Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամեն տարի սեպտեմբերս Հայաստանինն է․ Սաշ

Ամեն տարի սեպտեմբերս Հայաստանինն է․ Սաշ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Զարթոնք է երկրում իմ Նաիրյան,

Արթնացե՛ք, արթնացե՛ք թմբիրից․

Գժվել է մեր ծուռը Սասնա,

Ելել է Մհերը քարայրից։

***

Իսկ արքան՝ ծախված ու մերկ,

Իսկ արքան՝ գահից ընկած․

Թող առնեն տերերը ետ

Ու մանրը չտա՛ն հանկարծ․․․

Սաշ

 


Սաշը Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ է Հայաստանում՝ կարևոր գործով․ երկրորդ գրքի շնորհանդեսն է, որոշել է հայրենիքում տպագրել ու տարածել։ Թեև ամեն տարվա սեպտեմբերը Հայաստանինն է, բայց այս տարվա սեպտեմբերն այլ է։ Հեռավոր Վոլգոգրադից, որտեղ մոտ 20 տարի Սաշը բնակվում է ընտանիքի հետ, ուշադիր հետևել է քաղաքական գործընթացներին և մտքերն ու հույզերը քառատողերի վերածել։ Ասում է՝ Հայաստանում օդն է փոխվել, մարդիկ ժպտում են։ Սաշն իր «Հեքիաթ հավերժի» գիրքը նվիրել է թավշյա հեղափոխություն իրականացրած տաք ու լուսավոր երիտասարդներին։ Շնորհանդեսին գրքի վաճառքի հասույթն էլ նվիրաբերել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, որտեղ բուժվում են վիրավոր զինվորները։ Սաշն էլ իր պոեզիայի պես անմիջական է, թեթև, բայց խորը, հասուն։ Գրքում և անձնական հույզեր են, և ներքին պայքար, և հույս, և քաղաքացիական դիրքորոշում։ Թեև Սաշը ստեղծագործել է դեռ դպրոցում, բայց իր տողերը մտերիմ մարդկանց շրջանակից դուրս հանել որոշել է միայն հասուն տարիքում։

 -Ինչու՞ այդքան ուշ որոշեցիք հրատարակվել:

-Էլի չէի տպագրվելու, չէի ուզում: Ունեի մատների վրա հաշված մի քանի ընկեր, հարազատներ, աղջիկս, տղաս: «Տարածիր պոեզիադ, հասցրու մարդկանց, լույս կա քո մեջ, որը քեզ տրված է, և դու պարտավոր ես հասցնել»,- իմ լավ ընկերներից մեկն էր ասում:

Առաջին գրքիս հիմնական նշանակությունը եղավ իմ հեղինակային իրավունքի պաշտպանությունը: Երբ գիրքը հայտնվեց իմ ձեռքին, ես սկսեցի գրականությանը, արվեստին մոտ կանգնած մարդկանց նվիրել, ու, բնականաբար, եղան արձագանքներ, որոնք ինչ-որ տեղ խթան դարձան, հասկացա, որ ես ասելիք ունեմ:

Սաշի մանկությունն անցել է Լոռվա սարերում՝ տատի տանը: Հիշում է, որ երբ պապը հանդից գալիս էր, իրեն էր վստահում ձիուն գյուղի աղբյուրից ջուր խմելու տանելը:

-5 տարեկան երեխայի համար դա բավականին բարդ էր: Ավելին ասեմ. մեր հարևանի տանը, երկու ձի ունեին, համ հայրն էր գալիս հանդից, համ՝ պապը, տղան (ինձանից մի տարով մեծ էր), նստում էր մի ձիուն, մյուսին բռնում էր ու այնպես հպարտությամբ էր ինձ նայում, որ ես աղջիկ եմ՝ հերիք չի, մի տարի էլ փոքր եմ՝ հերիք չի, ու ես մի ձի, ինքը՝ երկուսը ունի․․․ Ու գալիս, պապիկիս լացակումած ասում էի. «Պապ, մի հատ էլ ձի առ, էն Գագոն 2 ձիով...»: Եվ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ շոկային վիճակ պետք է լիներ ինձ մոտ, երբ այդ կենցաղից կտրեցին ու նորից բերեցին Երևան: Ու մի սպիտակ ժապավեն են կապում մազերիդ, սպիտակ վերնաշապիկ հագցնում ու սեպտեմբերի 1-ին ուղարկում են դպրոց: Ձանձրանում էի, այդ սարերից, անտառներից, ծառերից, ձիերից հետո այս չոր ու ցամաք քաղաքում: Հիշում եմ, որ առաջին ժամին շատ-շատ ընկճվեցի, հիասթափվեցի. սա՞ է քաղաքը, սա՞ է դպրոցը:

-Գիրքը նվիրել եք եղափոխությունն իրականացրած լուսավոր սերնդին: Որքանո՞վ քաղաքականությունը տեղ ունի Ձեր պոեզիայում:

-Երկար ժամանակ ես ինձ արգելում էի քաղաքականության մասին խոսել. դառն էր, իմ ներսում դառնություն կար այդ ամենի նկատմամբ: Մի քիչ ռեալիստ մարդը կարող է ավելի վերապահումով այդ ամենին վերաբերել, բայց ոչ արվեստի մարդը, որովհետև արվեստը հաճախ տառապանքից է ծնվում: Ես անկեղծորեն այդ դառնությունը, առնվազն գոնե վերջին 2-3 տասնամյակի քաղաքական անարդարությունը, ժողովրդի վիճակը չէի ուզում բաց թողնել պոեզիայի մեջ, ես ինձ արգելել եմ մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը, որովհետև 2016-ին ես իրոք չգիտեմ ներսից ինչ էր կատարվում, ու չկարողացա չգրել: Դուք այստեղ մեջն եք, այդ ամենին արձագանքում եք, ապրում, վերապրում, տառապում, մենք հեռավորությունից ցավ ենք զգում, և այդ ցավը երբեմն հայտնվում է քառատողերում: Ու այդ ժամանակ ուղղակի չկարողացա լռել: Ապրիլյանի մասին երկու գործ ունեմ՝ «Թաշկինակ տվեք» և «Ներսից է դահիճը»:

Ներսից է դահիճը

 

Փոխվել են գույները բոլոր,

Փոխվել են ձևերը․

Երկիր են քանդում այսօր

Բարեգործ տերերը։

 

Պատերը բարձր են նրանց,

Ու բարձր է քրքիջը,

Որ հանկարծ չհասնի ականջին

Սևավոր մոր ճիչը…

 

Լափում են, որոճում պատառը՝

Շաղախված արցունքով որբի․

Հարա՛մ է դրանց մատաղը,

Ու՛ր մնաց, թե հացը ուտվի։

 

Պատմությունն ինքն էլ շվարել,

Թաղել է իր խիղճը…

Ու՞ր գնաս և ու՞մ բողոքես…

Ներսից է դահիճը։

Ապրիլ 2016

 


-Քաղաքական թեմաներով իմ ստեղծագործությունները կարելի է բաժանել երկու մասի՝ նեգատիվ, անհուսալի շրջան և հույսի, լույսի ու զարթոնքի շրջան: Եկեք վերնագրերով նայենք. այստեղ դեռ դառն են՝ «Թող ձեզ տերը ների» և «Շրջմոլիկը»: Այստեղ ես արդեն ունեմ մի փոքր հարցի լուծում՝ «Ով եմ ես». այստեղ դեռևս հեղափոխության մասին խոսք չկար: Այստեղ կոչ կա, որովհետև հիշեցնում եմ մեր էպոսը, ես ունեմ կոչը և հարցի լուծումը, ես գիտեի, որ պետք է  մի բան կատարվի, ժողովուրդը չպետք է այսպես գնա ու գլորվի անդունդը. մենք եզրին էինք, եթե չասեմ՝  ընթացքի մեջ: Ու ես գիտեի, որ մի բան պետք է փոխվի, մենք պետք ենք այս աշխարհին, մոլորակին: Ախր մենք լավն ենք: Ես ասեցի, որ չէի ուզում դառնությունս բաց թողնել պոեզիայի մեջ, չկարողացա լռել. ընթացք ստացավ, շարունակություն, փորձեցի պրպտել՝ որտեղ է մեր փրկությունը: Ես այդ փրկությունը տեսա, որ ասում եմ. «Կծնկեն դեռ մեր կանայք: Փառք տանք, որ դեռ պիտի ծնկեն ու ծնեն նոր դյուցազուններ»: Հիշեցնում եմ մեր էպոսը, ցույց եմ տալիս՝ որտեղ է մեր փրկությունը: Այսինքն՝ ես այդ սերնդին սպասում էի, կարծում էի, որ դեռ գալու է՝ 5, 10 տարի հետո, չգիտեի, որ մեր կողքին է, որ մի ամիս հետո հեղափոխություն է լինելու: Ես երբևէ երազել անգամ չէի կարող, թե կարող եմ գրել պոզիտիվ գործեր:

-Նոր Հայաստանում ավելի՞ հաճախ եք պլանավորում լինել:

-Ավելի հաճախը, իրոք, մեզ համար երազանք է, մենք ոչ միայն մտածում ենք, այլ հաճախ այդ հարցը քննարկում, որ պետք է ավելի շուտ-շուտ գալ: Բայց տեղափոխվելը, ամեն ինչ զրոյից սկսելը... Պատկերացրեք՝ ամեն ինչ ստեղծել ես քո շուրջը, ինչ-որ իրականություն՝ տուն, աշխատանք, ու միանգամից այդ կենցաղից, իրականությունից կտրել, գալ ու ասել. «Հիմա էլ ես պետք է այստեղ լինեմ», դրան դեռ պատրաստ չենք: Բայց հաճախակի գալն ուղղակի երազանք է մեզ համար:

Սովորաբար գալիս եմ սեպտեմբերից-սեպտեմբեր, ամեն տարի սեպտեմբերս Հայաստանինն է: Այս տարի ես կարող էի ապրիլին գալ, մայիսին՝ ուղղակի տեսնելու, մոտիկից շոշափելու համար այդ էներգիան, որ կար Հայաստանում: Բայց ես ասեցի՝ ես չեմ արել այդ հեղափոխությունը, ովքեր արել են, թող իրենք էլ վայելեն այդ հաղթանակի հաճույքը: Շատ ընկերներ, ծանոթներ, հարազատներ մի 5, 10 օրով եկան, և առաջին հարցն այդ էր լինում՝ ի՞նչն է փոխվել, ինչպե՞ս: Եվ հիմնականում լսում էինք՝ ժողովուրդը ժպտում է, ժպտում է... Ես ուզում եմ, որ մեր ժողովրդի մեջ այդ հավատը լինի, որ վաղը լավ է լինելու, մյուս օրը՝ էլ ավելի, ու ամեն օր մի քիչ ավելի լավ է լինելու:

-Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ Ձեր խոսքը հարազատ ու ընկալելի կլինի հայաստանաբնակ ընթերցողին:

-Ցանկացած գործ իմն է մինչև գրելը. կռիվ եմ տալիս, գրում, ջնջում, փոխում, մի 2-3 օր, ինչպես ասում եմ, «թող եփվի, մի քիչ նստվածք տա»: Երբ վերջացրի՝ այլևս իմը չէ, արդեն ընթերցողինն է: Կընդունեն, չեն ընդունի՝ այդ մասին չեմ մտածում: Ի վերջո, ճաշակները, հայացքներն ու մոտեցումները տարբեր են լինում:

Արդեն մոտ 20 տարի ապրում եմ Ռուսաստանում, բայց իմ կրթությունը հայկական է, մտածում եմ հայերեն: Ես հայերենն ուղղակի ոչ թե գիտեմ, այլ զգում եմ, ռուսերենը գիտեմ, բայց չեմ զգում: Հատկապես պոեզիայի մեջ բառն իմանալը քիչ է, զգալ է պետք. «Բառը երանգներ ունի ու շերտեր»...

-Ինչպե՞ս իմացաք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մասին, ինչու՞ որոշեցիք գրքի վաճառքի հասույթն ուղղել վիրավոր զինվորների խնդիրների լուծմանը:

-Հետաքրքրվել եմ իմ ընկերների միջոցով, և եղել է առաջարկ, որ հավաքված գումարը կարելի է փոխանցել մանուկներին, ծերերին (էլի կան ասպարեզներ, որ կարելի է փոխանցել): Ինչո՞ւ ես ընտրեցի զինվորներին: Արդեն նկատեցիք, գիրքը նվիրված է Թավշյա հեղափոխություն իրականացրած լուսավոր երիտասարդությանը, իսկ զինվորի և հեղափոխություն իրականացրած լուսավոր երիտասարդների միջև սահմանը, կարծում եմ, այդքան էլ շատ չէ, նույն սերունդն է: Ամեն մի զինվոր, մինչև ինքն իր ներսում հեղափոխություն չանի, սահմանի վրա չի կարող կանգնել: Դա նույն երիտասարդության շարունակությունն է… Այդ սերունդն իմ սերն է, կլինի զինվոր՝ սահմանին կանգնած, կլինի հրապարակում կանգնած, դա նույն մարտնչող, ազատասեր տեսակն է: Եթե կա հնարավորություն ձեռք մեկնելու, ուրեմն առաջին հերթին՝ զինվորին: Ի վերջո, այդ զինվորի շնորհիվ ենք լիաթոք շնչում թե՛ ծերերը, թե մանուկները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan