան Էրդողանի կողմից:
_ Իհարկե. կրկնում եմ՝ սկզբնական շրջանում որոշ քայլեր եղան, և Օջալանը այնտեղից, իհարկե, համագործակցեց Էրդողանի հետ: Այստեղ էլ Օջալանի գործոնին, միգուցե, պետք է անդրադառնալ. Օջալանը բանտում նստած աշխատում է քրդակա՞ն հարցի համար, թե՞ իր կաշին փրկելու համար՝ դա էլ հարցական է: Այդ իսկ պատճառով ժամանակ առ ժամանակ լեռներում գտնվող այլ ղեկավարների հետ ընդհարվում է: Հիմա արդեն մի քանի ուղղություններ ունեն քրդերը՝ Օջալանը, որը նստած է թուրքական բանտում և որից, իհարկե, չեն ուզում հրաժարվել՝ նաև որպես քրդական շարժման խորհրդանիշ հանդիսացող անձնավորություն: Երկրորդը՝ հիմնականում սիրիական լեռներում գտնվող քրդական ղեկավարությունը՝ “PKK”-ի ղեկավարությունը, որոնք ազատության մեջ են և կարող են ազատ դատել, և երրորդ՝ հիմա արդեն “PKK”-ն սկսեց քաղաքականության մեջ մտնել և քաղաքների մեջ սկսեց ոչ ռազմական կազմակերպություն հիմնել, ինչպես նաև՝ կուսակցություն՝ ԺԴԿ-ն . ինչքան էլ ինքն իրեն “PKK”-ից հեռու ցույց տա, այնուամենայնիվ, բոլորը գիտեն, որ դա քրդամետ է, քրդական է, և “PKK”-ի հետ էլ լավ հարաբերությունների մեջ է. դա էլ քաղաքական թևը: Հիմա այս երեք կողմերի միջև տարակարծություններ են լինում, և դա, իհարկե, Թուրքիան և Էրդողանը շատ լավ կարողանում են օգտագործել:
_ Անգամ “PKK”-ի ռազմական ղեկավարներից մեկը, երբ վերսկսել էին ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ՝ միակողմանիորեն խախտելով զինադադարը, հայտարարություն էր արել, որ եթե Օջալանը խաղաղության համար է պատասխանատու, ապա ինքը պատասխանատու է պատերազմի համար: Դա նշանակում է՝ հաշվի չեն առնում Օջալանին:
_ Իհարկե, վաղուց չեն ուզում հաշվի առնել, որովհետև երևում է, որ Օջալանը պետության ձեռքն ընկած մարդ է և պետության հետ համագործակցում է: Սակայն, ինչպես ասացի, որպես խորհդրանիշ՝ չեն ուզում նրանից հրաժարվել: Իհարկե, դա էլ է հարցական, թե հրաժարվելու դեպքում ավելի լավ կլինի, ավելի հեշտ կլինի, թե ոչ. դա ուրիշ խնդիր է, իհարկե: Սակայն քանի որ քրդերը սկսեցին քաղաքականության մեջ մտնել, քաղաքականության միջոցով իրենց հարցերն առաջ տանել, ոչ թե՝ զենքի ուժով (ինչպես ասացինք, խաղաղություն հաստատվեց, և այլն), նրանք հույս ունեին, որ այսուհետ ավելի լավ է լինելու: Սակայն փոխվեց այդ ամենը, և Էրդողանը կրկին սկսեց հին մեթոդներն օգտագործել, որոնք իրենից առաջ եղած քեմալիստական կառավարություններն են օգտագործել, և որոնց դեմ էր ինքը, և նաև որոնց ղեկավարներին ինչ-որ ամբաստանություններով բանտ էր նստեցրել: Իհարկե, այստեղ պետք է մտածենք, որ այդ ընթացքում նաև ուրիշ բաներ փոխվեցին՝ Էրդողանի՝ Ամերիկայի և Գյուլենի հետ հարաբերությունները փոխվեցին, և նա, մնալով առանց հենակետի, ստիպված եղավ հենվել այդ ուժերի վրա, որոնց ինքը դեմ էր և որոնց բանտ էր նստեցրել: Նրանց մի մասին նա բանտերից ազատել տվեց և հայտարարեց, թե իրենց խաբել են, իրենց սխալ տեղեկություններ են տվել, և այլն, և սկսեց նրանց հետ համագործակցել: Իսկ եթե համագործակցում է նրանց հետ, որոշ չափով նրանց նման պիտի գործի: Եվ քանի որ նրանք ազգայնական ուղղություն ունեն, ինքն էլ որդեգրեց այդ ազգայնական ուղղությունը: Այսինքն՝ այսօր Թուրքիայում նորից վերահաստատվեց ազգայնական-կրոնական ուղղությունը կամ քաղաքականությունը, որը միշտ էլ տիրում է: Սակայն լինում է այնպես, որ երբեմն ազգայնականն է մի քիչ անցնում, երբեմն՝ կրոնականը: Էրդողանը հիմա ոչ միայն կրոնականը, այլև ազգայնականը որդեգրեց, որի արդյունքում նաև վերջին ընտրությունների ժամանակ բավականին մեծ քվե կորցրեց Թուրքիայի ազգայնական կուսակցությունը, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ազգայնամոլներ էին, տեսան, որ Էրդողանը թե՛ կրոնական է, թե՛ ազգայնական է, և անցան Էրդողանի կողմը:
_ Եվ դա կոնկրետ ուղղված էր նաև քրդերի դեմ:
_ Այո. այսօրվա հիմնական թշնամին քրդերն են: Իհարկե, կան նաև ուրիշ թշնամիներ՝ հայերը մշտական թշնամի են, և այլն:
_ Բայց, ըստ իս, ոչ գործող և ոչ հրատապ. հայկական խնդիրը Թուրքիայի ներկայիս քաղաքականության մեջ հետին պլանում է և ավելի շատ՝ գաղափարական ոլորտում: Իսկ քրդականը կոնկրետ ռեալ խնդիր է, և նրանց նկատմամբ որդեգրվեց ուղղակի ահաբեկչական գործողությունների քաղաքականությունը՝ միանգամից մի քանի խնդիր լուծելու համար:
_ Այո: Քրդական գործոնը այսօր իրական է, այսպես ասած՝ երևակայական չէ: Եվ սկսեցին դրա դեմ աշխատել և միակողմանիորեն խախտեցին խաղաղության կամ զինադադարի համաձայնությունը: Եվ այսօր քրդական “PKK” կուսակցությունը հայտարարեց, որ իրենք էլ արդեն խախտել են զինադադարը և սկսելու են Թուրքիայի դեմ նորից նույն պատերազմը շարունակել:
_ Քրդական խնդիրն էր նաև գործոններից մեկը թուրք-սիրիական հարաբերությունների վատթարացման գործընթացում. խոսենք այս կոնտեքստում: Այսինքն՝ սկզբնական շրջանում, երբ Էրդողանը եկավ իշխանության, նա ընդգծված բարի-դրացիական քաղաքականություն վարեց Սիրիայի հանդեպ՝ միանգամից լավացան հարաբերությունները, սկսվեցին երկկողմանի պետական այցեր: Եվ հանկարծ՝ 2011 թ.-ից արդեն սկսեցին վատանալ հարաբերությունները հենց անմիջապես Ասադի վարչակազմի հետ: Էրդողանը սկսեց հայտարարություններ անել, որ Ասադը պետք է լքի նախագահի իր աթոռը: Եվ այս ամենի մեջ ո՞րն էր քրդական գործոնի դերը:
_ Եթե նայենք ընդհանուր Էրդողանի տիրապետման ժամանակաշրջանին, կտեսնենք, որ սկզբնական շրջանում, երբ ինքը վարչապետ էր, ամեն դեպքում, բոլորի հետ շատ մեղմ և ընդգրկող քաղաքականություն էր վարում՝ թե՛ Թուրքիայի ներսի փոքրամասնությունների նկատմամբ, թե՛ քրդերի նկատմամբ՝ զինադադար հայտարարեցին, թե՛ նաև Սիրիայի նկատմամբ՝ Թուրքիայից դուրս՝ արտաքին քաղաքականության մեջ: Այստեղ, իհարկե, կա նաև Դավութողլուի՝ նրա նշանավոր բանախոսի գործոնը՝ 0 պրոբլեմ հարևանների հետ: Եվ շատ կողմեր խաբվեցին դրանով՝ ներառյալ քրդերը և սիրիացիները: Երբ հայր Ասադը ողջ էր, նա Թուրքիայի հետ լավ հարաբերություններ երբեք չէր ունեցել և Թուրքիային միշտ դիտարկում էր որպես թշնամի: Սակայն նրա որդին՝ Սիրիայի այսօրվա նախագահը, խաբվեց Էրդողանի աղվեսի լեզվով և մտածեց, որ Թուրքիայի այսօրվա վարչակարգի հետ կարելի է լավ հարաբերություններ մշակել, և այլն: Իհարկե, Էրդողանը միայն Սիրիային չէ, որ խաբեց, այլև՝ ամբողջ արաբական աշխարհին: Նա Իսրայելի դեմ մի քանի ելույթ ունեցավ և դրա շնորհիվ ամբողջ արաբական աշխարհի համակրանքին արժանացավ. ամբողջ արաբական աշխարհը Թուրքիային և Էրդողանին նայում էր որպես փրկչի՝ նրան ավելի շատ էին հարգում, քան՝ իրենց նախագահներին և վարչապետերին:
_ Բայց կարծում եմ՝ դա ավելի շատ թվում էր, թե այդպես է, որովհետև նա, փորձելով ստանձնել Օսմանյան կայսրության երբեմն դիրքը՝ արաբական երկրների միջև կամուրջի դեր խաղալ կամ առաջնորդ հանդիսանալ իսլամական երկրներում, ինձ թվում է՝ ինչ-որ չափով հանդիպում էր նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի դիմադրությանը, որովհետև գիտակցում էին, թե Թուրքիան ինչ նպատակներ է հետապնդում:
_ Իհարկե: Սակայն այն ժամանակ ժողովուրդը չէր գիտակցում դա և շատ հեշտ խաբվում է: Իհարկե, այն ժամանակ նա մտածում էր նույն բաների մասին, բայց Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին գաղափարներ չէր արտահայտում: Դա հետագայում սկսվեց, երբ նա արդեն իր այդ սիրաշահելու մեղմ քաղաքականությունը փոխեց, սկսեց բացահայտ ցույց տալ իր նպատակները: Սիրիայի հետ էլ էր այսպես՝ սիրաշահեց Սիրիային, սիրաշահեց Սիրիայի ղեկավարին, և համաձայնության եկան, որ Սիրիա-Թուրքիա սահմանին գտնվող ականները վնասազերծվեն, և մաքրեցին Սիրիա-Թուրքիա ամբողջ սահմանը, և դա հետագայում՝ շատ կարճ ժամանակ հետո, փորձանք դարձավ Սիրիայի գլխին, որովհետև Թուրքիայից արդեն շատ ազատ և հանգիստ սկսեցին զինյալներ գնալ-գալ սահմանի վրա, որովհետև այլևս սահման, գրեթե, գոյություն չուներ՝ վտանգ չկար սահմանի վրա:
_ Ասադի լրջագույն սխալներից մեկը դա էր:
_ Ամենամեծ սխալներից մեկն էր դա, ինչպես նաև՝ Թուրքիայի սահմանի վերահսկողությունը թուլացնելը: Եվ դրանից հետո արդեն սկսվեց իսկական քաղաքականությունը Սիրիայի դեմ: Իհարկե, այդ ամբողջը Էրդողանի միտքը չէր, նրա քաղաքականությունը չէր, դա արդեն ավելի մեծ քաղաքականություն էր. նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք դրա մասին, թե Էրդողանն ինչպես Ամերիկայի և Գյուլենի աջակցությամբ հասավ այդ դիրքին և ինչպես էր նրանց հետ համագործակցում: Եվ դեռ այդ համագործակցության ժամանակներն էր, երբ Սիրիայի դեմ խնդիրները սկսվեցին, և Ամերիկան սկսեց ուժ կիրառել կամ օգնել Ասադի հակառակորդներին, և պատերազմը սկսվեց: Եվ Թուրքիան սկսեց մատակարարել Ասադի հակառակորդներին: Ասադի հակառակորդներից պետք է նաև առանձնացնենք ԻՊ-ի գործոնը: ԻՊ-ը նույնպես Ասադի հակառակորդն էր, բայց նրա մյուս հակառակորդները խնդիր ունեին՝ Ասադի վարչակարգը փոխելու և Սիրիայում նոր վարչակարգ կազմելու, սակայն ԻՊ կոչվածը, իհարկե, ուրիշ նպատակներ ուներ: Եվ հզորացավ, ուժեղացավ հենց Սիրիայի ներսում: Իհարկե, Իրաքում սկսվեց, բայց անցան Սիրիա, որովհետև Սիրիայում ավելի հարմար է, և Սիրիայում նրանք գործ ունեին անելու:
Այստեղ, իհարկե, պետք է մտածել, թե ովքեր են այս ԻՊ կոչվածները, և ով կա նրանց հետևում, ով է նրանց հովանավորում, որովհետև ակնհայտ է, որ հենց այնպես մարդիկ չէին կարող հավաքվել և այսպիսի բաներ անել՝ փող է պետք, զենք է պետք, տարբեր միջոցներ են պետք, և այլն: Այդ մարդկանց հավաքագրելու համար անգամ մեծ միջոցներ են պետք: Ո՞վ կարող է այդ ամենը ֆինանսավորել և օգնել: Իհարկե, մենք գիտենք, որ վերջին տարիներին Թուրքիան լայն մասշտաբով աջակցում է այդ կազմակերպությանը. բազմիցս պարզվեց, որ Թուրքիան մեծ բեռնատարներով լի զինամթերք ու զենք է մատակարարում:
_ Այլև հավաքագրվում են Թուրքիայի տարածքում, բուժում են ստանում այնտեղ:
_ Նաև: Դա դեռ ամենափոքր գործունեությունն է: Պետական գլխավոր գործունեությունն այն է, որ ԻՊ-ին պատկանող մարդիկ՝ թե վերնախավը, թե հասարակ ռազմիկները, իրենց զենքերով, զինամթերքով ազատ, անարգել ելումուտ են անում Թուրքիայում, Թուրքիային սահմանամերձ սիրիական գյուղերում օրը ցերեկով իրենց զենքերով փողոցներում շրջում են ու գիշերները թուրքական մեքենաներով անցկացվում են սահմանով: Կռիվներ են լինում, հետո ժողովուրդը տեսնում է, որ նորից թուրքական մեքենաներով վիրավորներ են բերում Թուրքիա, սահմանից անցկացնում են և տեղափոխում են պետական հիվանդանոցներ, և պետական վերահսկողության տակ այդ մարդիկ բուժվում են, իսկ ապաքինվելուց հետո նորից գնում են մյուս կողմը: Այս ամենը ցույց է տալիս, թե Թուրքիան ինչ աջակցություն է ցուցաբերում: Իհարկե, վիրավորներին խնամելը, և այլն, Թուրքիան էլ կարող է անել, դրանում խնդիր չկա, սակայն բեռնատարներով՝ այն էլ՝ ոչ թե 1-2 հատ, այլ տասնյակ բեռնատարներով զենք- զինամթերք մատակարարելն արդեն Թուրքիայի ուժերից վեր խնդիր է, այստեղ արդեն պետք է մտածել, որ թուրքերի հետևում ինչ-որ ուժեր են կանգնած:
_ Ինձ թվում է՝ Ասադի առաջին խնդիրը պետք է այն լինի, որ հիմա Թուրքիայի հետ սահմանը փակելը: Կամ օրինակ՝ ռուսները զորք են մտցրել, փորձում են օգնել պայքարել այդ ահաբեկչական խմբավորումների դեմ, բայց եթե Թուրքիայի հետ սահմանը խիստ փակվի և վերահսկվի, չնայած՝ մոտ 822 կմ է՝ բավականին երկար է, բայց ինձ թվում է՝ նաև լուծումներից մեկն է:
_ Սահմանի խնդիրն Ասադի թույլ տված լրջագույն սխալներից մեկն էր. ամենասկզբից, երբ նա նկատում էր, որ Թուրքիան արդեն ինչ-որ կերպ աջակցում է իր հակառակորդներին, պետք էր դա կանխել ,և ամենասկզբից դա չարեց, և այնտեղից թե՛ զինյալներ, թե՛ կռվողներ, թե՛ զենք-զինամթերք մտան Սիրիա, և արդեն ուշ էր. հետո այդ տարածաշրջանն ընկավ այդ ուժերի ձեռքը: Այստեղ նաև մի ուրիշ խնդիր կա. քանի որ քիչ առաջ քրդական գործոնի մասին խոսեցինք, ասեմ, որ սահմանի սիրիական կողմում կան նաև քրդեր և քրդական խմբավորումներ, քրդական գյուղեր, և այլն՝ քրդական տարածք: Երբ այդ ԻՊ կոչվածն ամբողջ աշխարհով մեկ հայտնի դարձավ՝ որպես տեռորիստական կազմակերպություն, Թուրքիայից էլ ակնկալում էին, որ հենց ինքն էլ դրա դեմ պայքար մղի: Եվ իմ կարծիքով՝ Ամերիկան էլ առերես մտավ այդ պայքարի մեջ, ռմբակոծեց այդ կազմակերպության դիրքերը: Եվ Թուրքիայից էլ պահանջեցին, որ Թուրքիան էլ ռմբակոծի: Սակայն ի՞նչ եղավ հետո՝ հետաքրքիր է. միակ ուժը, որը դեռ կռվում էր ԻՊ-ի դեմ, քրդերն էին, իսկ թուրքերը ռմբակոծեցին քրդական շրջանները և ուժերին: Եվ երբ նրանք հակաիսլամական պետության դեմ ձերբակալություններ էին կատարում Ստամբուլում և Թուրքիայի մյուս քաղաքներում, տեսնում էինք, որ ԻՊ-ի կողմնակիցներից ոչ ոք չէր ձերբակալվում՝ այդ ձերբակալվողները հիմնականում քրդական կազմակերպություններին պատկանող անձինք էին: Այսինքն՝ երբ Թուրքիան ասում է, թե ինքը կռվում է ԻՊ-ի դեմ, իրականում ճիշտ հակառակն արեց՝ պաշտպանելով, իհարկե. այստեղ քրդերին հարվածելը նշանակում է օգնել ԻՊ-ին: Պաշտպանելով ԻՊ-ին՝ նա պայքարեց քրդական կազմակերպությունների դեմ, որը, ինչպես ասացի, միակ ուժն էր այդ կազմակերպության դեմ:
_ Լավ: Թուրքիան ամեն կերպ օգնում է այդ ահաբեկչական խմբավորմանը: Եվ այդ խմբավորման անդամների մեծամասնության հետ փախչելու ճանապարհը Թուրքիան է՝ որպես տարանցիկ երկիր: Թուրքիայով գնում են Եվրոպա, մեծամասամբ նաև մնում են Թուրքիայում. մտավախություն չունի՞ Թուրքիան, որ կարող են այդ կազմակերպությունները, այդ ուժերը հիմնվել Թուրքիայում և ինչ-որ ձևով փոխել, Թուրքիայի վրա ազդել, բացասական ազդեցություն ունենալ՝ թե՛ որպես արմատական իսլամիստական գաղափարների տարածող, թե՛ հետագայում իրենց կռվի դաշտը տեղափոխելով Թուրքիա: Չէ՞ որ ԻՊ ահաբեկչական կազմակերպության քարտեզի մեջ նաև Թուրքիան, Ադրբեջանը մտնում էին նրանց ապագա ծրագրերի մեջ. չկա՞ այդ վախը:
_ Իհարկե, կա: Սակայն այստեղ մի ուրիշ խնդիր ևս կա. ո՞վ է այս ԻՊ-ը, ինչի՞ համար կամ ո՞ւմ դեմ է պայքարում: Եթե ուշադիր նայենք, թե այնտեղ ինչ կատարվեց վերջին տարիներին, կտեսնենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ԻՊ-ի (գլխավորապես, բայց ոչ միայն, իհարկե) շնորհիվ մաքրվում է նախ ոչ մահմեդական տարրերից. դա մեկ: Երկրորդը՝ մաքրվում է նաև ոչ սուննիական տարրերից. դա շատ կարևոր է: Վերջինը, իհարկե, կողմնակի է, որովհետև նրանք, ամեն դեպքում, այնքան էլ մեծ ուժ չեն, սակայն որ այս տարածաշրջանը մաքրվում է նաև մուսուլմաններից, որոնք սուննիական ուղղվածություն չունեն, դա շատ կարևոր է:
_ Մասնավորապես՝ շիաներից:
_ Ոչ սուննիական, այսինքն՝ շիական ուղղվածություն այսօր ունի, օրինակ, Իրանը: Սուննիական գլխավոր բերդերից մեկը Սաուդյան Արաբիան է, և երկրորդը, կարելի է ասել, Թուրքիան է. սրանք փորձում են առաջ տանել իրենց իսլամ-սուննիական հավատամքը և ուզում են շիականներին ճնշել: Եվ տեսնում ենք, որ այդ կազմակերպությունը հենց դա էլ անում է: Սակայն այստեղ ևս մեկ հետաքրքիր բան կա՝ համարյա պետություն չմնաց այդ տարածաշրջանում, որին չսպառնա ԻՊ կոչված կազմակերպությունը՝ այն բացառությամբ, որ արաբական աշխարհի, իսլամական աշխարհի թիվ 1 թշնամի հռչակված Իսրայելի նկատմամբ, թերևս, ոչ մի սպառնալիք չհնչեցրեց: Հետաքրքիր է նաև այն, որ Թուրքիայի նկատմամբ հնչեցին սպառնալիքներ այդ կազմակերպության կողմից: Իհարկե, այդ կազմակերպությունը Թուրքիային այսօր դեռ չի ընդունում որպես իսլամական պետություն, այսինքն՝ ինչը արմատական իսլամ չէ, նրանց համար իսլամ չէ, այլ խաբեություն է: Նրանք ուզում են, ամեն դեպքում, որ Թուրքիան արմատական իսլամական սուննիական պետություն դառնա, կիրառվի այն ամենը, ինչ իրենք կիրառում են իրենց տարածաշրջանում:
Այժմ Էրդողանի հետ կապված. Էրդողանը կամ իր կուսակցությունը դա չի տեսնում, չի նկատում կամ չի ուզում տեսնել: Թե ինչ հաշիվներ ունեն նրանք, դրա մասին ես, իհարկե, այսօր չեմ կարող խոսել, դա արդեն պայծառատեսություն կլիներ:
_ Ինձ թվում է՝ դրանով ներքին խնդիր է լուծում՝ և քրդական խնդիրը…
_ Միգուցե, դա կա, իհարկե: Սակայն այստեղ մի բան կա՝ կամ Էրդողանը և իր կողմնակիցները նույն մտածելակերպն ունեն, կամ էլ մտածում են՝ այսօր նրանց կօգտագործենք մեր նպատակների համար, բայց չենք թողնի, որ նրանք ուժեղանան, որ նրանք մեր երկրում ուժեղանան, և այդպիսով, կկանխենք նրանց և իրենց գաղափարների տարածումը Թուրքիայում: Կամ էլ, ինչպես ասացի, նույն մտքի տեր են:
_ Շնորհակալություն, քանի որ մեր եթերաժամը սահմանափակվում է, այսքանով ավարտենք այսօրվա մեր հաղորդումը: Կհանդիպենք մյուս շաբաթ:
Ցտեսություն:
_ Ցտեսություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan