Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դատաիրավական կարծրացած համակարգը չի շտապում արձագանքել երկրում փոփոխություններին. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Դատաիրավական համակարգը դանդաղ է արձագանքում երկրում փոփոխություններին: Դատավորները սովորույթի ուժով շարունակում են սպասել վերևից հրամանների: Ու այդ «վերևը» միայն նախագահականն ու Կառավարությունը չէ. դրանք նաև վճռաբեկի դատավորներնն են, որոնք լուրջ ազդեցություն ունեն Առաջին ատյանի դատարանների դատավորների վրա: Տարիներով աշխատանքի այլասերված բնույթը թույլ չի տալիս դատավորներին արագ արձագանքել փոփոխություններին, բայց այդ ամենը միայն ժամանակի հարց է: Ինչ իրավիճակ է փոխվել դատաիրավական համակարգում թավշյա հեղափոխությունից հետո, արդյոք կամայականությունները զիջում են իրենց տեղը օրենքին: Դատաիրավական համակարգում իրավիճակի մասին է «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկումը:

- Ողջույն: Լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Ես Սաթեն Միքայելյանն եմ:   Տաղավարում այսօր հյուրընկալել եմ փաստաբան Տիգրան Հայրապետյանին: Բարեւ Ձեզ պրն. Հայրապետյան:

- Բարեւ Ձեզ:

- Նախորդ անգամ մենք հանդիպել ենք 2017թ. եւ խոսում էինք մեր դատաիրավական խնդիրների մասին: Մենք խոսում էինք Ձեր պաշտպանյալ Կարո Եղնուկյանի դեպքի մասին, եւ Դուք ասում էիք, որ այդ գործում կամայական որոշումների «աստղաբույլ» է: Ձեզ համար անգամ պարզ չէր, թե ինչում են մեղադրում Ձեր պաշտպանյալին, եւ անհիմն էիք համարում ե՛ւ կալանքի որոշումը, ե՛ւ հարուցված քրգործը: Այս պահին, երբ փոխվել է Ձեր պաշտպանյալի խափանման միջոցը, եւ նա գրավի դիմաց ազատ է արձակվել, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչի համար էր նա մեղադրվում:

- Ճիշտն ասած՝ պարզ չէ, եւ ես Ձեր մյուս հարցերի ժամանակ,  երբ խոսենք թերությունների, անբացատրելի իրավիճակների մասին, կանդրադառնամ այս հարցին: Բնական է, չի կարելի սպասել, որ համակարգը միանգամից պետք է գործի, աշխատի, եւ դա դեռեւս չգործող մասն է: Ապրիլից արդեն անցել է 3 ամիս, եւ ինչքան էլ զավեշտալի, անհասկանալի է, մենք ունենք այնպիսի մեղադրանք, որ չի հասկանում ոչ պաշտպանական կողմը, ոչ դատախազությունը, դատարանը չի էլ փորձում հասկանալ, որովհետեւ ինքը հիմա ուրիշ խնդիր է լուծում: Այսպես մենք շարունակում ենք, արդեն Նորանկախ Հայաստանում ունենալ մեղադրանքներ, ինչը  դատախազության մեծ բացթողումն է:

- Նախկինում 1 մլն դոլար գրավի դիմաց խափանման միջոցը չփոխվեց, իսկ հիմա փոխվեց 10 մլն դրամի դիմաց: Ի՞նչ իրավիճակ է փոխվել դատաիրավական համակարգում:

- Ամբողջ աշխարհը հասկացավ, տոնեց, ողջունում, շնորհավորում էր, որ Հայաստանում թավշյա հեղափոխություն է եղել, եկել են կոռուպցիան 100 տոկոս ժխտող մարդիկ, ժողովուրդն ընտրեց այդ մարդկանց, ժողովուրդը հաղթանակեց: Ամբողջ աշխարհն ընդունեց, բացի մեր դատական համակարգից ու դատախազությունից: Սկզբնական շրջանում (1-2 ամիս) այն տպավորությունն էր, որ որեւէ բան չի փոխվել, որովետեւ չնայած հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չնայած չպետք է լինեն, որ մենք մերժում ենք քաղաքական դրդապատճառներով կալանավորումները, դատարանները, միեւնույն է, շարունակում էին նույն ձեւով ու տրամաբանությամբ մերժել միջնորդությունները: Մինչեւ եկավ մի պահ, երբ հասկացան, որ ամբողջ աշխարհն ընդունում է, որ իրավիճակ է փոխվել, եւ մեր դատախազությունն ու դատարանները սկսեցին դառնալ այս հասարակության չընդունված անդամներ: Հասարակությունը սկսեց հանրահավաքներ անել «Սասնա ծռեր»-ի հետ կապված, դատախազության, դատարանների դիմաց, Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարական տվեց: Հետո հասկացան, որ չի կարելի այս ձեւով: Կամաց-կամաց այդ մեխանիզմը սկսեց աշխատել, հատկապես քրեական դատավարություն իրականացնող դատավորները սկսեցին դանդաղ փորձել հարմարվել այս նոր իրավիճակին: Սկզբում շատ զգույշ էին, անգամ վախենում էին դատական նիստեր վարելուց, հետաձգում էին անհիմն պատճառներով՝ անձնակազմ չկա, ուղեկցողները պակաս են եւ այլն: Անհասկանալի իրավիճակ էր, անտեղյակության մթնոլորտ, վախենում էին  ինքնուրույն քայլեր անելուց. երեւի սպասում էին հրահանգների, բայց հրահանգ չկար: Հետո դատարաններից մեկում ճեղքում տեղի ունեցավ. առաջինն իմ պաշտպանյալ Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխվեց, հետո եւս երկուսի: Այսպիսով, հիմա դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում 11 կալանավորից ոչ մեկն արդեն կալանավորված չէ: Չնայած Արտուշ Գաբրիելյանի որակների մասին այդքան քննադատություններին,  ինքն առաջինը հասկացավ եւ նախաձեռնություն ցուցաբերեց, ինչը տարածվեց նաեւ մնացած դատարանների վրա: «Սասնա ծռեր»-ի դատավարությունը մի քիչ տարբերվում է մնացած դատավարություններից, որովհետեւ հասարակությունը շատերին համարում է քաղբանտարկյալներ եւ ցանկանում էր, որ նրանք հայտնվեն ազատության մեջ, հետագայում դատավարությունը շարունակվի: Սա այն տենդենցն է, որ իրականանում է: Մնացած գործերով դատարաններում արդեն տեսնում ենք փոփոխված իրավիճակ, այսինքն՝ արդեն անցել է երեք ամիս, ինձ թվում է (ես չգիտեմ ինչ են զգում դատավորները, հատկապես քրեական ոլորտում դատավարություն իրականացնող նախկին դատավորները) չկա որեւէ մեկը, ով պետք է իրենցից պահանջի ինչ-որ բան: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը 3.5 տարի առաջ զեկույց էր պատրաստել, որտեղ հստակ նշել էր, որ Վճռաբեկ դատարանը հսկում է ամբողջ արդարադատական համակարգը. Վճռաբեկ դատարանի ամեն  մի դատավոր կոչվում է «զոնալ դատավոր», եւ իրեն են պատկանում քրեական դատավարություն իրականացնող ոլորտում շատ դատավորներ, ովքեր ցանկացած դատական ակտ կայացնելիս պետք է համաձայնեցնեին, դատավորները գնում, գալիս էին Վճռաբեկ դատարան: Բավականին մեծ զեկույց էր. հետազոտվել էին 500՝ Վճռաբեկ դատարանի եւ 500՝ Արդարադատության խորհրդի որոշումներ: Խորհրդի որոշումներում բավականին լայն վերլուծություններ կար եւ մանրամասն նշվում էր, թե որքան անարդար դատական ակտեր է կայացվել թե՛ Վճռաբեկ դատարանի, եւ թե՛ Արդարադատության խորհրդի կողմից: Կան դատավորներ, ովքեր Արդարադատության խորհրդի բարեհաճությանն են արժանանում, որ ավելի մեղմ իրավիճակի համար դատավորները մի անգամ կարգապահական խիստ պատասխանատվության էին ենթարկում, իսկ կային դատավորներ, ովքեր ամենակարող էին եւ բավականին խիստ ու կոպիտ խախտումների դեպքում կարծես ինչ-որ մեկն իրենց հովանավորում էր: Բացի դրանից այդտեղ անգամ Կարեն Անդրեասյանը նշել էր մեկ տարվա ընթացքում 14 գործ, որտեղ, իմ խորին համոզմամբ, ակնհայտ անարդար դատական ակտեր էին. դա քրեորեն պարժելի արարք էր, եւ միայն այդ զեկույցի հետ կապված առնվազն պետք է քրգործ հարուցվեր եւ Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորների լիազորությունները դադարեցվեր, որովհետեւ այնտեղ նշվել էր, որ 14 գործերով ուսումնասիրվել էր վճռաբեկ բողոքները եւ պարզվել էր, որ այդ բողոքներում չկան հիմնավորումներ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ, ինչն օրենքի կոնկրետ պահանջն էր: Օրենքն ասում էր, որպեսզի Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունի վարույթ, ապա վճռաբեկ բողոքում պետք է հիմնավորվեն եւ նշված էր որոշակի հանգամանքներ: Այդ վճռաբեկ բողոքներում, որ վարույթ են ընդունվել, ընդհանրապես բացակայում էր այդ հիմնավորումները: Մենք՝ փաստաբաններս, գիշերներն ուշ քնելով կամ չքնելով, փորձում էինք տարբեր ֆանտաստիկ ձեւերով հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու այս վճռաբեկ բողոքը պետք է ընդունվի քննության, ինչպես կազդի ընդհանուր դատական պրակտիկայի վրա եւ այլն: Վճռաբեկ դատարանն այդ տիպային մեկ նախադասությամբ բոլոր բողոքները հետ էր տալիս: Բայց պարզվում էր, որ 14 բողոք անգամ մոռացել են, չի եղել, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը հիմնավորեր, բայց Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքներն ընդունել էր վարույթ: Մի խոսքով՝ այս դատական համակարգը, փաստորեն, ճնշում, իր ձեռքում էր պահում եւ, իմ կարծիքով, դատավորները կառավարվում էին հենց Վճռաբեկ դատարանի կողմից: Հիմա, եթե անգամ չկա վարչապետի աշխատակազմից ճնշումներ, բայց սկզբնական շրջանում, թերեւս, դատավորների մոտ առկա էր կասկած կամ սպասելիքներ: Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավորները նույն այն անձինք են, որոնց նկատմամբ ավելի շուտ պետք է հարուցվեն քրեական գործեր: Այդ դատավորներից ցանկացածին եթե վերցնեն, վստահեցնում եմ, որ մի քանի օրում փաստաբաններն այնպիսի կատակերգական որոշումներ կհրապարակեն, որ հասարակությունն ուղղակի չի կարող հանդուրժել այսպիսի կերպարներ ԲԴԽ-ում: Ապագայում, վստահ եմ, իրենք հրաժարական կտան, կամ իրենց այդտեղից կհեռացնեն, կտանեն միանգամից ուրիշ տեղ՝ խափանման միջոցի հարց լուծելով: Վստահ եմ, այսպես չի կարող մնալ, անտրամաբանական կլինի. ամբողջ իշխանությունը կոռուպցիայից ձերբազատվում է, մենք ունենում ենք նախկին ոճով «արդարադատություն իրականացնողներ» (բոլորը գիտեն, թե ինչպես են իրականացնում): Բնականաբար, դա պետք է վերացվի: Ես չգիտեմ՝ հիմա Վճռաբեկ, Սահմանադրական դատարաններից կամ ԲԴԽ-ից ճնշումներ անելու փորձեր կա՞ն, թե՝ չէ, բայց դատավորներն արդեն հասկացել են (դա զգացվում է), որ եթե անգամ փորձեր կան, միեւնույն է, սա հետագայում ավելի բացասական է ազդելու իրենց վրա: Եթե հետագայում տեղեկություն տարածվի, որ տվյալ դատավորը, դեռեւս իներցիայով,  Վճռաբեկ դատարանի կամ ԲԴԽ-ի ինչ-որ մեկի ցանկությունը կամ կարգադրությունն է կատարում, դա դատավորի՝ պաշտոնը կորցնելու ամենառեալ առիթը կլինի:  Ես զգում եմ, որ դատարանները հիմա  շատ ավելի ազատ են, կաշկանդված չեն դատախազության անհեթեթ դիրքորոշումներից եւ փորձում են իսկապես արդարադատություն իրականացնել: Նրանք հասկացել են, որ նախկինում իրենց ունեցած փորձը, որը բավականին բացասական է, բացահայտվել է, հանրությունը չի ընդունում, եւ ցանկացած սխալ որոշում կարող է առիթ հանդիսանալ իրենց պաշտոնազրկման համար: Սա լավ հասկացել են եւ շատ զգույշ, ուշադիր, իմ կարծիքով (գոնե իմ գործերով ես դա զգացել եմ), փորձում են ամեն կերպ ճիշտ դատական ակտեր կայացնել, որովհետեւ սխալ որոշումը հետագայում կարող է բարձր աստիճանում բեկանվի, կամ իրենք պատասխան տան իրենց սխալի համար:

- «Սասնա ծռեր»-ին թողնենք մի կողմ, որովհետեւ այնտեղ շատ հարցեր կան: Բայց կան գործեր, որոնք աբսուրդի ժանրից են՝ Կարո Եղնուկյանի, Անդրիաս Ղուկասյանի, Գեւորգ Սաֆարյանի գործերը, որ չես հասկանում՝ ինչի համար եւ ինչպես: Բայց, միեւնույն է, դատարանները չեն գնում արդարացման, այլ ինչ-որ միջանկյալ որոշում են ընտրում՝ խափանման միջոցի փոփոխումը: Արդյո՞ք սա էլի գալիս է նրանից, որ համակարգը ծանր է, դժվար է տրանսֆորմացվում, եւ «զոնալ դատավորների» ժամանակն անցնելու է, բայց ոչ շատ արագ, ճկունություն չկա: Ինչի՞ համար են այս միջանկյալ որոշումները:

- Այո, շատ ճիշտ հարց եք բարձրացնում: Ի դեպ, Գեւորգ Սաֆարյանին Վերաքննիչ դատարանն ամենախիստ պատիժը տվեց մի մեղադրանքի համար, որ ո՛չ Գեւորգ Սաֆարյանն էր հասկանում, ո՛չ իր պաշտպանները, եւ որեւէ մեկը չէր էլ կոնկրետացնում: Սաֆարյանը մի ելույթ էր ունեցել, որը հայ ժողովուրդն իրականացրեց, եւ դրա համար Սաֆարյանին պետք էր պարգեւատրել, բայց նա ամենախիստ պատիժը ստացավ: Իհարկե, դա անհասկանալի էր: Կամ՝ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխեցին, բայց դատարանը գոնե պայմանական պատիժը չկիրառեց: Անտրամաբանական է: Ճիշտն ասած, սա իրավաբանական հարց չէ, այստեղ իրավաբանություն չկա, ավելի շուտ միգուցե հոգեբանները վերլուծություն կատարեն այս իրավիճակում, թե դատական ակտերն ինչու են այսպես անհեթեթ, անհասկանալի, անտրամաբանական. որեւէ մեկը չի էլ կարող բացատրել դրանց տրամաբանությունը: Իմ կարծիքով պատճառը հետեւյալն է. այդ նույն դատավորները երկար տարիներ  լսել են, մեծացել, ԲՈՒՀ են ընդունվել ծանոթով, հրահանգավորված աշխատել են, անկախ, ազատ չեն եղել, 20-25 տարի այդպես պաշտոնավարել են եւ սովոր են դրան: Հիմա հասկանում են, որ հանրությունն իրենցից սպասում է այս իրավիճակներից ազատում, հրահանգ էլ չկա, եւ իրենց թվում է, թե իրենք «ադալժենի» (հայերենում այդ բառը չկա) են անում. օրինակ, երբ Գեւորգ Սաֆարյանն ազատության մեջ էր, կամ Ժիրայր Սեֆիլյանի պատիժը կրճատում էին, «ադալժենի» են անում դատարանները: Ժիրայր Սեֆիլյանը 3 պաշտպան ունի, ամեն մեկս 50-60 թերթ վերաքննիչ բողոք էինք գրել՝ մանրամասն հիմնավորումներով, եւ ակնկալում էինք, որ Վերաքննիչ դատարանը մեր բողոքի ամեն մի կետին պատասխան կտա: Վերաքննիչ դատարանը չպետք է սկզբում որոշի, թե ինչ պատիժ կլինի, հետո նոր անդրադառնա մեր բողոքի հիմնավորումներին: Արդեն անցել է մեկ ամսից քիչ պակաս ժամանակ, բայց Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չենք ստացել: Իմ կարծիքով պատճառն այն է, որ դատավորները չեն կարողանում հարմարվել, նրանց մեծ մասը, վստահ եմ, չպետք է պաշտոնավարեն, պետք է գան երիտասարդներ՝ նոր մտածելակերպով, որեւէ մեկից կաշկանդված չլինելով, որովհետեւ դատավորի ամենակարեւոր գործոնը, հատկանիշը մարդկային կերպարներն են, առաքինությունները: Դատավորը պետք է բարձր հեղինակություն ունենա, հասարակության մեջ բավականին բարձր դիրք գրավի, որովհետեւ դատավորի անձը հենց այն երաշխիքն է, որ հասարակությանը տրամադրում է արդարադատության նկատմամբ: Եվ եթե դատավորի անձը ծիծաղելի, անհասկանալի, անտրամաբանական, չկարեկցող է, հասարակությունը միանգամից չի կարող ընկալել արդարադատություն, հետեւաբար եւ չի կարող հարգանք տածել արդարադատության նկատմամբ: Դրա համար էլ բոլոր այս «խեղկատակ» (չեմ էլ ամաչում այս բառի համար, որովհետեւ կան նման դատավորներ. կարող եմ այնպիսի դեպքեր պատմել, դատական ակտերից, հիմնավորումներ, որ այսօրվա թույլ սովորող, միջին մակարդակով 1-ին կուրսեցին կհասկանա, որ այդտեղ իրավաբանություն չկա) դատավորներով արդարադատության համակարգը ստվեր է գցում մեր նորաստեղծ երկրի բարձր վարկանիշի վրա: Չգիտեմ՝ ինչպես կլինի, ով եւ ինչպես որոշում կկայացնի, բայց օր առաջ պետք է ազատվել նման դատավորներից: Մենք ունենք նաեւ մասնագիտական ու մարդկային որակներով շատ լավ դատավորներ, որոնց ներկայությունը դատական նիստերում բավականին ազդեցիկ է, առաքինություններ ունեն: Այսպիսի դատավորները պետք է ավելի բարձր՝ Վերաքննիչ, Վճռաբեկ դատարան գնան: Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանի դատավորների 80-90 տոկոսը պետք է որոշում կայացնի, թե ուր տեղափոխվեն կամ իրենց դիմումի համաձայն ազատվեն, իսկ 1-ին ատյանի դատարաններում պետք է լինեն երիտասարդ, բարոյական բարձր չափանիշներ ունեցող դատավորներ: Եթե սովորական մարդը 8-9 ժամ է աշխատում, այսօր արդեն ունենք դատավորներ, ովքեր աշխատում են 10-14 ժամ, այսինքն՝ շաբաթ-կիրակի անցնում ես դատարանի կողքով, տեսնում ես՝ դատավորի աշխատասենյակի լույսը վառվում է, որովհետեւ գործերը շատ են: Այսպիսին պետք է լինի դատավորի որակը: Վստահ եմ՝ պետք է փոխվի նաեւ դատախազությունը, գլխավոր դատախազը: Մենք դատախազությունում էլի ունենք դատախազներ, ովքեր գալիս են դատարան, նախկին ոճով շարունակում են ներկայացնել դատախազության մոտեցումները՝ մեղադրանքը պահել: Հիմա ուզում եմ պաշտոնապես ասել, որ իրականում էլի ծիծաղելի է, գցում է արդարադատության վարկանիշը, որովհետեւ եթե իրավիճակը փոխվել է, պետք է դատախազությունը քաջություն ունենա,  եւ հենց գլխավոր դատախազը պետք է հրահանգ տա, որ որ ամոթ է դատարան ներկայացնել այն հորինված, սարքված գործերը՝ մեղադրանքը պաշտպանելու, որովհետեւ ակնհայտ, կներեք, լկտիություն, հանցագործություն է տեղի ունեցել: Լավ, հանցագործությունը չի բացահայտվում, բայց գոնե դատախազը պետք է գա եւ դատարանում մեղադրանքից հրաժարվի: Հենց մեկը Կարո Եղնուկյանի մեղադրանքը. ՄԻՊ-ը նախկին նախագահի ժամանակ դիմել է գլխավոր դատախազին, ասել է. «Ամոթ չէ՞ Հայաստանում այսպիսի մեղադրանքով կալանավորված անձ ունենալ»: Դեռեւս գլխավոր դատախազից պատասխան չկա: Դատախազությունը նախկինում աշխատող կառույց էր, բայց այս վերջին 2 տարին դարձավ չաշխատող: Համատարած մի   4-6 քաղաքական գործեր եղան, հատկապես «Սասնա ծռեր»-ի լայնածավալ գործը, ներգրավվեցին գրեթե բոլոր դատախազները, քննչական մարմինները, ու՝ պատվեր, հրահանգ..... իրականությունը հեռացավ, դատախազությունն էլ գալիս էր հրահանգ, կարգադրություն կատարելու: Փաստորեն «վարակիչ հիվանդություն» կա, երբ մեկը պատվերով, հրահանգով է գալիս, նա այլեւս ի վիճակի չէ նորից մտածելու, գրքեր կարդալու, հիմնավորելու: Հիմա մենք դատարաններում հայտնվում ենք ծիծաղելի վիճակներում, որովհետեւ դատավորը, բոլորը հասկանում են, որ անհեթեթություն է, բայց դատախազը գալիս է ու խելացի կեցվածքով, դեմքով փորձում է հիմնավորել: Հասարակությունը փոխվել է, այլեւս կեղծավորությունը, հիմարությունը, անխելքությունը չի հանդուրժում: Եթե դու ելույթ ես ունենում, մի բան ասում, բայց այլ բան ես անում, նախ ինքդ քեզ ես հեղինակազրկում. քո հարեւանն էլ գիտի, որ դու այդպես չես ապրում, քո երեխան էլ գիտի, որ ծնողը գնում արհեստական, թատերական բեմադրություն է անում, իբր թե ինքը դատախազ կամ դատավոր է եւ արդարադատություն է իրականացնում: Այդ դիմակ կրողները շուտ թե ուշ պետք է հեռանան, եւ գան մարդիկ, ովքեր ինչ մտածում՝ ասում են, ինչ ասում՝ անում են, եւ եթե չի համապատասխանում իրենց խոսքն ու գործը, պատրաստ են դիմում գրել եւ հրաժարական տալ: Վերջերս նախարարներից մեկը հրաժարական էր տվել, դա այդպես պետք է լինի, դուրս շատ եկավ: Իրավաբանը եթե գտնում է, ենթադրենք, որ սա այսպես է, ինքը պետք է պատրաստ լինի իր մտածածն ու զգացածը մինչեւ վերջ տանելու: Ապագա գլխավոր դատախազին խորհուրդ եմ տալիս, որ այդ կեղծավորությունը, կուլիսային պայմանավորվածությունները վերացնի, իրականում իրավաբանները գան,  եւ եթե դատախազը գտնում է, որ մեղադրանք չպետք է լինի, պետք է խիզախություն ունենան եւ գան, դատարաններում հրաժարվեն: Սպասում ենք, բազմաթիվ այսպիսի գործեր կան: Դատարաններն էլ, բնականաբար, եթե տեսնում են դատախազության այսպիսի ակնհայտ կոպիտ  խախտումներ, միանշանակ պետք է որոշումներ կայացնեն եւ դրանով օգնեն նաեւ, որ դատախազական համակարգը նույնպես ձերբազատվի: Նույնը եւ քննչական մարմիններին է վերաբերում:

- Ես հուսով եմ եւ մեծ սպասելիքներ ունեմ, որ իսկապես դատաիրավական համակարգը կլինի այնպիսին, ինչպիսին ասեցիք: Միգուցե իսկապես շատ ծանր է կարողանում փոփոխություններին ընդառաջ գնալ, բայց միեւնույն է, եթե մենք չունեցանք լավ դատաիրավական համակարգ, նշանակում է ոչ  մի բան էլ տեղի չի ունեցել:

- Իհարկե: Ենթադրենք, գործարարն ինչ-որ մեկից դժգոհ է, պետք է դիմի դատարան: Ես մի քանի գործեր եմ ուզում ասել, եւ այն դատավորները, որ իրենց համարում են արդա՞ր, լսելով մեր հարցազրույցը կարող են նեղանալ: Վերջին 10 տարին բանկերը թալանեցին մեր ժողովրդին. բազմաթիվ հայցեր ներկայացրեցին դատարաններ, դատարաններն էլ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում էին բոլոր հայցերը: Կա՞ գոնե մեկ դեպք, օրինակ, որ գյուղացին վերցրել է 3000 դոլար վարկ, բայց բանկը, օրենքի բոլոր խախտումներով, իրենից արդեն 15000 դոլար խլել է, եւ իրենք բանկի դեմ (բանկն էլ հո քաղաքական չէ) որոշում են կայացրել: Կամ հարկային տեսչության, ցանկացած քաղաքապետարանի, անգամ ԲՇՏ-ների (ЖЭК)  դեմ դատարանները վախենում էին դատական ակտեր կայացնել: Ասեմ, որ անգամ նախկին իշխանությունների ժամանակ կառավարության դեմ երբեմն դատավորների միջեւ ինչ-որ փոխհամաձայնություն լինում էր, եւ սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով էլի որոշ տեղաշարժ կար: Հիմա պետք է ուղղակի ամեն ինչից անկախ լինել, դատարանների վրա որեւէ ճնշում չլինի, որովհետեւ թե՛ բանկերը, թե՛ Հարկային տեսչությունը, ՏԻՄ ցանկացած ակտ, եթե անարդար է, պետք է մտնի  դատարան: Մենք նաեւ շետ մեծ բնագավառ ունենք վարչական իրավունքի ոլորտում. վարչական դատարանները պետք է նորից բարեփոխվեն, որովհետեւ վարչական դատավարությունը բերեցին, սարքեցին չգիտեմ ինչպիսի մի կառույց, գերմանացիները եկան, օրենքը գրեցին: Միգուցե այդ օրենքը գրելուց այն ժամանակ նորմալ էր, վարչական դատավարության օրենսգիրքն ընդունվեց, որպեսզի քաղաքացիներին պաշտպանեն վարչական մարմնի ինքնիրավ գործողություններից: Ասենք՝ քաղաքացին քաղաքապետարանի դեմ. քաղաքապետարանն ունի հզոր իրավաբանական վարչություն՝ իր իրավաբաններով, քաղաքացին չի կարող վիճարկել, օրինակ, քաղաքապետի որոշումը, որով մերժել են իրեն շինարարության թույլտվություն տալ: Դրա համար ստեղծվել է վարչական դատարանը, որն ի պաշտոնե կանգնի քաղաքացու կողմը եւ պահանջի վարչական մարմնից այդ ամենը: Մեզ մոտ ֆոկուս արեցին, վարչական դատավարությունը մեռավ: Այսօր վարչական դատավարությունը հանգում է հետեւյալին. ինչպիսի՞ հայցատեսակ ես ներկայացրել՝ ճանաչման,  վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման: Այսինքն, դատարանները ոչ թե քննում են պրոբլեմը, մինչդեռ պարտավոր էին քննել, երեւի նախկին ղեկավարությանը փորձեցին համոզել, որ վարչական իրավունքը, կներեք, հիմարություն է: Այսօր ես վարչական դատարանում չեմ կարողանում իմ վստահորդի իրավունքները պաշտպանել, որովհետեւ մի դատավորը մի  ձեւ է կարծում, մյուսը՝ այլ: Մի պրիմիտիվ օրինակ՝ ԴԱՀԿ ծառայողի որոշումը դատական ա՞կտ է, թե՝ ոչ. դատավորների մի մասն ասում է, որ դատական ակտ է, մյուս մասը դա չի ընդունում: Ու այսպես իրենք իրենց խելացի կեցվածք են ընդունել, մի քանի դատավորներ այդ ֆոկուսներին տիրապետում են, ու  եղել են գործեր, որ քննվել են 2-3, անգամ 5 տարի, վերջում դատարանն ասում է. «Դուք սխալ հայցատեսակ եք ներկայացրել»: Այնքան հեռացել են այսօր մեր վարչական դատարաններն արդարադատություն իրականացնողից, որովհետեւ չգիտեմ իրենց էլ ովքեր են վերապատրաստում, բայց հիմնական Սահմանադրությունը, Եվրոպական կոնվենցիան հեռացել են, եւ հիմա գնացել ենք ԵԴ եւ ասել, որ անհասանելի է: Վարչական իրավունքն անգամ մեզ՝ փաստաբաններիս, անհասանելի է, որովհետեւ անհեթեթության այնպիսի մակարդակի է հասել, որ քաղաքացին ընդհանրապես չի կարող դիմել եւ իր իրավունքը պաշտպանել: Ենթադրենք, քաղաքացուն եկել է «կարմիր գծի» տուգանք՝ 5000 դրամ: Քաղաքացին իրավախախտում չի կատարել, նա ապացույց էլ ունի, որ այդ օրը այդ պահին եղել է Վանաձորում: Այդ 5000 դրամի համար քաղաքացին  գրեթե չի կարող դիմել դատարան, անգամ եթե փորձի փաստաբանի միջոցով, փաստաբանին եթե  անգամ հաջողվի այդ լաբիրինթոսի մեջ այդ քաղաքացու իրավունքները պաշտպանել, վարչական դատարանը փաստաբանական ծախս կհամարի 6000-7000 դրամ, մինչդեռ փաստաբանն այդպիսի գործի համար կարող է վերցնել 200-300 դոլար: Այսինքն, ստացվում է, որ վարչական դատավարության այս անհեթեթությունների պատճառով քաղաքացիներն ասում են. «Տանենք, վճարենք, մենակ այս ամենից պրծնենք»: Իսկ վարչական դատարանի մեր «խելացի դատավորները» լավ կեցվածք են ընդունում, դիմելիս հարցնում են, թե ինչպիսի հայցատեսակ ենք ներկայացնում, ինչի իրավունքն իրենք չունեն:

- Մենք արդեն փաստեցինք, որ այս կամ այն կամայականություների ժամանակաշրջանն արդեն քիչ-քիչ թողնում ենք անցյալում:

- Այո: Իմ կարծիքով, երեւի զեկուցումներ, հրապարակումներ կլինեն, այս ապարատը կամաց-կամաց կաշխատի, եւ ապագայում կլինենք նորմալ արդարադատություն իրականացնող երկիր: Բնականաբար, սա եւս մի գործոն կլինի, որ մենք մեզ լավ զգանք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ արդարադատությունը իրականում տեղի է ունենում:                                                                                       

- Շնորհակալություն հրավերն ընդունելու համար:

- Ես էլ եմ շնորհակալ:

- Այսքանն էր, հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ,  «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը: Հիշեցնեմ, որ այսօր հյուրս փաստաբան Տիգրան Հայրապետյանն էր: Իսկ ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan