Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կովկասը 1918-21թթ.Արա Պապյան

Կովկասը 1918-21թթ.Արա Պապյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Կովկասը պայմանականորեն կարելի է բաժանել երկու հատվածի՝ Հարավային Կովկաս և Հյուսիսային Կովկաս: Մինչ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունը Հարավային Կովկասի տարածքը գտնվում էր Ռուսաստանի կայսրության Կովկասի փոխարքայության (Кавказское наместничество) կազմում և վարչականորեն բաժանված էր 5 նահանգի (губерния), 2 մարզի (область) և 2 օկրուգի (округ): Դրանք էին՝ Բաքվի, Ելիզավետպոլի, Երևանի, Թիֆլիսի և Քութայիսի նահանգները, Կարսի և Բաթումի մարզերը, ինչպես նաև Զաքաթալայի և Սուխումի օկրուգները: 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից և ժամանակավոր կառավարության ստեղծումից հետո՝ մարտի 9-ին (բոլոր ամսաթվերը տրված են հին տոմարով) Հարավային Կովկասի կառավարման համար Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Անդրկովկասի հատուկ կոմիտե (Особый Закавказский Комитет), որը պատմության մեջ առավել հայտնի է Օզակոմ (Озаком) անունով: 1917թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած բոլշևիկյան հեղաշրջումից հետո Հարավային Կովկասը չընդունեց բոլշևիկյան իշխանությունը և նոյեմբերի 15-ին որպես տարածաշրջանի կառավարող մարմին ձևավորվեց կոալիցիոն կառավարություն՝ Անդրկովկասի կոմիսարիատը (Закавказский комиссариат), իր օրենսդիր մարմնով՝ Անդրկովկասյան սեյմով (Закавказский сейм): Թեև այդ ընթացքում Հարավային Կովկասը դեռևս շարունակում էր մնալ որպես մեկ միասնական վարչատարածքային մարմին, այնուհանդերձ նրա ներսում առկա էին էական հակասություններ, որոնք տանում էին Հարավային Կովկասի տրոհմանը: Հարավային Կովկասի հիմնական բնակիչները՝ հայերը, վրացիները և Կովկասի թաթարները ունեին տարբեր, հաճախ հակադիր շահեր: Ուստի, երբ 1918թ. փետրվարին թուրքական բանակը, խախտելով 1917թ. դեկտեմբերին կնքած զինադադարը, անցավ հարձակման, հայերն ըստ էության մնացին այն միակ ուժը, որը պատրաստ էր կռվել: Օգտվելով քանակական և որակական առավելությունից՝ Օսմանյան բանակին հաջողվեց վերանվաճել Արևմտյան Հայաստանը և 1918թ. սկզբին դուրս գալ Ռուսաստանի կայսրության նախապատերազմյան սահմանագծին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Անդրկովկասյան Սեյմը ստիպված գնաց բանակցությունների, որոնք կայացան Տրապիզոնում՝ 1918թ. մարտ-ապրիլին: Տրապիզոնի բանակցություններում թուրքերն առաջ էին քաշում հիմնականում երկու պահանջ՝ - տարածքային. Թուրքիային պիտի անցնեին ոչ միայն Օսմանյան կայսրությունում ռուսների կողմից ազատագրած Արևմտյան Հայաստանի հողերը, այլև 1878թ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսաստանին միացած Կարսը, Բաթումը և Արդահանը: - քաղաքական. Անդրկովկասյան սեյմը պիտի ճանաչեր 1918թ. մարտի 3-ին ստորագրած Բրեստ-Լիտովսկի բոլշևիկաթուրքական հաշտության պայմանագիրը, ինչպես նաև Անդրկովկասն իրեն պիտի անկախ հռչակեր: Սեյմը հարկադրված ընդունեց թուրքերի պարտադրանքը և ապրիլի 9-ին որոշում ընդունեց Հարավային Կովկասը Ռուսաստանից անկախ հռչակելու և Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (Закавказская демократическая федеративная республика) ստեղծելու մասին: Սակայն անգամ սա չկասեցրեց թուրքերի հարձակումը, թուրքերը շարունակեցին հարձակումը և ապրիլի 1-ին գրավեցին Բաթումը, ապաև ապրիլի 12-ին հայերը, անսալով Սեյմի ղեկավարության հրահանգներին, հանձնեցին Կարսը: 1918թ. մայիսին Բաթումում ընթացան նոր բանակցություններ, որտեղ թուրքերն ի լրումն արդեն պահանջածի առաջ քաշեցին նոր պահանջներ՝ զիջել Երևանի նահանգի զգալի մասը և Թիֆլիսի նահանգի Ախալցխեի ու Ախալքալաքի ուեզդները (ենթաշրջանները), ինչպես նաև վերահսկողություն Հարավային Կովկասի երկաթուղու նկատմամբ: Վերոնշյալի պատճառով հակասությունները ներսում սրվեցին: Վրաստանը դիմեց Գերմանիայի հովանավորությանը, որոնք մայիսի 25-ին մտան Վրաստան: Իսկ Ադրբեջանը դիմեց Թուրքիային, որի զորքերը նախ փորձեցին Հայաստանի վրայով անցնել Բաքու, սակայն հայկական զորքերի դիմադրությունը հարկադրեց թուրքերին շրջանցել Հայաստանը և միայն 1918թ. սեպտեմբերին նրանց հաջողվեց մտնել Բաքու: Հակասությունների սրման հետևանքով Հարավային Կովկասում հռչակվեց 3 անկախ պետություն: Նախ, մայիսի 26-ին իրեն անկախ հռչակեց Վրաստանը, ապա 2 օր անց՝ մայիսի 28-ին, իրենց անկախությունը հռչակեցին Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունները: Այսպիսով 1918թ. կեսերին Հարավային Կովկասը բաժանված էր 3 նորաստեղծ պետությունների միջև, որոնց սահմաններն անորոշ էին, իսկ տարածքային հավակնությունները հաճախ բախվում էին: Վիճակն այդպես մնաց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1918թ. հոկտեմբեր-նոյեմբերը: 1919թ. հունվարից Փարիզում իր աշխատանքներն սկսեց Խաղաղության վեհաժողովը, որին էլ վերապահված էր որոշելու Հարավային Կովկասի նորաստեղծ երկրների սահմանները: Բացի Փարիզի Խաղաղության վեհաժողովի գործընթացից, Հարավային Կովկասում զուգահեռ գործընթաց էր տեղի ունենում թուրք քեմալականների և ռուս բոլշևիկների միջև: Առաջին աշխարհամարտի ավարտին նախորդող ժամանակահատվածում և հաջորդող տարիներին կնքվեցին մի շարք պայմանագրեր, որոնք այս կամ այն չափով վերաբերում էին Հարավային Կովկասի միջպետական սահմաններին, մասնավորապես, հայ-թուրքական սահմանին: Համառոտակի անդրադառնանք դրանց: Դրա համար նախ տեսնենք՝ ի՞նչ բան է միջազգային պայմանագիրն ըստ միջազգային իրավունքի: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»:[1] Սա ամրագրված է Պայմանագրային իրավունքի վերաբերյալ 1969թ. Վիեննայի կոնվենցիայի մեջ: Կոնվենցիայի հոդված 2 {1} {ա}-ն պայմանագիրը բնորոշում է որպես «պետությունների միջև գրավոր կերպով կնքված և միջազգային իրավունքի վրա խարսխված միջազգային համաձայնություն»: Այսինքն, պայմանագրի օրինականության համար վճռորոշ է միջազգային իրավունքին համապատասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչը: Այս տեսանկյունից էլ ժամանակագրական կարգով անդրադառնանք հայ-թուրքական սահմանին վերաբերող պայմանագրերից յուրաքանչյուրին և որոշենք դրանց կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի:
1. Ժամանակագրական առումով առաջինը Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն է և նրա հավելվածը՝ կնքված 1918թ. մարտի 3-ին, այսինքն՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը: 1917թ. հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք 1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում: Միջին արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը: Մասնավորապես, Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով բոլշևիկները պարտավորվեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրավված Արևմտյան Հայաստանի տարածքները (կամ «Արևելյան Անատոլիայի նահանգները», ինչպես գրված է պայմանագրում), այլև 1878թ.-ից Ռուսական կայսրության մաս հանդիսացող Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը:Համառոտակի քննության առնենք Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից: Սույն պայմանագիրն անօրինական է ու անվավեր, ըստ այդմ որևէ իրավական հետևանք չունի հայ-թուրքական սահմանի համար, 2 պատճառով. ա) Բոլշևիկները 1918թ.-ին չէին հանդիսանում Ռուսաստանի օրինավոր և ճանաչված իշխանությունները, հետևաբար՝ իրավասու չէին միջազգային հարաբերությունների մեջ մտնել, առավել ևս պայմանագիր կնքել Ռուսաստանի անունից (այս հիմնադրույթին ավելի հանգամանալից կանդրադառնանք Մոսկվայի և Կարսի պայմանագրերը քննելիս),բ) Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել իրենց իսկ կնքողների կողմից (1918թ. սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի, իսկ 1918թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ Թուրքիայի կողմից (Մուդրոսի զինանդադարի 11-րդ հոդվածով):
2. Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրը Սևրի պայմանագիրն է՝ կնքված 1920թ. օգոստոսի 10-ին:Սևրի պայմանագիրն օրինական է, քանի որ կնքող բոլոր կողմերն իրենց երկրների օրինական և ճանաչված իշխանություններն էին: Պայմանագրի շուրջ, ըստ սահմանված կարգի, ընթացել են երկարատև բանակցություններ և Օսմանյան կայսրության անունից պայմանագիրը ստորագրել է լիազոր պատվիրակությունը: Սևրի պայմանագիրը չի արժանացել լիակատար վավերացման (հետևաբար մնում է ոչ կատարյալ՝ unperfected), սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել (հետևաբար մնում է օրինական, բայց ուժի մեջ չմտած՝ valid but not in force): Սխալ է այն տարածված պատկերացումն՝ իբր Սևրի պայմանագիրն է որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: Այդպես չէ՛: Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածով կողմերը համաձայնվել են Հայաստանի և Թուրքիայի սահմանը իրավարար վճռով որոշելու խնդրանքով դիմել ԱՄՆ նախագահին և այդ վճիռն ընդունել անմիջապես: Նույն պայմանագրի 90-րդ հոդվածով Թուրքիան վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ամրագրելով. «սկսած իրավարար որոշման օրից Թուրքիան հրաժարվում է [Հայաստանին] փոխանցվելիք տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից»:ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ իրավարար վճիռը ստորագրել և հաստատել է ԱՄՆ պետական կնիքով 1920թ. նոյեմբերի 22-ին: Այսինքն, 1920թ. նոյեմբերի 22-ից Իրավարար վճիռը մտել է ուժի մեջ: Այդ օրվանից նախկինում Օսմանյան կայսրության մաս կազմող Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների նկատմամբ (ընդհանուր առմամբ 103.599քկմ) չեղյալ են հայտարարվել թուրքական իրավունքներն ու տիտղոսը և de jure ճանաչվել են Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու տիտղոսը: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին, որպես հայոց իրավունքների ամենազորեղ կռվանի, ավելի հանգամանալից կանդրադառնանք ստորև:
3. Ժամանակագրական առումով հաջորդը Ալեքսանդրապոլի պայմանագիրն է՝ կնքված 1920թ. դեկտեմբերի 3-ին:Սա սովետահայ պատմագրության ամենասիրելի թեմաներից մեկն էր, քանի որ հնարավորություն էր տալիս ուրիշներին մեղադրել դավաճանության մեջ, իսկ բոլշևիկներին ներկայացնել որպես ազգի փրկիչներ: Մեր խնդիրը չէ պատմական քննարկումներ կատարել: Մեր նպատակն է քննել Ալեքսանդրապոլի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից: Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է ու անվավեր, նախ այն պատճառով, որ կնքող կողմերից և ոչ մեկը չի ունեցել դրա իրավասությունը: Պայմանագիրը հայկական կողմից կնքողներն արդեն իշխանություն չէին, իսկ Թուրքիայի կողմից կնքողները դեռևս իշխանություն չէին: Երկու կողմերն էլ գործել են ultra vires, այսինքն՝ գերազանցել են իրենց իրավասությունները:[2] Հանրահայտ փաստ է, որ ՀՀ վերջին օրինական կառավարության կողմից իշխանության հանձնումը տեղի է ունեցել 1920թ. դեկտեմբերի 2-ին՝ «ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև» կնքված համաձայանագրով:[3]  Այս մասին տեղյակ էր նաև Քյազիմ Կարաբեքիրը, երբ դեկտեմբերի 3-ին (2-ի լույս 3-ի գիշերը) ստորագրում էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը:[4]  Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է նաև այն պատճառով, որ ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացահայտ սպառնալիքով:[5]
4. Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրը Մոսկվայի պայմանագիրն է՝ կնքված 1921թ. մարտի 16-ին:Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «ՌՍՖՍՀ կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջև: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 16.03.1921թ. դրությամբ:ա) Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (ՌՍՖՍՀ) կարգավիճակը 1921թ.-ին.Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար դրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924թ. փետրվարի 1-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով:[6] Մինչև 1924թ.-ը տեղի ունեցած «ճանաչումները» չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից:[7] Օրինակ, 1920թ.-ին սովետական կառավարությունը ճանաչեց Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չընդունվեց Դաշնակից ուժերի կողմից այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէ:[8,9] Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ-ն ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923թ.) ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայտն այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ:[10] Նմանատիպ վճիռ նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) դատական գործում (1921թ.):[11]Վերոհիշյալ և տասնյակ այլ դատական վճիռներ ու կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնակյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել:[12] բ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին.Ըստ էության, սովետական իշխանության և կառավարության մասին վերոգրյալն ամբողջովին վերաբերում է, այսպես կոչված, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականներն իրենք որևէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կոչվող կառույցի «կառավարության» անունից: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն (NGO) էր, որի մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նախկին պաշտոնյաներ միավորող կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, սակայն դրանցից և ոչ մեկն իրավունք չունի միջպետական պայմանագիր կնքելու երկրի անունից: Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչև 1922թ. նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էին վերապահված միջազգային հարաբերությունների մեջ մտնելու լիազորությունները, միայն սուլթանը կարող էր լիազորել որևէ անձի՝ գործելու երկրի անունից:[13]Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որ է երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը: Քեմալը 1921թ.-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից:Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի ևս մի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար:[14]
5. Հայ-թուրքական սահմանին վերաբերող հաջորդ պայմանագիրը Կարսի պայմանագիրն է՝ կնքված 1921թ. հոկտեմբերի 13-ին:Միանշանակ է, որ Կարսի պայմանագիրն անօրինական է և անվավեր, քանի որ պայմանագիրը կնքած կողմերից և ոչ մեկը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերին վերաբերող հատվածում քեմալականների մասին արդեն խոսվեց: Անդրադառնանք ՀՍՍՀ կարգավիճակին, որն էլ հանդիսացել է քեմալականների հետ պայմանագիրը կնքած կողմերից մեկը: Անվիճելի է, որ Սովետական Հայաստանը երբեք չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Այն երբեք ճանաչված չի եղել միջազգային իրավունքի որևէ այլ սուբյեկտի կողմից, երբեք չի ունեցել այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: Պարզ ասած՝ այն երբեք չի ունեցել դեսպանություններ և ՀՍՍՀ անունից երբևէ ոչ մի դեսպան չի հավատարմագրվել: Իսկ «այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը» (capacity to enter into relations with the other states) հանդիսանում է պետականության 4 չափորոշիչներից մեկը, որն ամրագրված է Մոնտեվիդեոյի պետությունների իրավունքների և պարտականությունների մասին 1933թ. (Convention on Rights and Duties of States, Montevideo, 1933) կոնվենցիայի առաջին հոդվածի 4-րդ կետում: ԽՍՀՄ կազմում պարզապես եղել է «ՀՍՍՀ» վարչատարածքային միավորը:
6. Ժամանակագրական առումով մեր շրջանակից դուրս է Լոզանի պայմանագիրը՝ կնքված 1923թ. հուլիսի 24-ին: Սակայն հաշվի առնելով հարցի կարևորությունը հարկ ենք համարում անդրադառնալ Լոզանի պայմանագրին ևս:Նախ մի շատ տարածված մոլորության մասին: Լոզանի պայմանագրի կնքումով Սևրի պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել: Որևէ պայմանագիր կամ միջազգային պարտավորություն նոր պայմանագիր կնքելու պարագայում ինքնըստինքյան չեղյալ չի լինում: Պայմանագիրը չեղյալ է դառնում ոչ այլ կերպ, քան չեղյալ հայտարարումով: Ընդ որում, պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել միմիայն նախորդ պայմանագրի մաս հանդիսացող բոլոր, կրկնում եմ՝ բոլոր, կողմերի համաձայնությամբ՝ դրա մասին հստակ հայտարարումով և այդ իրողության ամրագրումով հաջորդ պայմանագրի մեջ: Լոզանի պայմանագիրը չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը: Լոզանի պայմանագրի մեջ ընդհանրապես որևէ հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին: Այո՛, ըստ միջազգային իրավունքի, պայմանագիրը կնքած երկրներն իրավասու են հաջորդ պայմանագրով վերատեսության ենթարկել նախորդ պայմանագրի դրույթները: Սակայն փոփոխված կամ նորամուտ դրույթներն իրավական ուժ ունեն միայն նոր պայմանագիրը ստորագրած երկրների համար, իսկ մնացածների համար շարունակում են ուժի մեջ մնալ նախորդ պայմանագրի դրույթները: Սա հստակորեն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 39, 40 և 41-րդ հոդվածներում: Սևրի պայմանագիրը ստորագրել է 18 երկիր, իսկ Լոզանի պայմանագիրը՝ ընդամենը 7-ը: Այսինքն, Լոզանին չմասնակցած երկրների համար իրավական է Սևրի պայմանագիրը, իսկ Լոզանի պայմանագիրը ստորագրած երկրների համար իրավական են Սևրի պայմանագրի այն դրույթները, որոնք չեն փոփոխվել Լոզանի պայմանագրում: Ավելին, Լոզանը ոչ միայն չեղյալ չի հայտարարել հայոց իրավունքները, այլև 16-րդ հոդվածով վերահաստատել է դրանք: Այսպես, Լոզանի պայմանագիրն անդրադառնում է թուրք-բուլղարական, թուրք-հունական և թուրք-սիրիական սահմաններին, ըստ այդմ՝ հստակեցնում Թուրքիային պատկանող տարածքները միայն երկրի այդ հատվածներում: Իսկ քանի որ Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը հայտարարում է, որ Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքներից, որոնց վրա Լոզանի պայմանագրով չի ճանաչվել Թուրքիայի ինքնիշխանությունը, իսկ Վիլսոնի Իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքների վրա Լոզանի պայմանագիրը չի ճանաչել թուրքական ինքնիշխանությունը, հետևաբար Թուրքիան մեկ անգամ ևս հաստատել է վիլսոնյան Հայաստանից իր հրաժարումը:
Հիմա ամփոփենք մեր քննության արդյունքները և անդրադառնանք բազմիցս հիշատակված և իմ համոզմամբ խիստ կարևոր մի փաստաթղթի՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռին Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերյալ: 
Սակայն, մինչ այդ հստակեցում: Ճիշտ է, որ Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան ընդունվել է 1969թ.-ին և հետադարձ ուժ չունի, ինչպես հայտարարված է կոնվենցիայի 4-րդ հոդվածում, այնուամենայնիվ հստակ է, որ բոլոր այն չափորոշիչային հիմնադրույթները, որոնցով քննության առանք վերոնշյալ պայմանագրերը, միջազգային իրավունքում առկա են եղել և գործել են դարեր ի վեր, այսինքն, լատիներեն ասած, եղել են jus cogens, այն է՝ բոլորի համար պարտադիր ու անբեկանելի: Դրանք պարզապես վերամրագրվել են Վիեննայի կոնվենցիայի մեջ: Եւ ինչպես հաստատում է նույն կոնվենցիայի 53-րդ հոդվածը, պայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին ոտնահարվել է միջազգային իրավունքում ճանաչում գտած որևէ անբեկանելի հիմնադրույթ, այսինքն՝ որևէ jus cogens:Հետևաբար, վերը քննության առած 6 պայմանագրերից 4-ն անվավեր են, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կնքվել է միանգամից մի քանի jus cogens-ների ոտնահարմամբ:Անօրինական ու անվավեր պայմանագրերն են.- Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը,- Ալեքսանդրապոլի պայմանագիրը,- Մոսկվայի պայմանագիրը և- Կարսի պայմանագիրը:Սևրի պայմանագիրն օրինական է և վավեր, սակայն այն ուժի մեջ չի մտել, քանի որ լիովին չի վավերացվել:Իսկ վավերական ու օրինական Լոզանի պայմանագիրը, ինչպես ասվեց, Հայաստանին վերաբերում է անուղղակիորեն:
Հիմա, ինչպես նշեցի, Հայ դատի հիմնասյունը և հաջողության գրավականը հանդիսացող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (Arbitral Award) մասին:Նախ մի փոքր պատմական ակնարկ: 1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով. ա) ստանձնել Հայաստանի մանդատը,բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:[15]Նույն խնդրանքը 89-րդ հոդվածի տեսքով ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրների անունից հղվեց ԱՄՆ նախագահին: ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, ՊՆ-ն և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ), մանրազնին ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը: Վուդրո Վիլսոնն Իրավարար վճիռը ստորագրեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ՝ դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ» 22 նոյեմբերի, 1920թ.:
Իրավարար վճռի բովանդակությունը.Ըստ Իրավարար վճռի՝ Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103.599քկմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները:
Իրավարար վճռի ներկա կարգավիճակը.Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար:[16] Այն չունի ժամանակային սահմանափակում, և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից:[17]  Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում:[18] Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ:[19]  Կողմերից մեկի մերժումը՝ ի կատար ածելու իրավարարությունը, չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրների կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար:
Առանձին, համառոտակի ուզում եմ անդրադառնալ հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմաններին: Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, որ միջազգային հանրության հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանների վերաբերյալ քաղաքական կամքի վերջին օրինական դրսևորումը եղել է Փարիզի վեհաժողովում (1919-1920թթ.): Դրանից հետո ինչ տեղի է ունեցել տարածաշրջանում, ըստ միջազգային իրավունքի, անօրինական է (unlawful) և չի կարող ստեղծել իրավական հետևանքներ, քանզի Հարավային Կովկասի 3 անկախ երկրներն էլ նախ բռնազավթվել են (occupied), ապաև բռնակցվել են (annexed) Սովետական Միություն անունով հանդես եկող Ռուսաստանին:[20]Այսպես, Փարիզի վեհաժողովն իր՝ «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկների և զեկույցի» մեջ (24 փետրվարի, 1920թ.) (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, 24 February 1920),[21] որը ստորագրել են Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, հայտարարում է.«Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ:Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները:»Հույժ կարևոր է, որ նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, 22 November 1920) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ (Full Report, Annex I, No 2), որը վկայում է, որ Միացյալ Նահանգները ճանաչել են նշյալ փաստաթղթի իրավական էությունն ու օրինականությունը:[22]Նշյալ դրույթները ներառվել են նաև Սևրի պայմանագրի (10 օգոստոսի, 1920թ.) մեջ, որը ստորագրել է 18 երկիր: Պայմանագրի 92-րդ հոդվածն ամրագրում է. «Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի, միջև սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչև 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը[23] չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաև սահմանանշումը:»[24]Առնվազն տարօրինակ է, որ այսօր փորձ է արվում ներպետական և կուսակցական որոշումներին, որոնք առավելագույնը կարող են միակողմ օրենսդրական փաստաթղթի (unilateral legal act) կարգավիճակ ունենալ, գերակա կարգավիճակ տալ միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Այսպիսով, հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկայիս ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, իսկ հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus:[25]
Այսօր հայ ժողովրդի ազգային գոյությունը թևակոխել է նոր փուլ: Մենք վերանվաճել ենք մեր պետականությունը, նորից դարձել ենք պետություն ունեցող ազգերի ընտրյալ ընտանիքի լիիրավ անդամ: Մենք իրավացիորեն հպարտանում ենք մեր ազգային պետականությամբ, սակայն, ցավոք սրտի, դեռևս թերի ենք օգտագործում այդ պետականության ընձեռած հնարավորությունները: Հայաստանի Հանրապետության համար եկել է լուրջ որոշումներ ընդունելու և առավել լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակը: 
Հղումներ և ծանոթագրություն
1. Manual of Terminology of Public International Law (by Paenson I.), UN, NY, 1983, p. 38.
2. Wildhaber L. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 150.
3. Վրացեան Ս. Հայաստանի Հանրապետութիւն. Թեհրան, 1982, էջ 501-2:
4. Այն, որ պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 3-ին վկայված է նաև Աթաթուրքի կողմից (Ataturk. A Speech delivered by Mustafa Kemal Ataturk 1927. Istanbul, 1963, p. 418).
5. Vienna Convention on the Law of Treaties, 1969. UNO, NY, Article 52.
6. Toynbee A.J. Survey of International Affairs 1924. London, 1926, p. 491.
7. Moore J.B. Digest of International Law. Washington, 1906, vol. I, p. 73.
8. Մինչև 1924թ. փետրվարի 1-ը տեղի ունեցած, այսպես կոչված, ճանաչումները չեն ստեղծում որևէ իրավական հետևանք, քանի որ դրանք չճանաչված երկների կամ իշխանությունների կողմից էին. Էստոնիա 02.02.1920; Լիտվա 30.06.1920; Լատվիա 11.08.1920; Lեհաստան 12.10.1920; Ֆինլանդիա 14.10.1920; Պարսկաստան 26.02.1921; Աֆղանստան 28.02. 1921; Թուրքիա 16.03.1921; Մոնղոլիա 05.11.1921 (Schuman F.L. American Policy toward Russia since 1917: A Study of Diplomatic History, International Law and Public Opinion. London, 1928, p. 351).
9. Papers Relating to the Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 462. (The Secretary of States (Colby) to the Ambassador in Great Britain (Davis), August 2, 1920, p. 461-3).
10. Hudson M.O. Annual Digest of Public International Law. Cambridge, 1931-1932, Case No. 28, p. 114; Chen T.-C. The International Law of Recognition. London, 1951, p. 137.
11. Chen T.-C. Ibid, p. 137; Hudson M. Annual Digest... 1919-22, Case No. 30.
12. Chen T.-C. Ibid, p. 138.
13. O’Connell D.P. State Succession in Municipal Law and International Law. Cambridge, 1967, v. I, p. 211.
14. Jankovic B.M. Public International Law. NY, 1984, p. 302.
15. The Treaties of Peace, 1919-1923. NY, 1924, vol. I, p. xxxii.
16. A Dictionary of Arbitration and its Terms (ed. K. Seide), NY, 1970, p. 32.
17. Wildhaber L. Ibid, p. 98.
18. Manual... Ibid, p. 693-4.
19. A Dictionary... Ibid, p. 27.
20. Report [Pursuant to H.Res. 346 & H.Res. 438]. Communist Takeover & Occupation of Armenia, 83rd Congress 2nd Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, 31 Dec 1954, p. 14.
21. United States National Archives. Records of the Department of State Relating to Political Relations between Armenia and other States, 1910-1929, 760J.6715/60-760J.90C/7.
22. Հիշատակելի է, որ ԱՄՆ երբեք չի ճանաչել Վրաստանի և Ադրբեջանի առաջին հանրապետությունների անկախությունը, ի տարբերություն Հայաստանի առաջին Հանրապետության անկախության, որը ճանաչել է 1920թ. ապրիլի 23-ին: Սա պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ նշյալ 2 պետությունները, նկրտումներ ունենալով հայաբնակ տարածքների նկատմամբ, ոտնահարում էին Վիլսոնի հռչակած ինքնորոշման սկզբունքը (Papers Relating to Foreign Relations of the United States, 1920, v. III, Washington, 1936. p. 778; Lauterpacht H. Recognition in International Law. Cambridge, 1947, p. 11):
23. Նկատի ունի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որն ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին:
24. Treaty of Peace with Turkey, Signed at Sevres, August 10, 1920. London, Printed and Published by His Majesty’s Stationery Office, 1920, p. 26.
25. Brownlie I. Principles of Public International Law. Oxford, 5th ed., 2001, Glossary.

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
27Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan