Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանուն նախագահի հարմարավետության «զոհված» ավտոմեքենան. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Մենք, կարծես, արդեն համակերպվել ենք փաստի հետ, որ ամենատարբեր պաշտոնյաների աշխատանքի գնալը կամ պաշտոնական հանդիպումը կարող է ենթադրել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում կաթվածահարված երթևեկություն ու քաղաքացիների քայքայված նյարդեր: Բայց երբ այդ նույն պատճառով կարող են վնասել սեփական ավտոմեքենադ ու տեղափոխել այն՝ առանց նախազգուշացնելու, կարծես, դեռ արտառոցների շարքից է: Մեր այսօրվա հյուրը՝ քաղաքացի Նարեկ Բոցինյանը, կայանելով իր ավտոմեքենան «կարմիր գծեր» կոչված հատվածում ու օրենքով նախատեսված կարգով կատարելով վճարումը, հանգիստ խղճով երկու օրով գնացել է Երևանից: Վերադառնալով, սակայն, հայտնաբերել է իր ավտոմեքենան ոչ թե կայանված վայրում, այլ դիմացի մայթեզրին՝ վնասված հետնամասով: Դեպքի մանրամասների մասին է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկումը:

 

- Լրատվական ռադիոյի եթերում  աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Բարեւ ձեզ, ես Սաթեն Միքայելյանն եմ:  Տաղավարում այսօր հյուրընկալել եմ Նարեկ Բոցինյանին: Բարեւ Ձեզ:

- Բարեւ Ձեզ:

- Ուզում եմ իմ անձնական փորձից մի բան պատմել: Նախորդ շաբաթ ես երկու անգամ մեկ ժամով ուշացել եմ աշխատանքից շատ պարզ պատճառով՝ Հայաստանում հյուրընկալել էինք Մոլդովայի նախագահին՝ տիկնոջ հետ: Ամբողջ Բաղրամյան պողոտան փակ էր. հետեւաբար՝ խցանում, վերեւից իջնող տրանսպորտային միջոցները ստիպված էին Պռոշյան, Սարյան եւ այլ փողոցներով երթեւեկել: Ինձ տանջում էր հարցը՝ արդյո՞ք երկրի համար շատ ավելի կարեւոր է Մոլդովայի կամ ցանկացած այլ երկրի նախագահի այցը, թե՞ այդքան քաղաքացիների աշխատանքից, կարեւոր հանդիպումներից ուշացումը: Վստահ եմ, որ դա ավելի շատ վնաս է հասցնում պետությանը: Ես այսպես նեղսրտում էի, բայց հասկացա, որ իմ նյարդային համակարգը վնասելու, իմ աշխատանքից ուշանալու իրավունքը սահմանադրորեն ամրագրված չէ: Ձեր դեպքում ոչ միայն նյարդային համակարգը, առողջությունը, գործերի հետաձգումն է, այլեւ սեփական գույքի անձեռնմխելիության իրավունքն է խախտվել: Նարեկը օրենքով սահմանված կարգով իր մեքենան կայանել է, բայց հետո այն չի հայտնաբերել կայանված տեղում, որովհետեւ... Մնացածը Դուք պատմեք, խնդրեմ:

- Որովհետեւ հոկտեմբերի 21-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնում անցկացված միջոցառմանը ներկա է եղել Սերժ Սարգսյանը: Իմ մեքենան կայանված է եղել թատրոնի հարեւանությամբ՝ կարմիր գծանշումներով առանձնացված հատվածում, որի համար պարտաճանաչ վճարել եմ, բայց քանի որ խանգարել է կամ անվտանգության խնդիրներ են առաջացել, որոշել էին մեքենան տեղափոխել: Ինձ հետ չէին կարողացել կապ հաստատել, քանի որ ես մեքենան կայանել եւ հեռացել էի: Երկու օր անց ծանոթներիցս մեկը զանգահարում եւ ասում է, որ մեքենան տեղափոխված է դիմացի մայթ՝ հանրային տրանսպորտի համար նախատեսված կանգառ, եւ հետնամասն ամբողջովին վնասված է: Վստահ լինելով, որ ապահով տեղում եմ կայանել, չորսբոլորը տեսախցիկներ են՝ գործերով քաղաքից բացակայում էի: Եթե մտահոգվելու առիթ ունենայի, ապա միայն գողությունից, բայց ոչ՝ պետական մակարդակով իրավունքների ոտնահարումից: Հոկտեմբերի 23-ի երեկոյան գալիս եմ դեպքի վայր, տեսնում մեքենաս՝ հետնամասն ամբողջովին վթարված: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչպես է մեքենան հայտնվել դիմացի մայթում՝ կանգառում՝ խոչընդոտելով հասարակական տրանսպորտի աշխատանքը: Հենց այդ պահին երթուղայինները գալիս, երկրորդ գիծ էին կանգնում, քաղաքացիները չէին կարողանում տրանսպորտից նորմալ օգտվել: Ես առաջին հերթին զանգահարեցի ապահովագրական գործակալություն: Նրանք խորհուրդ տվեցին նախ զանգել ճանապարհային ոստիկանություն. եթե դեպքի վայրում չկա վթար իրականացրած երկրորդ ավտոմեքենան, ապա ճանապարհային ոստիկանությունը պետք է հետախուզում իրականացնի ու դրա հիման վրա ապահովագրական գործակալությունը փոխհատուցում տրամադրի: ՃՈ-ն դեպքի վայր ժամանեց մոտ մեկ ժամում, հետո ինձ բանավոր կերպով տեղեկացրին, որ նման դեպք է եղել երկու օր առաջ, ինձ չեն կարողացել գտնել, դրա համար մեքենան տեղափոխել են դիմացի մայթ, բայց ասացին, որ վթարի հետ կապ չունեն: Նշեմ, որ նմանատիպ դեպք 2-3 տարի առաջ եղել էր Մելիք-Ադամյան փողոցում: Ես մեքենան կայանել էի կառավարության շենքի հարակից տարածքում, որտեղ կուսակցության ժողով պետք է լիներ, կրկին մեքենան խանգարում էր Սերժ Սարգսյանի գալուն: ԱՊՊԱ գործակալության միջոցով կարողացել էին իմ հեռախոսահամարը ճշտել, ինձ զանգահարել եւ ՃՈ անունից խնդրել, որ մեքենան տեղափոխեմ այլ վայր: Իսկ այս դեպքում նույնիսկ չեն փորձել ինչ-որ կերպ կապ հաստատել ինձ հետ. հեռախոսահամար ճշտելը, այն էլ՝ իրավապահ մարմինների համար, մեր ժամանակներում բարդ չէ, եւ կարելի է շատ արագ իրականացնել: Նաեւ այն դեպքում, երբ այն ժամանակ մեքենայի սեփականատերը ես չէի, ուղղակի ԱՊՊԱ-ն էր իմ անունով գրանցված, իսկ այս պարագայում ե՛ւ սեփականատերն եմ ես, ե՛ւ ԱՊՊԱ պայմանագիրն է իմ անվամբ գրանցված եղել: ՃՈ աշխատակիցների հետ միասին 30-40 մետր հեռավորության վրա տեսանք որոշակի հետքեր. մեքենան բարձրացել է մայթեզր, ծառերին է բախվել ու հետո հարվածել է իմ մեքենային: Իրենք ասացին, որ գործ կհարուցվի պարզելու համար, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել: Վրդովված, որ ինձ չեն տեղեկացրել, Ֆեյսբուքում գրեցի. «արդյոք քաղաքացու անվտանգությո՞ւնն է կարեւոր, թե՞ պաշտոնյայի հարմարավետությունը կամ անվտանգությունը»: Որքան էլ մենք ուզում ենք հասկանալ օրենքում բաց կետ կա, թե չկա, եթե նույնիսկ օրենքով սահմանված չէ, Սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների հռչակագրով պետք է պետությունը երաշխավորեր այդ իրավունքի կիրառումը: Հաջորդ օրը ՃՈ-ն արձագանքեց. պետի տեղակալն ինձ հրավիրեց ՃՈ, որպեսզի հասկանան՝ ինչ է եղել եւ արագ ընթացք տան: Մեկ օրում հարակից խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների միջոցով բացահայտել էին, որ երեկոյան ժամը 5-6-ի սահմաններում մի մեքենա վթարի էր ենթարկվել եւ 1 ժամ հետո դեպքի վայրից էվակուատորով հեռացել: Հետո բացահայտեցին այդ մեքենայի սեփականատիրոջը: Նա ընդունեց իր մեղքը, ԱՊՊԱ գործակալությունն էլ վնասի գնահատում իրականացրեց: Ճիշտ է, ապահովագրական ընկերությունը փոխհատուցում տրամադրեց, ՃՈ-ն էլ բացահայտեց վթար իրականացնողին, բայց ես չեմ ծանոթացել տեսագրություններին, միայն վթարված ավտոմեքենայի նկարն եմ տեսել: Ամեն դեպքում, եթե այդպես էլ եղել է, իմ կարծիքով այս դեպքը կարող էր չլինել: Եթե իմ մեքենան օրենքով սահմանված կարգով անվտանգությունից ելնելով տեղափոխվել էր, պետք է ավելի անվտանգ տեղում կայանվեր: Ես կարծում եմ, որ պաշտոնյայի անվտանգությունը քաղաքացու անվտանգությունից վեր դասելը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները: Հիմա իմ գործընկեր փաստաբանների, իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով փորձում ենք հասկանալ, թե օրենքն ինչքանով է թույլ տալիս նախագահի անվտանգության կամ հարմարավետության համար նման գործողություններ իրականացնել: Եթե օրենքը թույլ է տալիս, ապա դա մեզ համար առիթ կլինի, որ բարձրաձայնենք օրենքի բացի մասին, նաեւ դեպքը վիճարկենք Սահմանադրական դատարանում: Դատական բոլոր  գործընթացներն անցնելուց հետո նաեւ ՄԻՊ գրասենյակի հետ համագործակցելով՝ հասկանանք, թե ինչպես կարող ենք վերականգնել խախտված իրավունքը:

- Ես այս միջադեպին ծանոթ եմ Ձեր ֆեյսբուքի գրառումից: Դուք, ինչպես նշեցիք, նաեւ ՄԻ պաշտպանին եք դիմում. ի՞նչ արձագանք կա:

- ՄԻՊ գրասենյակից ինձ զանգահարեցին, որպեսզի գնամ, դեպքը քննարկենք: Դեռ չեմ այցելել, բայց լիահույս եմ, որ այս ամենից հետո ՄԻՊ գրասենյակն էլ գործին ընթացք կտա, եւ համատեղ կփորձենք այս հարցը քննել ու հնարավորինս ճիշտ լուծում տալ:

- Դուք ասացիք, որ տեսանյութերին դեռեւս ծանոթ չեք: Պահանջե՞լ եք տեսանյութը:

- Դեպքի մասին տեղեկանալու հաջորդ օրն անմիջապես գրավոր դիմել եմ ՃՈ պետին՝ խնդրելով հրատապ վերցնել այդ տարածքում գտնվող բոլոր տեսանկարահանող սարքերի տեսագրությունները եւ կցել գործին՝ որպես փաստացի ապացույց: Բայց գրությանը չեն պատասխանել, իսկ ՃՈ-ի տված արձանագրությանը տեսագրություն կամ որեւէ այլ նյութ կցված չէ:

- Ես գիտեմ, որ անձի մասնակցությամբ իրականացվող ցանկացած տեսանկարահանման քեզ վերաբերող հատվածը, եթե պահանջես, 3 օրվա կտրվածքով պետք է տրամադրեն: Ես չեմ պատկերացնում՝ արդյոք դա վերաբերում է Ձեր բացակայությամբ Ձեր մեքենային հարվածելուն, թե՝ չէ: Կարծում եմ՝ սա էլ հետաքրքիր կլինի իմանալ, որովհետեւ օրենքը հստակ սահմանում է, որ ինձ վերաբերող ցանկացած տեսանյութ ցանկացածից՝ մասնավորից լինի, թե՝ կարմիր գծերի տեսախցիկներից, կարող եմ պահանջել, եւ ինձ պետք է տրամադրեն, իհարկե, մոնտաժված տարբերակով:

- Այդ տեսանյութերի  մոնտաժված տարբերակը վերցնելու համար լիազորություն ստանալու նպատակով մենք միանգամից դիմում ենք իրավապահ մարմիններին: Կարեւոր է նաեւ, թե արդյոք մեքենան պատշաճ կերպո՞վ են տեղափոխել դիմացի մայթ, այդ ընթացքում վթար տեղի ունեցե՞լ է, թե՝ ոչ: Այնուամենայնիվ, եթե արագ տեղափոխել են, ապա, ըստ իս, անպայման պետք է վնասված լիներ, որովհետեւ շատ ծանրաբեռնված տարածք է, որտեղ անհնար է մեքենան արագ, առանց վնասելու տեղափոխել:

- Հնարավոր է նաեւ, որ այդտեղ երկու օր շարունակ Ձեր մեքենայի պատճառով խցանումներ են առաջացել:

- Միանշանակ: Ցավալին այն է, որ եթե ես պատահաբար չտեղեկանայի, մեքենաս այդպես էլ նույն տեղում էր մնալու: Երբ այդ օրը ես գնացի դեպքի վայր,  կանգառում կանգնած մի տղա տեղեկացրեց, որ ինձնից առաջ մեկ ուրիշ վարորդ եւս փնտրում էր իր մեքենան, հետո ծանոթներից մեկը զանգահարել եւ ասել է, որ մեքենան կայանված է երկու փողոց այն կողմ: Այսինքն՝ ավելի վատ դեպքեր էլ են եղել:

- Հնարավոր է, որ տարհանելու անհրաժեշտություն լինի, ի՞նչ ընթացակարգ կա: Ենթադրենք՝ զանգահարեցին Ձեզ, ինչպես եղավ Մելիք-Ադամյան փողոցի դեպքում, բայց Դուք քաղաքում չեք եւ չկարողացաք գնալ: Նրանք պետք է մեքենաներն էվակուատորով հատ-հատ տեղափոխեն որոշակի անվտանգ պահպանման տարածք, այնպես չէ՞:

-Հիմա գործընկեր փաստաբաններն օրենքն են ուսումնասիրում, ես էլ պետք է սկսեմ օրենքի մեկնաբանությունը կարդալ: Ըստ էության, օրենքն ասում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պետք է տեղահանեն, բայց ոչ ոք չի երաշխավորել, որ դիմացի մայթում մեքենայի կայանումն անվտանգ է: Ենթադրենք՝ մտածում էին, որ այնտեղ ռումբ կա տեղադրված. ոչ ոք չի երաշխավորում, որ դրանով վտանգը չեզոքացված է: Եթե դիմացի մայթում ինչ-որ դեպք տեղի ունենա, չի կարող վնաս  չպատճառել հարակից տարածքում գտնվող մարդկանց: Իմ կարծիքով սա ոչ թե անվտանգության համար է, այլ, ավելի շատ, հարմարավետության, որովհետեւ ոչ ոք չպետք է խանգարի պաշտոնյային մեքենայից իջնել: Ըստ իս, դա կարելի էր ավելի քաղաքակիրթ ձեւով իրականացնել՝ օրինակներ վերցնելով Արեւմտյան Եվրոպայից կամ մյուս երկրներից, եւ նմանատիպ խոչընդոտներ չէին լինի: Ես իմ փորձով եմ ասում, պետական պաշտոնյայի ժամանման համար շատ-շատ երկրներում քաղաքացիների իրավունքներն այսքան կոպիտ չեն ոտնահարվում կամ գրեթե չեն ոտնահարվում: Կարող է լինեն բացառիկ երկրներ, որտեղ կարեւոր նշանակության այցելությունների ժամանակ պաշտոնական արարողակարգն իրականացնելու համար 1-2 փողոցներ փակվեն, բայց նախագահի կամ այլ պաշտոնյայի աշխատանքի, կամ, հատկապես, թատրոն  գալու համար նման միջոցառումներ չեն իրականացվում:

- Աշխատանքի գնալ՝ լավ ասացիք: Դուք հարցրեք Բաղրամյան պողոտայի եւ հարակից փողոցների բնակիչներին, նրանք Ձեզ կպատմեն:

- Դա էլ է աբսուրդ, որովհետեւ այդ ժամանակ ոտնահարվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. քաղաքացիները պետք է սպասեն մի կարեւոր (աշխատանքի եւ ուսումնական) ժամանակահատված, մինչեւ պաշտոնյան Ա կետից գնա Բ կետ:

- Գոնե կաթվածահար չանեն ամբողջ քաղաքը: Այս պատմության մեջ ո՞րն է Ձեզ ամենաշատ անհարմարություն պատճառող կետը՝ Ձեր ավտոմեքենային հասցված վնա՞սը, խախտված իրավո՞ւնքը:

- Երբ իմացա, որ մեքենան վնասվել է, հենց առաջին պահից էլ կասկած չունեի, որ այդ վնասը փոխհատուցվելու է: Ինձ համար ամենացավալին այն է, որ իրավապահ մարմիններն ընդունում են, որ դա նորմալ երեւույթ է, ընթացակարգ է, որ պետք է պահպանվի բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ պրակտիկան ասում է, որ քաղաքացին պետք է զիջի բարձրաստիճան պաշտոնյային: Այստեղ իսպառ վերանում է Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու իրավունքները հարգելու մշակույթը, իրավական պետություն ստեղծելու գաղափարախոսությունը: Ամսվա մեջ մի քանի անգամ՝ պաշտոնական այցելությունների ժամանակ, հանդիպում ենք նմանատիպ դեպքերի, եւ շատ ցավալի է, որ պաշտոնապես դա ընդունելի են համարում:

- Բայց, ամեն դեպքում, Մելիք-Ադամյանի փողոցից Ձեր մեքենայի տարհանման դեպքը Ձեզ այնքան էլ չի զայրացրել, որովհետեւ Ձեզ տեղյակ էին պահել:

- Ինձ գոնե տեղեկացրել էին: Ես ինքս իմ մեքենան տեղափոխեցի անվտանգ տարածք, բայց ասացին, որ եթե երկու րոպեից չգայի, իրենք էին մեքենան տարհանելու: Ես պետավտոտեսուչներին ասացի, որ պետք է տարհանելու հիմք ունենային, քանի որ մեքենան կայանված էր թույլատրելի վայրում եւ բավականին հեռու էր այն տեղից, որտեղ պետք է իջներ պետպաշտոնյան: Այսինքն՝ ոչ միայն 10, 20, 30 մետր շառավղով,  այլեւ հարակից տարածքներն են լիկվիդացնում: Երբ ես ֆեյսբուքում գրառում կատարեցի, որոշ օգտատերեր էլ հետաքրքիր դեպքեր նշեցին, որ Վանաձորում, Գյումրիում պաշտոնյայի անվտանգությունն ապահովելու համար, առանց տեղեկացնելու, իրենց տան տանիքներն են բարձրացել դիպուկահարները, որը նույնպես սեփականության իրավունքի ոտնահարում է:

- Որպես ամփոփում՝ ո՞ր փուլում եք հիմա, եւ Ձեզ համար ամենաընդունելի տարբերակը ո՞րը կլինի, ինչի՞ եք ուզում հասնել:

- Այս պահին ինձ համար ամենակարեւորը ոտնահարված իրավունքի վերականգնումն է, իսկ մեքենայի փոխհատուցումը ապահովագրական գործակալությունն արդեն տրամադրել է: Ինձ համար նաեւ կարեւոր է հասկանալ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Եթե դա եղավ օրենքի բաց, ես ամեն կերպ պայքարելու եմ, որ այդ մասին բարձրաձայնվի ու հստակ կարգավորումներ, ընթացակարգեր, մեխանիզմներ մշակվեն, որտեղ քաղաքացու, նրա գույքի եւ սեփականության անվտանգությունը չպետք է ստորադասվի որեւէ պաշտոնյայի անվտանգությանը կամ հարմարավետությանը: Վստահ եմ, որ այլ քաղաքացիների հետ էլ նման դեպքեր պատահած կլինին, եւ շատ ուրախ կլինեմ, որ իրենք էլ բարձրաձայնեն, հանրայնացնեն այս հիմնախնդիրը, որը, իրոք, Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում, երբ դա տեղի է ունենում առաջին դեմքի մակարդակով:

- Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Ես էլ մեր կողմից խոստանում եմ, որ անպայման կհետեւենք ընթացքին եւ տեսնենք, թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը:

- Ձեզ շնորհակալություն հրավերի համար:

-Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Ես հիշեցնեմ, որ այսօր տաղավարում հյուրընկալել էի Նարեկ Բոցինյանին: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan