Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի բանը բուրդ է. ինչպե՞ս է Ռուսաստանը պատժում նախկին դաշնակցին

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Թուրքիան իր մեծությամբ Ռուսաստանի 5-րդ առևտրային գործընկերն էր: Երկու երկրների միջև առևտրատնտեսական շրջանառությունը, 2014 թ. տվյալներով, հասնում էր 44 միլիարդ դոլարի: Թուրքիան ռուսական գազ սպառող երկրորդ երկիրն է՝ Գերմանիայից հետո: Թուրքական ապրանքների ծավալը Ռուսաստանում հասնում էր այնպիսի քանակի, որ վաճառականները զարմանում էին. «մի՞թե Ռուսաստանում ընդհանրապես ոչինչ չեն աճեցնում: Ինչ դնում ենք խանութի դիմաց, տանում են, այն էլ՝ նավերով: Լոլիկ ենք դնում՝ լոլիկ են առնում, գետնախնձոր ենք դնում՝ գետնախնձոր են տանում, կոշիկ ենք դնում՝ կոշիկ: Այս մարդիկ ընդհանրապես ոչինչ չե՞ն արտադրում»: Ինչպե՞ս փոխվեց իրավիճակը նոյեմբերյան դեպքերից հետո, և ինչ է սպառնում թուրքական տնտեսությանը:

Հաղորդման սղագրություն
 

        _ Ողջույն, հարգելի ունկնդիրներ: «Լրատվական ռադիոյի» եթերում իր աշխատանքն է սկսում «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Գայանե Չոբանյանը և հաղորդման հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը:

            Բարև Ձեզ, Տիրան:

            _ Բարև Ձեզ:

            _ Նոյեմբերի 24-ին, երբ թուրքական կործանիչը հարվածեց ռուսական ռազմական ինքնաթիռին, երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ ճգնաժամ ապրեցին, և այս թեման սկսեց  լայնորեն քննարկվել միջազգային հանրության շրջանակում, քանի որ այս 2 երկրների հարաբերությունները ոչ միայն նեղ քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների շրջանակում էին սահմանափակվում, այլև կարող էին ազդել ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորվածության վրա: Մենք այսօր կրկին կխոսենք ռուս-թուրքական հարաբերությունների մասին, սակայն՝ մի փոքր այլ դիտանկյունից: Թուրքիան իր մեծությամբ Ռուսաստանի առևտրական 5-րդ գործընկերն էր, և այս 2 երկրների միջև առևտրատնտեսական շրջանառությունը 2014 թ. տվյալներով հասնում էր 44 միլիարդի: Մենք գիտենք նաև, որ Թուրքիան Գերմանիայից հետո ռուսական գազը սպառող երկրորդ երկիրն է: Սակայն այդ իրադարձությունից հետո Ռուսաստանը մտցրեց մի շարք պատժամիջոցներ՝ տնտեսական, ռազմական՝ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ դադարեցնում է Թուրքիայի հետ ռազմական բոլոր համագործակցությունները, ԱԳՆ-ը հորդորեց քաղաքացիներին չայցելել Թուրքիա որպես զբոսաշրջիկ, և դադարեցվեցին չվերթները Ռուսաստանից Թուրքիա, տնտեսական ոլորտում մի շարք սահմանափակումներ մտցրեցին թուրքական ապրանքների նկատմամբ, ինչպես նաև վերացվեց առանց վիզայի ռեժիմը երկու երկրների միջև, և այլն: Այս սանկցիաներից Թուրքիան ինչքանո՞վ է տուժում, Թուրքիայի ո՞ր ոլորտներն են տուժում, և կարո՞ղ ենք մոտավորապես գնահատել Թուրքիայի կորուստները:

            _ Հակառակ տարածված կարծիքի, թե թուրքական տնտեսությունը բավականին զարգացած է և շարունակում է զարգանալ, վերջին տարիներին, հատկապես՝ 2015 թ., Թուրքիայում մի շարք խնդիրներ առաջացան, հատկապես՝ տնտեսության մի ճյուղում, որի վրա Թուրքիան բավականին մեծ ուժով հենված է: Եվ տնտեսության զարգացման սկզբնական շրջանում զբոսաշրջության ոլորտը շատ օգնեց Թուրքիային ոտքի կանգնել: Դեռ այս թուրք-ռուսական խնդիրների ծագումից առաջ՝ 2015 թ. ամռանը, զբոսաշրջության առումով Թուրքիայում շատ վատ վիճակ էր: Իհարկե, Թուրքիայում դեռ մի շարք վայրեր կան, օրինակ՝ Անթալիայի նման, որոնք այն ժամանակ դեռևս այնքան էլ շատ չէին տուժել, սակայն այլ տարածքներում զբոսաշրջությունը եթե ոչ զրոյական մակարդակի վրա, ապա դրան մոտ էր: Իսկ այս խնդրից հետո, երբ ռուսները պատժամիջոցներ ձեռնարկեցին, ինչպես նաև հորդորեցին քաղաքացիներին, որ չգնան իրենց սիրելի Անթալիան, նաև այս առումով թուրքական տնտեսությունը հավելյալ խնդիր ունեցավ: Թվեր են շրջանառվում, թե 3-4,5 մլն ռուս տարեկան այցելում էր Թուրքիա, առավելապես՝ հարաֆային շրջանները: Այսօր այդ զբոսաշրջիկները չկան կամ չեն լինելու. սպասվում է, որ 2016 թ. շատ անհաջող է լինելու: Եվ վերջին օրերի տվյալներով հազարավոր հյուրանոցներ Թուրքիայում, հատկապես՝ այն տարածքներում, ուր շատ ռուսներ էին այցելում, օրինակ՝ Անթալիայում, փակվելու վտանգի առջև են կանգնած: Մի մասն արդեն փակվել է, մի մասը փակվելու է, և մի քանի հազար մանր և մեծ հյուրանոցներ վաճառքի են հանված:

            _ Ես երեկ թուրքական լրատվամիջոցներում կարդացի, որ 150 հյուրանոց Անթալիայում արդեն սնանկացել է և վաճառքի է հանվել:

            _ Դա միայն Անթալիայի մասին է: Կան նաև ուրիշ տարածքներ. ընդհանուր առմամբ 3000-ից ավելի տարբեր հյուրանոցի մասին է խոսքը, իհարկե՝ ոչ միայն մեծ հյուրանոցներ, սակայն կան նաև մեծ հյուրանոցներ: Դրա պատճառն այն է, որ մարդիկ, տեսնելով, որ գործը լավ առաջ է ընթանում, վստահելով այդ գործի շարունակությանը, բանկից վարկ են վերցնում և ուզում են ընդլայնել իրենց բիզնեսը: Այդ մարդիկ, որոնք իրենց բիզնեսն ընդլայնելու համար վարկ էին վերցրել, իսկ հիմա տուրիզմը Թուրքիայում անկում է ապրում, նրանք արդեն պարտքերի տակ են, և ստիպված վաճառում են իրենց գրավ դրած հյուրանոցները, զրկվում են իրենց բիզնեսից: Դրանց մեջ կան, ինչպես ասացի, և՛ մեծ հյուրանոցներ, և՛ նաև փոքր տարբեր տիպի հյուրանոցներ: Այսինքն՝ տուրիզմը Թուրքիայում մեծ հարված ստացավ՝ արդեն իսկ ստացած լինելով այդ հարվածը՝ սիրիական խնդիրներից սկսած. երբ Թուրքիան տարբեր տեսակի լայնամասշտաբ գործողություններ էր կատարում Սիրիայի պատերազմի հետ կապված, եվրոպացի տուրիստների հոսքը արդեն պակասել էր Թուրքիայում: Հիմա արդեն, երբ գլխավոր հոսքերից մեկը՝ Ռուսաստանի հոսքը, նվազեց, շատ ծանր օրեր են սպասվում: Դրան վրադիր այն բանը, որ ոչ միայն Սիրիայի պատերազմը կա, այլև՝ Թուրքիայի ներքին խնդիրները: Թուրքական բանակը և ոստիկանությունն այսօր Թուրքիայի հատկապես հարավ-արևելքում ուղղակի պատերազմ են մղում. դա չհայտարարված պատերազմ է, և այդ տարածքներ, իհարկե, ոչ մեկ արդեն չի այցելի:

            _ Որոշ երկրներ անգամ Թուրքիան դասել են այն վտանգավոր երկրների շարքին, որտեղ ահաբեկչության հավանականությունը շատ մեծ է:

            _ Դա էլ՝ իր հերթին: Ինչքան էլ որ Թուրքիայի կողմից Դիարբեքիր քաղաքն ահաբեկիչների որջ է անվանվում, և ուզում են այդ որջը մաքրել, սակայն իսկական ահաբեկչությունն այնքան էլ տարածված չէ: Սակայն հիմա այդ քայլերից հետո Թուրքիայում սպասվում են նաև հակաքայլեր քրդական կուսակցությունների, կազմակերպությունների կողմից, և մտավախություն կա, որ Թուրքիայում ահաբեկչություններ կկազմակերպվեն, բայց ոչ միայն քրդերի կողմից, այլև մյուս՝ «Իսլամական պետություն» հռչակված կազմակերպության կողմից, որը նաև, ինչպես վերջերս տեսանք, հենց Ստամբուլի կենտրոնում՝ զբոսաշրջիկներով հագեցած տուրիստական վայրում, ահաբեկչություն իրականացրին: Բարեբախտաբար, սեզոնից դուրս էր. եթե ամռանը կատարվեր նման բան, մենք տասնյակ զոհեր կունենայինք, և զբոսաշրջիկների գտնվելու ավելի հոծ կետեր կան. այն տեղը, որտեղ դա կատարվեց, այնքան էլ շատ զբոսաշրջիկներ չկային, և այդ անձն արդեն մոտեցել էր մոտ 10-20 հոգուց բաղկացած տուրիստական մի խմբի և պայթեցրել էր իրեն: Բայց տեղեր կան, որ հարյուրավոր տուրիստներ հերթ են կանգնել օրինակ՝ թանգարան մտնելու. եթե այնտեղ նման բան կատարվի, կարող է նույնիսկ 100 հոգի մահանալ: Հենց այդ պատճառով Թուրքիան այսօր ահաբեկչության վտանգի տակ գտնվող երկրներից մեկն է:

            _ Սակայն գիտենք, որ Թուրքիան բավականաչափ աջակցում է «ԻՊ» կոչվող այս խմբավորմանը զենք-զինամթերքով, և այլն: Ի՞նչ նպատակ էր հետապնդում, ըստ Ձեզ, այդ ահաբեկչական ակցիան Թուրքիայում:

            _ Այդ կազմակերպությունն առաջին անգամ չէ, որ Թուրքիային սպառնում է և որոշակի գործողություններ է անում Թուրքիայում, սրանից առաջ էլ նման բաներ կատարվեցին, օրինակ՝ նախորդ տարի՝ 2015 թ. վերջերին, Անկարայում կատարվեց: Սակայն այստեղ մի ուրիշ խնդիր կա. իհարկե, մենք այսօր չենք կարող խորքերը ներթափանցել և տեսնել՝ ով ում հետ ինչ հաշիվներ ունի և ինչ հաշիվներ է մաքրում: Անկարայում կատարվածը պետությանը ձեռնտու է:

            _ Անկարան մի փոքր ուրիշ էր, որովհետև Անկարան այդ ժամանակ մեղադրեց ինչպես ԻՊ խմբավորմանը, այնպես էլ քրդերին, քրդական բանվորական կազմակերպություններին, ընդհանուր թիրախ մատնանշեց:

            _ Իհարկե, քրդերն էլ մեղադրվեցին, սակայն, ի վերջո, պարզվեց, որ այդ ինքնասպան մարդասպանը մուսուլմանական կառույցի անդամներից մեկն էր, հետևաբար չէր կարող քրդական կազմակերպության անդամ լինել: Բայց խնդիրն այսպես էր, որ այն մարդիկ, որոնք այնտեղ մահացան, հակակառավարական բողոքի ակցիա էին կազմակերպում, այդ պատճառով պետությանը դա մի քիչ ձեռնտու էր, դրա համար էլ այն ավելի հանգիստ ընդունեց այդ բանը, իսկ սա այնքան էլ ձեռնտու չէր պետությանը: Իհարկե, մենք չենք էլ կարող հստակ ասել. մի կողմից՝ տուրիստները փող են բերում երկրին, սակայն տուրիստների վարվելակերպը, ապրելակերպը, և այլն, այսօրվա կառավարության ուղղությանն այնքան էլ հարիր չեն: Միգուցե, նաև այստե՞ղ էլ պետությունը գոհ էր այդ ակցիայից, միգուցե, պետությունը չի էլ ուզո՞ւմ, որ զբոսաշրջիկները հետագայում այցելեն այդ երկիրը, ինչպես ուրիշ երկրները, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, որի հետ Թուրքիան այսօր սերտ հարաբերությունների մեջ է: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան ընդհանրապես ցանկություն չունի, որ զբոսաշրջիկներն այցելեն իր երկիր, և վիզաներ համարյա չի տրամադրում: Գուցե նաև Թուրքիան կամ այսօրվա կառավարությունը ցանկություն ունի նման երկիր դարձնել, և սա էլ այդ քայլերից մեկն է, սակայն այսօր չենք կարող դրա մասին խոսել:

            _ Սաուդյան Արաբիան բավականին ռեսուրսներ ունի տուրիզմի բացը լրացնելու համար, իսկ Թուրքիայի դեպքում ստացվում է, որ զբոսաշրջությունից ստացված եկամտի մասով տուժում է: Շատ չշեղվենք թեմայից. իսկ Թուրքիայի տնտեսական ոլորտի հետ կապված ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք: Մենք նշեցինք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը բավականին մեծ թվերի էր հասել, և մոտ 70 %-ը Թուրքիայից արտահանվող ապրանքներն էին, 30 %-ն էր, որ Ռուսաստանից ներմուծվում էր: Իսկ հիմա Ռուսաստանի կողմից կիրառվող այս պատժամիջոցները ինչպե՞ս կանդրադառնան թուրքական տնտեսության վրա:

            _ Իհարկե, շատ ծանր: Դրա մասին արդեն արտադրողներն իրենք խոսում են, և այսօր մեծ խուճապ կա Թուրքիայում այդ առումով՝ սկսած վարդից, ծաղկից, վերջացրած հագուստով, ամեն ինչ արտահանվում էր Ռուսաստան: Հատկապես կար ժամանակ, որ Ռուսաստանի տնտեսությունը կամ առհասարակ Ռուսաստանը «նստած» չէր. այն ժամանակ ամեն ինչ վերցնում ու տանում էին, ամեն ինչ վաճառում էին: Եղել են մի քանի դեպքեր, որ որոշ թուրքեր (քանի որ ես նակին խորհրդային երկրից էի գնացել) որպես ավելի լավ իմացող մարդու, հարցնում էին. «Մի՞թե Ռուսաստանում ընդհանրապես ոչինչ չեն արտադրում, ոչինչ չե՞ն աճեցնում: Ինչ դնում ենք խանութի դիմաց, տանում են: Օրինակ՝ լոլիկ ենք դնում, լոլիկ են առնում, այն էլ՝ ոչ փոքր քանակներով, այլ նավերով են տանում, գետնախնձոր ենք դնում, գետնախնձոր են տանում, կոշիկ ենք դնում, կոշիկ են տանում: Այս մարդիկ ընդհանրապե՞ս ոչինչ չեն արտադրում»,- զարմանում էին թուրքերն այն ժամանակ:

            _ Թուրքիան փորձում է Ադրբեջանի և արաբական որոշ պետությունների՝ Քաթարի, Սաուդյան Արաբիայի միջոցով լրացնել բացը իր վառելանյութի, որը ստանում էր Ռուսաստանից: Հաջողվո՞ւմ է դա նրան, և արդյո՞ք կարող է տնտեսական ոլորտում նույնպես այլընտրանքային համապատասխան շուկաներ գտնել:

            _ Այսօր Թուրքիան հայտնվել է դժվար կացության մեջ և փորձում է ինչ-որ բաներ անել: Այս պահին բաց չունի, գազը հոսում է Ռուսաստանից Թուրքիա: Ռուսաստանն այդ առումով ոչ մի բան դեռևս չի ձեռնարկել, քանի որ Ռուսաստանը, իհարկե, դրանից շահ ունի, փող է աշխատում: Սակայն հստակ ոչինչ չգիտենք. եթե վիճակը սրվի, Ռուսաստանը կարող է այդ առումով էլ որևէ բան անել. այնուամենայնիվ, Թուրքիան արդեն մտածում է այդ ուղղությամբ: Սակայն ի՞նչ կկարողանա անել, օրինակ՝ Ադրբեջանից կամ Քաթարից ի՞նչ կստանա: Պիտի նոր խողովակաշարեր կազմեն և այս անգամ Քաթարից գազ բերեն. դա էլ մի քիչ ուտոպիական է թվում ինձ: Այսօր այդ պահանջը չունի Թուրքիան, և այդ պատճառով դա կարելի է անվանել միայն ապագայի մտածմունքներ: Այդ խնդիրն այնքան էլ լուրջ խնդիր չէ, որի վրա կարելի է այսօր կանգ առնել: Այնուամենայնիվ, ինչպես ասացինք, տնտեսության հարվածներն արդեն այսօր զգացվում են՝ առաջին հերթին՝ տուրիզմի միջոցով: Բացի այդ, նրանք այսօր ոչինչ չեն կարողանում արտահանել Ռուսաստան: Իսկ Ռուսաստան արտահանվելիք ապրանքներն ուրիշ տեղ կարո՞ղ են արտահանել, դա արդեն մեծ դժվարություն է. եթե կարողանային, մինչև այսօր արդեն կունենային այդ շուկաները: Քանի որ այսօր չունեն այդ շուկաները, հետևաբար ռուսական շուկան առանձնահատուկ շուկա էր, որի համար նաև առանձնահատուկ ապրանքներ էին մատակարարում: Ավելի հեշտ շուկա էր ռուսական շուկան: Թուրքիան աշխատում է նաև Եվրոպայի հետ, սակայն եվրոպական շուկան նաև իր առանձնահատկություններն ունի և ավելի դժվար շուկա է՝ սկսած հագուստի ոլորտից մինչև սննդի ոլորտը: Ամեն ինչ չէ, որ կարելի է հեշտությամբ արտահանել Եվրոպական Միություն կամ եվրոպական շուկա: Շատ դժվար է՝ քվոտաներ կան, բացի այդ՝ նաև շատ խիստ ստուգումներ կան: Ռուսաստանն այդպես չէ, Ռուսաստանի դեպքում ավելի հեշտ է: Այսինքն՝ ինչ որ չի կարելի Եվրոպային մատակարարել, կարելի է Ռուսաստանում վաճառել: Ռուսաստանը բավականին լայն շուկա և ավելի հեշտ շուկա է, ուստի ավելի հեշտ զարգացավ, ավելի հեշտ մեծացավ այդ շուկան: Ի դեպ, լինում էին նաև դեպքեր, երբ ռուսական շուկան էլ չէր ընդունում որոշ ապրանքներ: Օրինակ՝ այսօր նուռը Թուրքիայում բավականին էժան է, չնայած՝ միշտ էլ էժան է եղել, բայց հիմա՝ հատկապես, և մեծ քանակությամբ նուռ է վաճառվում թուրքական ներքին շուկայում: Ինչո՞ւ. որովհետև նախատեսվում էր այդ նուռն արտահանել Ռուսաստան, իսկ Ռուսաստանում դեղեր, քիմիկատներ հայտնաբերեցին նռան մեջ և չընդունեցին, հետ ուղարկեցին: Եվ պատկերացրեք, որ Ռուսաստանի նման մեծ շուկայի համար արտադրված մեծ քանակությամբ միրգը հետ ստանալն արդեն մեծ հարված էր, մեծ վնաս էր: Եվ դա հիմա փորձում են ներքին շուկայում ավելի էժան գներով իրացնել, սակայն ինչքա՞ն կարող ես իրացնել: Իսկ այդ նույն ապրանքը, իհարկե, եթե անգամ Ռուսաստանից է հետ վերցված, Եվրոպայում առավել ևս չես կարող վաճառել: Աֆրիկայո՞ւմ, ո՞ր երկրում պիտի վաճառես, որ այդ ապրանքը կարողանաս տեղ հասցնել: Բավականին դժվար է. երկարատև պրոցես կլինի և փոփոխության կարիք կունենա: Ինչպես ասացի, Ռուսաստանի համար արտադրված ապրանքը ուրիշ տեղ գուցե չկարողանաս յուրացնել: Ինչ-որ փոփոխություններ պետք է անես, այդ առումով էլ բավականին մեծ դժվարություններ կան: Հատկապես կարճաժամկետ շատ մեծ հարվածներ հաստատ լինելու են:

            _ Այդ և մի շարք այլ պատճառներ ստիպում են Թուրքիային բարձր պաշտոնական մակարդակով, օրինակ՝ նախարարների մակարդակով, այնպիսի հայտարարություններ հնչեցնել, թե ռուս-թուրքական հարաբերությունները շատ շուտով կլավանան, Թուրքիայի առևտրի նախարարն անգամ այսպիսի վերջնաժամկետ է դրել, որ մինչև մարտ երկրների երկկողմանի հարաբերությունները միանշանակ կլավանան, քանի որ իրենք չեն ուզում, որ երկու երկրների ժողովուրդները տուժեն, սա ուղղակի քաղաքական փոքրիկ միջադեպ էր, որն առաջացրեց քաղաքական խորը հետևանքներ, սակայն այս ամեն ինչը իրենք կհաղթահարեն: Բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ գործնական քայլերը Թուրքիայի կառավարության կողմից փոքր-ինչ այլ բան են մեզ հուշում. Թուրքիայի ռազմական տանկերը մոտեցված են Սիրիայի սահմանին, և վերջերս Ռուսաստանի ՊՆ-ն ահազանգում էր, որ հնարավոր է՝ թուրքական ցամաքային ուժերը ներխուժեն Սիրիա և սկսեն արդեն ցամաքային գործողություններ, ինչը ենթադրում է ռուս-թուրքական ուժերի բախում Սիրիայի տարածքում: Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս իրադրության հետ կապված:

            _ Նախ առաջին հարցին պատասխանեմ: Ի դեպ, այստեղ մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մոտեցում, որին անպայման ուզում եմ անդրադառնալ. դա թուրքական մտածելակերպն է, որը մեզ համար էլ շատ կարևոր է, մենք դրանից պետք է հետևություններ անենք և դաս քաղենք: Այստեղ Թուրքիան, կրկին ըստ իր բնավորության, ինչպես միշտ ուզում է նվազագույն վնասներով առավելագույն շահ ստանալ: Եվ, ինչպես միշտ (ի դեպ, հենց Հայկական հարցի հետ կապված նույն դիրքորոշումն է Թուրքիայում) ուզում են իրենց մոտեցումը չփոխելով, իրենց դիրքորոշումը, կեցվածքը միջազգային ասպարեզում չփոխելով՝ ընդհատակյա ինչ-որ դիվանագիտական հարաբերություններ մշակել, դիմացինին համոզել, որ մի քայլ էլ անի դեպի իրենց, և ինքն էլ բացահայտ քայլ չի անի, և այդ հարցը կփակվի: Օրինակ՝ Էրդողանը գաղտնի կերպով՝ ոչ բացահայտ, Պուտինին առաջարկեց. «Մենք մի փոքր ներողություն կխնդրենք ձեզանից, բայց ոչ բացահայտ: Մենք կարող ենք ձեզնից ներողություն խնդրել, բայց ոչ բացահայտ կերպով, և դուք էլ եկեք համաձայնվեք, եկեք փակեք այս խնդիրը»: Թուրքիան, իհարկե, ուզում է, որ այս խնդիրը լուծվի, որովհետև իրականում իրեն է վնաս, սակայն չի ուզում աշխարհաքաղաքական առումով դիրքերը զիջել, չի ուզում սևերես դուրս գալ: Այդ նույն մոտեցումը ցուցաբերում է արդեն Հայկական խնդրի հետ կապված: Արդեն քանիցս հայկական կողմի (երբ ՀՀ-ը չկար, ԽՍՀՄ-ի ժամանակ), սփյուռքի կազմակերպությունների հետ խոսելով, համոզել փորձելով, որ նրանք էլ մի քայլ անեն, իրենք էլ ինչ-որ բան կընդունեն, բայց «Ցեղասպանություն» բառից հրաժարվելու կոչերով՝ փակել այդ խնդիրը: Ի դեպ, փակելն էլ նշանակում է, որ հայերն էլ սրանով պիտի գոհանան: Հետաքրքիր է, որ նույն քաղաքականությունը վարում էին թուրքերը նաև ԵՄ մտնելու ժամանակ: Պատկերացրեք, որ ԵՄ-ը մի ակումբ է, որն իր օրենքներն ունի, իսկ Թուրքիան ուզում էր այդ օրենքները շրջանցելով մտնել ԵՄ: Ասում էին՝ եկեք մենք որոշ բաներ անենք, սակայն մեզնից մեծ բաներ մի սպասեք, բայց մեզ ընդունեք: Եվ այսպես, այս 3 տարբեր տեղերում նույն մոտեցումը նկատելով՝ կարող ենք տեսնել, թե թուրքերն ինչպես են մտածում, ինչ մոտեցումներ են ցուցաբերում: Սա՝ առաջին հարցի հետ կապված, որը, ըստ իս, նաև մեզ համար շատ կարևոր է: Երկրորդ հարցը, որ թուրքական տանկերը սիրիական սահմանին են մոտեցել, դա առաջին անգամ չի լինում, և այդ լուրերն առաջին անգամ չենք լսում. մի քանի ամիս առաջ էլ էր այդպես, մեկ տարի առաջ էլ էր այդպես, երկու տարի առաջ էլ էր այդպես: Թուրքական որոշ ստորաբաժանումներ, տանկեր, և այլն միշտ էլ շարժվում են դեպի այդ սահմանը:

            _ Սակայն վերջին շրջանում ակտիվություն է նկատվում:

            _ Իհարկե, միշտ էլ ակտիվություն եղել է: Եվ այո, այսօր էլ ակտիվություն երևում է: Արդյո՞ք Թուրքիան կհամարձակվի Սիրիա մտնել, որտեղ կանգնած է նրա հանդեպ վրդովված ռուսը. դա արդեն ուրիշ հարց է, դա կարող է նաև ուժերի ցուցադրություն լինել: Իսկ թե թուրքերի՝ մի քանի տանկով կամ ինչ-որ միավորներով Սիրիա մտնելու դեպքում արդյո՞ք ռուս-թուրքական բախումներ կառաջանան, դա էլ երկրորդ հարցն է: Եթե Թուրքիան Սիրիա մտնի, դա վստահաբար չի լինելու ռուսների դեմ կռվելու համար, այլ լինելու է քրդերի կամ Ասադին աջակցող ուժերի դեմ կռվելու համար:

            _ Շնորհակալություն:

            Ռուս-թուրքական հարաբերություններում առկա մի շարք խնդիրներ մենք կքննարկենք մեր հաջորդ թողարկումների ընթացքում:

            Հիշեցնեմ, որ «Լրատվական ռադիոյի» եթերում «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարն էր: Տաղավարում աշխատում էին Գայանե Չոբանյանը և հաղորդման հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը:

            Ցտեսություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan