Բոլիվիայի սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսը հայտարարել է իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար




Բոլիվիայի սենատի փոխխոսնակ Ժանին Անյեսը հայտարարել է, որ Էվո Մորալեսի հրաժարականից հետո կստանձնի երկրի ղեկավարի պարտականությունները: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:
«Ես անհապաղ ստանձնում եմ պետության ղեկավարի պարտականությունները`սահմանադրությանը համապատասխան: Հարկավոր է որքան հնարավոր է արագ նոր ընտրություններ անցկացնել:
Մենք ցանկանում ենք, որ այս ընտրությունների արդյունքները, որոնք կանցկացվեն պատշաճ, որակավորված և անկախ իշխանությունների հետ, արտացոլեն ժողովրդի ցանկությունները»,- ասել է Անյեսը:
Հիշեցնենք, որ Բոլիվիայում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո հրաժարական են ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, սենատի խոսնակ Ադրիանա Սալվատերրան և պատգամավորների պալատի խոսնակ Վիկտոր Բորդան, երկրի արտգործնախարար Դիեգո Պերին: