09:31   07-05-2024
Image Description
Ժեստ Արևմուտքի՞ն. ՀՀ վարչապետը ՌԴ նախագահի երդմնակալությանը չի մասնակցելու
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ 2023 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը
հրավիրված տասնյակ երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյանների թվում էր նաև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալության
արարողությանը, իսկ այս տարի Ռուսաստանի նախագահի երդմնակալությանը չի մասնակցելու:

Այս ամենը մեկնաբանելու նպատակով «Գործարար ալիքի» լրատվական բաժինը զրուցել է «Վերելք»
տեղեկատվական-վերլուծական կենտորնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ:

«Ակնհայտ է, որ վերանայելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և մերձենալով
Արևմուտքի հետ՝ փաստացի Հայաստանի իշխանությունները ճանապարհ են վերցրել մերձենալու
Թուրքիայի հետ, որովհետև Հարավային Կովկասում ճանապարհը դեպի Արևմուտք, նշանակում է
ճանապարհ դեպի Թուրքիա», -ասել է քաղաքական մեկնաբանը, հավելելով, որ Մոսկվան, ինչպես
նաև հայ հասարակությունը տեսել է, թե ինչ խանդավառությամբ էր Նիկոլ Փաշինյանը շտապում
մասնակցել Էրդողանի երդմնակալությանը և հաշվի առնելով Արևմուտքի բացասական վերաբերմունքը
ՌԴ նախագահի հանդեպ՝ հրաժարվել է մասնակցել Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը:

Հայկ Խալաթյանը նաև նշել է, որ այն ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները, որոնք
չեն մասնակցելու երդմնակալության արարողությանը՝ հայտարարել են, որ ԵԱՏՄ առաջնորդների
գագաթնաժողովից հետո՝ մայիսի 8-ին, Մոսկվայում կմասնակցեն նաև մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի
շքերթին, սակայն, ինչպես պարզ է դառնում, Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է միայն մայիսի
8-ին կայանալիք ԵԱՏՄ  գագաթնաժողովին, առանձին
բանակցություններ է վարելու Վլադիմիր Պուտինի հետ, և չի մասնակցելու ո՛չ երդմնակալությանը,
ո՛չ էլ Հաղթանակի շքերթին:


«Դա փաստացի ժեստ է Արևմուտքին, որ նա արդեն Ռուսաստանին չի դիտարկում որպես դաշնակից
երկիր: Դա բացասաբար է ընկալվելու Մոսկվայում», - եզրափակել է քաղաքական մեկնաբանը:

Նշենք նաև, որ զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության մեջ չի նշվում՝
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում իր ցանկությունից ելնելո՞վ, թե՞ հրավերի բացակայության
պատճառով:


Անի Էվինյան

Loading...