Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դե ապացուցի՛ր, որ հաշմանդամություն ունես. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

 

ՀՀ-ում հաշմանդամության կարգ հաճախ ոչ թե ստանում են, այլ կորզում: Քսան տարվա ԲՍՓ աշխատակցի հետ հաշմանդամության կարգի շուրջ վիճելու համար պետք է ունենալ առնվազն չորսամյա բժշկական կրթություն, իսկ իրավունքի ոլորտում՝ մագիստրոսի աստիճան: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանի խոսքով՝ մոտ ապագայում հաշմանդամություն ունեցող անձինք մոռանալու են այս մղձավանջը: Ինչպե՞ս:

- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ:  FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանն է: Ողջո՛ւյն:

- Բարեւ Ձեզ:

- Տիկին Սիմոնյանն արդեն 40 տարվա փորձ ունի այս ոլորտում: Ինքս էլ, զբաղվելով զինհաշմանդամների խնդիրներով, միշտ հետեւում եմ այդ ոլորտի նորություններին,  փորձագետների վերլուծություններին: Մի այսպիսի հոդված եմ կարդացել, որ եթե սոցիալական աշխատողը 5 տարուց ավել նույն ոլորտում է լինում, զգայական հմակարգը, որ նաեւ առաջ մղիչ ուժ է հանդիսանում որոշ խնդիրների լուծման համար, կամաց-կամաց վերանում է մարդու մեջ, ինչպես բժշկի պարագայում է՝ եթե չդառնա սառնասիրտ, չի կարողանա շարունակել իր գործունեությունը: Բայց հատկապես նշվում էր, որ սոցաիալական աշխատողը գոնե 5 տարին մեկ պետք է փոխի իրենց գործողությունների շրջանակը, որպեսզի կարողանա նոր օրենքներ մտցնել, չսովորի հաշմանդամներին, ինքը լինի որպես առաջ մղիչ ուժ այդ ոլորտի բարեփոխումների համար:  Այլ երկրներում սոցիալական ոլորտում շատ մեծ տեղ էր տրվում սոցաշխատողի դերին, նրա մարդկային հատկանիշներին, գործունեությանը, որը կազդեր նաեւ այդ շահառուների վրա: Արդյոք համաձա՞յն եք նման մոտեցման հետ:

- Իհարկե: Մենք համարվում ենք   սոցիալական համակարգի աշխատողներ, այսպես թե այնպես առնչվում ենք նման հարցերի հետ: Սոցիալական աշխատողը պետք է ժամանակ առ ժամանակ ե՛ւ վերապատրաստումներ անցնի, ե՛ւ խորացնի իր գիտելիքները, ե՛ւ փորձի փոխանակում կատարի, ե՛ւ փորձ ձեռք բերի: Դրա համար ինստիտուտներ են աշխատում եւ մշակում համապատասխան փաստաթղթեր, որպեսզի կարողանան ուսուցանել եւ խորացնել այդ մարդկանց գիտելիքները տվյալ ոլորտում: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր բնագավառին, այո, շատ ծանր, էմոցիոնալ ֆոն ունեցող համակարգ է, որովհետեւ երբ անձը գալիս է բժշկասոցիալական փորձաքննության, արդեն անցել է ուղի, առողջական խնդիր է ունեցել, դիմել է տարածքային պոլիկլինիկա, այնտեղից ուղեգրվել է որեւէ ստացիոնար բուժհաստատություն, հետո վերականգնողական բուժում է ստացել, եթե  անաշխատունակության թերթիկ է ստանում, ապա շաբաթը մեկ անգամ պետք է գնա այն երկարացնելու համար: Մեր օրենսդրական ակտերով ամրագրված է, որ եթե բուժումը սկսելուց հետո 3 ամսվա ընթացքում օրգանիզմի ֆունկցիան չի վերականգնվում, ապա պետք է ուղեգրվի բժշկասոցիալական փորձաքննության կամ, եթե ժամկետանց գործ է, ապա դիմի: Այսինքն՝ այդ ամբողջ ուղին անցնելու ժամանակ իր մոտ առաջանում են համապատասխան հարցեր, կամ լինում են այնպիսի վիճակներ, որ ոչ միայն առողջական խնդիրն է առաջ մղվում: Եւ երբ գալիս է փորձաքննության, սկսում է պատմել իր սոցիալական վիճակից, ընտանիքից, երեխայից, եւ այդ պահերը փորձաքննություն անցկացնողների վրա է. չէ՞ որ դիմացը մարդ է նստած, այդ բոլորը լսում է: Տարիներ առաջ, երբ ես մեկ այլ հանձնաժողովի նախագահ էի՝ աշխատում էի հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հետ, շատ էի խորանում այդ հարցերի մեջ, մասնագետներն ինձ բացատրեցին, որ չպետք է շատ խորանալ, որովհետեւ դա նաեւ ինդուկցվում է, այսինքն՝ սկսում ես ապրումներ ունենալ, որոշ բաներ վերագրել քեզ: Իսկ փորձաքննություն անցկացնելիս օբյեկտիվությունը պահպանելու համար պետք է սառնասրտություն՝ այդ բոլորը խոհեմ ձեւով քննարկելու եւ վերլուծելու համար:

- Ես, զբաղվելով զինհաշմանդամների խնդիրներով, չեմ ճանաչում որեւէ զինհաշմանդամի, որը բժշկական փորձաքննության ընթացքում չի ունեցել խնդիրներ սոցապնախարարության, հետո՝ ՎԱԾ-ի (վերականգնողական անհատական ծրագիր), թերթիկ վերցնելու հետ: Տղաները նշում էին, որ շատ է թղթաբանական քաշքշուկը՝ թուղթը բեր, տար, նորը բեր, նորը տար: Ասում էին նաեւ, որ այստեղ շատ հաճախ կայացվում էին կամայական վճիռներ. մի զինհաշմանդամի, որը բացարձակ աշխատունակ չէ, տրվում է հաշմանդամության 3-րդ կարգ, իսկ մյուսին, որ սայլակի վրա չէ, ուրախ-զվարթ քայլում է, տրվում է 1-ին կարգ. նման տղաների առկայությունը շատ-շատ է: Որպես մասնագետ ի՞նչ կարծիքի  եք՝ Ձեր ոլորտի խնդիրները կադրայի՞ն են, օրենսդրակա՞ն, թե՝ ենթաօրենսդրական, ինչպե՞ս պետք է բարեփոխել այս համակարգը, որ մեր քաղաքացիները դժգոհություն չունենան կամ, գոնե, նվազեն դժգոհությունները: Հիմնական խնդիրը ո՞րն է:

- Երբ օրինակ բերեցիք, որ ծանր եւ թեթեւ հիվանդները տարբեր կարգեր ունեն, այդ «ծանր»-ը եւ «թեթեւ»-ը հարաբերական հասկացություններ են: Հայաստանի Հանրապետությունում այսօր գործում են ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենսդրական ակտեր՝ ներառված մեկ մեծ ժողովածուի մեջ: Կոնկրետ հաշմանդամություն սահմանելու համար այսօր գործում է ՀՀ կառավարության 2003թ. թիվ 780 որոշումը, որտեղ հստակ նշված է, թե անձին որ դեպքում հաշմանդամության ինչ խումբ պետք է սահմանել: Չի կարող պատահել, որ անձը լինի 1-ին խմբի հաշմանդամ, այսինքն՝ ունենա այնպիսի հիվանդություն, որը բերել է ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարման եւ կենսագործունեության 3-րդ աստիճանի սահմանափակման, ճանաչվի հաշմանդամության 3-րդ խումբ, դա անհնար բան է: Կարող են լինել շեղումներ, բայց որ այդպիսի կտրուկ տարբերություն  լինի՝ ես դրան համաձայն չեմ:

- Խոսում ենք տարբեր ոլորտների մասնագետների հետ, ասում են, որ այս օրենքը բարեփոխման խնդիր ունի: Դուք այդ օրենսգիրքը, սահմանումներն արդյոք օբյեկտի՞վ եք համարում:

- 2003թ. ՀՀ կառավարության ընդունած որոշման մեջ պարբերաբար փոփոխություններ են տեղի ունենում, վերջինը եղել է 2015թ.: Հիմա մեր համակարգում ոլորտը բարեփոխման ընթացքում է, փոխվում են 5 օրենսդրական ակտեր եւ հաշմանդամության սահմանման չափորոշիչներ: Այսօր ընդունվելու է ԱՀԿ-ի ֆունկցիաների միջազգային դասակարգիչների համապատասխան գնահատում իրականացնող չափորոշիչներ, այսինքն՝ դրվելու են կոդեր, որակիչներ, որոնց համաձայն գնահատվելու է անձը, նրա կարիքը, եւ սահման է դրվելու, թե որ  սահմանափակման դեպքում անձը հաշմանդամ կճանաչվի եւ դրան համապատասխան ինչ ծառայության կարիք ունի: Այսինքն՝ շեշտը դրվելու է կարիքի գնահատման եւ ծառայության մատուցման հիման վրա: Եթե անձը 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչվեց եւ  որոշակի չափի կենսաթոշակ է ստանում, որոշ արտոնություններից է օգտվում, ու  մի մասը չի կատարվում, որովհետեւ ՎԱԾ-ը, որ Դուք նշեցիք, լրացվում են անձանց նկատմամբ, բայց դրանք այսօր լիարժեք չեն օգտագործվում: Շատ կազմակերպություններ ուղղակի անտեսում են ՎԱԾ-ում գրված այդ պահանջները, ծառայությունները, որոնք պետք է մատուցվեն, որովհետեւ բժշկասոցիալական փորձաքննության մարմինը որոշում կայացնող է, իրագործող չէ. նա կարող է միջամտել իրագործմանը, բայց ինքն անձամբ չի կարող  իրագործում կատարել: Այդ պատճառով բարեփոխումներն այս ուղղությամբ են գնալու: Օրենսդրական ակտերի բարեփոխման մեջ մյուս փոփոխությունը լինելու է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ամբողջ գործընթացը, այսինքն՝ այսօրվա գործող մշտական հանձնաժողովների (ԲՍՓՀ) փոխարեն լինելու է ռեեստրում գրանցված համապատասխան մասնագիտությամբ բժիշկ-փորձագետ: Երբ անձը պետք է անցնի փորձաքննություն, պատահականության սկբունքով ընտրվելու է այն մասնագետը, ով այդ օրը մասնակցելու է փորձաքննությանը, որոշման կայացմանը, որից հետո այլեւս այդ անձի հետ հանդիպում չի լինելու: Մյուս փոփոխությունն այն է, որ առողջապահական համակարգում անձին տրվող ուղեգիրը (ձեւ 88) փոխարինվում է օգտաքարտով, այսինքն՝ ե՛ւ կրկնակի, ե՛ւ առաջին անգամ փորձաքննվող անձանց համար լրացվելու է օգտաքարտ: Օգտաքարտն էլէկտրոնային տարբերակով լրացվող բավականին ծավալուն փաստաթուղթ է, եւ  այս օրենսդրական փոփոխություններից հետո էլ թղթաբանական քաշքշուկը չի լինելու, որովհետեւ ներդրվելու է առողջապահական էլէկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, որը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմիններին թույլ է տալիս այդ փաստաթղթերը ստանալ էլեկտրոնային տարբերակով: Այդ օրենսդրական ակտերում ամրագրված է, որ անձն իր դիմումը կարող է ուղարկել փոստով, էլեկտրոնային տարբերակով, արդեն երկար տարիներ գործող կայքէջին, այսինքն՝ անձի ներկայանալը պարտադիր չէ, կարող է ուղարկել իր ներկայացուցչի միջոցով: Տեսեք՝ ինչքան փոփոխություններ են լինելու:

- Ինքս գրեթե ամեն օր առնչվում եմ այս ոլորտի աշխատակիցների հետ, եւ, եթե չեմ սխալվում՝  անցյալ տարի, պրն. Արմեն Սողոյանի հետ հանդիպման ժամանակ իրենք ասում էին, որ մարդ կարող է հաշմանդամություն ստանալ ոչ միայն 3 ամսվա, այլ նաեւ 3 օրվա ընթացքում, այսինքն՝ եթե կատարվել է ոտքի ամպուտացիա, ապա կարիք չկա, որ այդ օրվանից 3 ամիս անցնի: Սակայն շատ-շատերը, նույնիսկ սոցապ ոլորտի աշխատակիցները, այդքան էլ տեղյակ չէին կամ շատ հաճախ մեր զինվորներին ասում էին՝ մինչեւ ԿՌԲՀ որոշումը չլինի, այսինքն՝ փորձաքննությունը չավարտվի, դուք չեք կարող դառնալ քաղաքացիական հաշմանդամ: Կամ, ասենք, վթարի հետեւանքով քաղաքացու մի ոտքն ամպուտացվել է, ողնաշարը՝ կոտրվել, պառկած է հիվանդանոցում,  քանի՞ օր հետո կարող է դիմել եւ որտե՞ղ կարող է կարդալ ուղեցույցը, թե ինչպես ստանա հաշմանդամության կարգ:

- Քայլ առաջին. բացում է hhbsp.am կայքէջը, որտեղ  Հարց ու պատասխան բաժնում դրված է բոլոր հարցերի պատասխանը՝ որտեղ գնալ, ինչ փաստաթղթեր ներկայացնել, որտեղ դիմել բժշկասոցիալական փորձաքննության եւ այլն: Երկրորդ. մենք ունենք թեժ գիծ, որտեղ  ինքը կարող է դիմել (ուղղակի այս տեղափոխման պատճատով ժամանակավորապես անջատել են հեռախոսը, կարող է զանգահարել 114 անվճար հեռախոսահամարին) ու իրեն լիարժեք պատասխան կտան: Մյուսը. կա Առողջապահության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների  թիվ 42-Ն 13,36 հրամանը, որտեղ գրված են այն հիվանդությունների եւ վնասվածքների տեսակները, որոնց դեպքում  երեք ամսվա դիտարկում չի պահանջվում, ինչպես Ձեր բերած օրինակում. եթե անձի մոտ կա անդամահատում (անդամահատել են, վերքը փակվել է, ամեն ինչ լավ է), եւ նա այլեւս չունի բուժման կարիք, նա կարող է ոչ թե երեք ամիս  սպասել, այլ՝ երբ ուղեգրի այն բժշկական կազմակերպությունը, որտեղ ինքը պառկած է, բուժվում է (ձեւ 88): 2016թ. ապրիլյան դեպքերի ժամանակ վնասվածք ստացած մեր զինվորներին օգնելու եւ առաջացած խնդիրները կարգավորելու համար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար պրն. Ասատրյանը աշխատանքային խումբ ձեւավորեց, որի մեջ ընդգրկված էի նաեւ ես: Զինվորների մեծ մասը բուժվում էր հոսպիտալում, այնտեղ պետք է լրացվեր 088 ձեւը: Ես այդ ձեւը պատրաստեցի, տպել տվեցի, ինձ հետ տարա, սկզբնական շրջանում օգնեցի   (բժիշկները դեռ այդ գործի հետ չէին առնչվել), հետո իրենք շատ հանգիստ սկսեցին լրացնել: Մեր տարածքային մարմինները՝ ԲՍՓՀ-ները, հանձնարարական ստացան. ովքեր չէին կարող  գալ, իրենք էին գնում հիվանդանոցներ, նայում եւ որոշում կայացնում: Այսինքն՝ այդ խնդիրը վաղուց լուծված է:

- Մենք հոսպիտալում պառկած մի զինհաշմանդամ ունեինք՝ Արցախից, եւ մեկը՝ Վանաձորից, եւ նրանց հարցը որեւէ կերպ չէր լուծվում: Արցախից կամ Վանաձորից զինհոսպիտալ հասնելու խնդիր կար, իսկ աշխատակիցներն ասում էին, որ նրանց գալը պարտադիր է: Ինչպե՞ս է լուծվում այս հարցը, եթե մարդը 1 տարի պառկած է զինհոսպիտալում կամ քաղաքային հիվանդանոցում (պարզապես քաղաքացի է):

- Այդ հարցը վաղուց լուծված է եւ ՀՀ կառավարության 2006թ. թիվ 276 որոշման մեջ այդ դրույթը շատ գեղեցիկ ձեւակերպված է. Անձը կարող է անցնել բժշկասոցիալական փորձաքննության իր հաշվառման կամ ժամանակավոր բնակման վայրում: Այսինքն՝ եթե Արցախի բնակիչը հոսպիտալում է, ապա բժշկական փաստաթղթերը (ձեւ 88) պետք է լրացնի հոսպիտալը, որի մեջ պետք է նշվի, որ տվյալ անձը այսինչ օրվանից մինչ օրս գտնվում է բուժման մեջ: Այդ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվում է գործակալություն: Գործակալության պետը հանձնարարական է տալիս տվյալ տարածքը սպասարկող ԲՍՓ-ին. վերջինս հիվանդանոցում փորձաքննություն է անցկացնում,  որոշում կայացնում: Քաղվածքն ուղարկվում է կենսաթոշակային մարմին, իսկ բժշկասոցիալական փորձաքննության որոշումը տրամադրվում է անձին:

- Ես լսել եմ, միգուցե սխալ վերլուծություն է եղել, որ եթե  ինձ առաջին անգամ մերժում են, ես բողոքարկում եմ, ապա երկրորդ անգամ կրկին նույն հանձնաժողովն է քննում եւ մերժում: Քանի՞ անգամ մարդը կարող է բողոքարկել վճիռը:

- Եթե մարդը փորձաքննության որոշման հետ համաձայն չէ, կարող է երկու ամսվա ընթացքում դիմումի ձեւը լրացնել այդ ԲՍՓ-ում (իրենց մոտ դիմումի ձեւ կա, որպեսզի քաղաքացին չգնա հասնի գործակալություն): ԲՍՓ-ի նախագահը կապվում է գործակալության համապատասխան բաժնի հետ, ճշտում օրն ու ժամը, թե երբ պետք է այդ մարդը գնա վերափորձաքննության վերադաս մարմնում եւ քաղաքացուն տալիս է փաստաթուղթ, թե երբ, որ ժամին եւ որ հասցեով գնա: Սխալ կարծիք է, թե նույն անձինք են վերաքննում, որովհետեւ գործակալությունը գտնվում է Արմենակյան 129 հասցեում (Նորք-Մարաշ): Այդ բոլոր փաստաղթղերը, դիմումներն ուղարկվում են գործակալություն, գործակալության պետը մակագրում է վերափորձաքննության բաժնի պետին՝ վերափորձաքննություն անցկացնելու եւ անձի նկատմամբ որոշում կայացնելու համար: Անցած տարի մենք 1500 բողոք ենք ունեցել, որից 17 որոշում փոխվել է, այսինքն, եթե վերադաս մարմինը փորձաքննության ընթացքում գալիս է այն եզրակացության, որ ԲՍՓ-ն օրենսդրական ակտերը ճիշտ չի կիրառել կամ ինչ-որ բացթողում է եղել, ապա որոշումը փոխում եւ մարդուն տալիս են նոր որոշում: Դա վաղուց լուծված հարց է,  երեւի տեղեկատվության բացակայություն է: Բայց եթե իրենք ուշադիր լինեն՝ բոլոր ԲՍՓ-ների պատերին փակցված է բողոքարկման կարգը, ժամկետները, տեղը, նաեւ՝ թեժ գծերի համարները: Լինում են հատուկենտ մարդիկ, որ մեր ընդունելության ժամանակ իրենք են գալիս գործակալություն եւ բողոքը ներկայացնում: Մենք բացատրում ենք, իրենք հասկանում, շնորհակալություն են հայտնում եւ գնում:

- Ես հիշում եմ, որ երկար ժամանակ խոսվում էր նաեւ, որ այդ գործակալություններն առհասարակ պետք է փակվեն, եւ նոր տիպի կառավարման համակարգ մտնի այս ոլորտ: Ե՞րբ սպասենք այդ բարեփոխումներին:

- Եթե հետեւում եք, ապա լսել եք, որ հանրապետության վարչապետն ասեց, որ մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայացվեն ԲՍՓ բարեփոխումների օրենսդրական ակտեր: Այդ ակտերի նախագծերն արդեն պատրաստ են, համապատասխան գերատեսչական մարմիններն իրենց կարծիքները  ներկայացրել են, եւ ես տեղեկացվել եմ, որ նախարարությունն այդ օրենսդրական ակտերի նախագծերը կներկայացնի ՀՀ կառավարություն: Երբ կառավարությունը որոշումն ընդունի, ժամկետ կնշի, թե երբվանից է մտնելու գործողության մեջ, եւ կսկսեն աշխատել այդ նոր ստեղծված համակարգով: Իսկ այդ նոր օրենսդրական ակտերի նախագծերում շատ բան է փոխվել. մտցվում է փաստաթղթային փորձաքննությունը, որն այսօր չի կատարվում: Արդեն գրված եւ մշակված են այն մեթոդական ուղեցույցերը, որտեղ ներառված են այն հիվանդությունները եւ նրանց ֆունկցիոնալ խանգարումները, որտեղ փաստաթղթով է որոշումը կայացվելու, այսինքն՝ անհրաժեշտ չէ, որ անձը գա, հասնի փորձաքննության եւ որոշումը ստանա: Ռեեստրի մասին արդեն ասեցի, որ պետք է պատահականության սկզբունքով լինի, որ մարդն ամեն տարի գնալուց նույն հանձնաժողովի հետ չառնչվի: Մյուսը լինելու է օգտաքարտի ներդրումը, որը լրացվելու է բժշկական հաստատության կողմից եւ շատ մանրամասն տեղեկատվություն է տալու անձի առողջական վիճակի, բուժման, հետազոտությունների ամբողջ ուղու մասին:

- Իսկ կա՞ն կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մեխանիզմներ, որովհետեւ հենց անցյալ տարի տեսանք, թե ինչ կատարվեց այդ համակարգում. հաղորդում եղավ այն մասին, որ եղել են չարաշահումներ եւ կոռուպցիոն գործարքներ: Որո՞նք են երաշխիքները, որ այս նոր բարեփոխումները նվազեցնելու  են կոռուպցիոն ռիսկերը:

- Այդ նախագծի մեջ ներառված է մի շատ կարեւոր դրույթ, որ փորձաքննություն անցկացնելիս տեսաձայնագրող սարքեր են տեղադրվելու: Սա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ դրսում կամ ներսում շրջանառվող խոսակցություններ այլեւս չեն լինի: Վերջերս ՄԱԿ-ի հրավերով Հայաստանում էր գտնվում Սանկտ Պետերբուրգի բժիշկ-փորձագետների վերապատրաստման ինստիտուտը, եւ նրանք ասացին. «Երբ մենք 3 տարի առաջ այդ տեսաձայնագրող սարքերը տեղադրեցինք ԲՍՓ իրականացնող սենյակներում, քաղաքացիների բողոքը կիսով չափ պակասեց»: Եթե քաղաքացին դիմի լրատվամիջողներին, ապա բողոքի հիման վրա կստուգվեն տեսաձայնագրությունները, եւ քաղաքացին էլ չի կարող ասել, որ իր նկատմամբ արդար չեն վարվել: Փորձագետը եւս գիտի այս մասին եւ չի կարող փորձաքննությունն այլ ձեւով անցկացնել, իրեն այլ ձեւով պահել: Օրինակ, էլէկտրոնային տարբերակով փաստաթուղթ ընդունելը. մարդուն չես տեսնում, ինքը փորձագետին չի ճանաչում: Այսօր քաղծառայության խորհրդում ինչպե՞ս է՝ գնում ես քաղծառայության մրցույթին կամ ատեստացիային, չգիտես, թե ով կլինի հանձնաժողովում: Թվարկածս բոլոր օրինակները միտված են օբյեկտիվությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը վերացնելու եւ քաղաքացիների ընդունելության չափորոշիչները  փոփոխելու համար:

- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգող խորհրդատու Անուշ Սիմոնյանն էր: Շնորհակալություն:

 

 

 

 

 

 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan