Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչու են թուրքերը քննարկում Ղարաբաղի հարցը. «Կիսալուսնի մայրամուտը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

«Մեր եղբայր թուրքերի աղոթքներով ու օգնությամբ էր, որ կարողացանք խփել ռուսական ինքնաթիռը: Նրանք սպանում էին մեր երեխաներին, անմեղ բնակիչներին»: Թուրքական կայքերն ու համացանցը արդեն ինչքան ժամանակ է հեղեղված է վիրավոր երեխաների ու մեծահասակների նկարներով: Թուրքերն անում էին ամեն ինչ, որ ռուսներին սկսեն ատել: Գայանե Չոբանյանը ներկայացնում է թուրքական լրատվամիջոցների ու տարբեր ուժերի մեկնաբանությունները. ինքնաթիռի կործանումը պլանավորված էր՝ հայացք ներսից:


Բարև ձեզ, հարգելի ռադիոդիտողներ և ռադիոլսողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում իր աշխատանքն է սկսում «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում եմ ես՝ Գայանե Չոբանյանս: Հաղորդաշարի հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը երկրում չէ, սակայն մենք չէինք կարող չանդրադառնալ վերջին ժամանակներում Թուրքիայում տեղի ունեցող այս քաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ թուրք-ռուսական այս քաղաքական խիստ լարվածությանը: Մեր եթերում հնչել են ռուսական վերլուծաբանների մեկնաբանություններ, ինչպես նաև մեր հայ մասնագետների մեկնաբանությունները՝ այս իրադրության հետ կապված, սակայն չենք անդրադարձել Թուրքիայի արձագանքին, այսինքն՝ թե թուրքական մամուլը՝ ընդդիմադիր և կառավարամետ, ինչպես են արձագանքում այս իրադրությանը: Ես առանձնացրել եմ մի քանի լրատվամիջոցներ:
Որպեսզի հասկանանք, թե ինչքանով են օբյեկտիվ թուրքական մամուլը՝ թուրքական աղբյուրները, մի փոքր անդրադառնանք նրան, թե ինչքանով է այն անկախ: Կարող եմ նշել, որ երբ Էրդողանն իր ձեռքը վերցրեց երկրի ղեկավարումը, ճնշումները մամուլի նկատմամբ շատ ավելի ուժեղացան: Եվ դա կապված էր հիմնականում վերջին խորհրդարանական ընտրությունների հետ. երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ բավարար քվեներ հավաքել, ճնշումները քրդերի նկատմամբ ուժեղացան, եղան կոտորածներ քրդական շրջանում, և ընդդիմադիր մամուլը խիստ արձագանքեց այս ամենին, և դրա հետևանքը եղավ այն, որ ձերբակալվեցին բազմաթիվ լրագրողներ, նաև փակվեցին և ստուգումների ենթարկվեցին ընդդիմադիր որոշ թերթեր, ինչպես նաև այնպիսի թերթեր, որոնք ժամանակին համարվում էին Էրդողանի «կողմնակից» գյուլենական թերթեր, իսկ այժմ արդեն ընդդիմադիր թերթերի շարքերն էին անցել: Կարող ենք նշել մի քանի դեպքեր. օրինակ՝ «Հյուրիյեթ» թերթի ստամբուլյան գրասենյակը հարձակումների ենթարկվեց ազգայնականների կողմից, ինչպես նաև փակվեցին «Բուգյուն», «Միլեթ» և այլ թերթերը: Դա կապված էր նաև դեկտեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ, այսինքն՝ դրա նախօրեին խիստ գրաքննության ենթարկվեց թուրքական մամուլը:
Նշեմ, որ Թուրքիայում մամուլի իրավիճակն արտացոլում են նաև ազատ Լրագրողների պաշտպանության կազմակերպության հետազոտությունները, որի հրապարակած արդյունքների համաձայն Թուրքիան 2013թ. գլխավորում էր մամուլի ազատությունը սահմանափակող երկրների ցուցակը. եռյակի մեջ մտնում էին Թուրքիան, Իրանը և Չինաստան: Լրագրողների վիճակը Թուրքիայում արտացոլվում է նաև Լրագրողների իրավունքների պաշտպանության կազմակերպության հրապարակած զեկույցի տվյալներում, ըստ որոնց՝ 2013թ. տվյալներով Թուրքիան գլխավորում էր այն երկրների ցուցակը, որտեղ բանտարկված լրագրողներն ամենաշատն են. եռյակի մեջ մտնում էին Թուրքիան, Իրանը և Չինաստանը: Եվ 2013թ.-ից իրավիճակն ավելի վատթարացել է. կարող ենք ասել, որ Թուրքիան դեռ շարունակում է առաջատար երկիր համարվել լրագրողներին բանտարկելու հարցում:
Որպեսզի հասկանալի լինի, թե Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումից անմիջապես հետո ինչպես միանգամից երկրում ոտքի կանգնեցին ազգայնականները, միանգամից հակառուսական ալիք բարձրացավ՝ թուրքմեններին պաշտպանող կարգախոսներով, պետք է հասկանանք, որ այս ամենը նախօրոք մշակված և ծրագրված էր, և այս ամենն արտացոլում են թուրքական մամուլում տեղ գտած հոդվածները:
Կարող ենք ասել, որ արդեն նոյեմբերի սկզբից թուրքական կառավարամետ մամուլը՝ այն մամուլը, որը գտնվում է կառավարությանը կից, սկսել էր Սիրիայում թուրքմենների իրավիճակի վերաբերյալ հոդվածներ հրապարակել, որոնք շատ կտրուկ էին, շատ սուր էին արտացոլում այդ իրավիճակը: Ըստ այդ հոդվածների՝ Սիրիայի հյուսիսային սահմաններում, որտեղ մեծամասամբ բնակվում են թուրքմենները, գտնվում են, այսպես կոչված, չափավոր ընդդիմադիրները: Եվ Ասադը ռուսական օդուժի օգնությամբ, ինչպես նաև՝ Հեզբոլլահի և Իրանի միջամտությամբ, ռմբակոծում է այս տարածքները: Եվ Թուրքիան, որպեսզի պաշտպանի իր արյունակիցներին, ուղղակի պարտավոր է խառնվել այս իրավիճակին: Իսկ իրավիճակը ներկայացվում է շատ ծայրահեղ. անգամ խոսում էին թուրքմենների կոտորածների մասին, Ֆեյսբուքում բացվել էր մի էջ՝ Բայրբուջաք անունով. Բայրբուջաք է կոչվում թուրքմենական այդ շրջաններից մեկը: Լրատվական կայքը բացվել էր, և այնտեղ ամեն օր թարմացվում էին լուրեր, թե ինչպես են զոհվում թուրքմեն երեխաները, նկարներ էին տեղադրվում, որոնց իսկությունը, բնականաբար, ոչ ոք չէր ստուգում, բայց դա լայն արձագանք էր գտնում ազգայնականների շրջանում:
Մենք չպետք է մոռանանք, որ վերջին շրջանում ազգայնական գաղափարախոսությունն առաջատար տեղ է գրավում Էրդողանի ներքին քաղաքական ուղեծրում: Տեսնելով, որ չի կարողանում բավարար քվեներ հավաքել խորհրդարանական ընտրություններին, նա որդեգրեց նաև ազգայնական իսլամական հռետորիկան՝ դրանով իր կողմը գրավելով «Ազգայնական կուսակցությանը» և դրա հաշվին նաև մեծ քվեներ ստանալով: Եվ հենց այդ տրամադրությունների արդյունքում էլ նա կարողացավ իր այս թուրքմենական քաղաքականությունն առաջ տանել: Անգամ այսպիսի հոդվածներ են առաջ գալիս, որ ռուսները, սիրիացիներն իսպառ ոչնչացնում են թուրքմեններին, տեղահանում են, դատարկում են այդ շրջանները, որպեսզի կառուցեն քրդական անկախ պետություն: Սակայն ի հակադրություն այս կառավարական պնդումներին, որ թուրքմենները ոչնչացվում են, ռուսները ռմբակոծում են թուրքմեն քաղաքացիներին, ոչ թե զինված իսլամիստներին:Եվ թուրքմենների նկատմամբ այս քաղաքականությունը Թուրքիան տանում էր բարձր մակարդակով. Դավութողլուն, եթե չեմ սխալվում ՝ նոյեմբերի 22 ին, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հարց էին ուղղել նրան, թե արդյոք Թուրքիան պատրաստվում է աջակցել Սիրիայի թուրքմեններին, և նա ասել էր. «Միանշանակ, որովհետև եթե մեր արյունակիցներին ռմբակոծեն կամ մեր արյունակիցների իրավունքները խախտվեն, Թուրքիան անպայման իր ռազմական ամողջ ուժով կանգնելու է նրանց կողքին»: Այսինքն՝ ի սկզբանե սա պետական բարձր մակարդակով տարված քաղաքականություն էր: Հայտարարություններ էին արվում, որ այնտեղ զոհվում են քաղաքացիական անձինք: Անգամ «Անադոլու աժանս» գործակալությունը, որը նույնպես կառավարամետ լրատվական գործակալություն է, մանրամասներ էր հրապարակում, որ ռուսներն իրականում ռմբակոծել են թուրքմենների տները, զոհվել է 2 երեխա, կա 10 վիրավոր: Եվ հիմնականում շեշտը դնում են երեխաների վրա, նկարներ էին հրապարակում, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, 2013թ. Եգիպտոսում ռմբակոծումների զոհ դարձած երեխաների նկարներ էին: Ամեն դեպքում, դա, իհարկե, մեծ ազդեցություն է ունենում Թուրքիայի՝ ազգայնական գաղափարներ, հայացքներ ունեցող հատվածների վրա: Եվ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի ռմբակոծումից հետո Անկարայում, Ստամբուլում, Ադանայում, ռուսական դեսպանության առջև եղան ցույցեր, որոնք կազմակերպված էին թուրք ազգայնականների կողմից. մեղադրում էին ռուսներին և ասում էին՝ Ռուսաստանը թող դուրս գա Սիրիայից, չխառնվի Սիրիայի գործերին, կոտորում է թուրքմեններին, և այլն: Եվ անգամ այսպիսի մի զավեշտալի դեպք գրանցվեց Ստամբուլում. երբ ազգայնականները մոտ 200 հոգով հավաքվել էին Թաքսիմի հրապարակում և այնտեղից պիտի շարժվեին ռուսական դեսպանատուն, նրանք շփոթմամբ հասան Հոլանդիայի դեսպանատան մոտ (մոտ են իրար՝ մոտ 100 մետրի տարբերությամբ) և ձվեր նետեցին Հոլանդիայի դեսպանատան ուղղությամբ՝ այդպիսով հայտնվելով զավեշտալի իրավիճակում: Եվ նմանատիպ ցույցեր և բողոքներ հրահրվել են նաև Ստամբուլի այլ շրջաններում, սակայն որպես հակակշիռ այս կառավարամետ թուրքմենամետ հոդվածներին, «Սենդիքա օրգ» լրատվական կայքը շատ լավ հոդված է հրապարակել, որը վերնագրված է «Թուրքմենդաղա գերչեի», այսինքն՝ «Թուրքմենական սարի իրականությունը»: Թուրքերն ասում են, որ իրենց կողմից Թուրքմենդաղա՝ թուրքական լեռ կոչվող այդ շրջանում, տեղի է ունենում կոտորած, և անգամ կայք է բացվել, որտեղ լուսանկարներ են տեղադրվում, իսկ այս կայքն իր հոդվածում ցույց է տալիս, որ իրականում Սիրիայում Թուրքմենդաղա կոչվող վայր չկա. դա գտնվում է Էսքիշեհիր շրջանում, և այնտեղի թուրքմենները, որոնց ներկայացնում են թուրքերը՝ քաղաքացիական անձինք, երեխաներ, և այլն, ոչ այլոք են, եթե ոչ այդ իսլամիստ ծայրահեղական խմբավորումների երեխաները, կանայք և ընտանիքները, որովհետև իրականում այդ խաղաղ բնակչությունը Սիրիայում կոնֆլիկտի առաջացումից հետո ժամանակի ընթացքում տեղափոխվել է կամ տեղահանվել, իսկ թուրք խաղաղ բնակչությունն այնտեղ չէ: Այն բնակչությունը, որը ռմբակոծվում է՝ ցույց են տալիս կանանց, խաղաղ բնակչությանը, և այլն, դրանք ուղղակի ծայրահեղ իսլամիստներն են:
Այս կոնտեքստում կցանկանայի նաև անդրադառնալ տեսագրությանը, որտեղ թուրքմենական ռազմական խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ալփասլան Չելիքը, թուրքական լրագրողներին տված հարցազրույցում ասում է, որ հենց ինքն է խփել ռուս օդաչուին, որը ռուսական ինքնաթիռի կործանման ժամանակ կարողացել էր փրկվել, և ասում է, որ իրենք շնորհակալ են թուրք ժողովրդից, որովհետև թուրք ժողովրդի աղոթքները, թուրք ժողովրդի աջակցությունը իրենց՝ թուրքմեններին օգնում է, որ կարողանան պաշտպանել իրենց հողերը, իրենք ոչ մի հող չեն տա ավել ո՛չ Ասադին, ո՛չ ռուսներին: Այսինքն՝ այնպես են ներկայացնում, իբր դրանք իրենց հողերն են, Թուրքիան իրենց զենք է մատակարարում, որպեսզի իրենք կարողանան պահպանել իրենց հողերը, որովհետև մի կողմից իսլամականներն են իրենց վրա հարձակվում, մի կողմից ռուսներն են հարձակվում, մի կողմից՝ Ասադը, և իրենք մենակ են, և մենակ Թուրքիան է իրենց աջակից: Սակայն այստեղ հարց է ծագում, որին ընդդիմադիր լրատվամիջոցները հանգամանորեն անդրադարձել են. ինչպե՞ս կարող է թուրքմեն հրամանատարը մաքուր թուրքերեն խոսել, որովհետև Սիրիայի թուրքմենները մեծամասամբ ասիմիլացվել են, և կան նաև մի քանի բարբառներով խոսող խմբեր, որոնց ավելի մոտ է օսմանաօղուզական խոսքվածքը, այսինքն՝ թուրքմենը չէր կարող այդպես մաքուր թուրքերեն խոսել: Եվ հետագայում պարզվեց, որ այս Չելիքն իրականում թուրքական ազգայնական «Բոզքուրդ» շարժման անդամ է, որի հայրը Քեբան քաղաքի նախկին քաղաքապետն էր, և դրանից պարզ է դառնում, որ թուրքմենական այս խմբավորումները, որ ներկայացվում են որպես խաղաղ բնակչություն, որ ուղղակի զենք են վերցրել, որպեսզի իրենց հողը պաշտպանեն, Թուրքիայի կողմից ուղարկված ազգային անվտանգության շրջանակներում ստեղծված հատուկ խմբավորումներ են: Կառավարական թերթերի անդրադարձն այս իրադարձությանը այնքան էլ հետաքրքիր չէ, որովհետև ինձ թվում է՝ արդեն պարզ է, թե ինչ պիտի խոսեն նրանք: Նրանք ասում են նույնը, ինչ հայտարարություններում ասում է ղեկավարությունը՝ Էրդողանը, Դավութօղլուն, որ իրականում ճիշտ են արել թուրքերը, որ հարվածել են, որովհետև մինչ այս միջադեպը Ռուսաստանի օդային ուժերն 9 անգամ խախտել են Թուրքիայի օդային սահմանը, սակայն նրանց նախազգուշացվել է, որ եթե նորից կրկնվի նման դեպք, իրենք շատ կոշտ պատասխան կտան, որովհետև դա սպառնալիք է իրենց տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը. դրանք, բնականաբար, արդարացնում են Էրդողանի այս հայտարարությունը:
Այս իրադարձությանն ավելի կոշտ են արձագանքում ձախակողմյան լրատվամիջոցները: Կառավարության կողմից ճնշումը լրատվամիջոցների նկատմամբ վառ արտացոլվում է նաև հենց երեկվա դեպքերում, որոնք մեծ արձագանք ստացան. ձերբակալվեցին «Ջումհյուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և թերթի Անկարայի մասնաճյուղի ներկայացուցիչ Էրդեն Գյուլը: Ձերբակալությունը շատ մեծ արձագանք ստացավ՝ հիմա թուրքական մամուլը միայն դրա մասին է գրում: Նրանց ձերբակալեցին այն պատճառով, որ մի քանի ամիս առաջ թերթի մի հոդվածում մերկացրել էին Թուրքիայի քաղաքականությունը, ցույց էին տրվել բեռնատարները, որոնք Թուրքիայից հումանիտար օգնություն էին տանում Սիրիա՝ թուրքմեններին. իրականում այնտեղ զենք է, և իրականում նրանք զենք են մատակարարում ԻՊ ահաբեկիչներին: Իսկ նրանք բացահայտ գրել էին դրա մասին: Այդ հոդվածից հետո Էրդողանը CNN –ին տված հարցազրույցում ասաց, որ նրանք չեն մարսի սա, և հենց անձամբ իրենք պատասխան են տալու, և հենց այդպես էլ եղավ՝ երեկ մենք տեսանք, որ ձերբակալեցին, ինչը, բնականաբար, Թուրքիայի հասարակության զարգացած շերտերի մոտ զայրույթ է առաջացնում: Սակայն պետք է նշենք, որ այն մարդիկ, լրատվամիջոցները, որոնք դեմ են Էրդողանի քաղաքականությանը, շատ սակավաթիվ են և մեծամասամբ Ստամբուլում են գտնվում, իսկ քրդաբնակ շրջանների բնակչությունը, իսլամական գաղափարների և ազգայնական գաղափարների հետևորդներն ավելի շատ են, և նաև Էրդողանի բացահայտ ներքին ճնշման պայմաններում նրանք չեն կարող ընդդիմանալ կամ ազատ արտահայտել իրենց կարծիքը:
Ինձ հետաքրքիր էր նաև, թե ինչ արձագանք կտա հայկական համայնքը այս իրադարձություններին, և ողջունելի էր, որ հայկական համայնքը շատ ավելի զուսպ էր: Այն երիտասարդները, այն մարդիկ, ովքեր հարում էին ձախակողմյան քաղաքական գաղափարներին, բնականաբար, Ֆեյսբուքում և այլ սոցցանցերում գրել են իրենց կարծիքն այն մասին, որ չի կարող այդպես լինել, որ Թուրքիան իրենց տանում է դեպի պատերազմ, Էրդողանի քաղաքականությունը սխալ է, և այլն: Բայց պաշտոնական տեսակետը շատ չեզոք էր՝ բուռն արձագանքներ չկային: Նաև «Ակոս» շաբաթաթերթն անդրադարձավ այս իրադարձությանը, սակայն միայն լրատվություն հաղորդելու մակարդակով՝ խուսափեց վերլուծություններից:
Հետաքրքիր է նաև, որ Թուրքիայում սկիզբ առած հակառուսական ցույցերի հետ մեկտեղ ցույցերի կոնտեքստում հնչում են հակառուսական, հակաասադական, ինչպես նաև հակաչինական կարգախոսներ: Պարզ է, որ փորձում են ինչպես Սիրիայում բնակվող թուրքմենների միջոցով խառնվել Սիրիայի ներքին քաղաքականությանը, այնպես էլ օգտագործել Չինաստանում բնակվող ույղուրներին: Հիմա որոշեցին, որ ույղուրների իրավունքների պաշտպանություն, մշակութային ասիմիլյացիա կա: Ըստ այդ ցույցերի կարգախոսերից մեկի՝ Չինաստանն էլ է ֆինանսավորում Ասադին՝ նաև ընդդեմ թուրքմենների, ինչպես նաև ճնշում է ույղուրներին իր տարածքում: Այս իրադարձությունից հետո թուրքական մամուլում քննարկվում են նաև Ռուսաստանի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառված սանկցիաները՝ հիմնականում տնտեսական. դեռ ռազմական գործողությունների չեն անցել, սակայն կան տարբեր կանխատեսումներ: Ընդդիմադիր թերթերն ասում են, որ անպայման կլինի պատերազմ, որովհետև Թուրքիան՝ Էրդողանը՝ իր նեոօսմանական գաղափարներով, իր ամբիցիաներով փորձում է Թուրքիան ներքաշել պատերազմի մեջ, և որ սա հենց պատերամի սկիզբ կարող է համարվել: Ոմանք կարծում էին, որ տնտեսական սերտ կապերով են կապված Թուրքիան և Ռուսաստանը, և դժվար թե ռազմական բացահայտ գործողություններ լինեն: Բացի այդ, Թուրքիայի կառավարական շրջանները մտավախություն ունեն, որ ռուսները կփորձեն իրենց պատասխանել քրդերի ձեռքով: Արձագանքը բացասական էր հայերի ձեռքով ինչ-որ բաներ անելու փորձերին:
Ընդհանուր առմամբ, դիտարկելով այս բոլոր փաստերը և իրադարձությունները՝ կարելի է ենթադրել, որ Թուրքիան այս ամենն ինքնագլուխ չարեց, այսինքն՝ հանկարծակի չստացվեց. դա նախօրոք ծրագրավորված և ըստ իս՝ համաձայնեցված ծրագիր էր, մասնավորապես՝ Ամերիկայի հետ համաձայնեցված: Տարածաշրջանում և՛ Ամերիկան ունի իր շահերը, և՛ Թուրքիան ունի իր շահերը. փորձում է այս իրավիճակի արդյունքում գուցե հետագայում Սիրիայի որոշ տարածքներ իրեն կցել՝ Սիրիայի հյուսիսային տարածքները: Եվ երևի կանխատեսում էր, որ Ռուսաստանը դժվար թե բացահայտ ռազմական առճակատման մտնի, քանի որ դա կնշանակեր նաև առճակատում ՆԱՏՕ-ի հետ, սակայն տեսնենք՝ հետագա զարգացումներն ինչ ցույց կտան: Դեռևս պիտի սպասենք Ռուսաստանի պատասխանին, որովհետև ինձ թվում է՝ սանկցիաները դեռ շարունակվում են. առաջին քայլը եղավ զբոսաշրջիկներին հետ կանչելը, երկրորդ քայլը եղավ տնտեսական որոշ խոչընդոտներ, որոշ հարաբերությունների խզում: Թուրքիայի կողմից շատ ցավագին ընկալվեց Սիրիայում C-400 զենիթային համակարգի տեղադրումը, որով նա կարող է խոցել մեծ տարածությամբ ցանկացած օդային օբյեկտ: Եվ հենց այս կոնտեքստում Էրդողանը հայտարարել էր, որ եթե ռուսներն իրենց այդ ուժով խփեն ինչ-որ մի թուրքական ինքնաթիռ, սա կլինի անխուսափելի ռազմական առճակատման սկիզբ:
Այսօրվա համար առանձնացրել էի այսքանը, բայց քանի որ սպասվում են նոր զարգացումներ, մենք դեռ կանդրադառնանք այս թեմային: Հիշեցնեմ, որ «Լրատվական ռադիոյի» եթերում «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարն էր, տաղավարում աշխատում էր Գայանե Չոբանյանը: Ցտեսություն:



  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan