Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հրանտ Թոխատյանը, Վահրամ Սահակյանը, Ռաֆայել Ղազանչյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք նոր՝ ինտերնետ թիվիում՝ ինքնատիպ նախագծերով. մանրամասնում են հիմնադիրները

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հրանտ Թոխատյանը, Վահրամ Սահակյանը, Ռաֆայել Ղազանչյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք նոր՝ ինտերնետ թիվիում՝ ինքնատիպ նախագծերով. մանրամասնում են հիմնադիրները

Սիրված ֆիլմեր, արտ հաուս, վավերագրական ֆիլմեր, օրիգինալ զվարճալի տեսահոլովակներ, քաղաքական-տնտեսական վերլուծական նախագծեր, բացառիկ համերգային ծրագրեր. այս ամենն այսօրվանից աշխարհին առաջարկում է ժամեր առաջ ինտերներտ տիրույթում մեկնարկած AREV.TV-ին, որը հիմնադրել են հեռուստապրոդյուսեր Ռուբեն Թումանյանն ու կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: TV-ն ունի և՛ վճարովի, և՛ անվճար բաժիններ: Երկրորդ հատվածը յուրաքանչյուրի ամսական ծախսն ավելացնում է 1700 դրամով: Ի դեպ, բոլոր նախագծերի առաջին թողարկումները անվճար հասանելի են:

Ինտերնետ TV-ի շնորհանդեսի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Գրիգորյանը նկատեց՝ AREV-ը ուղիղ իմաստից զատ նաև հապավում է՝ Armenian Exclusive Videos: AREV-ի արտադրանքն ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չի լինի գտնել: Ռուբեն Թումանյանն էլ նկատեց՝ աշխարհում տարածված երևույթ է՝ հեռուստատեսությունը տեղափոխվում է ինտերնետ հարթակ, ու մենք էլ պետք է այդ ամենից հետ չմնանք:

Բանախոսների կազմում էին բոլոր նրանք, ովքեր յուրօրինակ և ինքնատիպ նախագծերի միջոցով հետաքրքիր ու բովանդակային կդարձնեն առաջին հայկական վճարովի ինտերնետ թիվին: Նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին ներկայացրեցին իրենց արտադրանքը: Ո՞վ և ի՞նչ մասնակցություն ունի AREV.TV-ում՝ ծանոթացեք ստորև:

Վահրամ Սահակյան՝ ՎԱHՐԱՄ.ONLINE բլոգ. online հարթակում սուր հումորով ժամանակակից դրամատուրգը քննադատում է հայկական քաղաքական-տնտեսական ներկան ու սոցիալական-հասարակական իրավիճակը.

«Հուսով եմ՝ AREV.TV-ի շնորհիվ Հայաստանում կձևավորվի այն կուլտուրան, որ մարդիկ թեկուզ չնչին գումար ծախսելով՝ միջազգային համապատասխան կայքերում գտնեն իրենց հետաքրքրող ֆիլմերը, տեսանյութերն ու երգերը, և ոչ թե յութուբից լսեն խոտան, վատորակ երաժշտություն: Հավատացեք, խնդիրն այդ 3-4 դոլարը չէ, այլ՝ մտածողությունը: Ես նոր նկարած վիդեոներ ունեմ, որոնք երբեք չեմ դնի բարձիթողի ինտերնետում, որպեսզի ամեն տեսակ թափթփուկ տակն ինչ ասես գրի: Ես չեմ սիրում այդ միջավայրը, դա բոշայական տեղ է»:

Հրանտ Թոխատյան՝ Խոսքը՝ փոքրին. Փոքր մարդիկ` մեծ մտքերով, Հրանտ Թոխատյանի հետ խոսում են հայրենիքի ապագայի մասին: Իսկ նախարարները ուշադիր լսում են նրանց առաջարկները.

«Սա մանկական այն ֆորմատն է, որի մասին վաղուց էի երազում: 60 տարիներիս ընթացքում հասկացա, որ ամենաճիշտը մեծերից հնարավորինս խուսափելն ու երեխաների հետ աշխատելն է: Ամեն անգամ երեխաների հետ ինչ-որ թեմա ենք ընտրում ու քննարկում: Վերջում էլ զանգահարում ենք տվյալ ոլորտի որևիցե պատասխանատուի: Եթե մի օր էլ հարց լինի Հանրապետության նախագահին կամ վարչապետին՝ կփորձենք նրանց էլ զանգել: Ասեմ, որ երեխաների հարցերը բավականին անկեղծ ու շատ ազատ են, ու պատասխանողներն ընկնում են անհարմար իրավիճակի մեջ: Մեկ մեկ ստացվում է տակից դուրս գալ, մեկ-մեկ՝ ոչ»:

Ռաֆայել Ղազանչյան՝ ՌԱֆինադ. Անկեղծ, էքսկլուզիվ հարցազրույցներ հայտնի ու հետաքրքիր մարդկանց հետ.

«Իմ հյուրերի հետ զրույցը արհեստական բնույթ չի կրում, մենք անմիջական ու բաց զրույց ենք վարում: Հայաստանում նման ֆորմատի հարցազրույցներ չենք տեսել: Սա այն ֆորմատն է, որը, կարծում եմ, յուրաքանչյուր հեռուստաընկերություն կցանկանար ունենալ, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ չի կարող: Հիմնական բարդությունն այն է, որ իմ հյուրերի շարքում նաև իմ ընկերներն են լինում, ու պետք է կարողանամ անկողմնակալ լինեմ ու այնպիսի թեմաներ բարձրացնեմ, որոնց մասին գուցեև չի ցանկանա խոսել: Բայց այնպես էլ չի, որ մտադրված ենք հյուրին «ցեղը մտցնել»՝ բարձրացնելով ծրագրի ռեյտինգը: Եվ որ ամենակարևորն է՝ հանդիպում ենք այն վայրերում, որը նրանց է հոգեհարազատ ու հարմար՝ իրենց տանը, ստուդիայում կամ մեկ այլ վայրում: Խոսում ենք ինչի մասին ու ինչպես ուզում ենք՝ նստած, պառկած կամ ճաշելիս: Քաղաքական գործիչը կարող է արվեստից խոսել, մտավորականը՝ քաղաքականությունից: Ի դեպ, շատ դեպքերում նրանք շատ հետաքրքիր մտքեր են տալիս, ու եթե հայտնվեն քաղաքականության մեջ՝ Հայաստանում շատ բան կփոխվի… դեպի լավը»:

Անդրանիկ Հարությունյան՝ ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԻ. դերասանն իր սեփական մաշկի վրա է զգում հայկական «փորձը փորձանք չէ» ասացվածքի հետևանքները։ Ռաֆայել Ղազանչյանը նույնպես Անդրանիկ Հարությունյանի մաշկի վրա է զգում ոչ միայն այս, այլ նաև մնացած բոլոր հայկական ասացվածքների և խրատների ծանր հետևանքները:

«Այն, ինչ կտեսնեք մեր եթերում, պետք չէ կրկնել տանը: Դե, օրինակ, բոլորս էլ գիտենք, որ չի կարելի պաղպաղակ ուտել ու վրայից գարեջուր խմել, բայց դա մենք արել ենք՝ փորձելու համար: Դա, իսկապես, շատ տհաճ երևույթների է հանգեցնում: Հա, էն էլ ասեմ, թե ինչու AREV.TV՝ տղաներին խնդրեցի, տատիկիս անունը դրեցին», - կատակեց Անդրանիկը:

Սերոբ Օհանյան և Արման Աբովյան՝ Փոքր երկիր. քաղաքական-սոցիալական վերլուծական նախագծում նրանք քննարկում են ցանկացած տեսակի մեծ խնդիր, որը վերաբերում է մեր փոքր երկրին՝ Հայաստանին:

«Սա ռուսերեն լեզվով է, քանի որ սովորաբար մենք փակվում ենք մեր հայալեզու տիրույթում ու հասանելի չենք դառնում աշխարհին: Մեր նպատակն է, որ օտարազգիները լսեն և հասկանան այն խնդիրներն ու դրանց պատճառները, որոնց մասին խոսելու ենք: Իսկ խոսելու ենք ոչ միայն ներքին խմորումների, այլ՝ ամեն ինչի մասին», - նշեց Արման Աբովյանը:

Սերոբ Օհանյանանն էլ հավելեց. «Պետք է հասնենք այն մարկարդակի, որ մեզ լսեն: Փառք Աստծո, երկար ժամանակ Մոսկվայում, Կիևում և այլ երկրներում աշխատելը բերեց նրան, որ մեր ընկերների ու գործընկերների միջոցով այս խոսքը հասցնենք դուրս: Այլ հարց է՝ կպատասխանեն, թե՞ ոչ»:

Լիլիթ Թոխատյան՝ Հանդիպում մանկության հետ. հայտնի մարդկանց մանկության սերերի, մանկական խաղերի, հայրական ապտակների ու մեծական բարդույթների մասին է:

«Իմ հյուրերն են ինձանից տարիքով մեծ մարդիկ, որոնց հետ խոսում ենք մանկության մասին: Շատ հետաքրքիր պատմություններ եմ լսել ու ինձ համար բազմաթիվ խաղեր բացահայտել: Ասեմ ավելին՝ փորձել եմ այդ խաղերը խաղալ: Այս հաղորդումը շատ կհետաքրքրի ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Ինձ շատ հետաքրքիր են տարիներ առաջվա մանկական հետաքրքրությունները»:

Startup երկիր՝ Նատալիա Բուկովսկա. լեհ տնտեսագետ-վերլուծաբանն իր բլոգում պատմում է, թե ինչպես բիզնես դնել Հայաստանում և աշխարհում, խոսում է համաշխարհային էկոնոմիկայի ընդհանուր տենդենցներից և օրենքներից ընդհանրապես, ինչպես նաև խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ներկայացնել ձեր բիզնեսը Հայաստանում:

«Անհրաժեշտ է, որ ամեն մարդ կարողանա գլուխ հանել այնպիսի դժվար բաներից, ինչպիսիք են ֆինանսներն ու տնտեսությունը: Գոնե այնքանով, որ կարողանան հասկանալ՝ ո՞ւր գնալ և ի՞նչ գնել: Որպես հասարակություն, մենք պետք է կարողանանք ճիշտ դիրքորոշում ունենալ: Ես վարդագույն ակնոցներ չեմ կրում, բայց Հայաստանում ապրելով 4 տարի՝ թեև տեսնում եմ և շատ այնպիսի բաներ, որոնք պետք է շտկել, բայց նաև նկատում եմ՝ դրականը քիչ չէ: Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է»:

Ի դեպ, AREV.TV-ի դռները բաց են բոլոր այն ստեղծագործողների համար, ովքեր ցանկանում են նոր ու հետաքրքիր առաջարկներով հանդես գալ: Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պնդմամբ՝ սահամանափակումները երկուսն են՝ անտաղանդությունն ու մեղմ ասած՝ տափակությունը: Ստեղծագործական թիմի հետ որպես երաժիշտ համագործակցում է նաև DJ Սերժոն: Այս մասին գրում է Aysor.am-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan