Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանրային գերԱգահ շահ. կմնանք փլատակաների տակ. «Հայու տեսակ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Տեսել եմ՝ ինչ է նշանակում հանրային գերակա շահ. մեր կողմից չընկալվող Սահակաշվիլին 10 ամսում վերանորոգեց ամբողջ Ախալցխայի բերդը, որի մեջ առնվազն 10 Ամբերդ կտեղավորվի, իսկ մենք ամեն անգամ Ամբերդ այցելելիս տեսնում ենք ևս մի պատից մի քանի քար ընկած: 10 ամսում Սահակաշվիլու նման մեկը վերանորոգեց քաղաքի կենտրոնական հատվածից դեպի ամրոց տանող ամբողջ ճանապարհը, տները: Սեփականատերերին ոչ թե նետեցին փողոց, ուղորդեցին դատարան, այլ 10 ամիս հետո նրանց վերադարձրեցին վերակառուցված, կապիտալ վերանորոգված տներ, ճիշտ է՝ ջնջելով հայկական հետքը: Այ սա է պետական գերակա շահը, այ սա է իրական պետական գերակա մոտեցումը, գիտակցումը, թե ինչ է պետությունը, ինչ է պետականությունը, և ինչպես պետք է արարել սեփական պետությունը:

Հաղորդման սղագրություն

_ Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում «Հայու տեսակ» հաղորդաշարն է: Այսօրվա թեման՝ ստեղծարար հայը, շինարար հայը և կործանարար հայը, ստեղծող, արարող, աստվածային հայը ի հակադրում ավերող, ոչնչացնող և սեփական արմատները, սեփական պատմությունը պղծող, եղծող և կոտորակող հայը:

Ո՞րն է իրական հայի կերպարը: Գարեգին Նժդեհը պիտի ասեր, որ երկրի վրա 2 ուժեր չեն հոգնում՝ ժամանակն ու հայը. ժամանակը՝ քանդելով, հայը՝ վերաշինելով. կործանեցին, ահա՝ նորը կկառուցեմ, ավելի կատարյալը կկառուցեմ: Սա է իսկականը, սա է հայկականը, սա է իրական հայը:

Այսօր օրհասական խնդիր են դարձել անընդհատ հնչող ահազանգերը՝ այս պատմական շենքը, այն պատմական շենքը. մեր աչքերի դեմ մի քանի օրում կամ մի քանի ամսում հառնող երևանյան երկնաքերների կողքին՝ հենց Երևանի սրտում, դեռևս խարխուլ կանգնած, կիսավեր վիճակում գտնվում է Արամի տունը, որը երևի վերջին շնչի վրա է, և եթե մեկ շունչ, մեկ քամի, մեկ ուժեղ երկրաշարժ, մի թեթև ցնցում, և այդ շենքը նույնպես կավերակվի:

Ո՞րն է իրականում հայի տեսակը, ո՞րն է իրական հայը. ա՞յն, որ քանդում է իր պատմությունը, իր հետքերը, իր պապերի ժառանգությունը, իր պապերի հանճարը, թե՞ այն, որը փորձում է վերածնել իր հանճարեղ պապերի գործը: Թամանյանական հանճարեղ տեսա՞կն է իրական, իսկական հայի տեսակը, որը նաև, թերևս, Պետերբուրգում եղած ժամանակ երազում էր կառուցել իր մայրաքաղաքը և ապա Նիկողայոս Մառի արշավախմբի հետ գնաց-հասավ Անի, որպեսզի ուսումնասիրի հայկական պատմական ճարտարապետությունը, որպեսզի հետագայում հառնեցնի այսօրվա Երևանը, թե՞ այն տականքը, որը ոտնձգություն է անում իր իսկ պատմության հանդեպ, իր իսկ հանճարի հանդեպ, նաև, կներեք, բայց պետք է այդպես ասեմ՝ լեզու դնելով թշնամյաց բերանը, որոնց վայրահաչումները, թե «մի՞թե Երևանը 2797 տարեկան է, երբ որ ընդամենը 100 կամ 200 տարվա շինություններ էլ չկան Հայաստանում»: Եթե մենք հետ գնանք, ապա կտեսնենք մի ավերակված Երևանի ամրոց, մի քանի միջնադարյան կիսախարխուլ եկեղեցիներ, որոնք նաև նորակառույց եկեղեցիների գրկում խեղդվեցին՝ հանձինս Կաթողիկե եկեղեցու, ինչպես նաև՝ Ավանում կիսաքանդ ինչ-որ եկեղեցի, և այդպես՝ բազում-բազում հանճարեղ կոթողներ: Գիտենք՝ Օպերայի տեղում եղել է Գեթսեմանի տաճարը, որը Թամանյանը շատ զգուշորեն, քար առ քար տեղադրել էր, որպեսզի մեկ այլ տեղ վերաշինվի, բայց մի օր առավոտյան խորը ցավով նկատեց, որ այդ քարերը գողացված են:

Ի վերջո, ինչպիսի՞ն է հայը: Հայի՝ այդ երկու ծայրահեղ, բևեռային մոտեցումները սեփական մշակույթին, սեփական տեսակին և արարչական լինելու կամ ավերակիչ լինելու առաքելությանը: Մենք ովքե՞ր ենք, ի վերջո, ո՞րն է հայու տեսակը՝ արարի՞չ, աստվածային կերպը, որը դեռ 8-րդ, 9-րդ, 10-րդ դդ. խաչքարեր էր կերտում, դեռ վաղ միջնադարում քարից ժայռափոր վանքեր էր կերտում և ավելի վաղ դարերում ժայռափոր տաճարներ և եկեղեցիներ հառնեցնում, թե՞ այն, որն առանց խղճի խայթ զգալու օրը ցերեկով ոչնչացնում է հայոց հանճարի կառուցած կոթողները:

Թեման ցավոտ է: Թերևս, այն տականքը, որ ելնում է ջրի երես, այն կեղտը, որ ելնում է ջրի երես և ոտնձգություններ անում հայկական պատմական ժառանգության հանդեպ, իրականում հայու թուրք տեսակն է, որովհետև մենք հաճախ ասում ենք՝ թուրքը եկավ, ավերեց, թուրքը եկավ, ոչնչացրեց, թուրքը եկավ, մորթեց. իսկ ի՞նչ են անում մերօրյա թուրքերը՝ մեր մեջ ապրող այն տականքը, որը ոչնչով չի տարբերվում: Եվ հավատացնում եմ՝ Արևմտյան Հայաստանում՝ լքված Հայաստանում, որը պաշտպանելու կամք և տոկունություն, ցավոք սրտի, չունեցանք, այնտեղ էլ նույնպես ավելի շատ կառուցված եկեղեցիներ կային, քան թե քաղաքաշինություն, և կարելի է ասել՝ հայոց քաղաքաշինությունը գրեթե սառել էր՝ սառեցված էր Անիի փլատակների մեջ, և քաղաքաշինության տեսանկյունից ժամանակը կանգ էր առել մինչև թամանյանական հանճարի հառնումը: Մինչ Թամանյանը այստեղ կային, իհարկե, շենքեր, ինչ-որ քաղաքաշինություն արարվում էր, բայց՝ ավելի եվրոպական ազդեցությամբ, իսկ Թամանյանը եկավ՝ զուտ հայկական քաղաքաշինությունը վերածնելու: Ինքը՝ լինելով արմատներով Անիից, կարծես թե, հառնեցրեց Անիի անցյալ փառքը, Անիի կործանված փառքը. Անին՝ շեն, աշխարհն՝ ավեր, աշխարհը՝ շեն, Անին՝ ավեր: Միգուցե, աշխարհին պետք է ավեր Անին, ավեր Երևանը, ավեր հայը, հայու ավեր հոգին, և աշխարհը կարողանում է գտնել հայու մեջ այն եզակի տականքին, որի ձեռքերով փորձում է ոչնչացնել հայու իրական կերպարը, հայու իրական դիմագիծը և խեղում է հայ մարդու և հոգևոր ներաշխարհը, և իրական դիմագիծը, ինչպես նաև ճարտարապետական դիմագիծը:

Պիտի ասեմ, որ, լինելով ավելի շատ պարի մասնագետ և Կոմիտասի բառերը, որ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը,  ևս մեկ անգամ հնչեցնելով, այնուամենայնիվ, պետք է խոստովանեմ, որ մարդ կարող է չդիտել պարը, մարդ կարող է չկարդալ գրականություն, մարդ կարող է չլսել երաժշտություն, բայց մարդը չի կարող չներազդվել այնտեղի ճարտարապետությամբ, որտեղ ինքն ապրում է: Այդ խարխուլ, տձև ճարտարապետությունը, որը հառնում է նաև Հյուսիսային պողոտայում, սառը, ողորկ, դուրս վանող, դուրս մղող այդ ճարտարապետությունը, որը կանգնեցվեց ի հակադրում թամանյանական ջերմ, մի քանի կոթողային հարթակ ունեցող (շենքի ճակատն ուներ մի քանի հարթություն, այսինքն՝ ինքը ծավալային լուծում ուներ հենց խորության առումով, և դրանով իսկ ջերմանում, ներդաշնակվում էր այն դիտողի, այդ տարածքով անցնողի, այդտեղ ապրողի հետ) ճարտարապետության, որը կամա, թե ակամա, ենթագիտակցորեն դաստիարակում էր նաև հայ մարդու ստեղծարար տեսակը, հայ մարդու հոգևոր տեսակը, որովհետև այն վեհ գեղագիտական ճաշակը, որ կար թամանյանական ճարտարապետության մեջ, ոչ այլ ինչ է, քան ժառանգություն մեր պապենական ճարտարապետական գեղագիտական ճաշակի, որը գալիս էր Տրդատ ճարտարապետից, գալիս էր Մանուել ճարտարապետից: Տրդատը, գիտենք, Անիի Մայր Տաճարը և ընդհանրապես Անին հառնեցնող ճարտարապետն էր, որը նաև եզակի մի մարդ էր, ում հրավիրեցին, չգտնելով մեկ ուրիշին, ավերակված Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը  վերանորոգելու: Այն ժամանակ Բյուզանդիոնի՝ մայրաքաղաքի ամենամեծ տաճարի ամենամեծ գմբեթը վերակառուցեց Տրդատ Ճարտարապետը, և մինչ օրս՝ արդեն 1000 և ավելի տարի անց այդ գմբեթը կանգուն է և չի խարխլվել: Բայց մենք երկրաշարժի շնորհիվ, իսկ ավելի շատ՝ հայու ոգու տկարության շնորհիվ կարողացանք խարխլել նույն Տրդատ ճարտարապետի կողմից հառնեցված և արարված աստվածային այդ Մայր Տաճարն ու Գագիկաշենը, և մյուս-մյուս տաճարները, որ կառուցվեցին Անիում:

Պիտի ասենք, որ այն ճարտարապետական հայտնագործությունները, որոնք արվեցին Տրդատ ճարտարապետի կողմից Անիի Մայր Տաճարում՝ աղեղնաձև կամարները, խաչվող կամարները, հետագայում դարձան ամբողջ եվրոպական եկեղեցաշինության, հատկապես՝ գոթական եկեղեցաշինության հիմքը: Եվ հիմա մենք, որ աշխարհին տվինք այդ նորարարությունները և դրա մասին հայ մարդիկ չէ, որ խոսում են, և դրա մասին դեռևս 19-րդ դարում առաջինը բարձրաձայնեց լեհ ճարտարապետ Ստրժիկովսկին և բազում այլ օտար մասնագետներ, որոնք խոստովանում էին, որ հայ ճարտարապետության ազդեցությունն ավելի քան առկա է: Բայց արի ու տես, որ Երևանում՝ Հայաստանի սրտում, այդ փաստագրումը, որ հայ մարդն ունեցել է սեփական ճարտարապետություն, դեռ հանդգնել է, ժամանակակից բառով ասած, «արտահանել» սեփական ճարտարապետական ճաշակը, հայտնագործությունները, նորարարությունները, կարծես թե, օրեցօր ոչնչացվում է:

Մանուել ճարտարապետը, որ Աղթամարի Սուրբ Խաչն է արարել՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի էջերում գրանցված, հարթաքանդակներով, բարձրաքանդակներով այդ հրաշալի կոթողը, Մոմիկ ճարտարապետը, որը Օրբելյան իշխանների տոհմի պատվերներով Արենիի եկեղեցին, Նորավանքը և այլ եկեղեցիներ կառուցեց, խաչքարեր հեղինակեց: Ո՞րն է, արդյոք, այն պատճառը, որ կարողանում են մեր մեջ հայտնաբերել այն եզակի տականքին, որը կարող է նաև, ինչո՞ւ ոչ, վաղը ոչնչացնել նաև Մոմիկի ժառանգությունը, մյուս օրը ոչնչացնել Անիի Մայր Տաճարը, մյուս օրը նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: Գտնվում են նաև ոմն «մտավորականներ», իսկ Նժդեհը պիտի ասեր՝ ստամտավորականներ, որոնք, կարծես թե, կողմ են, որ այդ ամենն ավերակվի: Ամբողջ աշխարհի ամենահայտնի քաղաքների կենտրոնում հին քաղաքն է, և նոր քաղաքը, նոր ճարտարապետական մոտեցումները՝ բարձրահարկերը, երկնաքերները կառուցվում են  հին քաղաքի շրջակայքում՝ հին քաղաքի սահմաններից ավելի դուրս, և ոչ թե հին քաղաքի փոխարեն: Մենք, կարծես թե, որդեգրում ենք այլ մոտեցում: Ես ճակատագրի բերումով շատ տարբեր քաղաքներում, շատ մայրաքաղաքներում, շաpտ պատմական քաղաքներում եմ եղել, և գրեթե բոլոր տեղերում նույն մոտեցումն է:

Անցնենք վրացիներին. Թիֆլիսում հատկապես հայկական ճարտարապետությամբ կառուցապատված և ճարտարապետված շենքերի հետ կապված նրանք ընդամենը ոչնչացնում են հետքերը, որ դա հայկական ճարտարապետություն է, բայց ոչ կոթողները: Նույն Բաքվում հայերի կողմից կառուցված շենքերը չեն ոչնչացվում, այլ ոչնչացվում են հետքերը, որ դրանք հայկական հանճարի արարման հետքեր են: Նույն ճարտարապես Տեր-Միքելյանցը կամ, ինչպես նրա ժամանակ ասում էին, Տեր-Միքելովը, կառուցել է և Թիֆլիսի, և Բաքվի լավագույն նմուշների, ճարտարապետական կոթողների մեծ մասը: Եվ այսօր Միքելյանցի ժառանգությունից գրեթե ոչինչ չի մնացել՝ բացի Խորհրդային Միության ժամանակ հրատարակված մի խունացած գրքից, որտեղ մատնանշվում է Միեքելյանցի կամ Տեր-Միքելովի առաքելությունը՝ Թիֆլիսում և Բաքվում ստեղծված կոթողները:

Մի օր, երևի թե, պիտի կարողանանք բռնել ձեռքը, մի օր պիտի նաև զորենք կասեցնել այն քանդող, ավերակող ձեռքը, որը, երբեմն նույնիսկ չգիտակցելով, բայց, կարծես թե, երբեմն նույնիսկ չգիտակցելով, կատարում է թուրքի, ադրբեջանցու կամ օտար մեկ այլ պատվիրատուի կամքը, որը փորձում է ոչնչացնել հայոց պատմությունը, որը փորձում է քոչարին հայտարարել որպես քոչվորների պար, մեկը փորձում է հայտարարել, որ Գառնին ամբողջովին հունական մշակույթի ներազդեցություն է:

Ժամանակին Կոմիտասին փորձում էին ճնշել և ասել, որ հայը չունի ինքնուրույն երաժշտություն, հայն ունի հունական, բյուզանդական մշակույթով ներազդված երաժշտություն՝ որպես արևմտահայ երաժշտություն,  իսկ արևելահայը՝ ավելի ներազդված ասորական և պարսկական ներազդեցություններից: Բայց Կոմիտասը դարձավ մերօրյա երաժշտական Մաշտոց՝ ապացուցելով, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն, և նա ոչ միայն մեղկ ու տխուր չէ, այլև համակ ուժ է և կենդանություն և ամենամաքուր հայելին ցեղի:

Մի՞թե այսօր պետք է նորից խենթանոց նետենք մերօրյա Կոմիտասներին, մերօրյա ճարտարապետներին, մերօրյա մշակույթի գործիչներին՝ նրանց ստեղծած, արարած կոթողները ոչնչացնելով, ինչպես նաև նրանց արարած թամանյանական դիմագիծը Երևանի վերջնականապես ոչնչացնելով:

Մենք  ունենք վառ օրինակ՝ ճարտարապետ Արթուր Մեսչյանը կառուցեց 2 հրաշալի կոթողներ՝ և Մատենադարանի շարունակությունը՝ նոր մասնաշենքը, և Կոմիտասի թանգարանը, բայց՝ որևէ կերպ չխաթարելով նախկին շինությունը, այսինքն՝ նա բացարձակապես պահպանեց նախկին ճարտարապետերի կոթողը՝ այն, ինչ որ տարիներ, տասնամյակներ առաջ կառուցված էր, և ընդամենը զարգացրեց, ոչ թե ոչնչացրեց անցյալը, և փառք ու պատիվ նրան, որ կարողացավ ներդաշնակել՝ այնքան ներդաշնակ, որ ոչ մեկը խորթ բարեկամի, խեղճ բարեկամի կարգավիճակում չհայտնվեց: Իսկ մենք շարունակաբար Աֆրիկյանների տունը քանդեցինք, Արամի 30 հասցեի խարխուլ շենքը քանդեցինք, որպեսզի հետևում կառուցվող հյուրանոցը կամ ինչ-որ բիզնես շենքն ավելի շահեկան ապագա ունենա:

Կարծում եմ՝ ապագայում մենք նաև ոտնձգություն ենք անելու Արամի փողոցի՝ այդ շենքից ոչ հեռու գտնվող մյուս շենքերի վրա. այն հին, կիսաքանդ շենքը, որի մասին արդեն ակնարկեցի՝ Արամի շենքը, որտեղ հենց Արամը՝ հայոց նորօրյա պետականության կնքահայրը, հիմնադիրը, կնքեց իր մահկանացուն 1919 թ.:

Պիտի փաստենք, որ անցյալ չունեցող ազգը չի կարող ապագա ունենալ: Եվ այն բարբարոս ազգերը, որոնք մեր կամ մեկ ուրիշի երկիրը խլելով, մեկ ուրիշի պատմությունը, մշակույթը սեփականաշնորհելով՝ փորձում են սեփական կենսագրություն կերտել, սեփական անցյալ ունենալ, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով ուրվագծել նաև իրենց ապագան, իսկ մենք ոչնչացնում ենք մեր անցյալը: Մենք պիտի հասկանանք, որ անցյալը նաև ապագայի հիմքն է, և առանց անցյալի այն ժողովուրդը, որը չունի հետ նայելու հնարավորություն, նաև խարխափելու է, թե դեպի ուր գնա, այսինքն՝ մեր ապագան ավելի քան խարխուլ և աննշմար է դառնում, երբ մենք քանդում ենք, ավերակում, և անգամ եթե ոչ ադրբեջանցին, թուրքը կամ այլ հարևան երկրներ, անգամ եթե հայ մանչուկն իր հորը հարցնի՝ «իսկ 2797 տարեկան մեր Երևանը, որ արդեն 2798 կդառնա այս տարի, բացի սեպագիր կրկնօրինակ քարից, որ վերջերս է հայտնվել Երևանի կենտրոնում, ի՞նչ ապացույց ունենք և որտե՞ղ է դա, և ի՞նչ ընդհանրություն կա Էրեբունիի և Երևանի միջև, ինչպե՞ս է զարգացել, ինչպե՞ս է անցում կատարել, եթե մենք ընդամենը 200 տարի հետ գնալու դեպքում կկորցնենք այդ կապը», հայրը չի կարողանա պատասխանել:

Կարծում եմ, որ պիտի ևս մեկ անգամ Նժդեհին անդրադառնանք: Նժդեհն ասում էր. «Վայ այն ժողովրդին, որն իր իրավունքները զոհաբերում է հանուն հանցավոր հանգստի, և ոչ հակառակը»: Մենք, կարծես թե, պատրաստ ենք հանուն հանցավոր մեր հանգստի զոհաբերել ամեն ինչ: Եվ քանի դեռ մենք մեր ճակատագրին տեր կանգնելու կամք չունենք, մենք դեռ շատ-շատ խնդիրներ ենք ունենալու: Եվ ցավալի է, որ պետության, իշխանությունների՝ մեր գրպանին ինչ-որ ձևով հարաբերվող որոշումների, դա լինի տրանսպորտի խնդիր, թե կենսաթոշակի խնդիրը, որ որոշ ձևերով փորձում էին մեր, հատկապես՝ նոր սերնդի գլխին կապել, դա լինի էլեկտրաէներգիայի խնդիրը, մի խոսքով՝ սոցիալական, ֆինանսատնտեսական խնդիրների դեպքում մենք լավ, թե վատ, կարողանում ենք ելնել, կարողանում ենք կամք դրսևորել, կարողանում ենք ինչ-որ պահանջներ ներկայացնել, ընդվզել, բողոքել, բայց երբ որ այդ ամենը պատմական է, երբ որ այդ ամենը գաղափարական է, հոգևոր է, և երբ որ այդ ամենն ազգային խնդիր է, մենք տեսնում ենք ընդամենը անհատների, որոնք փորձում են մաքառել ամբողջ ազգի փոխարեն: Երկու բևեռային կղզիներ՝ մի խումբ անհասկանալի մարդիկ, որոնք չեն կարող ազգային որևի նշույլ ունենալ, որևէ նկարագիր ունենալ, որովհետև ավերողն ազգային պատկանելիություն չի կարող ունենալ: Արարիչը կարող է ունենալ, կարող է կրել, վստահաբար, և պարտադիր իր արարման մեջ կրում է իր ազգային նկարագիրը, իր ազգային ինքնության կնիքը, բայց ոչ ավերակողը. ավերակողները չունեն ազգություն, ավերակողներն ամբողջ աշխարհում նույնն են՝ նրանք չար, հակաստվածային ինչ-որ ուժեր են, որոնք ուղղակի կարողանում են իրենց գոյությունն ապահովել ավերակների վրա: Նման մի դարձվածք կա՝ աշխարհը ճիճուներին կերակրելու, կշտացնելու համար սպանեց Արքիմեդին: Նման ճիճուներին կերակրելու համար նրանք սպանում են մեր հանճարը, մեր արքիմեդներին, մեր ճարտարապետական կոթողը, մեր պատմությունը, այսինքն՝ այդ ճիճուները այլ կերպ սնվելու, վերապրելու, իրենց կյանքը փոքր ինչ ձգելու, բազմանալու, ճիճուների ինչ-որ բազմություն, երկիր դառնալու և իրենց սերնդափոխությունն ապահովելու ոչ մի ուրիշ հնարավորություն չունեն, քան ավերակելով և ոչնչացնելով հսկա հանճարեղ մարմիններ, որպեսզի ընդամենը այդ մարմնի մեջ բույն դնեն և որդերի ձվազատումներ անեն:

Խորհրդային տարիներին գտնվեցին մարդիկ, ովքեր մոլի քրիստոնյաներից շատ արագ վերածվեցին մոլի կոմունիստների և ավերեցին հայոց եկեղեցիները: Հետո գտնվեցին ժամանակակիցի մոլի կողմնակիցներ, որոնք ուղղակի հոգեբանորեն ոչնչացրեցին թամանյանական հանճարը՝ բողոքի ցույցեր անցկացնելով, թե իրենց պետք չէ ազգայնամոլական ճարտարապետություն, իրենց պետք է ողորկ սոցիալիստական ճարտարապետություն: Հիմա հայտնվեցին մարդիկ, որոնք գլոբալիստական ճարտարապետության կողմնակից են և իրենց բիզնեսների գլոբալ սնուցման կողմնակից են, և նրանց համար ոչնչություն է անգամ քարը:

Եվ ծիծաղելի է, որ նման մտքեր են հնչում, թե մի՞թե կարող է մի հյուղակ լինել մի ազգի ժառանգություն և հպարտության առարկա. իսկ ինչո՞ւ եք այդքան երկրպագում այն քարը, որ գտել եք Ք. Ա. 782 թ. Էրեբունի-Երևանի հիմնադրման մասին Արգիշտի արքայի սեպագիր արձանագրությամբ, մի՞թե կարելի է այդ քարն այդպես ֆետիշացնել և դարձնել ազգային նոր կուռք և երկրպագության առարկա. այո, որովհետև մի մեծ շինություն, որն ընդամենը գոմի ենք վերածում ինքներս, որտեղ ոչ մի հոգևոր բան չկա, շատ ավելի նսեմ է, քան այդ քարը, որը մեր լինելիության անձնագիրն է՝ և բնիկ լինելու, և պատմություն ունենալու, և մշակույթ ունենալու, և, ի վերջո, արարիչ ազգ լինելու մեր առհավատչհյան: Այսինքն՝ մենք չենք հասկանում, որ դրանց արժեքները չափերով չեն որոշվում. համատարած ինչ-որ աղբակույտեր կան Սովետաշենում, բայց մեկ ադամանդը կարելի է փոխանակել բնակարանի կամ այլ կարևոր բանի հետ: Այսինքն՝ փոքր ու մեծով չի որոշվում այդ արժեքը: Արժեքը ճարտարապետական, գեղագիտական արժեք ունենալն է, կոթող լինելն է:

Այդ նույն բարձրաձայնողները թող խոսեն այն մասին, որ օդանավակայանն են ուզում քանդել, ինչո՞ւ չխոսեցին, երբ Աֆրիկյանների տունն էին քանդում, ինչո՞ւ չբարձրաձայնեցին, երբ որ Մաշտոցի պողոտայում շուկան էր ավերակվում. թող բարձրաձայնեին այդ ժամանակ, ոչ թե Արամի 30-ի փոքրիկ այդ շինությունը քանդելիս՝ ասելով, որ մենք չենք ճանաչում նման ազգ, որի համար դա կարևոր մի երևույթ է: Ինչո՞ւ չբարձրաձայնեցին, երբ թամանյանականի անվան տակ կառուցվեց մի ամբողջ Հյուսիսային պողոտա, որը բացի օպերայի շենքը կառավարության շենքի հետ կապող գծից ընդհանուր ոչինչ չունի թամանյանական մոտեցման հետ, այսինքն՝ Հյուսիսային պողոտա կոչվածի ընդամենը անունն է վերցված թամանյանական մոտեցումից, և ուրիշ ոչինչ՝ այլևս ոչ մի թամանյանական մոտեցում այնտեղ չկա՝ սկսած փողոցի լայնությունից, շենքերի բարձրությունից, ինչպես նաև՝ ճարտարապետական ոճից ու մոտեցումից: Թող բարձրաձայնեին այն ժամանակ, երբ ավերակվում էր մի ամբողջ քաղաք, երբ փողոց էր նետվում հասարակության մի մեծ շերտ, դատարաններում պարտադրվում էր՝ պետական գերակա շահ անվան տակ:

Իսկ ես, լինելով ախալցխացի, տեսել եմ՝ ինչ է նշանակում պետական գերակա շահ. մեր կողմից չընկալվող Սաակաշվիլին 10 ամսում վերանորոգեց ամբողջ Ախալցխայի բերդը, որը, թերևս, տարածաշրջանի ամենամեծ ամրոցն է, որի մեջ առնվազն 10 Ամբերդ կտեղավորվի, իսկ մենք ամեն անգամ Ամբերդ այցելելիս տեսնում ենք ևս մի պատից մի քանի քար ընկած. մենք տուրիզմից ենք խոսում, տուրիզմի զարգացումից ենք խոսում, մշակույթից ենք խոսում, իսկ Ամբերդն ամեն օր, ամեն ժամ քանդվում է: Ամենաշատ այցելուներ ունեցող հայկական ամրոցը, թերևս, Ամբերդն է, բայց Ամբերդի նման 10 շինություն կտեղավորվի Ախալցխայի ամրոցի մեջ, իսկ 10 ամսում Սաակաշվիլու նման մեկը վերանորոգեց դա: Իսկ քաղաքի կենտրոնական հատվածից դեպի ամրոց տանող ամբողջ ճանապարհին, որտեղ հիմնականում հայերի տներ էին, եղած տներն ուղղակի ժամանակավորապես վերցրին նրանցից՝ տրամադրելով նրանց վարձակալման գումար կամ այդ վերանորոգման ընթացքում ինչ-որ տներում տեղավորվելու գումար, և ոչ թե նետեցին փողոց, ոչ թե դատարան, ոչ թե խլեցին ձեռքներից, այլ 10 ամիս հետո նրանցից յուրաքանչյուրին՝ ես անձամբ գիտեմ իմ բարեկամներին, 1 հարկանի տունը վերադարձրեցին՝ 3 հարկի վերակառուցված, 1 հարկը՝ 2 հարկի վերակառուցված, կապիտալ վերանորոգված, բայց կարևոր մի խեղումով՝ այդ փողոցներից և այդ ամրոցից վերածվեց հայկական դիմագիծը, ոչնչացվեցին պատերի մեջ եղած հայկական խաչքարերը, և այլն: Դեպի ամրոց տանող այդ փողոցն ամբողջովին և ամրոցն ինքը, ի հակադրում նախկին իր տեսքի, ստացավ վրացական տեսք: Այ սա է պետական գերակա շահը, այ սա է իրական պետական գերակա մոտեցումը, գիտակցումը, թե ինչ է պետություն, ինչ է պետականություն, և ինչպես պետք է արարել սեփական պետությունը:

Եվ այդ մարդիկ հիմա բնակվում են այնտեղ, և շնորհիվ այդ վերակառուցված ամրոցի, զբոսաշրջիկների տասնապատկված հոսքի, այդ շենքերը, տները վերածվել են հյուրանոցների և հայ մարդիկ այդտեղ վաստակում են իրենց հանապազորյա հացի գումարը: Իսկ մենք ուղղակի շռայլորեն հայ մարդուն նետեցինք փողոց՝ դարձնելով գաղթական, օտարելով և գաղթի մի նոր ալիք բարձրացնելով Հայաստանում:

Այնուամենայնիվ, այսքան բացասական խոսքերից հետո պիտի ասենք, որ և Ախալցխայում, և Ամբերդում, և օտար ափերում կարող եք ուսումնասիրել՝ ամբողջ Մոլդովայի տարածքում, Լվովում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Պետերբուրգում, Բեյրութում, Սիդնեյում, Լոս Անջելես ում. հայը արարիչ ազգ է: Ուղղակի պետք է վճռականություն ունենալ կանգնեցնելու հայ տականքի ձեռքը՝ ավերիչ ձեռքը, որն այդքան հեշտությամբ ավերում է այն, ինչ որ հարյուրամյակներով և հազարամյակներով կառուցել է հայոց հանճարը: Պետք է կամք ունենալ կասեցնելու, կանգնեցնելու այն տականքին, որը կտրում է այն ծառը, որի վրա նստած է՝ չգիտակցելով, որ դա նաև իր վերջն է, իր ոչնչացման սկիզբը, չգիտակցելով, որ, ի վերջո, նաև ինքն իրեն է ոչնչացնելու: Մենք, կանգնած լինելով տաճարի մեջ, հատում ենք տաճարի այն սյունը, որը պահում է տաճարի տանիքը: Ի վերջո, մենք մնալու ենք այդ տաճարի փլատակների տակ, մենք ոչնչանալու ենք՝ այդ տաճարի տանիքի մեջ մեզանից հետք անգամ չթողնելով, իսկ մեր խնդիրն է անգամ սեփական կյանքի գնով պահել այդ տաճարները, որոնք հավերժացնելու են հավերժի ճամփորդ ազգին և օգնելու են նոր, ավելի հզոր և ավելի կամային ճանապարհ գծելու, ավելի ոգեղեն և ավելի վստահ ճանապարհ գծելու դեպի ապագա:

Մնացեք հայ, արարեք, ինչպես վայել է հայ տեսակին, արարեք, և ոչ՝ ավերեք. ավերելը հայ մարդու տեսակը չէ, և նա, ով ավերել գիտի, երբեք չի արարում, իսկ նա, ով գիտի արարել, երբեք չի ավերակում անգամ թշնամու արարածը: Արարեք, ինչպես վայել է հայ մարդուն, մնացեք հայ:

Եթերում «Հայու տեսակ» հաղորդաշարն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan