Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արևելյան գործընկերության 10-ամյակը լավ հնարավորություն է հասկանալու, թե ինչ նշանակություն ունի այն Հայաստանի համար

Արևելյան գործընկերության 10-ամյակը լավ հնարավորություն է հասկանալու, թե ինչ նշանակություն ունի այն Հայաստանի համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արևելյան գործընկերության 10-ամյակը լավ հնարավորություն է հասկանալու, թե ինչ նշանակություն ունի այն Հայաստանի համար

Արևելյան գործընկերության 10-ամյակ. հարմար առիթ` իմանալու, թե ինչ է այն իրենից ներկայացնում

1. Ի՞նչ է Արևելյան գործընկերությունը: Արդյոք այն նշանակու՞մ է ԵՄ անդամակցություն:

Արևելյան գործընկերությունը միավորում է Եվրոպական միությանը, նրա անդամ պետություններին ու վեց արևելյան հարևաններին` Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը և Ուկրաինային: Վերջին տասը տարվա ընթացքում գործընկեր երկրները միասին աշխատում են ժողովրդավարության, բարգավաճման և կայունության միասնական տարածքի ձևավորման ուղղությամբ: Ամենօրյա կյանքում սա նշանակում է ավելի ուժեղ տնտեսություն, ավելի ուժեղ հաստատություններ և ավելի մեծ վստահություն, ավելի մաքուր շրջակա միջավայր, ապահով և կայուն էներգամատակարարում, հնարավորություններ հասարակության և հատկապես երիտասարդների համար: Ի վերջո, այն նշանակում է կյանքի որակի բարելավում բոլորի համար:

Արևելյան գործընկերությունը չի նշանակում ԵՄ անդամակցություն, բայց այն որոշակի շրջանակ է ապահովում վերոնշյալ երկրների համար, որպեսզի վերջիններս, իրենց հայեցողությամբ, ավելի սերտ հարաբերություններ ունենան Եվրոպական միության հետ:

2. Ինչու՞ է ԵՄ-ին անհրաժեշտ տվյալ գործընկերությունը: Ինչի՞ համար է ԵՄ-ն ծախսում իր հարկատուների փողերն` այլ երկրներին օգնելու համար:

Եվրոպական միության շահագրգռվածությունը շատ պարզ է. կայուն, անվտանգ և բարեկեցիկ հարևանություն ունենալը կենսական նշանակություն ունի հենց ԵՄ-ի կայունության, անվտանգության և բարեկեցության համար: Ինչպես ասել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը. «Մենք պետք է արտահանենք կայունություն .... անկայունության ներմուծումից խուսափելու համար»:

Միևնույն ժամանակ, Արևելյան գործընկերությունը նոր շուկաների և նոր սպառողների հնարավորություն է ստեղծում երկու կողմերի բիզնեսների համար: Դրան հատկապես նպաստում են Եվրամիության և Հայաստանի միջև նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթները, որոնք կոչված են «նոր մթնոլորտ ձևավորելու տնտեսական հարաբերությունների…. և, առաջին հերթին, առևտրի ու ներդրումների զարգացման համար»: Գործընկերությունը նաև նոր շուկաներ է բացում զբոսաշրջության համար ու նոր հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար: Հայաստանցի և եվրոպացի ուսանողների համար այլևս ավելի հեշտ է փոխանակումներին մասնակցելը, ճանապարհորդելն ու իրենց փորձառությունն ընդլայնելը:

Ուստի, ավելի ուժեղ Հայաստանը նշանակում է ավելի ուժեղ Եվրոպական միություն:

3. Շատ լավ: Թե ինչու է ԵՄ-ն գումար ներդնում, դա պարզ է: Բայց արդյոք կա՞ պատշաճ վերահսկողություն, թե ուր է այն գնում և ինչպես է ծախսվում:

Եվրամիության հիմնադրամները մշտապես բախվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մշտադիտարկման և հաշվետվողականության խիստ ընթացակարգերի հետ` նպատակ ունենալով գնահատել գործողությունների արժեքն ու ազդեցությունը: Դրանք նաև ենթարկվում են խիստ ֆինանսական աուդիտի` համոզվելու համար, որ հատկացված միջոցները ծախսվել են պատշաճ կերպով: Նույնիսկ եթե օժանդակություն ստացողը գործընկեր երկրի պետական բյուջեն է, գումարը հատկացվում է միայն այն դեպքում, երբ բավարարվել են բոլոր համաձայնեցված թիրախները: Եվրամիությունը որևէ գումար չի հատկացնում, մինչև որ համաձայնեցված թիրախների ուղղությամբ վստահություն ներշնչող գործողություն չի տեսնում:

Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնային տեղ է զբաղեցնում Եվրոպական միության և նրա Արևելյան գործընկերների, այդ թվում` Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում: Այդ է պատճառը, որ ԵՄ-ի բազմաթիվ ծրագրեր ուղղված են օրենքի գերակայության, թափանցիկության և արդյունավետ պետական կառավարման ամրապնդմանը:

Այսպիսով, եվրոպական միջոցների պատշաճ գործածումը ոչ միայն նպաստում է յուրաքանչյուր գործընկեր երկրի տնտեսության և հասարակության ուժեղացմանը, այլ նաև ապահովում է, որպեսզի քաղաքացիները կարողանան իրապես օգտվել առավել սերտ գործընկերության առավելություններից թե° Հայաստանում, թե° Եվրոպական միության անդամ պետություններում:

4. Այդ դեպքում, որո՞նք են Հայաստանի համար կոնկրետ օգուտները:

Հայաստանն առաջնահերթ գործընկեր է Եվրոպական միության համար: Այդ գործընկերությունն ամրապնդվել է 2017 թվականին ստորագրված և 2018 թվականի հունիսի 1-ից նախնական կիրարկման փուլ մտած գործընկերության համաձայնագրով:

Եվրոպական միությունը Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է: 2009 թվականից ի վեր, ԵՄ-ն ավելի քան 473 միլիոն եվրոյի աջակցություն է ուղղել հայկական ընկերություններին. արդյունքում, աջակցություն են ստացել 25 հազար ձեռնարկություններ, և ստեղծվել են 900 նոր աշխատատեղեր:

ԵՄ աջակցության շնորհիվ Երևանի 1.1 միլիոն բնակիչների համար բարելավվել է խմելու ջրի որակը, մինչդեռ Երևանի մետրոպոլիտենի արդիականացումն ավելի հարմարավետ ուղևորափոխադրումներ, անվտանգ շահագործում և էական էներգախնայողություններ է ապահովում:

Ավելի են հեշտացել ճանապարհորդությունն ու արտերկրյա փոխանակումները. 2014 թվականից ի վեր` վիզաների դյուրացման համաձայնագրի ստորագրումով, հայաստանցիների համար ավելի հեշտ, ավելի արագ և ավելի էժան է դարձել վիզաների համար դիմումների ներկայացումը: Միով բանիվ, 2015-2017 թվականների ընթացքում Հայաստանից ավելի քան հազար ուսանողներ ու դասախոսներ «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում սովորել կամ դասավանդել են Եվրոպայում:

ԵՄ-ն նաև աջակցում է նորարարություններին ու հետազոտություններին, մասնագիտական ուսուցմանը, էներգաարդյունավետությանը, էլեկտրոնային կառավարմանը և արդարադատական բարեփոխումներին: Նշվածները մի քանիսն են այն ոլորտներից, որոնց ուղղությամբ ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում` կոնկրետ օգուտներ ապահովելով քաղաքացիների համար:

5.       Իսկ որո՞նք են կոնկրետ օգուտներն ինձ համար:

ԵՄ-ի աջակցությունից ուղղակիորեն օգտվել են հասարակության բոլոր շերտերին պատկանող մարդիկ, և դու նույնպես կարող էիր լինել նրանց փոխարեն: Ահա մի քանի օրինակներ. Սաթենիկ Խաչատրյանի` գյուղի փոստային բաժանմունքից ուղարկված հայտը նրան հնարավորություն տվեց «Էրազմուս +» ծրագրի շրջանակում ուսանել եվրոպական չորս երկրում և երեխաների պաշտպանության ու կրթության ոլորտում ստացած փորձառությունն իր հետ բերել հայրենի Ճամբարակ:

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից ձեռնարկատեր Արամ Թովմասյանը ստացել է ԵՄ ուսուցում և ֆինանսական աջակցություն, որը նրան հնարավորություն է ընձեռել ծիրանի աղի կորիզների արտադրություն սկսել:

Գյուղատնտես Արթուր Գասպարյանն իր ջերմոցի ջեռուցման համար այժմ չորս անգամ պակաս գումար է ծախսում` շնորհիվ կենսազանգվածով աշխատող կաթսայի, որը տեղադրվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորված նախագծի աջակցությամբ: «Մենք չենք վնասում շրջակա միջավայրին, բայց ստանում ենք միևնույն էներգիան: Միևնույն արդյունքը, բայց ավելի էժան գնով», - ասում է նա:

Դատավոր Լիզա Գրիգորյանը (Երևան) արդարադատական և իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկն է, ով ԵՄ ծրագրի շրջանակներում ներգրավված է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում: Գործընթաց, որը կարող է խնայել կյանքեր` ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման միջոցով:

6. Շատ լավ. այս ամենն ինձ հետաքրքրեց: Իսկ ինչպե՞ս կարող եմ օգտվել այս բոլոր հնարավորություններից: Ինչպե՞ս կարող եմ գտնել մի բան, որը կարող է օգտակար լինել ինձ համար:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ կայքէջը հետևում ու հրապարակում է տեղեկատվություն ԵՄ-ի ընձեռած բոլոր ընթացիկ և նոր հնարավորությունների մասին: Նշված կայքէջի համապատասխան բաժնում դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր հնարավորությունների մասին, լինի դա երիտասարդ ձեռնարկատերերի ստարտափ ակադեմիա, երիտասարդ մասնագետների ուսումնական այցելություն դեպի Ֆինլանդիա, ստաժավորում Եվրոպական խորհրդարանում կամ էներգաարդյունավետության ուղղվածությամբ նախաձեռնությունների ֆինանսավորում:

Փոքր բիզնեսի ներկայացուցիչները կամ ձեռնարկատերերը EU4Business (ԵՄ-ն բիզնեսի համար) նախաձեռնության կայքջում կգտնեն ուսուցման և ֆինանսավորման լայն հնարավորություններ: Իսկ փոխանակման կամ կրթական հնարավորություններով հետաքրքրված երիտասարդները պետք է հետևեն Հայաստանում Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակի կայքէջին:

Անհրաժեշտ է այցելել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կայքէջ, որում առկա են հատուկ բաժիններ՝ աշխատանքի և ֆինանսավորման ու ճանապարհորդական և կրթական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությամբ:

7. ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերությունն արդեն 10 տարեկան է. ի՞նչ է լինելու հաջորդիվ:

2019 թվականին նշվում է Արևելյան գործընկերության 10-ամյակը: Վերջին տասնամյակի ընթացքում ԵՄ-ի և Հայաստանի համատեղ ջանքերի արդյունքում աճել է երկկողմանի ապրաքաշրջանառությունը, ավելացել են շարժունակության հնարավորությունները, գործարկվել են տնտեսական զարգացման և կյանքի որակի բարելավման մեխանիզմները:

Այնուամենայնիվ, գործընկերությունն այսքանով չի սահմանափակվում. ԵՄ-ն և նրա արևելյան գործընկերները սահմանել են 20 թիրախային նպատակներ, որոնք արդեն հաջորդ տարի պետք է բավարարված լինեն: Դրանք հայտնի են որպես «20 թիրախային արդյունքներ 2020 թվականի համար»: Կողմերն ակտիվ ջանքեր են գործադրում այդ նպատակներին հասնելու համար, որոնք, մասնավորապես, վերաբերում են լավ կառավարմանը, տնտեսական զարգացմանը, էներգետիկային, շրջակա միջավայրին, տրանսպորտին և ուժեղ հասարակությանը, ինչպես նաև՝ գենդերային հավասարությանը, զանգվածային լրատվամիջոցներին ու քաղաքացիական հասարակությանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan