Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Բողոքես՝ խնդիրներ ես ունենալու, քո համար ապրի, էլի».դատաիրավական զոռբայություն. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

«Ժողովուրդն այսօր արդարության պահանջատեր չի, ինքն իրեն պարտված է համարում: Ում հետ խոսում ես, ասում է. «Մեր ձեռքը չի, ինչ ուզեն կանեն, իրենք հզոր են, բողոքես՝ խնդիրներ ես ունենալու, քո համար ապրի, էլի»: Քանի մեր ժողովրդի մտածելակերպը չի փոխվել, պայքարող զանգված չկա, այս խնդիրը բոլորի առաջ է կանգնելու: Մենք խնդիր ունեցանք, որովհետեւ իշխանության դեմ էինք դուրս եկել, մնացածն անընդհատ խնդիրներ ունենալու եւ տուժելու են իրենց անձնական պատճառներով, իրենց իրավունքներն ու արդարությունը անընդհատ ոտնահարվելու են»,- նշում է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդման այսօրվա հյուրը՝ Շանթ Հարությունյանի գործով դատապարտված  Հայկ Հարությունյանը:

- Ողջույն հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ:  FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Հայկ Հարությունյանն է: Ողջո՛ւյն:

- Բարեւ Ձեզ եւ շնորհակալություն հրավերի համար:

- Տարբեր փաստաբաններից հետաքրքրվում էի այն անձանց մասին, ովքեր անձի անձեռնմխելիության խնդիր են ունեցել եւ կարողացել են ինչ-որ չափով վերականգնել իրենց ոտնահարված իրավունքը: Մեր այսօրվա հյուրը մեր համաքաղաքացիներից մեկն է, ով եւս նման խնդրի առաջ է կանգնած եղել:

- Երեւի հանրապետությունում քիչ մարդ կա, որ տեղյակ չլինի Շանթ Հարությունյանի գործին: Մենք խաղաղ երթի էինք դուրս եկել, բայց ոստիկանները կարողացան ամբողջ օրվա ընթացքում լարվածություն մտցնել. այնպես դասավորեցին, որ փողոցը լրիվ փակ էր, երթեւեկություն չկար, մենք մտածեցինք, որ դա հատուկ է արված, որ կարողանանք փողոցն ուղիղ հատել: Երբ հասանք փողոցի մեջտեղը, սադրանքի դիմեցին, եւ ոստիկանության աշխատակից հանրահայտ Գեղամ Խաչատրյանը, ով տարբեր գործերով անցնում է որպես տուժող (նաեւ Գեւորգ Սաֆարյանի գործով), թիկունքից մոտեցավ եւ Շանթ Հարությունյանի թեւից քաշեց: Այդտեղից սկսվեց քաշքշոցը, որից հետո քաղաքացիական համազգեստով մարդիկ թիկունքից հարձակվեցին, փորձեցին բերման ենթարկել, մի քանի հարված էլ իրենք ստացան, որի հետեւանքով մեզ ձերբակալեցին: Սկզբում մեղադրանք ներկայացրին ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու եւ նրա կյանքին ու առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու համար: Ճիշտ է, դատարան մտնելուց հոդվածը փոխեցին որպես խուլիգանություն. երեւի հասկացան, որ դատարանում չէին կարող ապացուցել, որ իրենք քաղաքացիական հագուստով մոտեցել են թիկունքից, ներկայացել են որպես ոստիկան եւ միանգամից փորձել են բերման ենթարկել: Բնական է, եթե թիկունքից հարձակվեն քեզ կամ ընկերոջդ վրա՝ պետք է պաշտպանվես: Բարեհաջող կատարեցին իրենց սադրանքը: Չեմ կարծում, թե խուլիգանության մեղադրանքով ձերբակալված ցանկացած անձի տուն մտնում եւ  նկուղով, ավտոտնակով խուզարկում են, ինչն արեցին մեր պարագայում: Խուզարկությունից բացի անցկացրին լաբորատոր բոլոր հետազոտությունները՝ մազի, մեզի, ԴՆԹ-ի եւ այլն. թմրանյութի առկայությունն էին ստուգում: Եթե հետաքրքրվեք, կտեսնեք, որ շատ քիչ դեպքերում են նման հետազոտություններ կատարում: «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ էլ Գագիկ Գինոսյանից էին վերցրել այդ անալիզները: Բայց շատ այլ դեպքերում, երբ իսկապես կա  այդ լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտությունը, չեն անում: Ինձ հետ խցում կային թմրանյութ օգտագործելու հոդվածով ձերբակալված մարդիկ, բայց նրանից ոչ մի անալիզ չէին վերցրել: Այսինքն՝ այն մարդուց, ով հենց թմրադեղ օգտագործելու հոդվածով է ձերբակալվել, չէին ստուգում, իսկ մեզ մանրազնին հետազոտության էին ենթարկում, որպեսզի  ինչ-որ բան հայտնաբերեին եւ հանրությանը ցույց տային, թե ինչ մակարդակի մարդիկ են դուրս եկել ցույցի: Եթե խոսենք բանտարկյալների իրավունքներից ապա ասեմ, որ խցում, որը մակերեսով էլ շատ փոքր էր, 12 մահճակալ էր տեղադրված՝ իրար շատ մոտ, որը սանիտարական նորմերի խախտում էր, քանի որ հիվանդ եւ առողջ կալանավորների անկողինները շփվում էին:  Խցում մոտ 15, 18, երբեմն՝ 20 հոգի ստիպված էին ապրել այդ պայմաններում: Սահմանադրության մեջ կետ կա, ըստ որի պարտավոր են կողմերին ապահովել հավասար պայմաններով: Ինչ հավասար պայմանների  մասին կարելի է խոսել, երբ այդ խցում ես, լավագույն կապը կարող է լինել փաստաբանի  միջոցով, որը չգիտեմ ինչ նվիրված մարդ պետք է լինի, որ գնա ամեն տեղ եւ քո գործն անի: Դու բանտում սահմանափակված ես, ձեռքիդ տակ չունես ոչ մի նյութ, թղթաբանություն, չես կարող օրենք ուսումնասիրել այդքան մարդու, աղմուկ-աղաղակի մեջ: Իսկ քրեական հետախուզության աշխատակիցներն իրենց աշխատասենյակներում տեխնիկայի առջեւ հանգիստ նստած կարող են ամեն ինչ ուսումնասիրել, մոնտաժել եւ իրենց ուզած տարբերակով ներկայացնել դատարան: Այսինքն՝ քեզ սահմանափակում են, չեն թողնում պաշտպանվես, փաստաբանի վրա էլ չես կարող հույս դնել (իրենք էլ են սահմանափակված իշխանությունների կողմից):

Կալանավորել են 6 ամիս, 3 անգամ սանկցիայով անընդհատ հետաձգելով գործ են ուսումնասիրել, թե այդ ինչ գործ էր, որ 6 ամիս անընդհատ երկարացնեն,  չեմ հասկանում. ոչ գաղտնի գործակալ ենք, ոչ ազգային անվտանգության հարց կա: Կարող էին թեկուզ պայմանական ազատ արձակել, մինչեւ դատավճիռը կայացվեր, բայց չարեցին, մինչեւ ութ ամիս հետո նոր սկսվեց դատավարական գործընթացը:

Դատարանում ընդհանուր թվով 54 վկաներից մոտ 10-ը քաղաքացիական անձինք էին, որոնց ցուցմունքներում (որը կարդացել եմ դատավճռում) մեր դեմ ոչինչ չի եղել: Ընդհակառակը, կային ցուցմունքներ, որ հենց ոստիկանությանն էին մատնանշում, պատմում էին, թե ինչպես է ոստիկանը  ձեռք բարձրացրել մարդկանց վրա, մի աղջկա է քաշել, գցել գետնին: Մի հաշմանդամ էր ներկայացել դատարան եւ պատմում էր, որ իրեն բռնել, նստեցրել են մեքենան, տարել հարցաքննության, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է. բայց նրա բողոքը, ցուցմունք էլ անտեսվեց: Ոստիկաններից միայն 17-18 հոգի էին մեր դեմ ցուցմունք տվել, որտեղ մեզ մատնանշող ինչ-որ բան կար: Մնացած ոստիկանների ցուցմունքներն էլի լղոզված պատկեր՝ կանգնած էինք, պայթյունների ձայներ լսեցինք, եկանք, ձերբակալեցինք, օգնեցինք բերման ենթարկել Այսինչ Այսինչյանին: Կրկնում եմ, կոնկրետ մատնանշող ցուցմունք կար միայն 17-18-ի մոտ, որոնք, եթե ուշադիր նայեք, ուղիղ ենթակա են Գեղամ Խաչատրյանին, Վալերի Օսիպյանին, Վարդան Եղիազարյանին ու հենց այն անձանց, ովքեր հանդիսանում էին «մեր կողմից տուժվածները»: Տուժողներից շատերի ցուցմունքում ուղղակի ասվում էր՝ աչքերս մրմռացել են ծխից. օրվա մեջ մի քանի անգամ նրանց աչքերը կարող են տարբեր բաներից մրմռալ, բայց այդ ծխից էր միայն մրմռացել: Միայն սա, ուրիշ լուրջ բան չկար, եթե չհաշվենք Գեղամ Խաչատրյանի եւ եւս 1-2 հոգու՝ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքը: Սկզբում նրանց տարել են «Նաիրի» ԲԿ, այնուհետեւ տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, եւ եթե հաշվի առնենք, թե վերջինս ում է պատկանում, ապա շատ բան պարզ է դառնում: Տեղեկանքում նշված էր, որ ստացել էին ուղեղի ցնցում, 1 շաբաթ պառկել են վերակենդանացման բաժանմունքում, բայց իրականում ուղեղի ցնցում ստացած մարդուն հաստատ մեկ շաբաթ վերակենդանացման բաժանմունքում չէին պահի: Դատարանում հարցեր տալիս պարզվում է, որ հենց հաջորդ օրը նա օգտվել է համակարգչից. ինչպե՞ս կարող է ուղեղի ցնցումով վերակենդանացման բաժանմունքում գտնվողը երկրորդ օրն օգտվել համակարգչից: Պարզ է, որ այդ ամենը շինծու էր, ձեւականություն: Նույնը եւ Գեւորգ Սաֆարյանի պարագայում. բոլոր տեսագրություններում երեւում է, թե ինչպես են նրանք Գեւորգ Սաֆարյանին ծեծում, բայց վերջում պարզվում է, որ տուժողը եղել է Գեղամ Խաչատրյանը: Վերաքննիչ դատարանում էլ երբ բողոքեցինք, ասում են, որ միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքի հիման վրա են մեզ դատում (ցուցմունքի, ոչ թե տեսագրությունն ամբողջությամբ ուսումնասիրելով): Երբ դատավարության ընթացքում ոստիկանին հարցնում են, թե փողոցը հատելիս շա՞տ մեքենաներ կային, ասում է. «Այո, երբ իրենք դուրս եկան, երթեւեկությունը կանգնեց»: Ասում են. «Մեքենա շատ կա՞ր»: -Չեմ հիշում: -Երթեւեկություն կա՞ր: -Այո, մեքենաները կանգնեցին: Երբ տեսագրությունները նայում ենք, փողոցը երկկողմանի փակ է, երթեւեկություն ընդհանրապես չկա. այնպիսի տպավորություն է, որ փողոցը փակված է հատուկ մեր անցնելու համար: Դատավորին ցույց ենք տալիս, ասում ենք՝ տեսնո՞ւմ եք, սուտ են խոսում: Վերջում իրենք ոստիկանի ցուցմունքն են համարում հավաստի, տեսագրություններն իրենց չի հետաքրքրում, քո խոսքը չի անցնում:

- Պետական ապարատ ուժի մենաշնորհի դեմ ի՞նչ քայլեր է հնարավոր ձեռնարկել: Այսօր Դուք տաղավարում եք, այս գործողությունների մասին հանգիստ խոսում եք, որեւէ մեկից վախ չունեք: Այնուամենայնիվ, Ձեր  ազատ արձակումը համարում եք Ձեր անձնական հաղթանա՞կը,  Ձեր փաստաբանների աշխատա՞նքը: Ինչպես նշեցիք, կամայական վճիռների պատճառով հայտնվեցիք բանտում, ու գուցե դրա՞նք ստիպեցին Ձեզ ազատ արձակել:

- Նախկինում երեք աստիճան պետք  էր անցնել. ադմինիստրացիան պետք է թույլտվություն, հավանություն տար, որ գնայինք անկախ հանձնաժողով, այդ հանձնաժողովն անցնելուց հետո նոր տալիս էին  դատարան, դատարանն էլ որոշում էր բաց թողնել, թե՝ ոչ: Պրոբացիոն համակարգի ներդրմամբ  դարձավ երկաստիճան՝ ադմինիստրացիան դուրս եկավ: Ես մեր ադմինիստրացիայից  ընդհանուր առմամբ դժգոհ չեմ. երկու տարուց ավել ապրել եմ այնտեղ, աշխատակազմի հետ խնդիրներ ընդհանրապես չեն եղել, նորմալ են վերաբերվել: Բայց թե՛ ես, թե՛ այդ նույն գործով մյուս դատապարտյալներն այդ թույլտվությունը չէինք ստանում, որովհետեւ եթե իրենք թողնեին, անկախ հանձնաժողովը հաստատ չէր թողնի, եթե թողներ էլ՝ դատարանը չէր թողնի: Պարզ երեւում էր, որ վերեւից մեզ դուրս չթողնելու հրաման կար, եւ մարդիկ չէին ուզում իրենց ղեկավարության հետ խնդիրներ ունենալ, դրա համար էլ ադմինիստրացիան մեզ երբեք չի անցկացրել:  Նոր համակարգի ներդրումից հետո մտա անկախ հանձնաժողով, նորից առանց խոսելու, ինչ-որ բան ճշտելու միայն հարցրին անուն, ազգանուն, ինչ գործով եմ դատապարտված եւ վերջ՝ դրսում սպասեք: Երկու օր հետո պատասխան է գալիս՝ հանձնաժողովը փակ քվեարկությամբ որոշեց մերժել: Ասում եմ՝ լավ, մերժել եք, հիմնավորեք, ինչ-որ փաստաթուղթ տրամադրեք, որի հիման վրա մերժել եք: Ճիշտ է, մեկ եւ կես տարի առաջ նկատողություն եմ ստացել հեռախոսով խոսելու համար (փորձում էի ընտանիքիս անդամների հետ կապ հաստատել, որ այդ ԴԱՀԿ-ի թուղթը բերեն հասցնեն), որովհետեւ պետք է սպասեի, մինչեւ նրանք գային ինձ մոտ, ես պատմեի, իրենք գնային, բերեին, մի երկու ամիս կտեւեր: Բայց տույժը եւ նկատողությունը մարվում է 6 ամսվա ընթացքում, եւ դա չէր կարող մերժման պատճառ հանդիսանալ: Ըստ նոր օրենքի պետք է գոնե 3 ամիս այնտեղ աշխատած լինես, որը առավելություն է համարվում, իսկ ես մինչ այդ օրենքը հաստատվելը աշխատել էի 2 տարուց ավելի, ուղղակի պարապ չմնալու, զբաղվելու համար: Տույժեր չեմ ունեցել, խրախուսանքներ էլ հազվադեպ էին տալիս (բայց ոչ մեզ), որովհետեւ ոչ միջոցառումներ էին անցկացնում, ոչ մրցումներ, որ մասնակցեին եւ խրախուսանքներ ստանային: Մեզ մոտ եկեղեցի էին կառուցում, հիմնական աշխատող կար, բայց ժամանակ առ ժամանակ գնում էինք, օգնում (բանտարկյալների երեւի 90 տոկոսն այդ եկեղեցու վրա աշխատել է, իսկ 10 տոկոսն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել). շինանյութ էինք դատարկում  կամ այլ գործերով օգնում, բայց եթե դրա համար խրախուսանք տային, ապա 90 տոկոսին պետք է տային: Այսինքն՝ պետությունն ինքն էլ միջոցառումներ չի ձեռնարկում, որ մարդն այնտեղ կարողանա իրեն դրսեւորել: Երբ անկախ հանձնաժողովը մերժեց, ես ինքս դիմեցի դատարան, որովհետեւ ըստ նոր օրենքի ես կարող եմ դատարան դիմել, պատասխան պահանջել: Առաջին օրն ասեցին, որ դատական ծախսերը մուծված չեն, ես շեշտեցի, որ իմ թուղթը նոր են բերել, իսկ ինձ հետ նույն գործով դատապարտված Ալբերտ Մարգարյանինը՝ երկու օր առաջ. նիստը հետաձգեցին փաստերի ուսումնասիրման պատճառով: Հաջորդ դատը կայացավ, եւ ինձ բաց թողեցին, որովհետեւ դատավորը, ըստ օրենքի, ոչ մի պատճառ չուներ ինձ մերժելու: Չնայած արդեն մնացել էր 7 ամիս 13 օր, բայց սկզբունքի հարց էր՝ ես արդեն պատրաստվում էի կրկին մերժելու դեպքում դիմել Վերաքննիչ դատարան, Վճռաբեկ,  մինչեւ ՄԻԵԴ: Ինձ ազատ արձակելուց անմիջապես հետո  դատախազը  բողոքել  է՝  դատական ծախսերը մարված չլինելու եւ իմ՝ նկատողություն ունենալու (որը, ինչպես նշեցի, 6 ամիս հետո մարվել էր) պատճառաբանությամբ: Նաեւ մի այսպիսի ձեւակերպում կարդացի (չգիտեմ՝ ծիծաղեմ, թե ինչ անեմ)՝ դատարանը չի պարզել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են տարիքը, սեռը, կրթությունը. գուցե դա իրենց մոտ ստանդարտ ընթացակարգ է, թե ինչ, բայց անհեթեթ ձեւակերպում է: Մինչ օրս դատական գործընթացը չի ավարտվել. ժամկետի մեջ Վերաքննիչ դատարան չէր ուղարկվել, եւ վերջինս վարույթ չէր ընդունել,  դատախազը բողոքարկել է,  Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարել է, եւ նորից պետք է ուղարկվի Վերաքննիչ դատարան: Մայիսի 5-ին լրանում է իմ դուրս գալու ժամկետը, բայց դեռ չգիտեմ, թե ինչ կլինի, այս երկրում, բացի արդարությունից, ամեն ինչ սպասելի է. ինչպես առանց հիմնավորումների դատեցին, այդպես էլ կարող են իրենց կամայական որոշմամբ նորից հետ տանել:

- Վստահ եմ՝ ձեռքերը ծալած չեք սպասում: Այժմ ազատության մեջ եք, 12-15 հոգով մի խցում չեք, ունեք համակարգիչ, կարելի է ասել՝ հավասար պայմանների մեջ եք: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

- Այսօր քայլեր անելու, խոսելու կարիք չկա, ես կխոսեմ դատարանում. դատարանը պետք է որոշի, որոշում կայացնի, որից հետո կտեսնեմ ինչ եմ անելու:

-Այսինքն՝ այսօր ուժի մենաշնորհն, այնուամենայնիվ, գտնվում է պետության ձեռքում, եւ չկա որեւէ միջոց դրա դեմն առնելու համար:

- Ժողովրդի լեզվով ասած՝ զոռբայությունով ինչ ուզեն, կանեն: Ժողովուրդն այսօր արդարության պահանջատեր չի, ինքն իրեն պարտված է համարում: Ում հետ խոսում ես, ասում է. «Մեր ձեռքը չի, ինչ ուզեն կանեն, իրենք հզոր են, բողոքես՝ խնդիրներ ես ունենալու, քո համար ապրի, էլի»: Քանի մեր ժողովրդի մտածելակերպը չի փոխվել, պայքարող զանգված չկա, այս խնդիրը բոլորի առաջ է կանգնելու: Մենք խնդիր ունեցանք, որովհետեւ իշխանության դեմ էինք դուրս եկել, մնացածն անընդհատ խնդիրներ ունենալու եւ տուժելու են իրենց անձնական պատճառներով, իրենց իրավունքներն ու արդարությունը անընդհատ ոտնահարվելու են: Կալանավայրում անցկացրած 4 տարիների ընթացքում ես շատ բան եմ տեսել, շատերի հետ եմ շփվել: Ինձ հետ խցում մի կալանավոր կար.  դիմակներով, խանութից վերցրած դանակով կռիվ էին արել, ուղղակի փորձել էին մեկին պատժել, որը պետք է որակվեր որպես խուլիգանություն: Բայց գործի ընթացքում բերում, կցում  են տուժածի (ում վրա հարձակվել էին) դրամապանակը: Դատարանում հարցնում են. «Դրամապանակի վրա մատնահետքեր գտե՞լ եք», ասում են. «Կարիք չկա մատնահետք վերցնելու»: Այն դեպքում, երբ դանակի վրայից մատնահետքեր են վերցրել, դիմակներից, քրտինքից՝ ԴՆԹ-ի անալիզ, բայց երբ խոսքը վերաբերում է դրամապանակին, որը հոդված է փոխում (խուլիգանությունը դառնում է ավազակային հարձակում), անալիզի կարիք չեն զգում: Դե ասեք, որ սա կամայականություն, զոռբայություն չէ:

- Համապետական արդարադատության ինստիտուտներով մեր երկրի ներսի ռեսուրսների գրագետ աշխատանքի շնորհիվ հնարավոր չէ՞ հասնել ինչ-որ կետի, այսինքն՝ եթե գործի պրոֆեսիոնալ փաստաբանների խումբ, կարո՞ղ են ինչ-որ ձեւով հասնել արդարադատության, թե ոչ:

- Այս համակարգում չեն կարող, որովհետեւ արդարություն հասկացողությունը մարդկանց ներսում այլ կերպ է դիտվում: Ես հենց կալանքի ժամանակ փորձեցի հասկանալ, թե դատավոր հասկացողությունը որտեղից է գալիս, ովքեր են հին ժամանակներում եղել դատավորներ ու ովքեր՝ հիմա: Նախկինում դատավորները եղել են թագավորները, իշխանները կամ գյուղերում հարգված մարդիկ. հենց նույն Անդրանիկ Օզանյանը («Ռանչպարների կանչ»-ում) ասում է. «Հյուսնի գործ եմ անում, նաեւ գյուղում դատավոր եմ»: Այն ժամանակ ոչ թե դատավորի կրթություն են ստացել, այլ համայնքում մի արդարամիտ մարդ են գտել, ում արդարության համար որպես հեղինակություն հարգել են եւ որոշել են, որ նա պետք է արդարությունը վերականգնի, արդար դատավճիռներ կայացնի: Մեր այսօրվա  փաստաբանը, դատախազը, դատավորն այնտեղ նստած են ոչ թե նրա համար, որ հասարակությունն է ընտրել իրենց որպես արդարամիտ, այլ իրենք սովորել են, դիպլոմ են ստացել, իսկ թե իսկական արդարությունից ինչքան գաղափար ունեն՝ դա շատ մեծ հարցական է. նրանք դիպլոմ ունեն, եւ նրանց նշանակում է նախագահը: Ինչպե՞ս կարող է դատավոր լինել մարդը, ով ներսում չունի արդարություն, առաջնորդվում է միայն «Օրենսգիրք» կոչվող գործիքով, որն այնքն ճկուն է, որ եթե պետք է մեկին արդարացնել՝ կարդարացնեն, պետք է դատել՝ կդատեն: Այսինքն՝ այստեղ պատվերով գործ անելը շատ հեշտ է, արդարադատությունը վերականգնվում է ըստ իրենց ցանկության: Շատ բան պետք է փոխել, նաեւ՝ մարդկանց մտածելակերպն ու հոգեբանությունը, դատավոր պետք է նշանակել նաեւ հոգեբանություն, ոչ թե միայն համապատասխան կրթություն ունենալու համար:

- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Շանթ Հարությունյանի գործով դատապարտված Հայկ Հարությունյանն էր: Շնորհակալություն:

 

 

 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan