Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կալանքը` խափանման միջոց. ինչպես վարվել իշխանությունների «սիրելի» հոդվածի հետ. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

 

Բերման ենթարկվելու պահին դուք իրավունք ունեք`

.ձեր հարազատներին տեղեկացնել ձեր գտնվելու վայրի մասին
.ստանալ իրավական աջակցություն՝ ընդ որում պետական միջոցների հաշվին
.ստանալ բժշկական օգնություն
.իրազեկվել ձեր իրավունքների մասին
.բողոքարկել կալանավորման որոշումը, որի հաջող ելքի դեպքում պահանջել փոխհատուցում: 

Պետությունը թեև ունի բռնության մենաշնորհ, սակայն քաղաքացիներն ունեն այդ մենաշնորհն օրենքի ուժով չեղարկելու իրավունք: Անձի անձեռնմխելիության խնդիրների մասին զրուցել ենք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ:


- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ:  FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Հայկուհի Հարությունյանն է: Ողջո՛ւյն:

- Բարի լույս:

- Հարգելի ունկնդիրներ այսօր խոսելու ենք անձի անձեռնմխելիության մասին: Ձեր պրակտիկայում ամենաշատը որտե՞ղ են հանդիպում անձի անձեռնմխելիության ոտնահարման դեպքերը:

- Շնորհակալություն այս թեմային անդրադառնալու համար: Ազատության եւ անձի անձեռնմխելիության իրավունքը այն իրավունքներից կամ, պայմանական դասակարգմամբ, ազատություններից է, որտեղ մենք ուղղակիորեն մատնանշում ենք, որ պետությունը դրան միջամտելու ավելի խիստ կանոններ պիտի ունենա, եւ անձը ազատորեն պետք է իր ազատությունը դրսեւորի, տնօրինի: Իսկ այն բոլոր դեպքերում, երբ միջամտության կենթարկվի, դրանք պետք է լինեն խիստ սահմանված օրենքով եւ կոնկրետ այն հիմքերը բավարարեն, որոնք սահմանված են մեր Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով: Հետաքրքիր է, որ ՀՀ-ում ավելի հաճախ խախտվող իրավունքների շարքում հենց անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումն է, որ ոչ միայն մեր, այսինքն՝ տեղական մասնագետների կամ կազմակերպությունների տվյալների հիման վրա է, այլ նաեւ ՄԻԵԴ կողմից ՀՀ-ի դեմ կայացված վճիռներով արդեն արձանագրվել է, որ այս իրավունքը ավելի հաճախ է խախտվում ՀՀ-ում, եւ որ ավելի վտանգավոր է եւ ցավալի նաեւ իրավունքի տեսանկյունից, որ դա ունի սիստեմատիկ բնույթ: Ունենք «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում ԵԴ կողմից, որում նախկինում պաշտոնատար անձը ենթարկվել է միջամտության, սահմանափակվել է նրա ազատությունը, գտնվել է կալանքի մեջ, բայց հետո վիճարկելով հասել է այդ օրինականության վերականգմանը արդեն ԵԴ-ի  որոշման հետեւանքով: Այդ որոոշման մեջ եւս ԵԴ նշում է, որ ՀՀ-ում նախաքննության մարմնի՝ դատարանի գործողությունները միատեսակ են, եւ անձին ազատությունից զրկելու որոշման ժամանակ նախապատվությունը տրվում է ի սկզբանե այդ ազատությունը սահմանափակելուն, եւ այլընտրանքային այն միջոցները, որ կարող են ծառայել այդ նպատակը չեզոքացնելու համար, ընդհանրապես ուշադրության չեն արժանանում: Երբ խոսում ենք անձնական անձեռնմխելիության եւ ազատության մասին, ուղղակի ավելի ընկալելի տարբերակով դա վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ անձը ոստիկանության կողմից բերման է ենթարկվում կամ փողոցում նրա տեղաշարժն ուղղակի սահմանափակվում է, նույնիսկ եթե ֆիզիկապես բաժին չի տեղափոխվում, բայց տեւական ժամանակ գտնվում է ոստիկանության վերահսկողության ներքո, մենք արդեն առնչվում ենք հենց այս անձնական ազատության եւ անձեռնմխելիության  իրավունքին: Դեպքեր կան, երբ անձին առողջության հիմքով տեղափոխում են մասնագիտական բժշկական հաստատություններ, օրինակ՝ հոգեբուժարան: Սրանք նույնպես այս իրավունքի ներքո պաշտպանության ենթակա են: ՀՀ Սահմանադրությունը, որը գրեթե բառացիորեն վերարտադրում է հենց ՄԻԵԴ պրակտիկան եւ այդ կոնվենցիայի ձեւակերպումները, նշում է, որ անձն ունի այդ ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը, եւ յուրաքանչյուր դեպքում, երբ պետությունը հանձինս իր գործակալների (մի դեպքում՝ ոստիկանների, մյուսում՝ այդ բուժհաստատությունների աշխատողների) փորձ է անում անձին զրկել այդ ազատությունից եւ սահմանափակել, պետք է ունենա եւ բավարարի հետեւյալ խիստ պայմանները. առաջինը, որ պետք է առկա լինի՝ հանցագործություն իրականացրած լինելու վերաբերյալ տեղեկատվություն, որը դատարանի կողմից բավարար կգնահատվի, եւ անձի ազատությունը ժամանակավորապես կսահմանափակեն, այսինքն՝ կենթարկեն կալանքի, մինչեւ նախաքննության մարմինը կիրականացնի իր քննությունը եւ կպարզի, արդյոք անձի գործողություններում առկա՞ է հանցագործության հատկանիշներ, եւ անձն արդեն պետք է պատիժ կրի դատարանի որոշման հիման վրա: Այս դեպքում խիստ պարտադիր է դատարանի որոշման առկայությունը, այսինքն՝ ազատությունից զրկելու բոլոր դեպքերի համար մենք օրենքով ունենք պարտադիր պայման, որ դրա վերաբերյալ պետք է լինի դատարանի որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվում մինչեւ 4 ժամ տեւողությամբ, ինչը եւս, ցավոք սրտի, մեծ չարաշահումների  առարկա դարձավ 2016թ.: Կարծում եմ ռադիոունկնդիրները եւս տեղյակ են, իրենց շրջապատում ունեցել են ծանոթներ, ովքեր մասնակցնում էին Խորենացի փողոցում եւ Ազատության հրապարակում տեղի ունեցող հավաքներին եւ որի ժամանակ անձինք ոստիկանության կողմից կամայական բերման էին ենթարկվում: Գրեթե 10 տարիների ընթացքում մենք ՀՀ-ում առաջին անգամ ունեցանք ազատությունից զրկելու այդքան մեծ թվով դեպքեր (բերման ենթարկումներ, կալանք, որի թիվը, ոչ պաշտոնական հաշվարկներով, հասավ 750-ի), այսինքն այս բոլոր դեպքերում ոստիկանությունն ուղղակի կամայականորեն անձանց մեկուսացրեց հավաքների վայրերից, որը արձանագրեցին նաեւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները («Human Rights Watch»,   Amnesty International), ԱՄՆ պետդեպարտամենտն իր տարեկան զեկույցում անդրադարձավ: Այսինքն, արձանագրվեց, որ իսկապես սա արմատապես համակարգային լուծում պահանջող խնդիր է, բայց, ցավոք, պետական մասնակցությունը խնդրի վերացման գործում չափազանց նվազ է: Որպես այդպիսին են կալանքի չարաշահումները, այսինքն, երբ կա ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տվյալներ, ընթանում է նախաքննություն, եւ անձի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվի կալանք կամ այլ միջոց, նախաքննության մարմինը, որպես քաղաքական պատվեր (էլի 2016թ. համար) կիրառեց բացառապես կալանքը:

- Այս կալանքների շրջանակներում քանի՞ տոկոս է կազմում քաղաքական պատվերը:

- Ինչպես արդեն ասեցի, կալանքի կամ անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի հետ կապված հարցը Հայաստանում արդեն արձանագրվել է որպես համակարգային խնդիր: Վերջին հինգ տարիների ընթացքում դատարանների կողմից միջնորդությունների բավարարման քանակը տատանվել է 95-98 տոկոսի միջակայքում.  օրինակ, 2016թ. տվյալներով մենք ունենք 95 տոկոս դուրսբերված,  դատարան ներկայացված միջնորդությունների 95 տոկոսը բավարարվել է: Այստեղ առանձնացված է արդեն այն հանցագործությունների խումբը, որը քաղքական դրդապատճառ կամ միջամտություն ուներ եւ բնութագրվեց որպես ոստիկանության դեմ իրականացված անօրինական գործողություններ, ենթարկվեց որակավորման Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային  անկարգություններ, այնուհետեւ նաեւ ոստիկանության կամ պետպաշտոնյաների նկատմամբ ոտնձգություն եւ բռնի գործողություններ: Ստացվեց, որ այս խմբի նկատմամբ 2016 թ. այս հիմնական հոդվածներով անձինք միանշանակ ենթարկվեցին կալանքների: Մենք ունենք ցավալի դեպք՝ Անդրիաս Ղուկասյանի գործը որը նորից մատնանշվել է որպես քաղաքական հետապնդում եւ ոչ մեկ անգամ: Ստացվում է, որ կալանքի ենթարկված եւ նույնիսկ արդեն դատապարտման ենթարկված անձանց խմբի մեջ Անդրիաս Ղուկասյանը  միակ մարդն է, որը դեռեւս գտնվում է կալանքի մեջ, այսինքն՝ նրան ձերբակալելու պահից մինչ օրս նրա նկատմամբ ազատազրկման ձեւով կիրառված այդ խափանման միջոցը չի փոփոխվել, չնայած առկա են բազմաթիվ միջնորդություններ, դատարանի կողմից քննության է ենթարկվել, բայց ցավով պետք է արձանագրել, որ դրա քաղաքական բնույթը հենց դատարաններն իրենք ընդգծեցին: Մենք ունենք Վերաքննիչ դատարանի որոշում, որտեղ դատավորն Անդրիաս Ղուկասյանին հարցրել է, եթե խափանման միջոցը փոխվի, այսինքն՝ անձն ազատության մեջ գտնվի, կշարունակի՞ արդյոք իր քաղաքական գործունեությունն ու ընդդիմադիր հայացքների իրացումը, եւ դրական պատասխան ստանալով, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, չփոփոխվեց: Նրա նկատմամբ խափանման միջոցը չփոփոխվեց նաեւ ընտրություների ժամանակահատվածում, երբ անձը հանդես եկավ որպես ընտրությունների թեկնածու եւ ուներ իր ընտրազանգվածին կողմնորոշելու եւ քարոզարշավի միջոցով իր օգտին ձայներ հավաքելու իրավունք, բայց նորից ընդգծելով այն հանգամանքը, որ դա քաղաքական հետապնդում է անձի նկատմամբ, նրա խափանման միջոց կալանքը չփոփոխվեց: Ներկայումս եւս դատարանների քննության առարկա է այդ խափանման միջոցի կիրառման օրինականությունը, բայց փաստ է, որ ոչ  մի փոփոխության չի ենթարկվում: Սա ցայտուն դեպք է, բայց ոչ՝ եզակի, եւ այս տեսակի գործերի հիմքով է, որ նորից արձանագրում ենք, որ խնդիրը համակարգային է եւ հրատապ լուծում է պահանջում: Որպես այդպիսին միայն նախաքննության մարմինների կամ հանցագործության հիմքով անձի ազատազրկման դեպքերով մենք չենք սահմանափակվում, ցավոք սրտի. Հայաստանում առկա են դեպքեր, երբ անձը նաեւ, օրինակ, միջանձնային, սեփականության իրավունքի հետ կապված հարցերի հիմունքով հայտնվում է հոգեբուժարանում: Այսինքն, օրենքով եւ սահմանադրությամբ սահմանված պայմաններից մեկը նաեւ այն է, որ այդ իրավունքը կարող է սահմանափակվել, երբ անձի մոտ առկա է այն տեսակի հիվանդություն, որի տարածումը կամ ինքնավնասումը կանխելու համար եւս անձին ազատազրկելը կամ մեկուսացման պայմաններում պահելը թույլատրելի է:

- Ես շատ դեպքերի եմ առնչվում, երբ մարդն իրոք ունի հոգեկան  խնդիրներ, հարազատները փորձում են տեղավորել հոգեբուժարանում, բայց չեն կարողանում, տեղ չկա: Իսկ մյուս տեսանկյունից էլ ունենք մարդիկ, ովքեր ընդհանրապես հոգեբուժարան գնալու ցանկություն ու խնդիր չունեն, բայց հայտնվում են այնտեղ: Այստեղ կրկին այդ կաշառակերությո՞ւնն է, թե՝ սխալ մենեջմենթ կոչվածը:

- Կաշառակերության մասով, այս պարագայում, կարծում եմ խնդիրը մի փոքր այլ դաշտ է տեղափոխվում եւ մեր ընկալմամբ դասական կաշառակերությունն այստեղ ավելի քիչ է գործում: Կոնկրետ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով եթե մենք խոսում ենք կալանքը որպես խափանման միջոց քրեական իրավունքի բնագավառում եւ արդեն տարանջատում ենք ազատազրկում կամ անձի մեկուսացում հոգեկան առողջության հիմքով, այս երկրորդ տարբերակում օրենսդրության կարգավորումներն ավելի թերի են, այսինքն մենք ունենք հոգեկան առողջության հետ կապված կամ այդ խնդիրների կարգավորման վերաբերյալ օրենսդրություն, որտեղ անձին հարկադիր բուժման ենթարկելու համար այն հիմքերը, որոնք պետք է ուղղված լինեն իրավունքի պաշտպանությանը, բացակայում են: Օրինակ, Ձեր նշած տարբերակում, եթե անձն ունի հոգեկան առողջության խնդիր, հարազատի դիմումի հիման վրա մի պարագայում տվյալ բուժհաստատությունը պարտադիր պահանջ է ներկայացնում՝ ապահովել ոստիկանի մասնակցությունը, որպեսզի անձի տեղափոխումն իրականացվի եւ հիմքերի օրինականությունը հաստատվի, մյուս դեպքում ինքը՝ հոգեբուժական հաստատությունը կարող է ներկայանալ եւ անձին տեղափոխել հոգեբուժարան: Այս հարցերի հստակ իրավական կարգավորման համար, ցավոք սրտի, մեխանիզմ չունենք, եւ ստացվում է, որ պրակտիկայում կամայական միջամտությունները շատ են: Այն դեպքում, երբ անձն ունի հոգեկան առողջության խնդիր, այդ կարգավորման բացակայության հետեւանքով դուրս է մնում, բայց մյուս տարբերակում, երբ չկա կարգավորման բացակայությունը, կա այլ դրդապատճառ, նա շատ հեշտությամբ կարող է հայտնվել հոգեբուժարանում:

- Այսինքն պարզապես ինչ-որ մեկի դիմումի հիման վրա ոստիկանները կարող են գալ եւ ինձ տանել հոգեբուժարա՞ն:

- Ստացվում է, որ այո, մեր պրակտիկայում դա հենց այդպես էլ  իրականացվում է: Հոգեբուժական հաստատությունը, իմ գնահատմամբ, հոգեբանորեն ավելի ճնշող տարածք է, քան բանտը: Կալանքի պարագայում անձը, որպես այդպիսին, դեղորայքային միջամտության, այլ հիվանդների եւ բժշկական մասնագիտական անձնակազմի հետ առնչություն չունի: Այս պարագայում անձը հայտնվում է հոգեբուժական հաստատությունում եւ առաջին 72 ժամվա ընթացքում  ինքը պետք է որոշում կայացնի՝ իր կամքով համաձայնո՞ւմ է հետագա բուժմանը: Եթե այդ համաձայնությունը բացակայեց, հոգեբուժական հաստատությունը դիմում է դատարան, որպեսզի դատարանի որոշմամբ շարունակվի անձի հետագա բուժումը հաստատության պայմաններում: Ընդ որում էլի օրենսդրական հստակ կարգավորումների բացակայության հետեւանքով այդ «բուժում» ասվածի տեւողությունը շատ պայմանական է. ո՛չ առողջապահական համաշխարհային կազմակերպության ստանդարտների, ո՛չ իրավական ստանդարտների պարագայում մենք չունենք  հստակ՝ 15, 20, 40 օր տեւողությամբ բուժում: Եւ ստացվում է, որ այսօր ՀՀ հոգեբուժական հաստատություններում ունենք անձինք, ովքեր արդեն տարիներ շարունակ գտնվում են այդ պայմաններում: Այսինքն, այստեղ եւս խնդիրը, որպես այդպիսին, անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի տեսանկյունից ամենաթերի կարգավորվածներից մեկն է եւ հանգեցնում է նրան, որ մենք ունենում ենք նաեւ ցավալի դեպքեր (մամուլը դրա մասին բազմիցս գրել է, անդրադարձել է), նաեւ որպես իրավական հետեւանք՝ պետության դեմ ԵԴ կողմից կայացված որոշումներ, որտեղ ամրագրվում է իրավունքի խախտումը, եւ մեր պետությունը, նաեւ ֆինանսական առումով, պատասխանատվություն է կրում դրա համար: Սա, իհարկե, ցանկալի չէ, եւ լավ կլինի, որ իրավունքն ի սկզբանե չխախտվի, եւ ջանքեր գործադրվեն ոչ թե հետեւանքների վերացման, այլ իրավունքը հարգելու եւ պաշտպանելու համար, առավելապես անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը:

- Իմ կարծիքով երբ կա թերի դաշտ մեր երկրում, ուրեմն չկան շատ նվիրյալ զբաղվողներ այդ խնդրով եւ այդ անպատժելի իրավապահների կողքին, ինձ թվում է, որ մեր իրավապաշտպաններն էլ ինչ-որ չափով թերացումներ ունեն այս հարցում: Սակայն  մենք տեսնում ենք, որ այս կամ այն խնդրին քաղաքացիների իրազեկվածությունը նվազեցնում է այդ դեպքերը:Նույն ՃՈ հետ կապված մարդիկ ինչքան տեսահոլովակներ են տեղադրում, եւ  տեսնում ենք, թե ինչպես ճիշտ պատասխանեցին եւ ճանապարհեցին: Արդյոք մարդկանց իրազեկումը,  իրենց իրավունքներին տիրապետելը կարո՞ղ է ինչ-որ արդյունք տալ, թե պետությունն, այնուամենայնիվ, ունի բռնության մենաշնորհ, եւ եթե լինի ցույց, ապա բացատրություններն ու հոդվածների ընթերցումներն անիմաստ են անցնում:

- Դուք շատ արդարացիորեն նշեցիք, որ Հայաստանում դա պետության, իշխանության մենաշնորհն է, եւ, ցավոք սրտի, արձանագրում ենք, որ վերջին  մի քանի տարիների ընթացքում դա առավել ուժգին է դրսեւորվում: Սկսած 2013թ. յուրաքանչյուր դեպքում, երբ կա հասարակական ընդվզում, հանրային համախմբում՝ հավաքի տեսքով, ոստիկանությունն անմիջականորեն միջամտում է, եւ մասնակիցները ենթարկվում են բերման ոստիկանական բաժիններ: Օրինական տեսանկյունից նման դեպքերում անձի՝ ոստիկանությունում պահվելու առավելագույն ժամանակահատվածը  4 ժամ է: Բայց մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, նույն 2016թ., երբ անձը մինչեւ 23 ժամ գտնվել է ոստիկանության վերահսկողության ներքո ոչ թե բաժիններում, այլ նաեւ ոստիկանության ներքին զորքերի զորամասում, ինչն առավել կոպիտ խախտում է: Այս բոլոր դեպքերում, կարծում եմ, անձինք իրենց իրավունքների մասին քիչ թե շատ տեղեկություններ ունեցել են: Թույլ տվեք այստեղ չհամաձայնել այն դիտարկմանը, թե շահագրգիռ կառույցների աշխատանքն ավելի քիչ է: Նորից պետք է հղում անեմ ԵԴ-ի որոշումների քանակին, հենց կոնկրետ այս իրավունքի խախտման մասով, որ դրանք բոլորը ներկայացվել են հենց այդ շահագրգիռ իրավապաշտպան կառույցների կողմից:

- ԵԴ որոշումները ինչ-որ ազդեցություն, արդյունք ունենո՞ւմ են: Ո՞ր պարագայում առաջընթաց տեղի կունենա:

- Իրավունքի զարգացման ոլորտում ԵԴ որոշումները շատ մեծ նշանակություն ունեն: Այսինքն, ՄԻԵԴ մատնացույց է անում այն խնդիրը, որն առկա է պետությունում եւ իրավունքի խախտման հիմք է դառնում: Հաջորդ փուլում պետությանը տրվում է առաջադրանք կամ ուղղակի մատնանշումից հետո լուծումների համար տրվում է ժամանակ, որի ընթացքում այդ խնդիրները պետք է վերացվեն: Դա ենթադրում է օրենսդրության փոփոխություն եւ պրակտիկայի բարելավում, որպեսզի այդ խախտումների կրկնությունը կանխվի: Բայց այստեղ, ցավոք սրտի, մենք էլի առնչվում ենք պետության քաղաքական կամքին, քանի որ յուրաքանչյուր դեպքում, երբ ձեռնտու չէ, ոստիկանության միջոցով անձի ազատազրկումն ապահովելը իսկ դրանց քանակը վերջերս ավելի շատ է, հավաքը խափանելը, անձանց բերման ենթարկելը դառնում է ոստիկանության համար առաջադրանք. տեսնում ենք, որ շտկումների համար քաղաքական կամքը չի պահպանվում: Պետությունն ուղղակի հեշտ տարբերակով՝ ֆինանսական առումով փոխհատուցում տրամադրելով անձին, գտնում է իր պարտավորությունները, որպես այդպիսին, իրականացած: Բայց այսպես տեւական ժամանակ չի շարունակվի, քանի որ նաեւ դատարանի որոշումների կիրառելիությունն ապահովելու համար կա նաեւ այլ մարմին, եւ թեեւ շատ եզակի դեպքերում է, բայց, օրինակ, մեր հարեւան Ադրբեջանի Հանրապետության վերաբերյալ նախարարների կոմիտեն ԵԴ որոշման չկատարման համար խիստ գործողություների դիմեց: Դա շատ բացասական եւ ոչ ցանկալի հետեւանք է արդեն քաղաքական դաշտում, եւ եթե ՀՀ իշխանությունները եւս շարունակեն նման գործելաոճը, գուցե ՀՀ եւս արժանանա նման ճակատագրի: Բայց ես ընդգծում եմ, որ դա խիստ ոչ ցանկալի քաղաքական հետեւանք է պետության համար արդեն միջազգային հարթությունում: Այստեղ այդ խնդիրների վերացման համար պարտավորությունը տեղական մակարդակում կատարելը լավագույն լուծումն է միջազգային քաղաքական խնդիրներից խուսափելու համար: Այստեղ հասարակական պահանջարկի ձեւավորման համար մենք շատ ավելի ջանասիրաբար եւ տեւական ժամանակ է, որ աշխատում ենք: Նույն   2016թ-ի խնդիրների արձանագրումը, փաստաթղթավորումը եւ արդեն դրա հիման վրա կա՛ն ԵԴ ուղարկված բազմաթիվ բողոքներ հենց անձնական անձեռնմխելիության եւ ազատության իրավունքի խախտման հիմքով, ինչը գուցե հիմք հանդիսացավ, որ 2016թ. հետո  ԵԴ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, գլխավոր դատախազը, նույնիսկ ՀՀ նախագահը հենց կալանքների խնդրին անդրադարձան: Այսինքն, հասարակական մակարդակում կալանքների քանակական տվյալների վերաբերյալ անձանց մտահոգությունը բարձրացվեց նաեւ քաղաքական մակարդակում, ինչն ազդակ է, որ մենք տեղյակ ենք, բայց հասարակությունն ակնկալում է տեղյակ լինելուց բացի դրանց վերացմանն ուղղված քայլեր, ինչը, ցավոք սրտի, քաղաքական զուտ վերջին զարգացումների եւ նման ռեժիմի առկայության պարագայում քիչ հույս է ներշնչում: Բայց ես քաղաքացիներին իրազեկման տեսանկյունից ասեմ նաեւ, որ շատ կարեւոր է, որ քաղաքացին հետեւողականորեն պնդի իր այն նվազագուն իրավունքների պահպանումը, որը խիստ անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր դեպքում ոստիկանության կողմից բերման ենթարկվելու, կալանավորման կամ այլ տարբերակով ազատությունից զրկման դեպքում: Թ՛ե  նույն ԵԴ-ի, թե՛ Եվրոպական Կոնվենցիայի, թե՛ ՀՀ Սահմանադրության, Վճռաբեկ դատարանի որոշումներով հստակ նշվել է, որ անձն ունի նվազագույն իրավունքների պարտադիր պաշտպանության իրավունք: Դրանցից առաջինն այն  է, որ ազատությունից զրկվածն իրավունք ունի անհապաղ իր մերձավորներին իր գտնվելու մասին տեղեկացնելու, այսինքն, դա հեռախոսազանգի իրավունքն է: Հաջորդը, որը խիստ կարեւոր է, իրավական աջակցության, այսինքն, ոստիկանության կամ նախաքննության մարմնի հետ առնչություն ունենալու հենց սկզբնական պահից անձն իրավական աջակցություն ստանալու իրավունք ունի, ընդ որում դա կարող է տրամադրվել պետության  միջոցների հաշվին՝ անվճար տարբերակով, կամ, եթե անձն ունի իր վստահելի փաստաբանը, կարող է օգտվել նրա ծառայությունից: Ունի  նաեւ բժշկական օգնություն ստանալու իրավունք, եթե ազատազրկման ընթացքում տեղի է ունենում առողջական որեւէ խնդրի սրացում կամ ուղղակի ինքնազգացողության վատացում: Անձն ունի նաեւ իրավունք տեղեկանալու եւ ծանոթանալու իր այն իրավունքներին եւ ազատություններին, որոնք սահմանափակվում են, եւ այն գործողություններին, որոնց ինքը  կարող է դիմել դրանք պաշտպանելու համար, այսպես կոչված «իրավունքների իրազեկման թերթիկ», եւ այստեղ նորից ես խորհուրդ կտամ, որ այդ տեսակի թերթիկները ոչ թե մեխանիկորեն ստորագրեն, որովհետեւ ծանոթացնելը նախաքննության մարմնի կամ ոստիկանի համար ենթադրում է, որ ընդամենն ունենան ֆորմալ առումով անձի ստորագրություն: Բայց անձի համար շատ կարեւոր է, որ տող առ տող, կետ առ կետ կարդալով պահանջ դնի այդ մարմնի առջեւ, որպեսզի դրանց իրականացումն ապահովի: Եւ այնուհետեւ բողոքարկման իրավունքն է, որը շատ կարեւոր է, որ եթե անձն օրինականության տեսանկյունից իր ազատազրկումը դիտարկում է խնդրահարույց, իրավունք ունի դիմելու դատական կարգով պաշտպանելու իր այդ իրավունքը եւ վերականգնելու օրինականությունը: Եւ յուրաքանչյուր դեպքում, երբ դատական համակարգով կհաստատվի, որ ազատազրկումը եղել է ոչ իրավաչափ, ոչ օրինական, անձը նաեւ փոխհատուցում ստանալու իրավունք ունի: Սա որպես իրավունք անհրաժեշտ է իրացնել, ու նաեւ ներքին ընդվզման միջոց դարձնելով՝ ապահովել, որ անձնական անձեռնմխելիության եւ ազատության իրավունքն արժանանա այն հարգանքին, որը  պետությունը վերցրել է իր վրա՝ որպես պարտավորություն: Ասեմ նաեւ, որ ՀԿ-ները, նույնիսկ՝ Փաստաբանների պալատը, Հանրային պաշտպանի, ՄԻՊ գրասենյակներն այս խնդիրներին անդրադառնում են: Այսինքն՝ անձի համար ցանկության պարագայում իր իրավունքների պաշտպանության համար խնդիր չպետք է հանդիսանա, եւ յուրաքանչյուր դեպքում, երբ անձը ոստիկանության կողմից բերման կենթարկվի, նախաքննության մարմնի կողմից նրա նկատմամբ կալանքը կկիրառվի որպես խափանման միջոց, անձը կարող է դիմել եւ ստանալ համարժեք պաշտպանությունը: Ընդ որում, այստեղ մեծ դեր կատարեցին եւ պետք է իսկապես գնահատել նաեւ լրատվամիջոցների աշխատանքը, քանի որ 2016-ի դեպքերի մեծ մասն արձանագրվեց հենց լրագրողների գործունեության հետեւանքով, եւ դրանք այն փաստերն են, որոնք հերքելու հնարավորություն պետությունն ավելի քիչ ունի. կադրերի եւ տեղեկությունների, հոդվածների միջոցով անձանց վերաբերյալ տվյալները հրապարակվեցին անընդհատ, ուղիղ եթերները ցույց տվեցին, թե ոստիկանությունն ինչպիսի գործողություններ է իրականացնում կոնկրետ անձին բերման ենթարկելու ընթացքում նաեւ:

- Դուք շատ լավ ուսումնասիրել եք դաշտը, իմանալով ՀՀ վիճակը, խնդիրները, քաղաքական համակարգը, իշխանափոխության մեխանիզմները: Կա՞ն արդյոք օրենսդրական լուծումներ, որ առկա համակարգում, պայմաններում հնարավոր էր կարճ ժամանակում հասնել հաջողությունների այս ոլորտում:

-Այս ոլորտի հետ կապված եթե ես առանձնացնեմ միայն քրեադատավարական ոլորտը, կալանքի եւ բերման ենթարկելու դեպքերը կամ դրանց չարաշահումները ոչ այնքան օրենսդրական կարգավորումների, այլ արատավոր պրակտիկայի հետեւանք են:

-Ինչպե՞ս հարկադրել պետությանը, որ այս քայլին չգնա:

-Քաղաքացիական ակտիվությամբ եւ քաղաքացիական իրավագիտակցության իրացման միջոցով: Շատ կարեւոր է տեղյակ լինել իրավունքներին, բայց եթե անձը բավարար ջանք չի գործադրում դրանց իրացումն ապահովելու համար, այդ ռեժիմն անընդհատ կարողանալու է ներխուժել մեր տարածք եւ այդ իրավունքների սահմանափակումը դարձնել իրավաչափ պրակտիկա, ինչն ունենք այսօր: Իսկ ինքնագիտակցության եւ իրավագիտակից քաղաքացու կողմից իր իրավունքների իրացման պարագայում մենք կարողանում ենք այդ տեսակի քաղաքականությունը ճեղքել, ինչը կարծում եմ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների խնդիրն է:

- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Հայկուհի Հարությունյանն էր: Շնորհակալություն:

 

 



 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan