Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեզ նոր զինատեսակներ են պետք՝ մարտահրավերները շատանում են  «Հետախույզի օրագիրը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է՝ նաև ռազմական: Եթե Սիրիայում արդեն կա С-400, ապա պետք է լինի նաև Հայաստանում: Մենք լավ ենք զինված, բայց պետք է ավելի լավ զինվենք: Եթե սկսվի ռուս-թուրքական բախում, չի բացառվում, որ այն շարունակվի նաև մեր ճակատում: Ռազմաքաղաքական նոր զարգացումների մասին լսեք «Հետախույզի օրագիրը» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում:

Հաղորդման սղագրություն


            Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ: Եթերում է «Հետախույզի օրագիրը», ես Վովա Վարդանովն եմ:

            Արդեն մի քանի շաբաթ է՝ գնում են հաղորդումներ, որտեղ հյուրեր եմ ունեցել, և, կարծես թե, այսօրվա ռազմաքաղաքական զարգացումների մասին գրեթե չենք խոսում: Մի քանի հոգի դիմել են ինձ և հարցրել, թե ինչու չեմ խոսում Սիրիայի մասին, չէ՞ որ ինչ-ինչ զարգացումներ են ընթանում այնտեղ կամ այլ հատվածներում, այդ պատճառով ընդհատենք այդ հանդիպումների շարքը և փորձենք զրուցել այսօրվա ռազմաքաղաքական զարգացումներից:

            Ի՞նչ է կատարվում մեր շուրջը: Ռուսաստանը և Թուրքիայի Հանրապետությունն իրար հետ բարդացնում են հարաբերությունները, չի բացառվում ռազմական բախում: Ցանկացած մարդ, ով բնակվում է մեր օդանավակայանների մոտ, տեսնում է՝ ինչ աշխուժություն է տիրում. ռուսական ինքնաթիռներ են իջնում, և դա գաղտնիք չէ՝ ցանկացած մարդ կարող է դա տեսնել: Եվ ի՞նչ է կատարվում՝ զենք է գալիս՝ նոր տեսակներ, մի քանի ինքնաթիռ Սիրիայից բացի նաև Հայաստան են եկել: Ռուսական զորքը պատրաստվում է հնարավոր ռազմական զարգացումների, որ Թուրքիայի հետ քաղաքական զարգացումները վերածվեն ռազմական գործողությունների: Բայց ստացվում է, որ 102-րդ բազան իր օդային կազմով՝ «Էրեբունի» օդանավակայանով, ենթադրենք, անառիկ է: Մեր՝ հայկական զորքերը, ի զորու են կանգնեցնել թուրքական երրորդ դաշտային բանակի հարձակումը Հայաստանի վրա, բայց թուրքը, եթե գա, նա հիմար չէ՝ հասկանում է, որ 102-րդ բազա է կանգնած, նրա դեմ լինելու են ոչ միայն հայկական զորքեր, 102-րդ բազան ամրացվել է՝ Իսկանդեր, և այլն՝ ինչ ասես՝ բերել-լցրել են այնտեղ: Եթե մարդը մարդու վրա է հարձակվում և գիտի, որ դիմացինի մոտ դանակ կա, ատրճանակով է գալիս, եթե գիտի, որ նրա մոտ ատրճանակ կա, ավտոմատով է գալիս: Նույն ձևով թուրքը մեզ վրա հարձակվելիս չի օգտագործի միայն երրորդ դաշտային բանակը, այլև կարող է բերել, օրինակ, Ստամբուլի մոտ տեղակայված կորպուսի զորքերը, որոնք Թուրքիայի ամենաառաջատար զորքերն են՝ լավ զինված, նրանց ընդհանուր մարտական պատրաստականությունն էլ շատ բարձր մակարդակի վրա է: Բնական է, որ հարձակվելու դեպում նա ավելի լավ կհարձակվի և կօգտագործի նաև ավելի ժամանակակից զորքեր: Ենթադրենք՝ մենք ինչ-որ ձևով լվանանք մեր ձեռքերը, չեզոքություն պահպանենք կամ մեր հրամանատարները մեր զորքերը հետ քաշեն, որպեսզի պահպանվի անձնակազմը. ռուսական 102-րդ բազան կհայտնվի պաշարման մեջ: Հարցեր են առաջանում՝ իսկ ռուսական կառավարությունը չի՞ հասկանում, որ այդ 102-րդ բազայի աջ և ձախ կողմերը պահում են հայկական զորքերը, և արդյո՞ք իմաստ չունի հայկական զորքերին ժամանակակից սպառազինությունով ապահովել. միանշանակ, իմաստ կա: Դիմե՞լ են մեր ղեկավարները՝ ՀՀ ռազմաքաղաքական վերնախավը, նման զենք ու զինամթերք ստանալու վերաբերյալ. չգիտեմ: Համենայն դեպս, նրանք պարտավոր են դա անել: Հավատացնում եմ ձեզ, Ռուսաստանի ղեկավարությունն այնքան էլ անտեղյակ չէ կյանքից և լավ հասկանում է, որ այդ իրենց բազան չի կարող միայնակ պահել ՆԱՏՕ-ի սահմանը, կողքին անպայման պիտի լինեն մեր՝ Հայաստանի զորքերը: Հայաստանի զորքերին ընտիր, ժամանակակից սպառազինություն Ռուսաստանը կտրամադրի, եթե մեր ռազմական և ռազմաքաղաքական վերնախավը դիմի, հարցնի. «Մի՞թե պատրաստվում ես միայնակ պահել այս սահմանը», պատասխան՝ «ոչ», մենք՝ «Եթե չես պատրաստվում միայնակ պահել, ինչո՞ւ մեզ նորմալ զենք-զինամթերք չես հասցնում»: Օրինակ՝ մեր հակաօդային սպառազինությունն ընտիր է՝ С-300, բայց երևի լսել եք՝ ռուսը Սիրիա տարել է С-400, հետևաբար С-400-ն ավելի լավն է, ճի՞շտ է. ի՞նչն է պատճառը, որ С-400-ը չի բերվում Հայաստան. չէ՞ որ եթե նման զարգացումները Սիրիայի սահմանից մի փոքր դեպի այս կողմ գան, այս հակաօդային տարածքն ընդգրկվելու է այդ ռազմական փուլի մեջ: Ուրեմն պիտի մեր ներկայիս նորմալից ավելի լավը մեզ տրամադրեն: Ամբողջ հարցը նրանում է, որ մեր ռազմական և քաղաքական ղեկավարությունը կարողանա գնալ և պահանջել Մոսկվայում կամ թեկուզ այստեղի ռուսական որոշ ներկայացուցիչների մոտ: Պահանջներ դնի և ասի. «Կռվի դաշտում Ձեզ համար նորմալ դաշնակից լինելու համար մեզ անհրաժեշտ է, որ այս-այս զենքերը մեզ տրամադրեք»: Իսկ եթե ռուսն ասի. «Իհարկե, գործարանային գներով ձեզ կվաճառենք», կասենք. «Մի րոպե, ինչո՞ւ ես վաճառում, ի՞նչ վաճառելու մասին է խոսքը: Մենք, փաստորեն, պարտավորվել ենք քեզ հետ ռազմական դաշինքի մեջ ՆԱՏՕ-ի սահմանը պահել, ճի՞շտ է: Սա Թուրքիայի սահմանը չէ, սա ՆԱՏՕ-ի սահման է: Ի դեպ, Թուրքիան էլ, արևմուտքն էլ անընդհատ դա են հայտարարում, որ սա ՆԱՏՕ-ի սահման է: Եվ դա պահելու համար ամենաքիչը մենք պիտի ունենանք համարժեք զենք և զինամթերք՝ համապատասխան ՆԱՏՕ-ի այսօրվա սպառազինությանը»:

Գիտե՞նք, որ մեզ ինքնաթիռներ են հատկացվել. գիտենք, իսկ ի՞նչ ինքնաթիռներ՝ վատը չեն, և քանի՞ հատ՝ ամոթ էլ է ասել, բայց մի քանի հատ: Մենք մինչև հիմա նորմալ օդուժ չունենք ռուսական կառավարության ժլատության պատճառով, քանի որ մենք ի վիճակի չենք գնելու, նրանք էլ չեն ուզում մեզ անվճար տրամադրել. նրանք ուղղակի պարտավոր են: Մեր դաշնակիցները հիմա կարող են մեր գլխին խաղ խաղալ Սիրիայի իրադարձություններին խառնվելու օգնությամբ: Հիմա մեզ ներքաշում են նաև Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու պրոցեսի մեջ, և չի բացառվում, որ մենք ստիպված լինենք թաթախվել այդ ամենի մեջ, և համապատասխան զենքով մեզ չեն ապահովում: Շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվում. ես կարծում եմ, որ ռուսը այդպիսով ոչ թե ուզում է ծուղակ լարել մեր դեմ (ինչքան էլ որ կոպիտ է հնչում, շատերի մոտ նման կարծիք է ձևավորվել), այլ իրականում մենք ենք մոռացել պահանջելու ձևերը, մենք մոռացել ենք, որ ռուս դաշնակիցն ուղղակի պարտավոր է զինել իր զինակից ընկերոջը:

Զինակիցների մասին. երբ ես մեր և ռուսական կառավարության՝ ռազմական դաշնակիցներ լինելու մասին եմ խոսում, ինձ ասում են՝ դու ռուսամետ ես. ոչ, ոչ մի դեպքում: Հիշենք մի բան՝ 1992 թ. պանթուրանիստ Աբուլֆաս Ալեիևը, որ փոխել էր ազգանունը և դարձել Էլչիբեյ Ալիև, որպեսզի զտարյուն թուրքի ազգանուն ունենա, վերցրեց պարսկական իր ռազմական խորհրդատուներին, իրենց մոտ ռազմական ուսումնական հաստատություններ տեղակայած մարդկանց և ռուսական զորքերին, որոնք ԱՀ համար գրավեցին գրեթե Ղարաբաղի կեսը, բոլորին վտարեց մերձկասպյան շրջանից, որի մասին շատ-շատերը փորձում են ինձ ուղղել, որպեսզի ես ասեմ Ադրբեջան. ոչ, դա Ադրբեջան չէ: Աբուլֆաս Էլչիբեյը, բառիս բուն իմաստով, վռնդեց իր ղեկավարած պետության դաշնակիցներին: Իրանական ռազմական խորհրդատուներին փակի տակ պահելով, հարցաքննելով են վտարել ԱՀ-ից: Ռուսների վտարումը երևի տեղյակ եք՝ ոնց է եղել. անգամ 60-րդ դիվիզիայի հրետանավորները, որ նրանց կողմից կիսաթաքնված կռվում էին՝ կրակում էին Լաչինի վրա: Ով այդ ժամանակ եղել է, անցել է այդ միջանցքով, գոնե տեսել է այն Կռազը, որ խփված էր Զապուխից դեպի Գորիս տանող հատվածում. այ դա հենց ռուսական սպաների ուղիղ խոցման, դիպուկ կրակելու արդյունքում էր, որ այդ Կռազին դիպել էր: Ուզում եմ ասել՝ նրանց էլ վտարեց: Նա իր դաշնակիցներից մեծամտորեն հրաժարվեց՝ մտածելով, որ ինքը կարող է առանց դաշնակիցների հայերին հաղթել, մենք այնքան քիչ խելք ունեցանք, որ թուրքերի այդ նախկին դաշնակիցների հետ սկսեցինք ջերմ կապեր հաստատել: Արդյունքում նրանք սկսեցին մեր դեմ կռվել կամ խորհուրդներ տալ, ռազմական օգնություն հասցնել մեր հակառակորդին: Եվ հիմա, եթե Իրանի Հանրապետությունը մեզ դաշնակից չէ, ապա, կարելի է ասել, մեր մտերիմ հարևանն է, իսկ ռուսը մեր բացահայտ դաշնակիցն է: Երբ թալիշները թուրքերի կողմից կռվում էին, և, հավատացեք, լավ էին կռվում՝ Գումբատովի գումարտակը և 802-րդ կամ 820-րդ գունդը շատ լավ էին մեր դեմ կռվում, բայց Թալիշ-Մուղանյան Հանրապետության հռչակումից հետո նրանք դադարեցին լավ կռվել: Որոշ ժամանակ է անցնում, և թալիշները՝ ժողովուրդը, ոչ թե պետությունը (նման պետություն առայժմ չկա) մեզ աստիճանաբար սկսում են դիտարկել որպես դաշնակից: Ինչքան շատ դաշնակիցներ մենք ունենանք, և ինչքան քիչ ունենա թուրքը, այդքան մեր օգտին է: Ընդհանրապես, եթե վերցնենք մեր հին քաղաքական միտքը, որը գրեթե գրի չի առնվել, մենք կգանք նրան, որ նման օրինակներ չկան: Բայց կարող ենք օգտվել ուրիշի ռազմաքաղաքական մտքից: Չինաստանում 7-րդ դարում Սունձի անունով մի զորավար է եղել, որը գիրք է գրել, որը կոչվում է «Հնգամատյան»՝ «Пятикнижие»: Նա ասում է՝ երբ սկսում ես պատերազմը, սկզբից հակառակորդին զրկիր իր դաշնակիցներից, հետո քեզ համար դաշնակիցներ ձեռք բեր, և լավագույն տարբերակը՝ երբ քո հակառակորդի դաշնակիցները դառնում են քո դաշնակիցները: Հիմա ինչքան շատ դաշնակիցներ մենք ունենանք, և ինչքան քիչ ունենա թուրքը, մեր օգտին է. դա անհերքելի ճշմարտություն է: Ով այդքանը չի հասկանում, կարող է ինձ ևս մեկ անգամ կամ 100 անգամ ռուսամետ անվանել. ես ռուսամետ չեմ, ես հայամետ եմ, ես հայաստանամետ եմ, օպերայամետ եմ. ինձ կարելի է ցանկացած ձևով անվանել, բայց ոչ՝ ռուսամետ կամ պարսկամետ:

Ի դեպ, պարսկամետության մասին. հիմա ստացվում է, որ Պարսկաստանի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ լինել: Դա, միգուցե, ձեռնտու չէ թուրքին, նկատի ունեմ՝ ԵԱՀԿ-ի գործունեությունը խախտվի, և կողքից Պարսկաստանի կառավարությունը դառնա միջնորդ. ոչ, բայց միջնորդության որևէ առաքելություն իր վրա վերցնելը մեր օգտին է: Ինչի՞ պատճառով միշտ պիտի գնանք տոլերանտ (տոլերանտ, ի միջի այլոց, նշանակում է համբերատար (հանդուրժող). դա լավ բառ չէ՝ շատ ենք գլուխ գովում, որ մենք տոլերանտ ենք) Եվրոպայի ղեկավարության տակ Թբիլիսիում կամ այլ քաղաքներում հանդիպեն տարբեր կառույցները: Հանդիպել պետք է, հասարակությունը պիտի շփվի թուրքերի հետ. դա վիճելի չէ: Բայց կարող ենք հանդիպել Պարսկաստանի տարածքում. Պարսկաստանը, միանշանակ, շահ ունի և այնտեղ, և այստեղ, բան չունեմ ասելու: Բայց, համենայն դեպս, նա մերձկասպյան թուրքերին այլևս որպես եղբայր չի դիտարկում, որովհետև մերձկասպյան թուրքը մի անգամ, այսպես ասած, բացատրեց, որ իրենք եղբայրներ չեն:

Միայն Կրեմլն է, որ անընդհատ նույն փոսի մեջ է ընկնում՝ նրան միշտ թվում է, որ թուրքերի հետ եղբայրությունը հնարավոր է, հերթական անգամ սխալվեց, իհարկե: Իրանն այդպիսին չէ՝ այն մի քիչ ավելի խելացի կառավարիչներ ունի և երբեք իրեն թույլ չի տա այնպիսի նախագծեր ձեռնարկել, ինչպիսին ռուսն էր պատրաստվում՝ ատոմային նախագիծ: Պատկերացնո՞ւմ եք՝ դեռ իրար վրա Սիրիայում կրակում են, և «Գազպրոմի» ղեկավարը հայտարարում է, որ հենց այդ ամենը դադարի, կշարունակեն թուրքական հոսքի գազատարը կառուցել. աբսուրդ: Այնպիսի տպավորություն է, որ բիզնեսը, քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարություններն իրար թշնամի են: Շատ տարօրինակ դաշնակից է, ի դեպ. այնպիսի տպավորություն է, որ այնտեղ չեն հասկանում՝ աջ ձեռքն ինչ է անում, ձախ ձեռքն ինչ է անում: Հուսանք՝ մեզ մոտ այդպես չէ:

Կարճ ասած՝ Իրանին կարելի է ինչ-որ տեղ օգտագործել որպես միջնորդ. ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Կարծես թե, «ԱՀ փախստականների միություն» կազմակերպություն կար, որն էլ ողջունել էր Իրանի այդ հայտարարությունը: Ես էլ ինչ-որ տեղ միանում եմ դրան:

Սիրիայի վերաբերյալ. Սիրիայում մեր դաշնակից Ռուսաստանը, հայերին բարի աչքով նայող Ասադը, կառավարական զորքերը աստիճանաբար, շատ դանդաղ, բայց հաջողություններ են գրանցում: Քեսաբը դեռ վաղուց էր ազատվել ջիհադիստներից, նուսրաիստներից և դրանց նման թափթփուկներից: Անընդհատ խոսում են այն մասին, որ Քեսաբն ազատագրվեց, և այլն. Քեսաբն ազատագրվել է վաղուց: Բայց Քեսաբից դեպի հյուսիս և արևելք ընկած տարածքներն աստիճանաբար մաքրում են, սահմանի վրա են դուրս գալիս, շուտով թուրքական սահմանը կփակեն, և այդ ժամանակ կարող են լուրջ բախումներ լինել թուրքերի և ռուսների միջև. մենք պիտի նաև դրան պատրաստ լինենք:

Կարծես թե, «Քրդստան» նախագիծն է զարգանում, որովհետև քրդերին թույլ չեն տալիս, որ թուրքական բանակը մտնի և ոչնչացնի Սիրիան: Դա նշանակում է, որ քրդերն Իսրայելի և Ամերիկայի հովանավորության տակ են: Եթե «Քրդստան» նախագիծը կայանա, դրանով էլ ուրախանալ պետք չէ, ճիշտն ասած. դրանից օգտվել է պետք: Ուրախանալ պետք չէ, որովհետև Քրդստանը, չգիտես ինչու, ըստ քրդերի սկսվում է Արաքսի ափերից: Չի կարելի միանշանակ ողջունել քրդերի հաջողությունները, որովհետև նրանք փաստացի նույն տարածքին են հավակնում, ինչ որ մենք: Թող Իրաքի հյուսիսում կամ Սիրիայի հյուսիսում, միգուցե, Անատոլիայի մոտակայքում Քրդստան հիմնեն, բայց նրանք Արևմտյան Հայաստանի տարածքում են Քրդստան ուզում. դա լավ չէ, համենայն դեպս, մեզ համար: Եթե ԱՄՆ-ն և արևմուտքն էլ նրանց հովանավորեն, չի բացառվում, որ քրդական նախագիծը զարգանա: Մենք պիտի օգտվենք դրանից:

Ինձ երբեմն հարցնում են՝ Նախիջևանի բանակային զորամիավորումն ինչի՞ պատճառով դարձավ առանձին նախիջևանյան բանակ. 2 պատճառով. առաջինը՝ Ալիևը Նախիջևանն օգտագործում է որպես բարձ, որպեսզի տապալվելու դեպքում փախչի և թաքնվի այնտեղ, երկրորդը՝ իր եղբայր Թուրքիայի մասնատվելու դեպքում Նախիջևանի բանակը, ոչ թե ԱՀ բանակը, կարող է ներխուժել և Սուրմալուն գրավել: Համենայն դեպս, նա այդ ռեսուրսն ունի: Իսկ մենք ինչո՞ւ չպետք է օգտվենք: Իսկ օգտվելու համար հիմա ամենաքիչը պիտի հասարակության հետ աշխատանք տարվի: Հասարակությունը պիտի պատրաստ լինի ցանկացած ռազմական գործողությունների: Եթե պատրաստ չլինի, կստացվի նույն բանը, ինչ որ եղել է 1989-91 թթ.՝ կային մի քանի տասնյակ կամ 100 կամավորականներ, և հասարակություն, ովքեր հավանում էին այդ ջահելներին, բայց միաժամանակ ասում էին, թե սրանք ավազակներ են՝ չմտածելով, որ այդ «ավազակների» շնորհիվ է, որ իրենք ողջ էին, թուրքերը ձեռքը չէին ընկել, իրենց հետ ոչ մի բան չէր պատահում:

Թերևս, արժե հիշատակել նաև, որ սահմանի վրա հանդարտվել են մերձկասպյան թուրքերը: Դա բացատրվում է իրենց ներքին լարվածությամբ: Բայց միևնույն ժամանակ ներքին լարվածությունը թուլացնելու համար թուրքը շատ հանգիստ կարող է դիմել իրենց արտաքին թշնամու դեմ ուղղված աշխույժ գործողությունների. դա մենք ենք, ի դեպ: Բայց, համենայն դեպս, թուրքը նվազեցրել է լարվածությունը՝ շատ հազվադեպ են կրակում, ինչը նույնպես մտածելու տեղիք է տալիս: Մեր բանակն էլ պետք է շատ զգույշ լինի, շատ զգոն:

Կարճ ասած՝ պետք է ուժեղ մարդ լինել, պետք է ուժեղ պետություն ունենալ ցանկացած խնդրի առաջ կանգնելու դեպքում հաղթող դուրս գալու համար:

Այսքանով, թերևս, վերջ: Ցտեսություն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan