Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պավլիկի տղու ծննդյան օրը

Պավլիկի տղու ծննդյան օրը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ Պավլիկի որդու ծնունդն էր՝ էն հայտնի լուսանկարի վրայի պստիկինը, որ պատերազմի ժամանակ հոր Պե-Կա-ի կես բոյին էր: Առաջ չէի հասկանում, թե Պավլիկն ինչու էր համազգեստի տեղը տարազով կռվում, ում համար էր երգում ու պարում Պավլիկը ու առիթ ման գալիս տեսախցիկի առաջ երևալու բեմական իր կոստյումով: Հիմա, երբ ես էլ հայր եմ, գուցե նույնն անեի, որ եթե մեռնելու լինեի, երեխուս համար մնայի յափնջիով, պատրոնդաշով, բեղերով ու խանչալով… երգով ու պարով մնայի, մինչև մեծանար ու հասկանար ամենինչ: Պավլիկը մի փոքրիկ մարդու համար մի մեծ կռիվ /գիտակցաբար, թե անգիտակցաբար/, անձնական օգտագործման էպոս էր սարքել՝ ինքն էլ գլխավոր դերում: Ու այնքան համոզիչ, որ պուճուրը հոր գնդացրին մատիկով դիպչելիս երևի մտածում էր, թե թուր-կեծակին է, որ կա:

Պավլիկի որդու ծնունդն էր երեկ: Սկզբից աշխարհ պատեց հայու ահը, հետո սարերից իջան մի խումբ ձիավոր, հետո սեղանը դհոլ դարձավ, հետո ծաղկունք բացվեցավ՝ գարուն է արդեն… հետո Պավլիկի որդու մարտական մկրտության համար խմեցին: Հետո անօրեն թուրքը տիրեց մայր հողին, հետո օղին գինով էին նստացնում:  Հետո կանայք առաջին սուրճը տվեցին: Հյուրերի մի մասը ցրվեց: Հետո կանայք էլ գնացին:

Ոչ այդ քեֆին եմ եղել, ոչ էլ այդ մարկանց երբևէ միասին տեսել, բայց առանձին-առանձին շփվել եմ գրեթե բոլորի հետ ու ենթադրում եմ, որ իրենց ընդհանուր քեֆը հենց այդպես էլ պիտի եղած լիներ: Պավլիկը մի անգամ ռադիո հարցազրույցի էր եկել, Վարուժանի հետ մի անգամ մեքենայի մեջ խցկված, բառի բուն իմաստով իրար վրա նստած Մասիսից Երևան էինք եկել՝ Ալեք Ենիգոմշյանի կնոջ հոգեհանգստից հետո: Արմենին Ժիրայր Սեֆիլյանի հետ եմ տեսել:

Սուտ կլինի, որ ասեմ, թե գիշերը չեմ քնելու: Բայց չգիտես՝ ինչ անես այն մտքի հետ, որ առավոտյան մարդիկ, ում ճանաչում ես` թեկուզ և թեթևակի, ամենայն հավանականությամբ, արդեն չեն լինելու:

02:10 / 07.17.2016

--------

07.18.2016 - Բոլորը ողջ են: Գրոհ չի եղել: 16:32 – «Ազատ արձակեցինք ևս մի ոստիկանի: Ամսի 23-ին կայանալու է նրա նշանադրության արարողությունը» – Վարուժան Ավետիսյան:

Իսկ երեկ չէ առաջին օրը Պավլիկենք էին խմում: Ես ուղղակի համոզված եմ, որ գրոհի պլան չի եղել: Ենթադրում եմ, որ զենք էլ չի եղել «դուզգյունի», որքան էլ փոխոստիկանապետը հակառակը չպնդի՝ իր զորքի ամոթը ծածկելու համար: Զորամասը գրավել են նախորդ օրվա ծնունդի կեսից տուն չգնացածները, որ իրենց երգածի ու խմածի տակ, որոշել են, որ թուրքից հաստատ վատը չենք ու որ եթե թուրքը կարող է, մենք կարող ու կարող ենք:

Զգույշ եղիր թասիբի ընկած տղամարդու հետ, մանավանդ երբ մենակ չէ ու մարդա մեջ իր ասածին պիտի տեր լինի: Երեկ գրոհողների վրա իր ատրճանակի ամբողջ պարունակությունը դատարկած և ապա զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հրամանատարը, էն հին, պատերազմի օրերի իսկական հրամանատարը, որ ասում են մարտի 1-ի դեպքերից հետո հանձնել էր ուսադիրները և այսքան տարի սարերը քաշված մեղու էր պահում… ասում են, այ ինքը մարդա մեջ ասել է, թե խլելու է ընկերոջը սպանածի կյանքը: Հիրավի երկու այիբ է էշից իջնելը:

Լավ, բերեցին Ժիրայր Սեֆիլյանին, Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տվեց… բա վարչապե՞տը, նախարա՞րը. հարկահավաքն ու դատավո՞րը, մաքսավորն ու նրանց խնամինե՞րը, բարեկամները, օթյակներում բազմող մասոն-պապանե՞րը, ընկերուհիներն ու սիրուհինե՞րը՝ իրենց երեխաներով ու բարեկամներով, բա 260 հազար պետական աշխատողնե՞րը: Ու՞մ տանը բյուջեից աշխատավարձ ստացող չկա: Բա ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողնե՞րը: Երկրի կեսը հո երկրից հրաժարական չի՞ տալու:

Համոզված եմ, որ հրաժարականի ու Ժիրայրի ազատման պահանջները հորինվել են արդեն զորամասը գրավելուց հետո, որպես փրկօղակ, որ ամուր բռնել են զենքից ազատ ձախ ձեռքերով ու քաշել էշի վզին, որ վրայից չընկնեն հանկարծ: Համոզված եմ նաև, որ տանից դուրս գալուց, ԿՌԱԶ-ի վրա դրոշակները խփելուց ու այդ կռազը Կա-Պե-Պե-ի մեջ մխրճելուց արդեն փոշմանած էին: Բայց դե խոսքերն ասվել են, երգերը երգվել: Քանի անգամ է վերջապես կարելի իշմար տալ, որ այ հիմա-հիմա մի բան անելու ենք, ու անընդհատ չանել:

Մի անգամ եղբորս հետ լավ ուտել-խմել-երգելուց հետո որոշել էինք գիշերով հեր-մեր-կնիկ-երեխա առանց զգուշացնելու թողնել ու ինքնաթիռով թռչել «լևի»՝ առանց վիզայի մեզ ընդունող ամենահեռու երկիրը: Նայեցինք՝ պարզվեց Ուրուգվայն է: Գիշերով գնացինք տոմս առնելու: Դուրս գալուն պես փոշմանեցինք… երկուսս էլ: Բայց խոսքերն ասված էին, երգերը երգված: Երեք ինքնաթիռ փոխելով մի գիշերում աշխարհի ծայրը հասնելուց ու հաջորդ իսկ օրը նույն կերպ հետ գալուց մեզ այն փրկեց, որ եղբորս անձնագրի ՛՛օվիրի՛՛ կնիքը պարզվեց՝ ժամկետանց էր: Այ թե պատանդառությունն էլ օվիրի կնիքով լիներ ու գոնե մեկնումեկինը լիներ ժամկետանց:

Երեկ առավոտյան եթերում ես նրանց ահաբեկիչ եմ անվանել: Հավանաբար լսել են: Իրենց միջավայրում մեր ռադիոկայանը սիրում են, իսկ նման գործողությունների ժամանակ մարդիկ սովորաբար ռադիո են լսում: Դա հաստատ գիտեմ, որովհետև ԱՍԱԼԱ-ի վետերաններից մեկն է պատմել է, թե ինչպես էին ռադիո լսում թուրքերի հյուպատոսությունը գրավելիս: Հարմար է շատ: Հետո նկատեցի, որ նույնիսկ ԱԱԾ-ի հայտարարությունների մեջ այդ ժամանակ «ահաբեկիչ» բառը դեռ չկար: Կարող եք առաջին 2 պաշտոնական հայտարարությունները ստուգել: Բացատրական բառարանով նայեցինք՝ ըստ էության արածները սահմանմանը համապատախանում է, բայց միևնույն է, մարդու լեզուն, չասեմ՝ չի պտտվում, դժվարությամբ է պտտվում այդ բառն արտասանելիս:

 Վկայում եմ, իբրև մեկն, ով արտասանել է:

Կյանքն է ձևավորում լեզուները ու մեր մայրենիի մեջ հիմա մի մեծ դատարկ տեղ կա, որ տիեզերքի սև անցքերի պես գրավիտացիոն իր դաշտն է առնում գոյություն ունեցող տերմինաբանությունն ու կլանելով աճեցնում զանգվածը, մեծանում, լայնանում, ձգողականության նորանոր ուժեր ձեռք բերում, ու եթե անհապաղ մի նոր բառով այդ ծակը չփակվի, գուցե գալիք գիշերվա մեջ ուտի մեր ամբողջ լեզուն մինչև իսկ օժանդակ բայերն ու կետադրական նշանները:

Ու չի լինելու բանակցություն, որովհետև առավոտյան արթնանալու ենք ու տեսնենք, որ լալ ենք:

Մարդասպա՞ն են: Գնդապետ Արթուր Վանոյանը չկա: Ահաբեկի՞չ են: Վստահ չեմ:

Եվ ահա փողոցը փակ է, զինված մարդիկ դուրս են եկել գրավված զորամասից ու բարձրախոսով առաջարկում են ոստիկաններին անցնել իրենց կողմը, մեջները քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն է, մազերը խառը, առանց գլխարկի և ուսադիրների ասում է «լավ թողեք, գոնե էն վատացած ոստիկանին շտապօգնությունը տանի», Նիկոլ Փաշինյանն է հեռախոսով նկարահանում տեղի ունեցողը, մոտենում դիմացի մայթին կանգնած թաղեցիներին, որոնց ոստիկանները չէին տարհանել և թողել էին զինյալների հետ փակված օղակի մեջ:

Նրանք, ում հրաժարականը ի թիվս այլոց պահանջում են նաև պատանդառուները, վիճակագրությունը չկեղծված են ստանում ու գիտեն իրական պատկերը՝ արտագաղթի թվերը, իրական ՀՆԱ-ն, աղքատության ցուցանիշները: Գիտեն, որ մոմի պես հալչում ենք: «Ավերակաց թագավորե՞մ», - կհարցներ Արտավազդը:

Զինված պատանդառուները, ընդդիմադիր պատգամավորը, մի փոքր շիվարած փոխոստիկանապետը, պատանդները, փողոցի մարդիկ, բժիշկները, նրանց օղակող ոստիկանները… գոնե կողքից այնքան ներդաշնակ են, որ կարծես սա իրական չէ, այլ դրվագ է Կուստուրիցայի կինոյից: Եղբայրս հաճախ ասում է, որ ամառներն իրեն թվում է, թե Երևանի վերևը տանիք կա կապած ու Երևանում դու երբեք դուրսը չես, նույնիսկ, եթե փողոցում ես: Այդ տանիքի զգացողությունը հիմա Խորենացու փողոցում հատկապես ուժեղ է: Մի տեսակ տան շունչ կա փողոցի օղակված այս հատվածում (թող ներեն ինձ զոհված ոստիկանի հարազատները), հին պապական օջախի, որ տասնյակ անգամ նոր հարսի մուտք, երեխու ծնունդ ու տարեցի մահ է տեսել: Ու մեջի մարդիկ կարծես միշտ էլ այդտեղ են եղել՝ ամենքն իր դերում ու տեղում, ու չես էլ հասկանում մեծ ընտանիք են, թե օտար են, ուղղակի մի մեծ, ընդհանուր հելսինկյան սինդրոմով են տառապում իրենցից վեր, իրենց բոլորին պատանդ վերցրած անհաղթահարելի ուժի նկատմամբ:

Դավիթը՝ մուրազի վրա այն երիտասարդ ոստիկանը, որին ժամեր առաջ բաց թողեցին, որ գնա իր նշանդրեքով զբաղի, շնորհակալ է իհարկե, բայց դժվար դրա մասին մտածելու սիրտ ունենա: Մինչև ամսի 23-ը ժամանակ ունի դեռ:

Տեսաք, թե ինչպես է պատմության մի նոր էջ գրվում երկու քեֆերի արանքում: Հետո մարդիկ կպատմեն, թե ամեն ինչ սկսվեց Պավլիկի որդու ծնունդի օրը, իսկ ոստիկան Դավիթի նշանդրեքին արդեն ավարտված էր:


Գարեգին Խումարյան

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan