Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երեք վրացու քվեով Ախալքալաքը տրվեց Վրաստանին.«Մոդուս վիվենդի»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

1921թ. հուլիսի 7-ին Թիֆլիսում տեղի ունեցավ «ԿԱՎ բյուրոյի» նիստը, որին մասնակցում էին Ստալինը, Օրջոնիկիձնեն, Կիրովը, Նարիմանովը, Մախարաձեն, Մյասնիկյանը, Նազարեթյանը: Դրված էր երկու հարց. Վրաստանին կամ Հայաստանին՝ Լոռվա չեզոք գոտու և Հայաստանին Ախալքալաքի և Խրամի (Ծալկայի) շրջանների միացման հարցերը: 6 կողմ, 1 ձեռնպահ ձայնով որոշվեց Լոռվա չեզոք գոտին միացնել Հայաստանին: Իսկ Ախալքալաքը և Ծալկան 3 վրացու քվեով տրվեցին Վրաստանին:
 

Հաղորդման սղագրությունը

-Ողջույն : Ձեր ռադիոընդունիչը FM 106.5 հաճախության վրա է: «Լրատվական» ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխաատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդման հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնւի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Ողջույն, պրն. Պապյան:
- Բարև Ձեզ:
- Հարգելի ունկնդիրներ, այսօրվա թողարկման առանցքում Հարավային Կովկասի սահմաններն են՝ սկսած մոտ 1800-ական թվականներից: Խոսելու ենք մասնավորապես Վրաստանի և Ադրբեջանի սահմանների մասին: Պրն. Պապյան, 1800-ականներն այն ժամանակաշրջանն է պատմության մեջ, երբ ռուսները մուտք գործեցին մեր տարածաշրջան: Գյուլիստանի պայմանագրով Արևելյան Հայաստանի մի մասն ազատագրվեց պարսկական լծից, հետո Թուրքմենչայի պայմանագրով՝ մնացած մասը: Այնուհետև, ռուս-թուրքական պատերազմների արդյունքում, այստեղ գծվեցին սահմանները: Առաջին հարցն ուզում եմ տալ՝ կապված Վրաստանի հետ. որո՞նք են մեր հավակնություններն այս տարածաշրջանում՝ թե՛ իրավական, թե՛ ժողովրդի՝ այնտեղ բնակվելու իրավունքով:
- Իհարկե կարելի է խորանալ պատմության խորքերը և փաստել, որ հայերը Ջավախքում հնաբնակներ են: Ես հարցի մասնագետը չեմ, բայց, կարդալով մասնագետների գրականությունը, կարող եմ ասել, որ այսօրվա բնակիչներին կարելի է բաժանել երկու խմբի՝ բնիկ հայություն՝ այն հայությունը, որ ապրել է հնուց ի վեր, որպես պատմական Հայաստանի տարածք, և հայություն, որը ներգաղթել է հիմնականում Թուրքիայից՝ Էրզրումի վիլայեթից, հատկապես՝ Ադրիանապոլսի 1829 թ. ռուս-թուրքական խաղաղության պայմանագրից հետո. գիտենք՝ հայտնի Բագրատունի արքեպիսկոպոսի գլխավորությամբ և այլն:  Բայց սահմանների առումով, որոնց մենք հիմա կանդրադառնանք, անգամ դա էական չէ, որովհետև պետության սահմանների հարցը որոշվում է իրավական փաստաթղթով, այսինքն՝ ինչ փաստաթուղթ է ամրագրում տիտղոսը որոշակի տարածքի վրա: Այսինքն՝ անգլիալեզու գրականությունում կոչվում է “Title to territory”` տարածքի տիտղոսը: Ինչպես օրինակ՝ մասնավոր հողատարածքների պարագայում ևս տիտղոսի հարց կա, այսինքն՝ սեփականատիրոջ անունը: Եթե մենք դիտարկում ենք իրավական տեսանկյունից՝ 19–րդ դարը, այսինքն՝ 18-րդ դարի վերջից, երբ, այսպես կոչված, Գեորգիևյան դաշնագիրը (Георгиевский трактат) կար, սկզբից Ռուսաստանի հովանու ներքո մտավ Վրաստանը: Բայց Վրաստան ասվածը, ըստ էության, վրացական Կախեթի թագավորությունն էր, որովհետև միասնական Վրաստան չկար. վրացիները պահպանել էին որոշակի իշխանություններ, բայց միասնական վրացական պետություն դա Ռուսական կայսրության և սովետական շրջանի արդյունք է, երբ վրացալեզու ժողովուրդների իշխանությունները միավորվեցին: Եթե անգամ նայենք սովետական առաջին հանրագիտարանի մեջ հրատարակած ազգային կառուցվածքը կամ առաջին մարդահամարները, այնտեղ գրված է` “грузинские народы”, գրված չէ “грузины”: Այսինքն այն, ինչ որ ընդհանրապես քարթվելների մասին է խոսքը՝ իր տարբեր-տարբեր բաժանումներով: Հետագայում արդեն ընդհանրապես վրացի ասելով, բոլոր այդ վրացական ժողովուրդներին՝ սվաններին, փշավներին, անգամ՝ լազերին, մենգրելներին, բոլորին մտցրեցին դրա մեջ: Սա՝ ազգային կազմի տեսանկյունից: Ինչ վերաբերում է Ջավախքին, հիշենք, որ 1555թ. Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև կնքված Ամասիայի պայմանագրով ամրագրվեց, ըստ էության, այս ներկայիս իրանա-թուրքական սահմանը՝ այն, ինչ որ մենք տեսնում ենք: Արևելյան Հայաստանի մի մասը հետագայում՝ 1813թ. Գյուլիստանի պայմանագրով, Գանձակի՝ Մեծ Սյունիքի մասով միացավ Ռուսական կայսրությանը: Ես չէի օգտագործի «ազատագրում» բառը: Դուք ասացիք՝ «ազատագրում», բայց դա ազատագրում չէր: Ազատագրումն այն կլիներ, որ, օրինակի համար, ռուսները գրավեին ու, ինչպես խոստացել էին, վերականգնեին hայկական պետականությունը:
-Բայց ե՞րբ են ռուսները նման բան խոստացել, պրն. Պապյան:
-Մշտապես: Հայոց պետականության վերականգնման, անգամ Իսրայել Օրու ծրագրերի մեջ կային որոնումներ՝ թագավորական տներ գտնելու: Այսինքն՝ բուն ցանկությունը…
-Մենք նույնիսկ Հայկական մարզի առանձին կարգավիճակ չստացանք, չէ՞:
Սկզբից ստացանք: Ըստ էության, 28-40 թթ., կարծեմ՝ 12 տարի: Այսօրվա ամբողջ սխալը՝ Ղարաբաղի հարցով, գալիս է այդ շրջանից, որովհետև «Հայկական մարզ» ասելով և միավորելով` միավորեցին Երևանի և Նախիջևանի պարսկական խանությունները, թեև հայության տոկոսային առումով, օրինակ՝ Մեծ Սյունիքում (այսօրվա Զանգեզուրը) և Արցախում հայության թիվն ավելի շատ էր: Բայց քանի որ դա ավելի վաղ էր միացվել, չմտավ Հայկական մարզի մեջ, որովհետև ստեղծվել էր երեք մարզ՝ Վրացական, Հայկական և Արևմտակասպիական: Սա էլ հետաքրքիր է, որ երկու մարզերը էթնիկ անունով էին կոչվում, իսկ մյուսը Կասպիական էր կոչվում, որովհետև ադրեջանցի չկար: Բնական է, որ այն ժամանակ ասեին Ադրբեջան կամ ադրբեջանցի, պիտի հասկանային Թավրիզի բնակիչ, որն Իրանական Ատրպատականն է կամ Ադրբեջանը: Այսինքն՝ իրավական առումով դա Ռուսական կայսրության մաս է: Շատ կարևոր է նաև նշել, որ Գյուլիստանի պայմանագրի մեջ էլ Ադրբեջանի մասին հիշատակում չկա: Այն, որ ադրբեջանցիներն ասում են՝ Գյուլիստանով Ադրբեջանը կիսվեց երկու մասի՝ այդպես չի եղել: Դրանք եղել են տարբեր խանություններ, որոնցից մեկ-երկուսն անգամ կամավորությամբ են միացել Ռուսաստանին, որովհետև իշխող վերնախավի համար տարբերություն չկար…
- Պրն. Պապյան, երբ կարդում եմ գրքերը, անընդհատ շեշտվում է՝ եղբայր ադրբեջանցիների օգնությամբ, ադրբեջանցիներն օգնեցին այս կամ այն.... , այսինքն դա պարզապես սովետական պրոպագանդա է եղել:
-Խոսել 19-րդ դարի մասին և օգտագործել ադրբեջանցի բառն Արաքսից հյուսիս տարածքների բնակիչների մասին՝ սկզբունքորեն սխալ է: Նման բան չի եղել անգամ այն բանից հետո, երբ Ադրբեջանի Հանրապետություն հռչակվեց, անգամ բնակիչներն այդ ժամանակ չէին կոչվում ադրբեջանցիներ՝ կովկասյան թաթարներ: Եթե անգամ սովետական նամականիշները նայեք, անգամ այդպիսի պարզ, ցուցադրական բաները, գրված է “народы Закавказя – армяне, грузины, татары”. Այդպես է եղել: Ըստ էության, երկիրը կոչվում էր Ադրբեջան՝ որպես ինտերնացիոնալ, բազմազգ պետություն, որտեղ ապրում էին մուսուլմաններ, հայեր, ռուսներ և այլն: Օրինակ՝ այն ժամանակվա ադրբեջանական առաջին օպերան գրում էին «на мусульманском языке», որովհետև մուսուլմաներեն հասկացվում էր թուրքերեն կամ այն լեզուն, որով խոսում էին այդ կողմերում, որովհետև դա անգամ թուրքերեն էլ չէր, էապես տարբերվում էր օսմանյան թուրքերենից, հիմա ավելի է մոտեցել: Վերադառնանք հողային հարցին: Ամեն պարագայում տիտղոսը սկզբից պարսկական էր, հետո երկու պայմանագրով փոխանցվեց Ռուսաստանին: 1978թ. Հայաստանում բուռն խանդավառությամբ նշվում էր Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միավորվելու 150-ամյակը: Բայց դրա՛ մեջ հենց արդեն սխալ կար: Այսինքն՝ մենք ընդունում էինք, որ Գյուլիստանով Արևելյան Հայաստանից ոչինչ չի միացել: Արևելյան Հայաստան ասելով՝ մենք հասկանում ենք միայն Սովետական Հայաստանի տարածքը: Ըստ էության, եթե մենք նայենք, Գյուլիստանի պայմանագրով գրեթե նույնքան հայաբնակ տարածք էր անցել Ռուսական կայսրությանը, ինչ որ՝ Թուրքմենչայի: Բայց եթե խոսվեր դրա մասին, բնականաբար, մեզ կմեղադրեին եղբայրական Ադրբեջանի դեմ հավակնություններում: Սա էլ հետաքրքիր է. սկզբից ձևակերպումն այսպես էր. Արևելյան Հայաստանի միավորում Ռուսաստանին, հետո Մոսկվան հրահանգեց, որ պիտի կոչվի “вхождение Восточной Армении в состав России”՝ Արևելյան Հայաստանի մուտքը Ռուսաստանի կազմի մեջ: Այսինքն՝ իրենք ավելի հստակ ուզեցին ցույց տալ դա, քանի որ միավորումը ինչ որ հավասարության նշան է: Այդ ժամանակ Մոսկվան հստակ ուզում էր ցույց տալ, որ նման բան չի եղել, դուք ուղղակի մտել եք մեր երկրի կազմի մեջ, որը պատմական իրականությանն ավելի մոտ էր: Վրաստանն, ըստ էության, ավելի շուտ էր միավորվել, մասամբ: Ախալքալաք-Ախալցխան, և այլն, դա Ադրիանապոլսի պայմանագրով էր, իսկ հետագայում պարբերաբար տեղի ունեցավ ներգաղթ: Մենք գիտենք և միշտ խոսում ենք Գրիբոյեդովի կազմակերպած ներգաղթից կամ հայրենադարձությունից, որովհետև դրանք Ջուղայից, Ագուլիսից, Երևանից Նոր Ջուղա տարվածներն էին, բայց թվային առումով շատ ավելի մարդ եկել է Օսմանյան կայսրության տարածքից՝ այ հենց այդ Էրզրումի հայերը:
- Բայց այնտեղ, ինչքան հիշում եմ, նախորդ հաղորդումներից մեկում էինք խոսում, Պասկևիչի 11 նամակները ցարին, որոնք կազմվել էին Գրիբոյեդովի հետ և անընդհատ պատվիրակությունները, որ համոզում էին թույլ տալ տեղի՝ Արևմտյան Հայաստանի բնակչությանը ներգաղթել այստեղ, որովհետև....
- Արևմտյան Հայաստան չասենք, որովհետև Գրիոյեդովը դեսպանորդ էր Իրանում, խոսքը գնում էր Իրանից ներգաղթի մասին: Իսկ մյուսն արդեն այլ պայմանագրի՝ Ադրիանապոլսի պայմանագրի հիման վրա է տեղի ունեցել:
- Բայց լավ պայմաններ էին ստեղծում, ես հիշում եմ՝ մինչև 6 տարի հարկերից էին ազատում՝ 20 ռուբլի, թոշակ էին ստանում:
- Արտոնություններ էին տալիս, և այլն: Պիտի մի բան հստակ հասկանանք՝ որ Ռուսական կայսրությունը խարսխում էր իր քաղաքականությունը ոչ թե, օրինակ՝ սովետականի նման ինչ-որ գաղափարախոսության վրա, ասենք՝ համաշխարհային հեղափոխություն, և այլն, այլ խարսխում էր հստակ օգուտի վրա, ինչպես ցանկացած նորմալ կայսրություն:
- Իհարկե:
- Եվ այն հասկանում էր, որ տարածքը կարող է դառնալ եկամտաբեր, եթե այնտեղ ապրում է ժողովուրդ, այսինքն՝ հարկատու: Իսկ հայերը լավ հարկատու էին: Վերադառնանք ավելի վաղ ժամանակները, երբ փորձում էին Ղրիմից հայերին տեղափոխել նույն Հյուսիսային Կովկաս, Ռոստով, Նոր Նախիջևան, ինչո՞ւ. ոչ հայերին լավություն անելու համար, ի վերջո , էլի լավ էր մեզ համար: Միքայել Նալբանդյանն ասում էր՝ կեցցե կատուն, որ մուկ է բռնում յուր փորի համար: Բայց մկանը բռնելով («մուկ» բառը չքաղաքականացնել)՝ ինքն օգուտ էր տալիս: Այդ նույնը՝ Ցարական Ռուսաստանն ուզում էր ընդլայնվել. այն ուզում էր գնալ դեպի հարավ, ձեռքի հետ էլ հայերին էր վերցնում իր կայսրության մեջ, որտեղ բոլոր խիստ բացասական հետևանքներով հանդերձ, չկար գոյության ֆիզիկական վտանգ, գոնե չէին կոտորում: Շատ բարձր էր ուծացման տոկոսը, բայց, գոնե, կոտորածներ չկային: Եվ մենք տեսանք, թե մոտ 50-60 տարվա ընթացքում, արդեն 19-րդ դարի վերջին, և՛ Թիֆլիսում, և՛ Բաքվում, հայերը երկու սերունդ հետո ինչպիսի տնտեսական հաջողությունների հասան և ամբողջ տնտեսությունն իրենց ձեռքը վերցրին: Եվ եթե չլիներ հոկտեմբերյան հեղաշրջումը, մենք այսօր առնվազն մի քանի տասնյակ մեծ ընկերություններ, միլիարդատերեր, բազմամիլիարդատերեր կունենայինք. ամեն դեպքում լավ կլիներ: Մենք տեսել ենք Մանթաշովը ինչեր արեց, Արամյանցը, և այլն: Այնտեղ տարածքային տարբեր բաժանումներ եղան: 1917թ., երբ հեղափոխությունը, կայացավ, ըստ էության, արդեն այսպիսի էթնիկ մարզեր չկային, նահանգների էին բաժանվել՝ Բաքվի Ելիզավետապոլի, Երևանի, Կարսի, Թիֆլիսի և Քութաիսիի: Այս վեց նահանգներն էին, կային մեկ-երկու օկրուգներ... Այդ սահմանները, որ կային՝ վարչական սահմաններ էին, որևէ էթնիկ խնդիր այդտեղ չկար: Բայց, չգիտես՝ ինչու, երբ 1918 թ. հանրապետությունները հռչակվեցին, սկզբից Ադրբեջանի մայրաքաղաքը Գանձակում էր՝ Գյանջայում (Ելիզավետպոլ), դրա համար էլ նրանք մտածեցին, որ ամբողջ Ելիզավետպոլի նահանգը պիտի լինի ադրբեջանական: Ըստ այդ տրամաբանության՝ վեց նահանգները հավասարապես պիտի բաժանվի. երկուսը՝ Հայաստանին, երկուսը՝ Ադրեջանին, երկուսը՝ Վրաստանին, որն արդար չէր, որովհետև Թիֆլիսի նահանգի մեջ էին մտնում հենց նույն Լոռին, Ջավախքը, Ելիզավետպոլի հանանգի մեջ՝ Արցախը, Զանգեզուրը: Ինչո՞ւ, ընդհանրապես, Արցախը, Ջավախքը կամ Զանգեզուրը վիճելի տարածք էին. հենց այդ պատճառով: Բայց այստեղ ամենակարևորը հենց այս պահն է, որ աշխարհը, որը լիազորված էր ճանաչելու այդ երկրներին. հիշենք՝ Փարիզի վեհաժողովն էր ընթանում, վարչական սահմանները հիմք չընդունեց, որը ճիշտ էր: Որովհետև մոտեցումը հետևյալն էր. Ցարական Ռուսաստանը, ըստ իր հարմարության, երբեմն էլ՝ դիտավորությամբ, որովհետև բնավ շահագրգռված չէր հայությանը միավորելու մեկ միասնական վարչական միավորի մեջ անգամ, և Հայկական մարզի լուծարումը հենց դրանով էր պայմանավորված: Եթե նայենք՝ այդ վարչական բաժանումներն այնպես էին արվում, որպեսզի խառը բնակչություն ունենան, և այլն: Աշխարհը չճանաչեց այդ սահմանները և վարվեց որոշակի սկզբունքով՝ դա ազգերի, ավելի ճիշտ՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքն էր: Եվ նույնիսկ կարելի է ասել՝ մարդկանց, որովհետև Ուդրոու Ուիլսոնի առաջ քաշած “Self determination of people”գաղափարում “people” բառը և ժողովուրդ իմաստն ունի, և մարդ իմաստն ունի, այսինքն՝ ամեն մարդ իրավունք ունի ինքնորոշվելու: Ավելի կոնկրետ խոսենք Ջավախքի մասին, որովհետև Արցախի մասին ավելի շատ ենք խոսել: Նախ՝ մի քանի էտապով գնաց: Առաջինը. վարչական սահմանները, ինչպես ասացի, իրավական հիմք չեն կարող ունենալ, որովհետև դրա համար որևէ հիմնավորում չկա: Երկրորդ քայլ. այն է՝ սա շատ կարևոր հարց է, Ազգերի Լիգայում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը կոչվում էր «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողով»: Տեսեք` Ազգերի Լիգան չստեղծեց Վրաստանի կամ Ադրբեջանի սահմանները որոշող հանձնաժողով, այլ՝ Հայաստանի: Մոտեցումն այսպես էր՝ եթե Հայաստանի սահմանները հստակեցվի Վրաստանի կամ Ադրբեջանի սահմանների հետ: Որպես սկզբունք սա որդեգրեց արդեն նշածս ազգերի ինքնորոշման սկզբունքը, որն ասում է, որ ճնշող մեծամասնություն կազմող ազգի բնակչությամբ բնակեցված հողատարածքներով պիտի անցնի համապատասխան ազգը. այնտեղ նշված էր, որ, օրինակ՝ հայաբնակները՝ Հայաստան, թաթարաբնակները՝ Ադրբեջան, վրացաբնակները՝ Վրաստան: Իհարկե, վիճելի տարածքներ կային, որովհետև շատ-շատ հողատարածքներում հստակ չէր, և նախատեսվում էր բնակչության որոշակի տեղաշարժ, փոփոխություն: Բայց Ջավախքի, ինչպես նաև Արցախի վերաբերյալ անվիճելի էր, որովհետև 90 և ավելի տոկոս էր կազմում հայությունը: Ես, օրինակ, իմ գրքի մեջ բերել եմ նույն ամերիկյան այդ հատուկ հանձնաժողովի տվյալները, որը դեռևս 1919 թ. հունվարի 21-ից, շատ հետաքրքիր ձևակերպումներ էր տրված, ես մի հատված կկարդամ, որ պարզ լինի. Սա, այսպես կոչված “The inquiry” կամ «Հետազոտություն» անվանումով մի հանձնաժողովի աշխատանքն է, որը ստեղծվել էր Վաշինգտոնում, անգամ մինչև պատերազմի ավարտը, և որը նախապատրաստում էր նյութերը Փարիզի վեհաժողովի համար: Թեև տեղակայված, համաշխարհային առևտրի հիմնական հոսանքներից հեռու, այնուհանդերձ, Հայաստանի երկու ելքերը դեպի Սև և Միջերկրական ծով, կապահովեն այն կենսունակ կապը, որն անհրաժեշտ է տնտեսական անվտանգության համար: Այդ ժամանակ խոսվում էր Կիլիկիայով Սև ծով ելքի մասին: Տեղագրության և առևտրի տեսանկյունից Ադանայի նահանգի Կիլիկիայի տարածաշրջանը պատկանում է Հայկական բարձրավանդակին, և ոչ թե նրա երկու կողմերում գտնվող թրքական Անատոլիային կամ Սիրիային: Նախկին Ռուսական կայսրության, Կարսի և Երևանի նահանգների, Ախալքալաքի և Ախալցխեի ենթաշրջաններով հանդերձ ներառումը պայմանավորված է այն համգամանքով, որ նրանք են պարունակուն հայ ժողովրդի ամենաստվար զանգվածը: Այսինքն՝ հիմնավորումն այստեղ այդ էթնիկ կազմն էր, որ Ախալքալաքի և Ախլցխայի բնակչությունը պարունակում են հայ ժողովրդի ամենաստվար զանգվածը: Ցավոք սրտի, մենք գիտենք հետագայում ինչ եղավ այս ամենաստվար զանվածին, դրան էլ մենք կանդրադառնանք:
- Պրն Պապյան, հենց ամենասկզբից այս հարցն էի ուզում տալ: Դուք մեջբերեցիք 1919թ. Հանձնաժողովի աշխատանքից հատված: Իսկ նախորդ դարաշրջանի նույն թվականին արդյո՞ք մենք ունեինք Ջավախքում բնակչություն:
- Իհարկե: Այդքան ստվար չէր բնակչությունը, բայց տոկոսային առումով էլի հայերը շատ էին: Պարզապես թվով էինք, իսկ պիտի հստակ հասկանալ՝ երբ հայերը տեղափոխվեցին Էրզրումից, նրանք չեկան ու չգրավեցին վրացաբնակ գյուղերը, կամ վրացիներին Ցարական Ռուսաստանը չարտաքսեց Ջավախքից և հայերով բնակեցրեց: Որևէ նման փաստ և վկայություն մենք չունենք: Ուղղակի դրանք նախկին հայաբնակ շրջաններ էին, որոնք մեծապես մարդաթափ էին եղել և վրացիների համար անպիտանի էին՝ բնակության համար: Հիշենք, որ Վրաստանը, համեմատած Ջավախքի հետ, բավականին բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունի, և վրացիները սովոր չեն այսօր էլ գալ 1800 մետրի վրա, այդ ցրտին չեն ապրում: Հայերը եկան, և Ցարական Ռուսաստանն էլ, եթե պիտի տարածք տար, բնականաբար հայերին պիտի բնակեցներ սակավ մարդաբնակ տարածքներում: Գումարած՝ դա նաև սահմանամերձ շրջան էր, այսինքն՝ նաև թուրքերի դեմ պատվար ստեղծելու: Հայերի թիվը շատացավ, բայց տոկոսային առումով հայերի և վրացիների համամասնությունը մնաց նույնը: Այսինքն՝ վրացիները գրեթե բացակա էին, միշտ էլ գրեթե բացակա են եղել Ջավախքի տարածքում: Ուրիշ բան՝ որ իրենք ավելի դաշտային մասից, այսինքն՝ Ախալցխայի, հյուսիսից՝ ավելի ցածրադիր վայրերից, աստիճանաբար առաջ են շարժվում: Բայց այդ ժամանակ ընդհանրապես…
- Մեր ռադիոլսողներին, վստահ եմ, կհետաքրքրի վերջին էտապը՝ Ջավախքի իրավական սահմանների խախտման. երեք վրացու քվեով Ախալցխան տվեցին վրացիներին:
-Նայեք, մենք շատ հաճախ գիտենք և խոսում ենք, թե ինչպես Արցախը դրվեց Ադրբեջանի վարչական ենթակայության ներքո, որովհետև դա ՍՍՀՄ մաս էր: Կարծես Ջավախքի մասը մենք մոռացել ենք՝ ինչպես եղավ: Դա, ըստ էության, նույնն էր; Այսինքն՝ նույնպիսի «ԿԱՎ բյուրոյի» որոշմամբ տեղի ունեցավ միացումը: 1921թ. հուլիսի 7-ին Թիֆլիսում տեղի ունեցավ այդ նիստը, որին մասնակցում էին Ստալինը, Օրջոնիկիձնե, Կիրովը, Նարիմանովը, Մախարաձեն, Մյասնիկյանը, Նազարեթյանը: Տեսնում եք՝ ինչքան վրացիների գերիշխանություն կա: Դրված էր երկու հարց. Վրաստանին կամ Հայաստանին՝ Լոռվա չեզոք գոտու միացման հարցը, և երկրորդը՝ Հայաստանին Ախալքալաքի և Խրամի (Ծալկայի) շրջանների միացման հարցը: Այս երկու հարցն էր քննարկվում: Քննարկվեց, և առաջին հարցի վերաբերյալ 6 կողմ, 1 ձեռնպահ ձայներով որոշվեց Լոռվա չեզոք գոտին միացնել Հայաստանին: Այստեղ մի բան պիտի հստակ ասվի՝ որ սա 1921թ. հուլիսն էր, իսկ 1921թ. փետրվարից արդեն այդ տարածքը վերահսկում էին հայերը: Այսինքն՝ այստեղ խնդիր էր առաջանալու. եթե այլ որոշում լիներ, պետք էր հայերին զենքի ուժով դուրս հանել, որը հնարավոր չէր: Բայց Ախալքալաքի և Ծալկայի կամ Խրամի շրջանների հարցը տրվեց Վրաստանին՝ այ սա է հարցը: Այսինքն՝ «ԿԱՎ բյուրոյի» ՝ Վրաստանի Կոմկուսի քննարկմանը: Եվ նրանք էլ, հուլիսի 16-ին տեղի ունեցած Վրաստանի Կոմկուսի բյուրոյի նիստում՝ 3 վրացի քվեարկեցին և, ձևակերպումը կարդամ՝ Թիֆլիսի հետ Ախալքալաքի շրջանում ունեցած քաղաքական, ինչպես նաև տնտեսական կապերի նկատառումից (որևէ էթնիկ, պատմական, իրավական հիմնավորում չկա.- Պապյան) ելնելով, ընկերներ հայերի առաջարկությունը համարել անընդունելի: Հաշվի առնելով ազգերի ինքնորոշման սկզբունքը, որը նաև հռչակվել էր կոմունիստների կողմից, հիշենք, որ Լենինն էլ այդ կարգախոսը վերցրեց՝ հայերը դրան էին վկայակոչում՝ դա տեղի չունեցավ: Եվ հուլիսի 16-ը, ըստ էության, հիշեցնում է հուլիսի 5-ի կավբյուրոյի որոշումը՝ Արցախի հետ կապված:
- Պրն. Պապյան, եթե մենք հաճախ մեր հաղորդաշարի ընթացքում հնչեցնում ենք այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղը տրվեց Ադրբեջանի իշխանությանը, որպեսզի հետագայում մուսուլմանների միջոցով կատարվի հեղափոխություն այս տարածաշրջանում: Բնական էր, չէ՞, որ երեք վրացիները հօգուտ Վրաստանի էին որոշումը կայացնելու: Այստեղ ևս գործում էր՝ բաժանիր և տիրիր սկզբունքը: Այսինքն՝ հայ-վրացական հարաբերություններում ինչ որ կոնֆլիկտային տարածք չկար և առաջացրեցին, թե՞ պարզապես Խորհրդային Միություն էր, ռեալ այդպես էր հարմար:
- Նախ՝ այսպես մոտենանք հարցին. այդ ժամանակ ընկալվում էր, որ դա մեկ միասնական տարածք է՝ սովետական իշխանության տարածքը, և այդ հարցերը սուր դրված չէին: Երկրորդը. հայերի նկատմամբ, չմոռանանք, որ քեմալականները մեծ բացասական դեր են ունեցել; Թուրքիան և թուրքերն անում էին ամեն ինչ՝ Հայաստանը տկարացնելու համար. ավելի լավ է ինչ-որ մի բան գնա Վրաստանին, անգամ եթե նրանք չեն կարող միացնել Թուրքիային, օրինակ՝ Նախիջևանի պարագային, այնպես անել, որ ուրիշներին գնա: Դա հայերին թուլացնելու քաղաքականություն էր: Եթե նայում ենք «ԿԱՎ բյուրոյի» կազմը, այնտեղ բավականին ուժեղ և ակտիվ էին վրացիները: Ես կարծում եմ՝ մեկ այլ բան էլ է տեղի ունեցել: Երկու հարց էր դրված՝ Լոռվա հարցը և Ջավախքի: Մեկը տվեցին հայերին, մեկն էլ, արդարորեն. վրացիներին: Այդ բանը կա, շատ հետաքրքիր է. քեզանից վերցնում են քո ունեցածը, հետո եղբայրաբար բաժանում են՝ «կեսը ինձ, կեսը՝ քեզ» տարբերակով: Բացի այն բանից, որ Ջավախքը եղել է Թիֆլիսի նահանգի մաս, որևէ այլ հիմնավորում չկար: Բայց Թիֆլիսի նահանգը ոչ մի կապ չուներ Վրաստանի հետ. դա Ռուսական Կովկասի փոխարքայության կենտրոնն էր: Ինչքան Թիֆլիսը վրացական էր, երկու այդքան էլ հայկական էր: Այսինքն՝ իրավաբանորեն դա ռուսական քաղաք էր՝ ռուսական կազմի մեջ, բնակչությամբ էլ հայկական էր: Պիտի այստեղ հստակ լինի, որ հայերը իսկապես առաջնորդվում էին արդարության սկզբունքով, թեև հռչակված էր՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքով: Տեսեք՝ հայերը երբեք չպնդեցին, որ Թիֆլիսը միանա Հայաստանին, թեև Թիֆլիսի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, թեև կան պատմական փաստեր, որ վաղ միջնադարում Տփղիսը եղել է հայկական իշխանության ներքո և այլն: Բայց քանի որ մեր մտքերի մեջ, ըստ էության, ավելի ուշ միջնադարի խնդիր էր և այլն, և Թիֆլիսն ընկալվում էր որպես վրացական քաղաք, թեև, կրկնում եմ՝ հայտնի չէ՝ ինչով էր վրացական. իրավաբանորեն ռուսական էր, բնակչությամբ՝ հայկական: Ուզում եմ ասել՝ հայերը միայն այն տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին, որոնք անվիճելիորեն հայկական էին: Եվ եթե Դուք գլոբալ նայեք այս բանակցային գործընթացին, հայերն ամենազիջողն էին: Միգուցե, սա նաև այն հանգամանքով էր պայմանավորված, որ հայերին շատ մեծ հողեր էին տալիս և խոստումներ կար դեպի Արևմուտք (ես կարդացի այդ հատվածը՝ ելք դեպի Կիլիկիա, Ադանա, և այլն), և հայերը հասկանում էին, որ այդ հսկայական երկրի մեջ, մի քանի հազար կիլոմետրը վիճելու խնդիր չէր իրենց համար, առանց այդ էլ այդ երկիրը շատ մեծ էր: Այդպես էլ կա, երբ որ մենք կարդում ենք, քննարկում ենք, շատ օտարներ ասում են՝ հայերի շահերից չի բխում Հայաստանն արևմուտքից արևելք այդքան լայն դարձնելը պաշտպանունակության խնդիր էր: Ամփոփելով այս հատվածը՝ տեսեք՝ մենք այս հատվածում խոսեցինք, թե ինչի հիման վրա չէր կարող լինել, այսինքն՝ «ԿԱՎ բյուրոյի» և հետագայում էլ վրացական կոմկուսի բյուրոյի որոշումն իրավական չէ: Գալիս ենք այն հարցին, թե ինչն է իրավական, որովհետև անգամ հետագայում ստեղծված Հայկական ՍՍՀ, Վրացական ՍՍՀ սահմանները պարզ է, որ վարչական սահմաններ են: Ի դեպ, ասեմ, որ այսօրվա սահմանանշումը, որ կատարվում է և կատարվել է 80 տոկոսով Վրաստանի հետ, անօրինական է, որովհետև մենք հայ-վրացական սահմանների վերաբերյալ պայմանագիր չունենք: Նախ պիտի լինի դելիմիտացիա՝ պայմանագիր սահմանի վերաբերյալ, որտեղ հստակ պիտի լինի սահմանի նկարագրությունը, հետո պիտի լինի սահմանանշումը՝ այդ սյուները, որ դնում են: Ոչ մի բան չի կատարվել, հստակ քարտեզներ էլ չկան, որովհետև տարբեր տարիներին այդ սահմանը փոփոխվել է: Այն ժամանակ սահման չէր. գյուղերի միջև այս հանդամասը երբեմն տալիս էին այս գյուղին, տալիս էին այն գյուղին, երբեմն փոխվում էր՝ դե ճանապարհ էին կառուցում: Եվ իրականության մեջ որևէ մեկն էլ չգիտեր, մոտավորապես ասում էին՝ այս լեռը հայերինն է, մյուս լեռը՝ վրացիներինը: Իսկ ինչի՞ հիման վրա է ձևավորվել այդ սահմանը: Մենք խոսեցինք, որ Փարիզի ժողովին ավելի վաղ, իսկ ամերիկացիներն ավելի վաղ խոսում էին Ախալքալաքի, Ախալցխայի հայապատկան լինելու մասին: Բայց դա պիտի օրինականացվեր: Երբ 1920թ. հունավրին Փարիզի վեհաժողովի կոմից այս 3 հարավկովկասյան հանրապետությունները ճանաչվեցին, իսկ այդ ժամանակ դա միակ լեգիտիմ կառույցն էր, որի շնորհիվ էլ առաջացան Չեխոսլովակիան, Հարավսլավիան, Միջին Արևելքի բոլոր երկրները՝ որպես ենթամանդատային տարածք: Հունվարի 19-ին ճանաչվելուց հետո՝ վրացիները և ադրբեջանցիները՝ մեզ հետ, փետրվարին ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ Հայաստանի սահմանները որոշելու վերաբերյալ, որի մաս էին կազմում Ազգերի Լիգայի, դա կարելի է համեմատել այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խորհրդի հետ, 4 անդամ երկրները. դա Բրիտանական կայսրություններ էր, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան: 5-րդ անդամը՝ ԱՄՆ, ընդհանրապես մերժել էր անդամակցելու Ազգերի Լիգայի աշխատանքին: Այս 4-ի կողմից 2-3-ական ներկայացուցիչներ հստակորեն որոշեցին, ես այդ քարտեզը Միացյալ Նահանգների արխիվից հանել եմ, տպալ եմ, որպես երկրորդ հավելված ներառված է Ուիլսոնի Իրավարար վճռի մեջ, Ախալքալաքը և Ախալցխայի ենթաշրջանը և Ծալկան հստակ նշաված են որպես հայկական տարածք: Նույնն էլ վերաբերում է Լեռնային և Դաշտային Ղարաբաղի 1920 թվականի փոտրվարի 24-ի «Զեկույց-առաջարկին»: Ինո՞ւ, որովհետև այն պիտի հաստատեր Ազգերի Լիգան: Ուրիշ բան, որ սրա կիրարկումը պիտի լիներ հայ-թուրքական սահմանը որոշելուց հետո՝ 90 օրվա ընթացքում: Մենք գիտենք, որ հայ-թուրքական սահմանը որոշվեց 1920 թ. նոյեմբերի 22-ին և 10 օր հետո ՀՀ-ն՝ որպես պետություն, դադարեց գոյություն ունենալուց և այդ 90 օրը չլրացավ, և հարցը մնաց առկախ: Ես մշտապես պնդել եմ ու հիմա էլ շարունակում եմ պնդել, որ հանցագործությունը չի կարող ծնել իրավունք: Եթե վրացիները համարում են, որ խորհրդային կարգերի հաստատումը եղել է անօրինաական, և դա եղել է բռնազավթում, իրենք անգամ դրա վերաբերյալ ունեն թանգարան, նույնն ադրբեջանցիներն են, ըստ էության, համարում բռնազավթում, և դա ամրագրված է նրանց փաստաթղթերում, ապա մենք պիտի վերադառնանք անօրինականությանը նախորդող օրիանականության շրջանը, որն Ազգերի Լիգայի որոշումներն է: Եկեք տեսնենք՝ մինչև այս 3 պետությունների բռնազավթումը Սովետական Ռուսաստանի կողմից, իսկ հետո էլ՝ բռնակցումը, ինչ սահմաններ են ունեցել կամ գոնե՝ ինչ առաջարկներ են եղել սահմանների վերաբերյալ: Եկեք սրանք քննարկենք, և ոչ թե քննարկենք, թե այդ բռնազավթումից հետո ինչ վարչական սահմաններ են ստեղծվել, ինչ վարչական փոփոխություններ են ստեղծվել. դա ի՞նչ կապ ունի: Եթե ես անօրինականորեն մեկից գողացել եմ նրա ավտոմեքենան, ապակիները մգեցրել եմ, վրան էլ 2 հատ լույս եմ դրել, չպիտի քննարկվի ապակիների կամ լույսը թողնել-չթողնելու հարցը, այլ պիտի ասվի՝ դու գողացել ես: Այսինքն՝ անօրինականությունը չի կարող օրենքի հիմք լինել: Պիտի վերադարձվի տիրոջը, վերականգնվի արդարությունը: Նույնն էլ, կարծում եմ, որ Հարավային Կվկասում պիտի արվի:
_ Շնորհակալություն, պրն. Պապյան: Հարգելի ունկնդիրներ հիշեցնեմ՝ լսում էիք «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխաատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնւի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Կարծում եմ՝ Վրաստանի թեման կշարունակենք նաև մեր հաջորդ թողարկումներում: Մնացեք մեզ հետ: Հաջողություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan