Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչպես ասում են՝ «Մարդ լինի, հոդվածը կգտնենք». «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Քաղբանտարկյալներ միշտ էլ ունեցել ենք: Բայց այս քաղբանտարկյալներն էապես տարբերվում են իրենց նախորդներից. Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի գործերն էապես տարբերվում են այն առումով, որ իշխանությունները փորձել են ինչ-որ կերպ «փաթեթավորել» և մարդուն որպես հանցագործ ներկայացնել մեր հասարակությանը, միջազգային հանրությանը: Մտածել են մեղադրանքներ, գտել են վկաներ: Այս վերջին դեպքերում մենք արդեն տեսնում ենք վերադարձ ոչ թե խորհրդային, այլ խորհրդային շրջանի ստալինյան իրականություն, երբ ապացույցն արդեն կարևոր չէ. կարելի է վերցնել մարդուն, նրա վրա հոդված դնել և շատ երկար՝ 8, 10 և ավել տարիներով բանտ նստեցնել: Այս կարծիքին է իրավապաշտպան Վարդան Հարությունյանն, ով «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկման հյուրն է:

- Ողջույն, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է: Ողջո՛ւյն:

- Բարեւ Ձեզ:

- Այսօր կրկին խոսելու ենք քաղկալանավորների, քաղբանտարկյալների մասին: Օրեր առաջ մեր արդարադատության նախարարը նշեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. դրան հաջորդեցին տարբեր ելույթներ, որ Հայաստանում ընդհանրապես չկա արդարություն եւ Արդարադատության նախարարություն: Ինչո՞ւ է քաղբանտարկյալների առկայությունը եւ դրանց գոյության փաստումն այդքան անցանկալի իշխանությունների համար:

- Առաջ՝ մինչեւ 2-րդ համաշխարհային պատերազմի վերջը, երբ մտածվեց, գրվեց, հրապարակվեց եւ ՄԱԿ-ի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, աշխարհի երկրները ճանաչում էին իրենց երկրների տարածքում եղած քաղբանտարկյալներին: Դա նորմալ էր. կային դիկտատորական կամ ոչ ժողովրդական երկրներ, որոնք իրենց քաղաքական հակառակորդներին հալածում էին: Դա միշտ էլ եղել է մարդկության պատմության մեջ: Օրինակ, ցարական Ռուսաստանում (այդպես եղել է աշխարհի շատ, նաեւ՝ եւրոպական երկրներում) նույնիսկ հատուկ կարգ կար, որ իրենց արդարադատության նախարարն էր ստորագրում եւ հաստատում քաղբանտարկյալների պայմանները, որոնք պետք է տարբերվեին քրեականների պայմաններից: Բայց Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի ընդունումից հետո բոլոր այն երկրները, որոնք ընդունում էին Հռչակագիրը եւ դրանից բխող միջազգային նորմերը, բնականաբար, իրենց տարածքում քաղբանտարկյալներ չպետք է ունենային. եթե դու հարգում ես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ուրեմն պետք է  չունենաս:  Եւ ի՞նչ տեղի ունեցավ. այն երկրները, որոնք շարունակում էին հետապնդել իրենց քաղաքական հակառակորդներին, այդպես էլ շարունակում են: Բայց քանի որ ընդունել են այդ պայմանագիրը եւ արդեն չեն կարող պաշտոնապես հայտարարել քաղբանտարկյալների մասին, ապա բոլորը քրեական հանցագործներ են եւ վերջ: Այսօր այդ համատեքստում պետք է դիտարկենք ե՛ւ Հայաստանը, ե՛վ հայաստանյան չինովնիկներին: Ես չեմ ցանկանում անդրադառնալ կոնկրետ առանձին վերցրած չինովնիկի, կլինի դա արդարադատության թե գյուղատնտեսության նախարար, որովհետեւ Հայաստանում եղած չինովնիկները որեւէ կապ չունեն Հայաստան պետության եւ ընդհանրապես անկախ Հայաստանի հետ. նրանք պետությունը եւ իշխանությունը պատկերացնում են միայն որպես սեփական եւ իրենց միջավայրի բարեկեցության հնարավորություն: Դա է պատճառը, որ ինչքան էլ մարդը գրագետ, համեմատաբար երիտասարդ լինի, կարող է այնպիսի մտքեր արտահայտել, ինչպես, ասենք, զառամյալ Բրեժնեւը կամ Կոսիգինը. այսինքն՝ նրանք իրենց պատկերացմամբ հեռու չեն գնացել աշխարհի հասարակական փոխհարաբերությունների մասին նախկին խորհրդային անցյալից կամ որեւէ բռնատիրական երկրից:

- Այս նորմ սահմանողները կանխատեսում էին, թե ինչ էր տեղի ունենալու այն երկրների հետ, որոնք միանում են Հռչակագրին: Սա ընդամենը ձեւակերպումը փոխեց, բայց երեւույթի կանխման վրա որեւէ ազդեցություն չունեցավ:

- Նրանք, ովքեր աշխատում էին, իմ կարծիքով, դարակազմիկ աշխարհի պատմության մեջ ճամփաբաժան հանդիսացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա, մշակում էին այդ կարճ, բայց իր էությամբ շատ մեծ  փաստաթուղթը եւ բերում ՄԱԿ հաստատման, իհարկե, չէին մտածում, որ այն երկրները, որոնք կհամաձայնեն ստորագրել այդ փաստաթղթի կամ դրանից բխող միջազգային նորմերի տակ, կշարունակեն խախտել դա: Երբ մեկը մտածում է ինչ-որ լավ բան անել եւ հրամցնել մարդկանց, նախապես չի մտածում, որ կլինեն մարդիկ, ովքեր սա չեն հարգի կամ «ոտքերով կտրորեն» դա. միշտ մտածում են, որ այնքան լավ բան են անում, որ մարդիկ պետք է ծափահարեն եւ ասեն՝ սրանից հետո միայն այսպես ենք ապրելու: Իհարկե, փաստաթուղթը մշակողները չգիտեին, չէին մտածում կամ չէին էլ ցանկանում մտածել, որ կլինեն շատ խախտողներ: Բայց փաստաթղթի հրապարակայնացումից հետո պարզ դարձավ, որ դիկտատորները չեն փոխվում, դիկտատորական հակում ունեցող ոչ դիկտատորները նույնպես չեն փոխվում, աշխարհը շարունակում է ապրել ինչպես նախկինում: Դա է պատճառը, որ  մի քիչ բարդանում է քաղբանտարկյալներին ճանաչելու հանգամանքը, միջազգային հանրությունը դժվարությամբ է սկսում ճանաչել կոնկրետ մարդուն, ասենք՝ ՀՀ-ում, քաղբանտարկյալ, խուսափում է այդ տերմինն օգտագործելուց, սկսում է գրել ինչ-որ նորմեր, թե ով կարող է կոչվել քաղբանտարկյալ, ինչպիսին պետք է լինի նա: Գրելուց հետո, ենթադրենք մենք՝ հայերս, բերում ենք 15-20 օրինակ եւ ասում՝ խնդրեմ, տեսեք, բոլոր այս մարդիկ համապատասխանում են ձեր ասած նորմերին: Բայց այդ միջազգային հանրություն կոչվածը, եւրոպական բյուրոկրատական համակարգերը դժվարությամբ են անցնում սահմանը, որովհետեւ անցնել այդ սահմանը, հայտարարել որեւէ մեկին քաղբանտարկյալ ՀՀ-ում կամ այլ մեր նման մեկ այլ երկրում, մնում է հայտարարել, որ կոնկրետ այս երկիրը՝ Հայաստանը, խախտում է իր միջազգային միջազգային բոլոր պարտավորություները, եւ դրանից արդեն պետք է բխեն համապատասխան քայլեր Հայաստանի նկատմամբ, որը ծանր կնստի ե՛ւ Հայաստանի վրա, ե՛ւ եվրոպացիները չեն ցանկանում այդքան բարդ հարաբերությունների մեջ մտնել: Սա է պատճառը, որ նրանք ոչինչ չեն առաջարկում քաղբանտարկյալի համար. քաղբանտարկյալի խնդիրը, ցավալի է, բայց շարունակում է մնալ մեր, մեր հանրության խնդիրը: Մենք պետք է կարողանանք այնպիսին լինել, որ էապես տարբերվենք մեր իշխանություններից. վատ իշխանությունների պարագայում պետք է լավ հասարակություն լինի, մենք նման օրինակներ շատ ենք ունեցել նույնիսկ Խորհրդային Միությունում. Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1988-91թթ. մենք ունեինք այնպիսի քաղաքացիկան հասարակություն, ինչպիսին պատկերացնել կամ երազել հնարավոր չէր: Վատ իշխանության պարագայում լավ  քաղաքացիական հասարակությունը կարողանում է պաշտպանել իր քաղբանտարկյալներին, թելադրել իր օրակարգը, ստիպել, որ իշխանությունները նահանջեն: Դրա վառ օրինակը, ինչպես նշեցի, 1988-ից կամ 2008թ. հետո ընկած շարժումն էր. 2008-ից մինչեւ 2015թ. մենք ունեցել ենք այնպիսի հզոր ընդդիմություն եւ կայացած քաղաքացիական հասարակություն, որ ստիպեցին իշխանություններին նահանջել եւ ազատ արձակել մարտի 1-ի ձերբակալվածներին:

- Նախորդ հաղորդման ընթացքում նշում էինք, թե քաղբանտարկյալն ինչ հսկայական ազդեցություն է թողնում սերունդների դաստիարակման, քաղաքացիական հասարակության ձեւավորման վրա: 2008թ. Նիկոլ Փաշինյանը եւ մյուս ձերբակալվածները մեծ վտանգ էին ներկայացնում իշխանությունների համար, սակայն կարճ ժամանակ անց ազատ արձակվեցին: Այսօր «Սասնա Ծռեր»-ի անդամները, Գեւորգ Սաֆարյանը, որ իշխանափոխության այդ մեծ վտանգը կարծես ռեալ չէր ներկայացնում եւ 300.000-ոց ցույցերից չէր կարողանում կազմակերպել, ի՞նչ վտանգ են ներկայացնում, որը, ըստ Ձեզ, չէր ներկայացնում Նիկոլ Փաշինյանը կամ մյուսները, որոնք Ձեր նշած եղանակով դուրս եկան բանտերից:

- Ցանկությունների, ծրագրերի առումով համադրելի են ե՛ւ 2008թ. բանտարկյալները, ե՛ւ Գեւորգ Սաֆարյանը. դարձնել Հայաստանը ժողովրդավարական երկիր, այնպես անել, որ Հայաստանում չխախտվեն օրենքները եւ հասարակական փոխհարաբերությունները: Բայց հնարավորությունների առումով նրանք տարբեր են, եւ իշխանությունն է այլ:  2007թ. վերջից սկսած մենք այնպիսի հզոր ընդդիմություն, կազմակերպված քաղաքացիական հասարակություն ունեինք, որը կարողանում էր զսպել իշխանություններին, եւ իշխանությունները չէին կարողանում իրենց ձեռքերին  եւ մտքին տալ անսահման ազատություն:  Բայց Գեւորգ Սաֆարյանի օրոք, եւ ընդհանրապես մեր ժամանակներում, քաղաքացիական հասարակությունը ջլատված է, կազմակերպված ընդդիմություն չկա. ես սա ասում եմ ոչ թե որպես քննադատություն, այլ սա մեր իրականությունն է: Եվ այս իրավիճակում իր ընդդիմադիրների հետ իշխանություններն ազատ են վարվել այնպես, ինչպես իրենք են պատկերացնում (ձեռքերն ազատ են, մտքի թռիչքը՝ առավել եւս)՝ ճնշել, ոչնչացնել, հնարավորինս երկար պահել բանտում: Ես շատ ուրախ եմ, որ Դուք բերեցիք Գեւորգի օրինակը, որովհետեւ բոլորն են արժանի հիշատակման, բոլորի մասին պետք է խոսել: Նման հարցազրույցների ժամանակ ես աշխատում եմ անուններ չտալ, որովհետեւ մտքիցդ թռնում են անունները. եթե տալիս ես անուն, ապա բոլորինը պետք է տաս: Բայց Գեւորգը կարող է լինել ոչ թե որպես Գեւորգ Սաֆարյան առանձին վերցրած անձ, այլ որպես սիմվոլ, որովհետեւ հայնտվել է բանտում ոչինչ չանելու համար, միայն իշխանության քննադատ լինելու պատճառով: Եվ ամենասարսափելին այն է, որ նրա բանտարկության ժանկետն անժամկետ է. նա ստացավ կոնկրետ պատժաչափ, ավարտեց եւ շարունակեց մնալ բանտում: Սա խոսում է մեր իշխանության որակի, ինչպիսին լինելու մասին մասին. այսպիսի իշխանությունների գոյության մասին մենք արդեն հասցրել էինք մոռանալ:

- Պատժվում է Գեւորգ Սաֆարյա՞նը, թե՞ հասարակության աչքն են վախեցնում. ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ է Գեւորգ Սաֆարյանն անժամկետ բանտում:

- Ուզում են ցույց տալ, որ կարող են նաեւ այսպես վարվել: Միայն Գեւորգ Սաֆարյանը չէ, կարող ենք բերել Ժիրայր Սեֆիլյանի կամ այլ մարդկանց օրինակներ: Մինչեւ վերջին տարիները Հայաստանում քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են, եւ ես, որպես իրավապաշտպան, ցավոք սրտի, անընդհատ առնչվել եմ դրանց:

- 1990-ականներին ձերբակալված դաշնակցականներին համարո՞ւմ եք քաղբանտարկյալ:

- Կուսակցության կասեցումն ինքը քաղաքական պրոցես է եւ դա չի կարելի դիտարկել քաղաքականությունից դուրս: Շարունակեմ միտքս. քաղբանտարկյալներ միշտ ենք ունեցել, բայց այս քաղբանտարկյալներն էապես տարբերվում են իրենց նախորդներից. Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի գործերը էապես տարբերվում են այն առումով, որ իշխանությունները փորձել են ինչ-որ կերպ «փաթեթավորել» եւ մարդուն որպես հանցագործ ներկայացնել մեր հասարակությանը, միջազգային հանրությանը: Մտածել են մեղադրանքներ, գտել են վկաներ. մարտի 1-ի գործով, որպես կանոն, ոստիկաններն էին հանդես գալիս որպես տուժողներ, ականատեսներ: Այս վերջին դեպքերում մենք արդեն տեսնում ենք վերադարձ ոչ թե խորհրդային, այլ խորհրդային շրջանի ստալինյան իրականություն, երբ ապացույցն արդեն կարեւոր չէ. կարելի է վերցնել մարդուն, նրա վրա հոդված դնել և շատ երկար՝ 8, 10 եւ ավել տարիներով բանտ նստեցնել: Սա ավելի շատ հիշեցնում է վերադարձ 20-րդ դարի ստալինյան շրջան, եւ սա է ամենասարսափելին: Միշտ է սարսափելի, որ պետության մեջ կան քաղբանտարկյալներ, բայց այս դեպքը շատ ահագնացող է եւ սարսափեցնող:

- Նախորդ հաղորդման ընթացքում, ինչպես նաեւ քիչ առաջ, Դուք նշեցիք, թե քաղբանտարկյալն ինչ հսկայական ազդեցություն է ունենում հասարակության զարգացման, քաղաքացիական հասարակության ձեւավորման վրա: Այսօր քաղբանտարկյալները նույն ազդեցությունն ունենո՞ւմ են, այսինքն՝ իշխանություններն իրականում տուժո՞ւմ են այս գործողությունների արդյունքում, թե, Ձեր խոսքով ասած, մարդկանց աչքը վախենում է:

- Քաղբանտարկյալների գոյությունը, նրանց բանտում գտնվելու հանգամանքն ընդգծում է մեր արժանապատվությունը, այն, որ հասարակությունը մահացած, իներտ չէ, որ մենք, անկախ բոլոր հանգամանքներից, հասարակական ակտիվությունից, փողոց դուրս եկած մարդկանց քանակից, միշտ կարողանում ենք զոհաբերել:  Խորհրդային շրջանի մասին խոսելիս մենք միշտ հպարտությամբ ենք շեշտում, որ բոլոր հանրապետություններում չէր, որ կային քաղկալանավորներ. մերձբալթյան հանրապետություններ, Ուկրաինա, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան: Հպարտանում էինք, որ 15 հանրապետություններից ընդամենը 6-7-ում կային  քաղբանտարկյալներ, որ Հայաստանն այդ ցանկում է: Մենք նաեւ այսօր պետք է հպարտանանք, որ այնքան անտարբեր չենք ապագայի, մեր սերունդների նկատմամբ, որ մեր արժանավոր երիտասարդներին բանտ ենք ուղարկում: Իհարկե, երիտասարդներին բանտում պահելով իշխանությունները փորձում են մյուսներին վախեցնել, բայց ինչքան շատանում են քաղբանտարկյալները (իսկ նրանք շատանում են), այնքան նշանակում է, որ նրանք չեն կարողանում վախեցնել, ընդհակառակը, նրանց ծրագրերը հաջողությամբ չեն պսակվում. ինչքան ձերբակալում են, այնքան նոր մարդիկ են ի հայտ գալիս, հաջորդ օրը մեկ ուրիշն է ի հայտ գալու, եւ այսպես շարունակ: Փակել այդ ճանապարհը, պահել մարդկանց տոտալ վերահսկողության ներքո եւ չունենալ բանտում քաղբանտարկյալ՝ դա է պարտությունը: Քանի դեռ մարդիկ պատրաստ են հանուն իրենց, դիմացինի եւ շրջապատի ազատության գնալ բանտ, նշանակում է իշխանությունները պարտված են:

- Ինձ թվում է՝ երկրագնդի վրա չկա որեւէ պետություն, որտեղ բարեփոխումներ անել անհնար է, այսինքն՝ կարծես թե բանտարկյալի չգոյությունն էլ անհնար է: Մենք մի անգամ խոսում էինք՝ Բրեյվիկը քաղբանտարկյա՞լ է, թե՝ ոչ. այնուամենայնիվ, կարծես, քաղբանտարկյալ էր: Այսինքն՝ ամեն զարգացող երկիր դատապարտված է քաղբանտարկյալ ունենալո՞ւ:

- Քաղբանտարկյալները տարբեր են լինում, դա հստակ մշակված է միջազգային չափանիշներով: Ինձ համար ամենահարազատը «Էմնիսթի Ինտերնեյշնլ»-ի ներկայացրած տարբերակն է, դրա համար ես միշտ առիթ լինելու դեպքում իրենց եմ հղում անում: Անձամբ իմ կարծիքով, որ համապատասխանում է «Էմնիսթի Ինտերնեյշնլ»-ի կարծիքին, քաղբանտարկյալներ են բոլոր նրանք, ովքեր իրենց գործողությունների հիմքում եւ նպատակում ունեն քաղաքական ծրագիր. նրանք կարող են լինել տեռորիստներ, բրեյվիկներ՝ նրանց, իհարկե, պետք է համարել քաղբանտարկյալ: Բայց բանտարկյալների մեջ գոյություն ունի արդեն կարգավիճակներ, սանդղակ: Կան մարդիկ, ովքեր բռնության չեն դիմել, հայտնվել են բանտում միայն իրենց քաղաքական գործունեության համար (մաքուր քաղբանտարկյալներն են), որոնց պայմանականորեն անվանել են եւ կարելի է շարունակել անվանել խղճի կալանավորներ: Սրանք այն քաղբանտարկյալներն են, որոնց անհապաղ ազատ արձակումը պետք է պահանջենք բոլորս, եւ պահանջում է միջազգային հանրությունը: Եվ կան քաղբանտարկյալներ, որոնց գործողությունների հիմքում նստած է քրեական հանցագործությունը. նրանց անհապաղ արձակման մասին խոսք անգամ լինել չի կարող, նրանք պետք է իրենց գործողություների համար դատապարտվեն, որովհետեւ մարդ են սպանել (Բրեյվիկը), զենքի գործադրմամբ պատանդներ են վերցրել, ինչ-որ տարածքներ են գրավել: Նրանք անպայման պետք է կանգնեն դատարանի առաջ, եւ արդարադատությունը պետք է կայանա նրանց նկատմամբ: Երբ ես ասում եմ, որ քաղբանտարկյալներ են բոլոր նրանք, ովքեր իրենց գործողությունների հիմքում ունեն քաղաքական ծրագրեր, դա դեռ չի նշանակում, որ ես պահանջում եմ կուրորեն բոլորին ազատ արձակել կամ չդատել, բոլորովին: Ես ասում եմ, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն բոլոր նրանք, ում կարելի է դիտարկել որպես խղճի կալանավորներ (մենք արդեն մի քանիսի անունը տվեցինք), եւ արդարադատություն պետք է կայանա մնացածների նկատմամբ: Արդարադատություն ասվածն այն է, ինչ որ չկա Հայաստանում, բայց մենք ցանկանում ենք, որ լինի: Այսինքն՝ արդարադատության բացակայության պարագայում բոլորը հավասարվում են՝ ե՛ւ տեռորիստը, ե՛ւ իր քաղաքական հայացքների համար բանտում հայտնվածը: Իշխանությունները հավասարաչափ են վերաբերվում բոլորին, ում դիտարկում են որպես իրենց քննադատների կամ որպես մարդու, ով պետք է լինի բանտում: Իսկ իսկական իրավապաշտպանները եւ միջազգային հանրությունը, արանք առաջնորդվում են ճշգրիտ, մարդկային չափանիշներով, նրանք տարբերակում մտցնում են կալանավորների եւ ձերբակալվածների  միջեւ:

- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ, լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էր: Շնորհակալություն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan