Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչպե՞ս չձախողել ներառական կրթությունը. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Երևանում այս տարի պետք է ներդրվեր համընդհանուր ներառական կրթության ամբողջական համակարգը, սակայն ծրագիրը հետաձգվել է մեկ տարով: Գումարած դրան, Կառավարության ծրագրում չկա ներառական կրթության մասին որևէ կետ: Սա իհարկե ամենևին էլ չի նշանակում, թե նոր Կառավարությունը չի կարևորում ներառական կրթությունը և կասեցնում է ծրագիրը: Սակայն այդ համակարգի լիարժեք ներդրման համար կան բազում խնդիրներ, որոնց լուծման մասին պետք է մտածել հենց այսօր: Ինչպե՞ս չձախողել համընդհանուր ներառական կրթությունը, ի՞նչ սկզբունքնային խնդիրներ կան և ո՞րն է նոր Կառավարության տեսլականը այս հարցի շուրջ. թեմայի մասին «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը զրուցել ենք կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ:

- Ողջո՛ւյն: Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Տաղավարում այսօր հյուրընկալել եմ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին: Բարեւ Ձեզ տիկին Բախշյան:

- Բարեւ Ձեզ:

- Մենք խոսելու ենք ներառական կրթության մասին: Նախ հասկանանք, թե գործընթացը որ փուլում է, ուր է հասել, եւ Նոր Հայաստանում նաեւ այս խնդիրը կարողանանք լուծել այնպես, որ բաց կետեր չմնան: Մենք այս մասին մի անգամ արդեն խոսել ենք եւ հասկացել, թե այստեղ ինչքան խնդիրներ կան: Բայց հիմա ժամանակն է եւս մեկ անգամ խոսելու, որովհետեւ նոր Հայաստան ենք կերտում, առնվազն մեկ տարի հետո Կառավարության նոր ծրագիրը կունենանք,  հետեւաբար պետք է կրթության համակարգում այս կարեւորագույն խնդիրը լուծել: Անդրադառնանք Կառավարության ներկայացրած վերջին ծրագրին: Թերեւս պետք է նկատի ունենալ, որ սա ժամանակավոր կառավարության ծրագիր էր, դրա համար էլ որոշ բացթողումներին կարելի էր նորմալ վերաբերվել: Ներառական կրթության մասով ի՞նչ կար ծրագրում, ինչը Ձեզ գոհացրեց եւ ինչը՝ ոչ:

- Նոր Հայաստանի այսօրվա կառավարությանն անվերապահորեն պետք է վստահենք, հավատանք եւ սատարենք, որովհետեւ այսօր Հայաստանում ազատություն է, շնչում ենք: Ես ինքս, լինելով այդքան անկախ մարդ,  այդ մամլիչն իմ գլխի վրա անընդհատ զգում էի: Հիմա ես դա չեմ զգում եւ շատ երջանիկ եմ, ուզում եմ, որ ամեն ինչ լավ ու արագ լինի: Բնականաբար, այդպես չի լինում: Բայց երբ մեզ ասում են, որ սա ժամանակավոր կառավարություն է, եւ այս Ծրագիրն էլ կարճաժամկետ հեռանկար ունի, ես ասում եմ. «Դպրոցներին, երեխաներին ասենք՝ գիտե՞ք, դուք մի քիչ էլ սպասեք, Նոր Հայաստանում ապագա ընտրություններով կձեւավորվի այն քաղաքական դաշտը, ԱԺ-ը եւ այլն....»: Երեխաները չեն հասկանա: Ես էլ դա չեմ հասկանում: Կան բաներ, որ պետք է արվի անկախ նրանից, թե խորհրդարանական արտահերթ ընտրությունները երբ են լինելու: Այդ առումով ես սպասում էի, որ Ծրագրում պետք է լինի գոնե մի փոքրիկ անդրադարձ, որովհետեւ «Հույսի կամուրջ»-ի նախագահ Սուսաննա Թադեւոսյանի հետ հանդիպել ենք պարոն Արայիկ Հարությունյանին: Նա մեզ հանձնարարեց. «Տվեք մեզ տեղեկանք, որպեսզի կառավարության ծրագրում դնենք»: Տվեցինք, բայց ոչ  մի բառ ներառական կրթության մասին չկար: Ես նեղվեցի, որովհետեւ նախորդ կառավարությունների փորձից գիտեմ, որ հաջորդ եկողը ուզում է նախորդին ընդհանրապես մերժել: Դա ինձ վախեցնում է: Ես համոզված եմ, որ այսօրվա նախարարը ներառական կրթության քաղաքականության գաղափարի կրողն է: Ինչո՞ւ չկար՝ բացատրեցին, փորձում եմ հասկանալ: Բայց նախորդ Կառավարության այս ծրագրերը, որտեղ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը ամրագրված էր որպես գերակա խնդիր եւ 2018թ. միջոցառումների գործողության ծրագիր ըստ մարզերի (Երեւանը եւ Արմավիրն այս տարի), փաստորեն, չի լինում: Արմավիրը, կարծես, փորձում են իրականացնել, բայց Երեւանը՝ հաստատ չէ:

- Այսինքն՝ ծրագիրը կասեցվել է:

-Հետաձգվել է եւ կլինի ոչ թե 2018-ին, ինչպես խոսել ենք  փոխնախարարի հետ, այլ՝ մյուս տարի: Լավ, թող Երեւանը մյուս տարի լինի, բայց խնդիրներ կան, որոնք պետք է նախապատրաստեն համընդհանուր ներառման քաղաքականության քայլերը. խնդիրները վերաբերվում են հատուկ դպրոցներին: Ես ինձ համար մի վիճակագրություն եմ ստեղծել (Երեւանի մասշտաբով). Երեւանի մանկություն սպասարկող բոլոր 22 բուժհիմնարկներից ստացել եմ 6-18 տարեկան հաշմանդամություն եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ցուցակները: Իմ խնդրանքով նշել են նաեւ, թե այդ երեխաների համար կրթություն կազմակերպվո՞ւմ է եւ որտեղ: Այդ վիճակագրությունն արդեն վերածել եմ աղյուսակի ու պարզել. այս 22 մանկություն սպասարկող բուժհիմնարկներում գրանցված է (Երեւանում) կրթության առանձնահատուկ պայման կամ հաշմանդամություն ունեցող 1142 երեխա: Իմ կարծիքով այս թիվը քիչ է այլ վիճակագրական տվյալներով բերված թվերից, եւ նրանցից միայն 72 երեխա է գնում հատուկ դպրոց, բայց հատուկ դպրոցներում երեխաների թիվը շատ մեծ է: Կազուսը հետեւյալի մեջ է՝ հատուկ դպրոցներում կրթություն են ստանում այդ դպրոցի ուղղվածության կարիքը չունեցող երեխաներ: Օրինակ, տեսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում 87-ից ընդամենը 5 կույր երեխա կա, 9 երեխա ունեն այլ առանձնահատուկ պայմանների կարիք (ոչ տեսողական), 5 երեխա ընդհանրապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեն, բայց սովորում են այդ դպրոցում: Դա այն դպրոցն է (եւ ցանկացած հատուկ դպրոց), որտեղ յուրաքանչյուր երեխայի համար ֆինանսավորումը մոտ 7-8 անգամ ավելի է, քան սովորական դպրոցներում: Հարց է առաջանում. եթե 1142-ից ընդամենը 72 երեխա է ընդգրկված Երեւանի հատուկ դպրոցներում, ապա ովքե՞ր են մնացածները: Օրինակ, մտեք հենաշարժողական թիվ 17 հատուկ դպրոցի կայքը, նայեք իրենց միջոցառումների նկարները՝      3-4 երեխա կտեսնեք սայլակի վրա, մնացածները, համենայն դեպս, չունեն հենաշարժողական այնպիսի խնդիրներ, որպեսզի չկարողանան հաճախել հանրակրթական դպրոցներ (չնայած սայլակով երեխան էլ է գնում հանրակրթական դպրոց): Նույնը լսողության, խոսքի զարգացման խնդիրներ ունեցող երեխաների պարագայում: Մտավոր թերզարգացում ունեցող (այսպիսի մի անշնորհք անուն կա, ե՞րբ պետք  վերանա այդ անունը՝       չգիտեմ)  երեխաների 3 դպրոց կա, որտեղ սովորողներից չգիտեմ, թե քանիսն ունեն նման խնդիրներ: Ուսումնասիրել եմ կոնկրետ Երեւանի թիվ 2 եւ թիվ 6 դպրոցները, եւ այնտեղ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների թիվը շատ քիչ է: Ի՞նչ է ստացվում. 1142 երեխայից 136-ը ոչ մի տեղ չի հաճախում, 72-ը հաճախում է հատուկ, մնացածը՝ հանրակրթական դպրոցներ. այսինքն՝ մոտ 1000 երեխա գնում է հանրակրթական դպրոց: Ներառական կրթությունն իր գաղափարախոսությանը հասել է. ծնողները հավատում են, վստահում իրենց երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներին եւ չեն ուզում տանել հատուկ դպրոց: Այս առումով այս պահին Արմավիրում մի խնդիր կա. Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցն անընդհատ բունտ է անում, բողոքում է այն բանի դեմ, որ ինքը պետք է վերակազմակերպվի մանկավարժահոգեբանական ծառայության կենտրոնի եւ ծառայություններ մատուցի Էջմիածնի դպրոցների այն երեխաներին, ովքեր ունեն ինչ-որ առանձնահատուկ պայմանների կարիք, այսինքն՝ ինքը պետք է այդ ծառայությունը մատուցի: Բունտը կայանում է նրանում, որ իրենք չեն ուզում դուրս գալ հատուկ դպրոցի կարգավիճակից, քանի որ այնտեղ լուրջ ֆինանսավորում կա, եւ առանձնապես հսկողություն  չկա: Դուք միայն այդ դպրոցների հաստիքները նայեք՝ էլ կոշկակար, դերձակ, վարսավիր, հրշեջ, ինչ հաստիք ասես՝ ունեն: Հետաքրքրության համար դա նայել եմ կայքում, որտեղ կա, եւ շուտով հրապարակելու եմ: Կոնկրետ Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցի կայքը դատարկ է, ոչինչ չկա այնտեղ, որ հասկանամ՝ քանի երեխա է, ինչ է: Բայց մնացած դպրոցների հաստիքացուցակները որ նայել եմ, այնպիսի‘  հաստիքներ կան. եւ դա իշխանություն է, փող է, որից չեն ուզում զրկվել եւ օգտագործում են ծնողների բողոքը: Ծնողներն էլ սովորել, հարմարվել են այդ վիճակին (իրենց համար այնքան էլ հասկանալի չէ, որ իրենց երեխան պետք է գնա հանրակրթական դպրոց) եւ չեն ուզում փոխել այդ մթնոլորտը, միջավայրը. իրենց համար լավ է, բայց երեխայի համար հաստատ լավ չէ: 

-Տիկին Բախշյան, իսկ ի՞նչ են ասում այն ծնողները, որոնց երեխաները սովորում են հատուկ դպրոցում, բայց չունեն այդ առանձնահատուկ պայմանների կարիքը, ի՞նչ է ասում դպրոցի տնօրենը: Արդյոք այստեղ պատասխանատվություն չկա՞, որքանո՞վ է դա օրինական:

-Բացարձակ անօրինական է: Օրինակ, Երեւանի թիվ 6 մտավոր թերզարգացում ունեցող երեխաների դպրոցի հետ կապված ես մի ֆիլմ նայեցի («Ես կամ» հաղորդումը), որտեղ երեխաները խոսում էին, երգում, տեսակետներ ասում՝ ով են իրենք, ինչու են այդտեղ, ծնողների մասին էին ասում. մեկը-մեկից պայծառ երեխաներ, բայց պետք է ստանան ատեստատ կամ վկայական, որի կնիքի վրա գրված է՝ Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների դպրոց: Սա երեխայի իրավունքի շատ կոպիտ ոտնահարում է:

- Ի՞նչ ընթացակարգով են ընդունվում նման դպրոցներ, բժշկասոցիալական փորձաքննություն կամ ինչ-որ փաստաթղթեր չկա՞ն: Փաստորեն մենք ունենք երկու մեծ խնդիր. մի կողմից ներառականի ներդրումը,  մյուս  կողմից էլ, որ այդ դպրոցներում սովորեն իսկապես կարիք ունեցող երեխաներ:

-Կարգը, որը լուրջ վերանայման կարիք ունի, այսպիսին է. նախկինում կար գնահատման կենտրոն, երեխային ծնողը պետք է տաներ այնտեղ, որտեղ պետք է գնահատվեր երեխայի կրթական կարիքը, դրվեր կրթական առանձնահատուկ պայմանը, եւ այդ փաստաթղթի հիման վրա դպրոցն ընդուներ երեխային: Բայց, պարզվում է, միշտ չէ, որ այդպես են արել: Օրինակ, տեսողական խանգարում ունեցող երեխաների թիվ 10 դպրոցում բոլորովին վերջերս կրթության տեսչական մարմինը ստուգումներ կատարեց. չգնահատված (այդպես ենք ասում) 10-12 երեխա կար: Ոչ ոք չգիտի, թե ինչպես են նրանք հայտնվել այդ դպրոցում. երեխան թիվ է, եւ տնօրենն ընդունել է տեսողության կամ մտավոր ոչ  մի խնդիր չունեցող երեխաների: Այդ դպրոցներում ֆինանսավորումն ըստ երեխաների քանակի է եւ 6-7 անգամ ավելի բարձր, քան մյուս դպրոցներում: Այդ վկայագրման գործընթացի սկզբունքն ամբողջությամբ փոխվել է. այսօր վկայագրում են նոր գնահատման գործիքներով, որն 1-ին մակարդակի երեխայի կողմից ունեցած կրթության դժվարությունները համարում է սովորական, եւ նա պարտադիր պետք է գնա հանրակրթական դպրոց: Իսկ  միջին ու ծանր, խորը մակարդակներն արդեն պահանջում են լրացուցիչ ֆինանսավորում: Եթե այսօր Երեւանի մոտ 60 ներառական դպրոցներում երեխաների գնահատումն անեն նոր գործիքակազմով, ապա կստացվի, որ այնտեղ բարձրացված չափաքանակով ֆինանսավորվում են շատ քիչ երեխաներ: Հիմնականում գրում են՝ հուզակամային ոլորտի խանգարում, որը բոլորս էլ ունենք, բայց այդ տեղեկանքը համարվում է հիմք, որ երեխան գնա հատուկ դպրոց: Օրինակ, 2018թ. Երեւանի բյուջեով 3 տողով կա ներառական կրթություն, որը 1 միլիարդ 300 միլիոն դրամից ավելի գումար է: Այսօր Երեւանում համընդհանուր ներառման անցնելու համար գումար կա, դա խնդիր չէ, խնդիրը հատուկ դպրոցների վերակազմակերպման մեջ է. Կառավարության ծրագրով նախատեսված է 4 դպրոց, բայց դրանցից ոչ մեկը չի ուզում վերակազմակերպվել, եւ նայած թե ով է նրա թիկունքին՝ ինքն ամեն կերպ ուզում էր ծրագրից իրեն դուրս բերել:

-Տիկին Բախշյան, ներառական կրթության մասով ի՞նչ պետք է լինի Կառավարության ապագա ծրագրում, որպեսզի Դուք ձեռքը դնեք խղճին ու ասեք. «Սա այն ծրագիրն էր, որը պետք էր Հայաստանին», որն իսկապես կաշխատի շատ նորմալ: Նաեւ մենք չենք ոտնահարի այդ երեխաների իրավունքը եւ կապահովենք նրանց կրթության մատչելիության իրավունքը:

-Առնվազն հետ չկանգնել նրանից, ինչ նախատեսված է:  Այս գործընթացը կարելի է վերանայել, ինչ-որ բաներ փոխել, բայց տեմպը չպետք չէ գցել, որովհետեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրել է, որ մինչեւ 2025թ. ՀՀ ամբողջ տարածքում համընդհանուր ներառման կրթության քաղաքականությունը պետք է սկսի գործել: Ես նորից եմ ուզում մեր ռադիոլսողներին հիշեցնել, թե ինչ է նշանակում ներառական կրթություն. դա յուրաքանչյուր երեխայի իր կարողություններին համապատասխան որակյալ կրթություն տալու երաշխիքն է, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների: Մեր հասարակությունը դեռ «ներառական կրթություն» ասելով հասկանում է միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը: Ո՛չ, սա որակյալ կրթություն ապահովելու երաշխիք է, որի գաղափարախոսությունը հետեւյալն է. «Յուրաքանչյուր երեխայի հարմարեցնել պետական չափորոշիչը»: Ոչ թե երեխային բերել, իրեն հարմարեցնել, այլ պետական չափորոշիչը տանել եւ երեխային հարմարեցնել: Պետական չափորոշիչը պետք է վերանայվի, ճկուն դառնա, ռեզինի նման ձգվի, ոչ թե այսօրվա չափորոշիչի նման կոշտ, կոպիտ ասի. «Սա գիտի, ուրեմն, այսինչ գնահատականը, միավորը կստանա»: Բայց մեր պետական չափորոշիչի այսօրվա վիճակը հակասում է համընդհանուր ներառմանը: Երբ պետական չափորոշիչով երեխայի գիտելիքները գնահատվում է 1-10 միավորով եւ այնտեղ չի ասվում դրական-բացասականի մասին, բայց դրանից ստորադաս մի փաստաթղթում, որը մեթոդական ուղեցույցն է, գրվում է. «1-3-ը բացասական են, 4-10-ը՝ դրական», սա գալիս ու ճակատ-ճակատ խփվում է ներառական կրթության գաղափարախոսության հետ: Որովհետեւ, եթե երեխան ունի մտավոր խնդիր, կարող է յուրացնել այդ պետական չափորոշիչի նվազագույնը. դա, ասենք, 1-ն է, ինքը պետք է 1 ստանա, որովհետեւ դա է իր կարողությունը, ավել չի կարող: Բայց որպեսզի չմնա, բացասական գնահատական չստանա, նրան պետք է 4 նշանակել: Այս դեպքում իրական 4 ստացող երեխան ընդվզում, ասում է. «Ես էլ 4 ստանամ, ի՞նքն էլ, որ հազիվ այսքան է անում»: Այդ անարդար գնահատման համակարգի պատճառով երեխաները սկսում են իրար չսիրել: Պետք է վերացնել նույն դասարանում մնալը (երկտարեցիություն), պետք է լինի 1-10 միավոր, բոլորը՝ դրական. սա 1 է, սա՝ 2, բայց այդ 1-ը, որ գնահատվի իր համեմատ, վաղը կլինի 2, 2-ը՝ 3. դա շատ մեծ հաջողություն է: Սա խորհրդային ժամանակների գնահատականը չէ, միավոր է, եւ բոլորը՝ 1-10 կամ 1-20, անպայման  պետք է լինեն դրական, եւ երեխաների գիտելիքները պետք է արդարացիորեն այդ միավորներով գնահատվեն:

- Այսինքն՝ չլինի մի շրջանակ, որի մեջ փորձեն տեղավորել բոլորին, որովհետեւ առնվազն երկու միանման մարդ չկա: Ճկուն լինելը շատ լավ ասացիք՝ երեխաների համար հարմարեցված:

- Արդեն տարիներ շարունակ այդ բանն ասում եմ, պետական չափորոշիչն անընդհատ փորձում են վերանայել՝ այդպես էլ չի ստացվում, դեռ չեն վերանայել: Բայց հուսամ՝ կառավարությունը, որը կձեւավորվի արտահերթ ընտրություններից հետո, կվերանայի պետական չափորոշիչը, որից բխում են առարկայական ծրագրերը, դասագրքերը: Պետք է վերանայել դասագրքաստեղծման ամբողջ գործընթացը, դասագրքերի շրջանառու այդ հիմնադրամը, որն արդեն իրեն սպառել է. այդ դասագրքերը 5 տարով երեխաներին տալը հակացուցված է, 5 տարվա դասագիրքը ամբողջովին միկրոբ է: Մեր դասագրքերը չեն անցնում սանիտարահիգիենիկ փորձաքննություն, ոչ մի ժամանակում չեն անցել, չնայած օրենքը պահանջում է, կարգը կա, կա մի մարմին, որն իբրեւ թե պետք է զբաղվի դրանով, բայց չի զբաղվում: Այսպիսի շատ հրատապ հարցեր:

- Հարցեր, որոնք խանգարում են մեզ լուծել երեխաների կրթության իրավունքը: Վստահ եմ, որ այս մասով շատ կետեր կան, բայց դրանք առանձին հաղորդման նյութ կլինեն: Ուղղակի կուզեմ, որ փորձառու մասնագետի խոսքը տեղ հասնի, ու ընթացիկ լուծումներ տա այն հիմնական հարցերին, որոնց վրա հիմա էլ կարելի է աշխատել, չկասեցնել (հատկապես ներառական կրթությանը վերաբերող), որովհետեւ սա շատ երկար ժամանակ մշակված ծրագիր է. գուցե թերացումներով, բայց կարելի է պարզապես դրանք շտկելով գնալ առաջ:

- Իհարկե, անպայման: Որոշ մարդիկ ասում են՝ լավ չի: Ներողություն, մենք սահմանադրությամբ ժողովրդավարություն ե՞րբ ենք հռչակել՝ 1995 թվականին, բայց ո՞ւր է այդ ժողովրդավարությունը, նոր-նոր ծիլերը տեսնում ենք: Այսինքն՝ չես կարող ասել. «Սպասիր,  դպրոցները սարքեմ, հարմարեցնեմ, մանկավարժական համալսարանը մի քիչ խելքի բերեմ, որ այնտեղ ճիշտ մանկավարժներ կրթեն, հետո նոր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մեր երեխաներին ասենք՝ այ հիմա քեզ կրթություն կտանք»: Ներողություն, այդ երեխաները սպասում են: Այսօրվա, նույնիսկ շատ լուրջ քննադատության արժանի այս վիճակը, միեւնույն է, շատ ավելի լավն է, քան սրանից 10 տարի առաջ:

- Սա այն խնդիրն է, որ ոչ թե փուլ առ փուլ, այլ փաթեթային լուծում է ուզում. սկսել անել բոլորը միասին, տարբեր ճակատներով: Նկատի ունեմ, որ մանկավարժականի հարցերն էլի պետք է լուծել, շենքային պայմանները հարմարեցնել, բայց սրան զուգահեռ սկսել զարգացնել ծրագիրը:

- Հիմա մանկավարժականն այդ ուղղությամբ քայլեր անում է, շենքերն ինչ-որ կերպ փորձում են հարմարեցնել:

- Ամեն դեպքում մենք քանի՞ դպրոց ունենք հանրապետությունում՝ 1300. այդքան շենք մի օրում չես քանդի, նորից սարքես:

- Մի օրում չէ, 100 տարում էլ չես կարող: Ուրեմն ի՞նչ, ասենք՝ սպասե՞նք: Ո՛չ: Այդ երեխաները պետք է սոցիալիզացվեն հասարակության մեջ, հասարակությունը պետք է սովորի իրենց, իրենք՝ հասարակությանը:

- Շնորհակալություն հրավերն ընդունելու եւ այսքան կարեւոր թեմային անդրադառնալու համար, տիկին Բախշյան: Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Հիշեցնեմ, որ այսօր իմ հյուրը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էր: Իսկ ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan