Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

1991. Հայաստան-Թուրքիա դաշնակիցնե՞ր. «Կիսալուսնի մայրամուտը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Երբ Հայաստանը և Ադրբեջանն անկախացան, Թուրքիան եղավ աշխարհում առաջին երկրներից, որ միանգամից ընդունեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի անկախությունը: Այն ժամանակ խնդիր էր առաջացել Թուրքիայի համար՝ ում հետ ավելի լավ հարաբերություններ պետք է հաստատեն: Թուրգութ Օզալը հենց Հայաստանի անունը տվեց այն ժամանակ և ասաց, որ իրենք Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր կողմ չունեն, շատ լավ հիշում եմ, որ խոսքի վերջում ասաց, որ նրանք շիաներ են, իսկ իրենք՝ սուննիներ: 24 ժամ չանցած՝ ինչ-որ տեղից նրա ականջը քաշեցին և հաջորդ օրը ճիշտ հակառակ խոսքերն էր ասում, և այդ օրվանից էլ մնաց այն քաղաքականությունը, ինչ այսօր տարվում է:
 

Հաղորդման սղագրություն

                

            _ Ողջույն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում իր աշխատանքն է սկսում «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Գայանե Չոբանյանը և հաղորդաշարի հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը:

            Բարև Ձեզ, Տիրան:

            _ Բարև Ձեզ:

            _ Այսօր մենք կզրուցենք թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին: Գիտենք, որ կան հիմնական մի շարք գործոններ, որոնցով և պայմանավորվում է այս 2 երկրների միջև ամուր կապը թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ մշակութային, թե՛ բազմաթիվ այլ ոլորտներում, ինչպես նաև այս վերջին թուրք-ռուսական լարված քաղաքական իրադրության պայմանները, ինչը սպառնալիքի տակ է դնում ռուս-թուրքական որոշ տնտեսական պայմանագրեր, նախագծեր: Ադրբեջանի դերը Թուրքիայի համար շատ ավելի է կարևորվել տնտեսական և ռազմական ոլորտներում, ինչպես նաև վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարը նշել էր, որ Ղարաբաղյան խնդիրը հենց իրենց անմիջական, անձնական խնդիրն է: Եվ մինչ օրս թուրք-ադրբեջանական հարաբերությունները, կարելի է ասել, առաջնորդվում են դեռևս Հեյդար Ալիևի կողմից առաջ քաշված այս գաղափարախոսության՝ մեկ ազգ, 2 պետություն, հիմքի վրա: Սակայն, ըստ Ձեզ, այս ձևակերպումները և բարձր պաշտոնական մակարդակով արված այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք, համապատասխանո՞ւմ են իրականությանը:

            _ Սկսենք այն բանից, թե ինչքան են իրար հետ համընկնում շահերը կամ ինչ առնչություններ ունեն տարբեր ոլորտներում Թուրքիան և Ադրբեջանը. մշակույթ, քաղաքականություն, ռազմավարություն, և այլն ասվեց: Իմ կարծիքով՝ ամենաշատը մենք կարող ենք քաղաքականի վրա կենտրոնանալ, քաղաքականից դուրս շատ մեծ ընդհանուր կողմեր, առնչություններ գրեթե չունեն: Անգամ նրանց մշակույթն ու կրոնն իրար այնքան համապատասխան չեն, ինչքան նրանց կողմից առերես ցույց է տրվում: Քաղաքականության տեսակետից էլ այն նշանավոր խոսքն է գործում, որ մի ձեռքը լվանում է մյուսը, նրանք քաղաքական առումով միևնույն նպատակներն ունեն, միևնույն թշնամին ունեն, այսինքն՝ Հայաստանը, այդ պատճառով էլ իրար հետ համագործակցում են: Ես շատ լավ հիշում եմ Թուրգութ Օզալի արտահայտած մի միտք՝ երբ Հայաստանը և Ադրբեջանն անկախացան, Թուրքիան եղավ աշխարհում առաջին երկրներից, որ միանգամից ընդունեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի անկախությունը: Այն ժամանակ խնդիր էր առաջացել Թուրքիայի համար՝ ում հետ ավելի լավ հարաբերություններ պետք է կնքեն. հետաքրքիր է, որ Թուրգութ Օզալը հենց Հայաստանի անունը տվեց այն ժամանակ և ասաց, որ իրենք Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր կողմ չունեն, և շատ լավ հիշում եմ, որ արդեն խոսքի վերջում ասաց, որ նրանք շիաներ են, իսկ իրենք՝ սուննիներ:

            _ Սակայն, կներեք, որքանով ես հիշում եմ, դեռ 80-ական թթ., այսինքն՝ մինչ ԽՍՀՄ փլուզումը, Թուրքիան առաջ էր տանում իր պանթյուրքիստական գաղափարախոսությունը և քաղաքականությունը, և Ադրբեջանը խորհրդային երկրների շարքում այն հենակետն էր, որի միջոցով ուզում էր նաև դրանից հետո Միջին Ասիայի թուրքախոս երկրների վրա իր ազդեցությունը տարածել:

            _ Դա ընդհանուր միտքն էր թուրանական գաղափարախոսության հետ կապված: Ես այստեղ նշում եմ կոնկրետ դեպքերը, որ կատարվեցին ԽՍՀՄ քայքայումից հետո: Եվ հետաքրքիր է նաև Հայաստանի հետ կապված Թուրգութ Օզալի միտքը, թե իրենք հայերի հետ ավելի հին պատմություն ունեն և մշակութային առումով ավելի մոտ են նրանց հետ: Սակայն ի՞նչ կատարվեց. դեռ 24 ժամ չանցած՝ երևի ինչ-որ տեղից նրա ականջը քաշեցին և նա հաջորդ օրը ճիշտ հակառակ խոսքերն էր ասում, և այդ օրվանից էլ մնաց այն քաղաքականությունը, ինչ այսօր տարվում է: Այո, 80-ական թթ., իհարկե, ոչ այնքան, սակայն երբ ակնհայտ դարձավ, որ Խորհրդային միությունը քայքայվում և փլուզվում էր, և նամանավանդ՝ երբ քանդվեց, նորից ի հայտ եկավ այդ թուրանական գաղափարախոսության տեսլականը, որ կարող են իսկապես մի Թուրան կազմել, որի մեջ կմտներ նաև Ադրբեջանը, քանի որ, ինչպես իրենք էին կարծում, ռուսներն արդեն խաղից դուրս էին, և կարող էին հասնել մինչև Չինաստանի սահմանը: Սակայն Ադրբեջանին սկզբնական շրջանում դեռ այնքան էլ մեծ կարևորություն չէին տալիս, ավելի շատ միջինասիական պետությունների վրա էին կենտրոնանում: Այո, Ադրբեջանը ճանապարհ հարթելու այդ գործում նրանց հետ մի ուղղու վրա էր: Իհարկե, նրանք մտածում էին, որ մեծ Թուրան կստեղծվի, մեծ Թուրքիա կստեղծվի, և իրենք կլինեն ղեկավարողները: Եվ հենց միջինասիական թուրքալեզու ժողովուրդները նկատեցին այդ բանը, միանգամից վախեցան և հետ քաշվեցին այդ ծրագրից, որին իրենք սկզբնական շրջանում կողմնակից էին: Ինչո՞ւ. որովհետև նրանք դեռ նոր ազատվել էին մի լծից, միանգամից նկատեցին, որ մի ուրիշ լծի տակ են ընկնելու, այդ իսկ պատճառով հետ քաշվեցին, և առ այսօր այդպես էլ չիրականացավ նրանց երազանքը: Սակայն նրանք շուռ տվեցին այդ ամբողջ ծրագիրը, մտածեցին գոնե բավականանալ Ադրբեջանով և կենտրոնացան ավելի շատ Ադրբեջանի վրա, հատկապես, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսեցին իրար հետ խնդիրներ ունենալ. գիտեք, որ պատերազմական այդ տարիներին Թուրքիան տարբեր ձևերով բավականին օգնեց Ադրբեջանին:

            _ Մենք գիտենք նաև, որ Հայաստանի հետ պաշտոնապես ցամաքային սահմանը փակվել է 1993 թ. այն բանից հետո, երբ հայերը մտան Լաչին:

_ Այո: Սակայն մինչ այդ էլ Թուրքիան օգնում էր Ադրբեջանին տարբեր առումներով: Առաջինը՝ ադրբեջանցի սպաներ էին մարզվում թուրքական բազաներում, հետո՝ թուրք բարձրաստիճան սպաներ՝ գեներալներ, և այլն, գնում էին Ադրբեջան, այնտեղ ղեկավարում էին ադրբեջանական բանակը: Եվ ոչ միայն դա. օրինակ՝ եղավ մի ժամանակ, երբ Ռուսաստանն ուզում էր զենք վաճառել, և գնորդներից մեկը եղավ Թուրքիան: Թուրքիան գնեց մեծ քանակությամբ ավելի շատ թեթև զենքեր ու փամփուշտներ, և այլն: Հիմա հարց է առաջանում՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ի՞նչ պիտի անի Վարշավյան պակտի զենքերով, դա չի կարող օգտագործել իր բանակում, որովհետև այդ փամփուշտներն անգամ չեն հարմարվի իրենց զենքերին. իհարկե, այդ զենքերն ուղղակիորեն գնացին-հասան Ադրբեջան: Բացի այդ, նաև կամավորներ կային՝  «Գորշ գայլերը», որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից: Այսինքն՝ օգնությունը բազմատեսակ էր, և նրանց՝ իրար հետ ունեցած հարաբերություններն ավելի շատ քաղաքական էին, քաղաքական նպատակներ հետապնդող աշխատանքներ էին: Մնացածը՝ տնտեսականը, և այլն, կողմնակի բաներ են:

Տնտեսական առումով միայն մի բան կա՝ նավթի գործոնը. Թուրքիան, որ նավթ չունեցող երկիր է, դրա պակասը միշտ էլ զգում է և միշտ մտածում է ինչ-որ տեղից դա հայթայթելու մասին, այսինքն՝ ոչ թե գնել, այլ ինչ-որ բան սեփականացնել: Այդ խնդիրն առաջին անգամ մեջտեղ եկավ Իրաքյան պատերազմի սկսվելուց հետո. Օզալի ժամանակներն էին, և նրա նշանավոր խոսքն էր՝ «1 դնելու ենք, 3 վերցնելու ենք», այսինքն՝ քիչ ծախսով մեծ շահ ենք ունենալու: Եվ այդ ժամանակ էր, որ Թուրքիայում սկսեցին շրջանառվել   ազգային սահմանների միտքը, որը գալիս էր դեռ Աթաթուրքի ժամանակաշրջանից, երբ այն ծրագիրը կար, որ այսօրվա Իրաքիում գտնվող Մուսուլ տարածքն անպայման Թուրքիայի սահմանների մեջ պետք է լինի, սակայն հետագայում քանի որ դա չստացվեց, դժվարություններ առաջացան, Աթաթուրքը հրաժարվեց այդ մտքից, սակայն, իհարկե, այդ միտքը և այդ քարտեզները մինչև այսօր էլ կան, ինչ-որ մարդկանց ուղեղում, մտքում միշտ էլ վառ է այդ ծրագիրը:

_ Եվ համապատասխան քաղաքական իրադրությունում հնարավոր է օգտագործել, իհարկե:

_ Այո: Եվ միանգամից վերհիշեցին այդ բանը և սկսեցին խոսել այդ մասին, որ Մուսուլն իրականում թուրքական տարածք է, և ազգային սահմանների մեջ է մտնում, և Թուրքիան պետք է մտնի Իրաք և գրավի այդ տարածքները՝ մինչև Մուսուլ: Ինչի՞ համար Մուսուլ. ոչ թե նրա համար, որ դրանք ազգային հողեր և ազգային սահմաններ են, այլ որովհետև այնտեղ կա նավթ, որից այսօր քրդերն են օգտվում, ինչից, իհարկե, բավականին դժգոհ են թուրքերը: Ընդհակառակը՝ փոխանակ իրենք օգտվեին դրանից, իրենց թշնամի քրդերն են այսօր օգտվում Մուսուլի նավթից:

_ Չնայած՝ այդ շրջանի՝ իրաքյան քրդերը ավելի բարիդրացիական հարաբերությունների մեջ են Թուրքիայի կառավարության հետ, և անգամ առանց Իրաքի պաշտոնական կառավարության պայմանագիր են կնքել Թուրքիայի կառավարության հետ, և նավթ են փոխադրում Մուսուլից Թուրքիա:

_ Դա ճիշտ է, սակայն ես չուզեցի դրան շատ անդրադառնալ, որովհետև դա արդեն ուրիշ կողմ է գնում. մենք խոսում էինք Ադրբեջանի մասին:

Բայց այստեղ առաջացավ այն միտքը, որ դա կարելի է լուծել նաև Ադրբեջանի շնորհիվ: Ուրեմն, երբ հիշեցին, որ նավթի այս բացը կարող են այս անգամ Ադրբեջանի շնորհիվ լրացնել, սկսեցին նաև Ադրբեջանի ուղղությամբ աշխատել, և գիտեք հենց սկսվեցին Բաքու-Ջեյհան նավթագծի կառուցման նախնական աշխատանքները (հետաքրքրական է, որ ես այդ ժամանակ հոդված էի գրել այդ մասին), նավթային տարբեր միջազգային ֆիրմաներ էին մասնակցում այդ գործին, ներդրումներ էին կատարում, եթե չեմ սխալվում, երկու ֆիրմա հետ կանգնեցին և դուրս եկան այդ գործից: Ինձ համար շատ հետաքրքիր էր՝ եթե շահավետ գործարք էր, ինչո՞ւ էին վերջին պահին դուրս գալիս այդ ֆիրմաները. ուրեմն դա շահավետ գործարք չէր, և, ըստ իս, մինչև այսօր էլ շահավետ գործարք չէ, որովհետև հաշիվներ կան. այդ հսկա ներդրումը, որը պիտի գոհացներ կողմերին և շահ ապահովեր, համապատասխան քանակության նավթ պետք է հոսեր այդ խողովակներով, սակայն, ինչպես գիտեք, քանի որ Ռուսաստանը կանխեց թուրքմենական նավթի՝ այդ խողովակներով հոսելը, ինչպես հույս ուներ Ադրբեջանը, այդ խողովակներով հոսում է արդեն միայն ադրբեջանական նավթը, և դա արդեն շահութաբեր չէ: Այո, նավթ հոսում է, բայց, որքան ես գիտեմ, անգամ ծախսերը չեն փակել կամ հազիվ փակած լինեն մի քանի տարում:

_ Նաև, ինչքան հիշում եմ, նավթի հետ կապված տնտեսական փոքրիկ ճգնաժամ եղավ թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ, երբ Թուրքիան ուզում էր՝ Ադրբեջանն իջեցնի նավթի գները, իսկ ինքը դա կրկնակի-եռակի թանկ գնով արտահաներ Եվրոպա, Ադրբեջանը, ընդհակառակը՝ թանկացրեց նավթը՝ ինչ-որ չափով ցույց տալով իր անկախ լինելը, քանի որ Ադրբեջանը հիմնականում փոքր եղբոր դերում է հանդես գալիս՝ ավելի ճնշված, Թուրքիայի թելադրանքի տակ, և գուցե փորձում էր իր անկախ քաղաքականությունը ցույց տալ, ինչի արդյունքում էլ որոշ ճգնաժամ առաջացավ նրանց միջև:

_ Ոչ միայն ասվում է 2 պետություն, 1 ազգ, այլև միշտ խոսվում է այն մասին, որ այդ երկու ազգերը՝ ադրբեջանցիները և թուրքերը, եղբայր են, և պետք է ամեն ինչ եղբայրաբար լուծեն: Սակայն, ինչպես վերջին տասնամյակներում մենք տեսանք, Թուրքիան լրջորեն կիրառում է այդ մոտեցումը՝ նեցուկ է կանգնում Ադրբեջանին ամեն խնդրում, իհարկե, գլխավորապես՝ Հայաստանի հետ կապված կամ Ղարաբաղյան հարցի հետ կապված խնդիրներում, բայց նույնը չի տեսնում Ադրբեջանի կողմից. Ադրբեջանը միշտ խոսում է եղբայրությունից, սակայն հենց իր շահը թելադրում է, լավ էլ արմունկ է ցույց տալիս Թուրքիային: Նման բան մի քանի անգամ տեղի ունեցավ՝ թե՛ քաղաքական առումով, թե՛ տնտեսական առումով, ինչպես եղավ նավթի խնդրի հետ կապված: Եղբայր Ադրբեջանը ուրիշ երկրներին սկսեց ավելի էժան վաճառել նավթը, քան Թուրքիային. դա շատ հետաքրքիր է: Թուրքերը շատ վիրավորվել էին: Հետո, իհարկե, որոշ չափով հարթեցին այդ խնդիրը՝ Ադրբեջանը զիջեց, մի քիչ էժանացրեց իր նավթը, սակայն մենք միշտ էլ տեսնում ենք, որ Ադրբեջանն այդ եղբայրական քաղաքականության վրա այնքան էլ կանգ չի առնում, այլ հենց որ պահը թելադրում է, միայն իր շահերի հետևից է ընկած: Կիպրոսի հարցը դրա վառ օրինակն էր. այս հարցում Ադրբեջանը Թուրքիային դեմ քվեարկեց, որովհետև երբ Կիպրոսը բաժանվեց երկու մասի, և հյուսիսային մասը թուրքերը գրավեցին, Ադրբեջանը չճանաչեց այդ մասը, որովհետև եթե նա այդ մասը ճանաչեր, այդ դեպքում կստացվեր, որ ինքը պետք է նաև Ղարաբաղի այսօրվա կարգավիճակը ճանաչի: Դրա համար էլ շատ պարզ, շատ հանգիստ Ադրբեջանը դեմ կանգնեց Թուրքիային և հայտարարեց, որ ինքը չի ճանաչում թուրքական այդ մասը, որը մյուս կողմից շատ մեծ հարված էր Թուրքիայի համար, որովհետև շատ երկրներ չկային, որ Թուրքիային նեցուկ էին կանգնում. գլխավոր նեցուկը հեռավոր Պակիստանն էր, և այստեղ Ադրբեջանից էր աջակցություն սպասում, սակայն, ի դժբախտություն թուրքերի, չստացավ դա: Թուրքերը միշտ էլ ժամանակ առ ժամանակ տարբեր խնդիրների արանքում նկատում են այդ մոտեցումը, սակայն քանի որ իրենք ունեն Ադրբեջանի կարիքը՝ թեկուզ քաղաքական առումով, հենց իրենք են այդ ամենը, այդ հարվածները կամ այդ վիրավորանքները կուլ տվողի և ամեն ինչը հարթողի դերում:

_ Սակայն Թուրքիան էլ մեծ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի հանդեպ: Եթե կոշտ ձևակերպենք, Թուրքիա՞ն ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը, թե՞ Ադրբեջանը՝ Թուրքիայի կարիքը. ո՞ւմ է ավելի շահավետ:

_ Իհարկե, երկու կողմն էլ իրար կարիքն ունեն, սակայն երբ տեսնում ենք, թե ոնց են իրար վերաբերվում, տեսնում ենք, որ կարծես թե, Թուրքիան ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը:

_ Թուրքիան էլ Ղարաբաղյան հարցում ցանկացած միջազգային կազմակերպության կամ այլ գործընթացների շրջանակում միշտ Ադրբեջանի կողքին է կանգնած եղել:

_ Այո, ես քիչ առաջ դա ասացի. Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին կամ մեջքին կանգնած է, սակայն Ադրբեջանից նույն վերաբերմունքը չի տեսնում. հենց իրեն պետք է, Ադրբեջանը միանգամից կարող է դավաճանել Թուրքիային: Օրինակ՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև վերջին զարգացումները և խնդիրը, իհարկե, վատ անդրադարձավ չի կարելի ասել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների, սակայն ադրբեջանական քաղաքականության վրա: Ադրբեջանն այժմ դժվար կացության մեջ հայտնվեց. մի կողմից՝ Ռուսաստանը, որի հետ լավ տնտեսական հարաբերություններ ունի և չի ուզում փչացնել կամ խզել այդ հարաբերությունները, մյուս կողմից էլ՝ եղբայրական Թուրքիան. չի կարող 100 տոկոսով Ռուսաստանի կողքին կանգնել, չի կարող նաև ոչ թե 100 տոկոսով, անգամ 50 տոկոսով Թուրքիայի կողքին կանգնել:

_ Փորձում է հաշտարարի դեր կատարել՝ խորամանկ քաղաքականություն է վարում:

_ Այո, այդպես է իրեն ցույց տալիս՝ հաշտարարի դերում է իրեն ցույց տալիս: Այսօր Ռուսաստանը շատ չի ճնշում, ի բարեբախտություն Ադրբեջանի, որ վերջինը ստիպված լինի ընտրություն կատարել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, և այսօր էլ դեռևս խուսանավում է երկուսից: Սակայն դա իր համար շատ ծանր հարված էր, որովհետև դա արդեն ինչ-որ կողմ ընդունելու խնդրի առաջ էր կանգնեցնում իրեն:

_ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Քանի որ այս թեման շատ ծավալուն է, մենք կշարունակենք այն հաջորդ հաղորդման ընթացքում:

Հիշեցնեմ, որ դուք լսում էիք «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Գայանե Չոբանյանը և Տիրան Լոքմագյոզյանը: Ցտեսություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan