Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակումը որպես միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում

 Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակումը 
որպես միջազգային իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Թուրքիայի Հանրապետությունը 1993թ. հուլիսից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացնում է դասական պատերազմական գործողություն (War Measure),1 քանի որ միջազգային իրավունքը շրջափակումը դիտարկում է որպես այդպիսին: Առ այսօր Հայաստանի ձգտումը՝ ապաշրջափակել իր արևմտյան և հարավային սահմանը, ոչ մի արդյունք չի տվել: Քանի դեռ մեր արդարացի պահանջը չի խարսխվել միջազգային իրավունքի վրա, այսինքն՝ չեն գործադրվել որոշակի լծակներ, մեր լալահառաչ կոչերը Թուրքիային՝ բացելու, այսպես կոչված, «հայ-թուրքական սահմանը», շարունակվելու են արհամարհվել կամ պայմանագրվելու են բացարձակապես անընդունելի նախապայմաններով: Իսկ միջազգային իրավունքի ընձեռած լծակներն առկա են: Այսպես. Թուրքիայի Հանրապետությունն իր կնքած առաջին իսկ միջպետական փաստաթղթով՝ Լոզանի պայմանագրով (24 հուլիսի, 1923թ.), իր հավատարմությունն է հայտնել ազատ և ոչ խտրական տարանցիկ փոխադրումներն ապահովող Բարսելոնի կոնվենցիային (միջազգայնագրին), կանոնակարգին և առդիր արձանագրությանը (Բարսելոնի կոնֆերանս, ապրիլ, 1921թ.) (Convention, Statute and supplementary Protocol, Conference of Barcelona, April 1921):

Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածն արձանագրում է.
«Թուրքիան պարտավորվում է հավատարիմ մնալ Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ կոնվենցիային և կանոնակարգին, որոնք ընդունվել են Բարսելոնում կայացած կոնֆերանսի կողմից 1921թ. ապրիլի 14-ին, ինչպես նաև միջազգային հետաքրքրություն ներկայացնող ջրուղիների աշխատակարգի վերաբերյալ նույն կոնֆերանսում 1921թ. ապրիլի 19-ին ընդունված կոնվենցիային, կանոնակարգին և առդիր արձանագրությանը:»
Լոզանի պայմանագրի 101-րդ հոդվածում հիշատակվող Տարանցիկ փոխադրումների ազատության վերաբերյալ Բարսելոնի կանոնակարգի (Statute on Freedom of Transit, Barcelona) 2-րդ հոդվածը միանշանակորեն հայտարարում է, որ հանձնառու կողմը պետք է «նպաստի իր ինքնիշխանության (sovereignty) կամ իշխանության (authority) տակ գտնվող տարածքով՝ երկաթուղով, ջրային ճանապարհով կամ ցամաքային ուղով, միջազգային փոխադրումների իրականացմանը: Ոչ մի խտրականություն չպիտի դրվի անձանց քաղաքացիության, նավերի պատկանելության (flag), ապրանքի ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, բեռների պահեստավորմանը կամ բեռնափոխադրման եղանակին»:
Լոզանի պայմանագրի մեկ այլ՝ 104-րդ հոդվածով, Թուրքիան պարտավորվում է «հավատարիմ մնալ Բարսելոնի կոնֆերանսի կողմից միջազգային երկաթուղիների վերաբերյալ արված (20-ը ապրիլի, 1921թ.) հանձնարարականներին» (recommendations):
Թուրքիան վերահաստատել է Բարսելոնի Տարանցիկ փոխադրումների ազատության կոնվենցիային և կանոնակարգին հավատարիմ մնալու իր պարտավորությունը 1933թ. հուլիսի 27-ին՝ ուղղակիորեն միանալով վերոհիշյալ փաստաթղթերին:
2. ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի #656 լիագումար նիստն (20 փետրվարի, 1957թ.) իր 1028(XI) բանաձևով առաջին անգամ անդրադարձել է Ծով ելք չունեցող երկրների խնդրին2 և միջազգային առևտրի ընդլայնմանը (Land-locked countries and the expansion of international trade): Բանաձևը, ճանաչելով միջազգային առևտրի զարգացման համար անծով երկրներին համապատասխան տարանցիկ հնարավորությունների տրամադրման անհրաժեշտությունը, «կոչ է անում [ՄԱԿ-ի] անդամ երկրների կառավարություններին տարանցիկ առևտրի առումով լիակատար ընբռնում դրսևորել ծով ելք չունեցող անդամ երկրների կարիքներին, ուստի և տրամադրել համապատասխան տարանցիկ հնարավորություններ միջազգային իրավունքի և պրակտիկայի հիման վրա»:
3. Թուրքիայի Հանրապետությունը 1969թ. մայիսի 25-ին միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (Նյու Յորք, 8 հուլիսի, 1965թ.) (Convention on Transit Trade of Land-locked States): Սույն կոնվենցիայի 1-ին սկզբունքը ճանաչում է, որ «ծով ելք չունեցող երկրներից յուրաքանչյուրի համար դեպի ծով ազատ ելքը վճռորոշ սկզբունք է միջազգային առևտրի ընդլայնման և տնտեսական զարգացման համար»:
Նույն կոնվենցիայի 3-րդ սկզբունքը միանշանակորեն ճանաչում է անծով երկրների դեպի ծով ազատ ելքի իրավունքը. «Որպեսզի ծովեզերք չունեցող երկրները ծովեզերք ունեցող երկրների հետ հավասարապես օգտվեն ծովերի ազատությունից, նրանք պետք է ունենան ազատ ելք դեպի ծով»:
Ավելին, նշյալ կոնվենցիայի 4-րդ սկզբունքը հաստատակամորեն պնդում է, որ «տարանցիկ ապրանքների համար չպիտի գանձվի որևէ մաքս»: Իսկ «տարանցիկ փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցները չպիտի վճարեն հատուկ տուրքեր կամ ենթարկվեն գանձումների, որոնք ավելի բարձր են, քան վճարում են տարանցիկ երկրի տրանսպորտային միջոցները»:
Ի դեպ, Վրաստանը ևս միացել է Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային (2 հունիսի, 1999թ.): Հետևաբար վրացական իշխանությունները, վրացականի համեմատ հայկական բեռնափոխադրողներից կատարելով ավելի մեծ գանձումներ, աներկբայորեն ոտնահարում են իրենց իսկ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:
Վերոհիշյալ սկզբունքներն ամրագրված են նշյալ կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներում: Հոդված 2-րդի 1-ին կետը նշում է. «Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների, ազատ տարանցման իրավունք պետք է տրվի փոխադրումներին և տրանսպորտի միջոցներին: (…) Համաձայն սույն կոնվենցիայի պայմանների, ոչ մի խտրականություն չպիտի դրվի ապրանքների ծագման, մեկնակետի, մուտքի, ելքի կամ վերջնահասցեի, կամ որևէ այլ հանգամանքի պատճառով, որը վերաբերում է ապրանքների կամ նավերի սեփականությանը, ցամաքային փոխադրամիջոցներին կամ տրանսպորտի այլ օգտագործվող միջոցներին»:
3-րդ հոդվածը վերաբերում է մաքսատուրքերին և տարանցման գանձումներին. «Տարանցիկ փոխադրումները տարանցման երկրի իշխանությունների կողմից չպիտի ենթարկվեն մաքսատուրքերի, որևէ ներմուծման կամ արտահանման հարկերի վճարման, կամ տարանցմանն առնչվող որևէ այլ հատուկ գանձման»:
Հայաստանի Հանրապետությունը առայժմ չի միացել Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիային: Որպեսզի մեր հանրապետությունը լիարժեքորեն ի վիճակի լինի իր շահերը պաշտպանել ազատ տարանցման հարցում, առաջին հերթին պետք է միանալ նշյալ և առդիր փաստաթղթերին:
Այսուհանդերձ, հաշվի առնելով այն, որ Թուրքիայի Հանրապետությունը, շրջափակելով Հայաստանի Հանրապետությանը, կոպտորեն ոտնահարում է.
- Լոզանի պայմանագրի (Treaty of Lausanne) (24 հուլիսի, 1923թ.) 101-րդ և 104-րդ հոդվածները;
- Բարսելոնի Տարանցման ազատության կանոնակարգի (Statute on Freedom of Transit) (20 ապրիլի, 1921թ.) 2-րդ հոդվածը;
- ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովի (Resolution of General Assembly of the UN) (20 փետրվարի, 1957թ.) №1028(XI) բանաձևը;
- Ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առևտրի կոնվենցիայի (Convention on Transit Trade of Land-locked States) (8 հուլիսի, 1965թ.) 1-ին, 3-րդ և 4-րդ սկզբունքները, ինչպես նաև 2-րդ և 3-րդ հոդվածները;

և նկատի ունենալով, որ
○ ՄԱԿ-ի կանոնակարգը (հոդված 55, կետ <բ>) ՄԱԿ-ից պահանջում է խրախուսել այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կնպաստեն «միջազգային տնտեսական, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հարակից խնդիրների լուծմանը և միջազգային մշակութային ու կրթական համագործակցությանը»;
○ Հելսինկիի եզրափակիչ փաստաթուղթը (մաս 10, §1) հանձնառու երկրներից պահանջում է միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների «բարեխիղճ կատարումը, լինեն դրանք ածանցված միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներից և կանոններից, թե լինեն ածանցված պայմանագրերից կամ այլ համաձայնագրերից, որոնց այդ երկրները մաս են կազմում համաձայն միջազգային օրենքի»;
ուստի, Հայաստանի Հանրապետությունը կարող է և պարտավոր է միջազգային իրավունքի հիման վրա պաշտպանել իր շահերը. նպատակամղված ու հետևողական քայլեր իրականացնել Հայաստանն ապաշրջափակելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետությունը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի կանոնակարգի 35-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, լիովին իրավասու է «Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր համաժողովի ուշադրությանը բերել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որն իր բնույթով համապատասխանում է [սույն կանոնակարգի] 34-րդ հոդվածում վկայակոչվածին»:
ՄԱԿ-ի կանոնակարգի 34-րդ հոդվածն արձանագրում է. «Անվտանգության խորհուրդը կարող է քննության առնել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային դիմակայության կամ առաջ բերել վեճ՝ որոշելու համար, թե արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը»:
Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրության հրավիրումը Թուրքիայի կողմից միջազգային պարտավորությունների հետևողական չկատարման, հետևաբար միջազգային իրավունքի ակնհայտ, կոպիտ, բազմակի ու չարամիտ խախտումների վրա, լուրջ կռվան է Հայաստանի Հանրապետությունն ապաշրջափակելու քաղաքական գործընթացում:

Հղումներ և ծանոթագրություն
1. Plano J.C., Oltan R. The International Relations Dictionary. Santa Barbara, 1988, p. 194.
2. Այն ժամանակ այդ երկրները 5-ն էին, ներկայումս դրանք 32-ն են

առաջին անգամ տպագրվել է ԱԶԳ օրաթերթում,3 ապրիլի, 2007թ., էջ 4:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan