Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սկզբից էր ԲԱՆԸ, ոչ թե խորովածը. գիտակցությունը կփոխի ձեր կեցությունը.«Cui prodest» կամ ում է ձեռնտու

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Շատ սեղանների շուրջ խոզի խորոված ուտելուց անընդհատ հիշում են, որ կեցությունն է որոշում գիտակցությունը: Մեր պարագայում գիտակցությունն առաջնային է, և այդ գիտակցությունը պետք է բարձրացվի: Աստվածաշունչը թարգմանող մեր հանճարներն առաջին նախադասությունը, որ թարգմանել են, դա «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ...»: Տեսե՛ք` ո՛չ խորովածն է, ո՛չ խոզը, ո՛չ ուտելիքը, դոլարը չէ, ռուսական ռուբլին չէ, դրամը չէ: Մեր ժողովուրդն ապրել, իր մշակույթը հենց այդ մտքով է ստեղծել: Ես Ձեզ հետ ամբողջովին համաձայն եմ, մի քիչ ավելի, քան՝ պետք է, հենվեք ազգային գիտակցության վրա՝ զուլալ, մաքուր ակունքների, և կունենաք այն Հայաստանը, որ երազում եք:
 
Հաղորդման սղագրություն

_ Ողջույն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Cui prodest» կամ ում է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Ողջո՛ւյն, պրն. Շիրինյան:

_ Ողջույն:
_ Պրն. Շիրինյան, Ձեր ամանորյա մաղթանքը Ձեր ֆեյսբուքյան ընկերներին, ռադիոդիտողներին և լսողներին հետևյալն էր, որ մնան և աշխատեն Հայաստանում, կառուցեն պետություն: Շատերն այս մտքի հետ համաձայն էին, բայց մի մեծ մաս էլ տարակուսում էր, թե ինչպես մնան և աշխատեն Հայաստանում: Ի՞նչ կպատասխանեք:
_ Դա մի պատասխան ունի, և եթե ժողովուրդը կամք ունի, իմ ասածը կիրականացնի: Ես ենթադրում եմ, որ մեր ժողովուրդը կամք ունի: Դա բանաձև է՝ արտագաղթեցնողներին արտագաղթեցնել, այսինքն՝ սա նշանակում է հայրենիքի համար անմնացորդ և առանց նվնվոցի պայքարել: Երկու օրինակ բերեմ, որպեսզի չթվա (չթվա նաև նրանց, ովքեր կամա թե ակամա արտագաղթի կազմակերպիչներն են), թե իդեալիստական բան եմ ասում: Հայտնի է, որ 1918թ. Սարդարապատի ճակատամարտի նախօրեին հայկական զորաբանակի հրամանատարությունը պատրաստել էր նահանջի ծրագիր (ով ինձ չի հավատում, թող կարդա գեներալ Սիլիկյանի հուշերը): Ներկայանում են Արամ Մանուկյանին՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրին, հայ ժողովրդին ոգեշնչողին և 20-րդ դարի համաշխարհային պատմության մեջ խոշորագույն քաղաքական գործչին, և հիմնավորում են, որ ճար չկա, տարբերակ չկա, ինչպես հայությունը սովոր է շատ դեպքերում ասել: Արամը կեսը լսում, կեսը չի լսում, ասում է՝ բացատրելու ոչինչ չկա և ոչինչ ընդունելի չէ, գեներալներդ գնում և պաշտպանության նախագիծ եք ստեղծում (մի քիչ գունավոր եմ ասում), այլևս ոչ մի թիզ հող չի հանձնվելու և նահանջ չի լինելու: Սիլիկյանն իր հուշերում ասում է, որ Արամի կամքը, տեսակետը, գուցե և մտքի մեջ դաժանությունը, մեզ սթափեցրեց: Ասում է, որ մինչև հետագայում Սարդարապատը լինելու էր, մեր՝ գեներալիտետի, զորավարերի հոգիների մեջ, Սարդարապատը առաջացավ, հետո սպայական կազմով փոխանցվեց զորքին, զորքից՝ ժողովրդին, և երկրորդ Սարդարապատն առաջացավ, և մենք հաղթեցինք: Կարծում եմ, որ այս տարի այս հարցը պիտի լինի այսպես, նորից կրկնում եմ՝ արտագաղթեցնողներին պարտադրել արտագաղթ, որովհետև հայրենիքը ժողովրդինն է, ինքնիշխանը, սուվերենը ժողովուրդն է: Երկրորդ, Ֆրանսիայի պատմությունը, որ սերտ առնչություն ունի հայ ժողովրդի հետ, շատ դաժան և ուսանելի է: Ֆրանսիայում 4-5 անգամ հեղափոխություն է եղել, մինչև առաջացել է այն Ֆրանսիան, որը մենք ունենք որպես համաշխարհային քաղաքակրթության նվաճում, կա նաև մեր օրերի օրինակը: 3-4 տարի առաջ էր՝ մի հարցազրույցում Հայաստանում մի ոռնոց (ներողություն արտահայտությանս համար) էր տարածվել, որ սիրիահայերին պետք է տեղահանել, Սիրիայի հարցը լուծված է և այլն: Իմաստուն տեսքով, պաշտոնյա-անպաշտոն, գիտնական-ոչ գիտնական մի հիստերիկ վիճակ էին առաջացնում, բայց ես այն կարծիքին էի և հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, որ Ասադը չի լինելու, ալևիները չեն հանձնվելու, կկռվեն, և օգնողը կհայտնվի: Այսօր պարզ է՝ Ասադը կռվեց, ալևիները դիմակայեցին, Ձեր ասած սիրիական քաղաքակրթությունը, որ ասորական հին հիմքեր ունի, փրկվում է, և գերտերությունն իր հրթիռներով, տանկերով և միջուկային զենքով օգնության հասավ. այս էլ օրինակ մեր օրերի համար: Ընդհանրացնելով՝ ասեմ հետևյալը. այս տարի մենք՝ ժողովուրդս, եթե իշխանությունը չի անում (ես ենթադրում եմ, որ կանի), պետք է պարտադրենք իշխանություններին, իսկ եթե ինքը կանի, շատ բարի, Հայաստանը պետք է ունենա արդիականացման ծրագիր՝ բաղկացած երեք կետից՝ գիտության վերականգնում, արդյունաբերության (ինչքան մնացել է), վերագործարկում և պետական պաշտոնների մաքրում կոռումպացված տարրերից, ծանոթ-բարեկամներից, որպեսզի ունենանք կառավարման ապարատ: Մի խոսքով, այս տարի Հայաստանին պետք է ցանկանալ բացասական զարգացումների միտումների կասեցում և նոր սկիզբ, որպեսզի համաշխարհային այն արհավիրքից, որ այս Սոդոմ-Գոմորի շրջանում արդեն բոլորին է հետապնդում, մենք շահած դուրս գանք: Վստահ եմ, որ Մերձավոր Արևելքի այս փոփոխությունները Հայաստանին տանում են դեպի լավ ապագա, բայց որպեսզի մենք դրանից օգտվենք, պիտի չլինենք ո՛չ արևմտամետ, ո՛չ արևելամետ, ո՛չ կապույտ, ո՛չ կանաչ, և ոչինչ, բացի հայ լինելուց, որը գործում է Հայաստանի համար:
_ Պրն. Շիրինյան, շատերը Հայաստանի նախորդ տարիների իրավիճակը պայմանավորում էին անցումային փուլով, Ձեզ նման ասում էին, թե Ֆրանսիան քանի հեղափոխություն անցավ, նայեք Ամերիկայի պատմությանը՝ սկզբում մաֆիոզական ինչ կլաններ կային, ինչպես դարձան երկիր, և այսօր մեր վատ ապրելը պատճառաբանում են անցումային փուլով: Արդյո՞ք չեք կարծում, որ մեր թե՛ ինտելեկտը, թե՛ ներուժը, թե՛ պատմությունը մեզ դա թույլ չեն տալիս: Այսինքն՝ մենք պետք է ավելի լավը լինեինք, պետք է չհամեմատվենք այլ երկրների հետ:
_ Ես սկսեցի Սարդարապատով, այսինքն՝ իմ հարցադրումը լրիվ հակառակ է Ձեր բերած օրինակին, իսկ իմ ասածներն օժանդակ բացատրություններ էին, հայաստանակենտրոն տեսակետ էր: Հիմա ամենաբարձր մակարդակներով շրջանառության մեջ են դրել մեկ այլ բան ևս, որ աշխարհաքաղաքական վիճակը բոլորովին այն չէ, ինչ պետք է լիներ: Ես՝ որպես մասնագետ, կարող եմ ասել հետևյալը. աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և Արցախի հատվածում շուռ է եկել Հայաստանի կողմը՝ որպես դրական սալդո, և պետք է մերժել բոլոր այդ բացատրությունները: Նախկինում էլ ունեինք երջանկահիշատակ մի գործիչ՝ Վանիկ Սիրադեղյան, Երևանում մի բան էր պատահում, անմիջապես ասում էր՝ սուս մնացեք, Նոյեմբերյանի հատվածում թուրքերը սկսել են հարձակվել, կռիվներ են: Այս բացատրությունները ոչ մի հիմք չունեն, հակառակը՝ իրադարձությունների զարգացումները թույլ են տալիս, որ մենք շահած դուրս գանք, դրա համար պետք է ունենանք էլիտա, որը կգլխավորի այդ գործը՝ ռազմաքաղաքական, քաղաքական, մտավոր և այլն: Ժողովրդին էլ պետք է ներկայացնել նրանց, ովքեր ժողովրդի ոգին կբարձրացնեն, պայքարի կտրամադրեն, բայց ոչ նրանց, ովքեր կտորպեդահարեն: Որպեսզի մերկապարանոց չհնչի, հիշեցնեմ մի բան. երբ նախագահը Մոսկվայում ստորագրեց կամ համաձայնությունը տվեց ԵՏՄ-ին, Հայաստանում լուրը դեռ տեղ չհասած՝ մի ոռնոց սկսվեց ԵՏՄ բացասական արդյունքների մասին, նպատակը ոչ թե զարգացումը կանխելն էր, այլ՝ տորպեդահարումը: Բայց կային մարդիկ, նաև՝ ես, ովքեր համաձայն էին, որովհետև մեզ համար պարզ էր, որ Ռուսաստանը կտրուկ շրջադարձ է անում, և պետք էր խուսափել այդ ճանապարհից: Մենք խուսափեցինք, փոսի մեջ հայտնվեց Ուկրաինան, այլապես մենք էինք հայտնվելու: Այնպես որ պետք է հասկանալ զարգացման միտումները և ազգային շահերի տեսակետից պետությունը տանել առաջ՝ հիշելով մի բան, որ հայ ժողովուրդն աշխարհում չունի դաշնակից և բարեկամ ժողովուրդ և պետություն, միակ դաշնակիցը, միակ հարազատը սեփական պետականությունն է: Այստեղ կարող ենք բանաձևել՝ հզորացրեք պետականությունը, կլինեք ապահով ափերում, հակառակը, ես նույնիսկ չեմ վախենում ասել, գենոցիդի կամ ցեղասպանության ուրվականն է, որ կարող է շրջել մեր տարածաշրջանում, մեր գլխավերևում:
_ Պրն. Շիրինյան, վերջերս մի ուսումնասիրության մասին լսեցի, որում ասվում էր, թե ինչն է պետությունը, երկիրը երկիր դարձնում: Ասվում էր՝ կարծում եք դա մշակո՞ւյթն է, բերում էր Հունաստանի օրինակը. տեսեք ինչ հին պատմություն ունեն, դեմոկրատիայի սկիզբ և այլն, և այսօր ինչ վիճակում են: Ասվում էր՝ կարծում եք դա ժողովո՞ւրդն է, բերում էր երկու Կորեաների օրինակը: Եվ այսպես բոլոր ոլորտներն անցնում էր՝ պատմություն, զարգացվածության աստիճան, վերջում հանգեցին քաղաքական ինստիտուտներին. ասվում էր, որ անգամ ամենացածր ինտելեկտի և մակարդակի հասարակությունը, եթե ունենա շատ լավ իշխանություններ, քաղաքական ինստիտուտներ, ապա մի քանի տարի անց հրաշք կկատարվի այնտեղ, և հակառակը, եթե անգամ ամենալավ ժողովրդի վրա դնես վատ քաղաքական համակարգ և իշխանություն, ապա մի քանի տարի հետո այլևս գոյություն չի ունենա: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք առանց քաղաքական ինստիտուտների կայացման որևէ առաջընթաց չենք կարող գրանցել:
_ Քաղաքագիտության պահանջով եկեք խուսափենք ծայրահեղություններից. ոչ թե առանձին-առանձին որևէ մեկը, այլ դրանց սինթեզը՝ և՛ մշակույթը, և՛ պետականության հուշը, և՛ քաղաքական ռազմական էլիտան, և՛ ինստիտուտները, անշուշտ: Պատմական որևէ շրջանում դրանցից որևէ մեկը կարող է առաջատար դեր ունենալ, բայց բոլորը միասին պետք է լինեն, եթե ինստիտուցիոնալը չլինի, անշուշտ, չի ստացվի: Բայց եթե քաղաքական մշակույթ չունենաք կամ, մեր պարագայում, մոռանանք մեր քաղաքական մշակույթը, կունենանք այնպիսի երկիր, ինչպիսին ենք, այսինքն՝ բոլորի համադրումը պետք է լինի: Բայց այդ հարցադրման մեջ կա մի կարևոր բան. երկիրը պետք է գլխավորի ազգային, հայրենասիրական կրթված և դաստիարակված էլիտան, որի նպատակը ոչ թե ծոռի համար երեք դար հետո խորովածի ցախը կուտակելն է, որովհետև դա հետո չի լինելու, այլ հայրենիք և պետականություն կերտելն է: Այստեղ մենք պատմության համար այնքան էլ կարիք չունենք ուրիշից օրինակ վերցնելու: Հիշենք Տիգրան Մեծին, հայկական քաղաքակրթությունը, որի ակունքներում են Տիգրան Մեծը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Լուսավորիչը, և սա ամբողջական հայկական քաղաքակրթությունն է, հիշենք նաև, որ դրանց սկիզբը Հայկ Նահապետն է: Այս մտածողությամբ աշխատենք և կունենանք այն պետականությունը, որն ուզում ենք: Մենք ապացուցելու կարիք չունենք, մեր ժողովուրդը, ճիշտ է, 70 տարվա ընթացքում դաստիարակվել է պետություն չունենալու ողբով, որը նաև Մոսկվայից խրախուսվել է թեզիսներով կամ հոգեբանությամբ, հիմա կարիք ունի հիշելու, որ պատմական տարբեր ժամանակներում ինքը ստեղծել է մի հրաշալի քաղաքակրթություն, որի ակունքները ես երեք կետերով ասացի՝ Տիգրան Մեծ՝ պետականության և կայսրության տարածքի Հայաստան, Մեսրոպ Մաշտոց՝ գրավոր մշակույթ, փիլիսոփայություն, և հոգևոր լույսը՝ քրիստոնեություն, որ ազգային եկեղեցու ճանապարհով ստեղծվեց, սրանք ամենադժվար պայմաններում ծնեցին Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան: Մի ժողովուրդ ենք, որը հայրենիքից դուրս պետություն է ստեղծել, այն էլ այնպիսի պետութուն, որը զարկ է տվել եվրոպական զարգացմանը, էլ չեմ ասում այն հրաշքի մասին, որ մենք ունեցանք 1918-20 թթ.՝ եվրոպական քաղաքական ինստիտուտներով, աճող պետականությամբ, հիշեք՝ 1918թ. 11 հազար քկմ տարածքով, 1920թ. օգոստոսին 71 հազար քկմ տարածք, իր համալսարանով և այլն: Այս բոլորը սինթեզ է, բայց մի բան հաստատ է՝ ժողովրդի պատմական հուշը պետք է վեր հանվի, նա պիտի հասկանա իր մշակույթի հարստությունը և անընդհատ պիտի հիշի, որ մեր պատմությունը ոչ թե պետություն չունենալու պատմություն է, այլ պետականության կորստի պայմաններում էլ համառ, դաժան կռիվ է՝ իր պետականության և ինքնիշխանության վերականգնման համար: Սա եթե լինի, վստահ եմ, որ գոնե ձեր սերունդը դա կանի:
_ Հենց դա էի ուզում հարցնել. եթե ելնենք այն պնդումից, որ գիտակցությունն է որոշում կեցությունը, ապա որքանո՞վ է մեր հասարակությունը գիտակից, միգուցե հենց գիտակցության բացակայության հետևա՞նք է, որ կեցությունն այսպիսին է:
_ Ես լրիվ համաձայն եմ: Դուք ժխտեցիք մարքսիստական թեզիսը, որ շատ սեղանների շուրջ խոզի խորոված ուտելուց անընդհատ հիշում են, որ կեցությունն է որոշում գիտակցությունը: Մեր պարագայում գիտակցությունն առաջնային է, և այդ գիտակցությունը պետք է բարձրացվի: Ասեմ նաև երկրորդը. դուք պիտի հիշեք, որ Աստվածաշունչը թարգմանող մեր հանճարներն առաջին նախադասությունը, որ թարգմանել են, դա «Սկզբից բանն էր բանը»: Ես ուսանողներին հումորով երբեմն ասում եմ՝ տեսե՛ք, ո՛չ խորովածն է, ո՛չ խոզը, ո՛չ ուտելիքը, դոլարը չէ, ռուսական ռուբլին չէ, դրամը չէ, այլ «Սկզբից բանն էր բանը», միտքը և այլն: Եվ մեր ժողովուրդն ապրել, իր մշակույթը հենց այդ մտքով է ստեղծել: Ես Ձեզ հետ ամբողջովին համաձայն եմ, մի քիչ ավելի, քան՝ պետք է, հենվեք ազգային գիտակցության վրա՝ զուլալ, մաքուր ակունքների, և կունենաք այն Հայաստանը, որ երազում եք:
_ Ասում են՝ «Լավություն արա, գցիր ջուրը», կամ «Որտեղ կա ջանք, այնտեղ կա արդյունք»: Հնարավո՞ր է, որ մենք ազգովի աշխատենք, և արդյունք չլինի, որևէ բան երկրում չփոխվի: Այսօր շատերն ասում են՝ ինչ գործ անես՝ միևնույն է, գալու են, փակեն, անընդհատ այդ «չեն թողնելու, չեն անելու» արգելքին են հանդիպում, բայց ես տեսել եմ, որ երբ որևէ մեկն տեղ աշխատում է, միշտ արդյունք է ունենում: Շատերը ֆեյսբուքյան Ձեր ստատուսի տակ այդ միտքն էին գրում՝ ինչպե՞ս աշխատես, ախր սա երկիր չէ, ո՞նց չգնաս, հո երեխաներդ սոված չեն մնալու:
_ Դրա համար էլ ես ասացի՝ արտագաղթեցնողներին արտագաղթեցնել: Այս տարի բոլոր փակեցնողներին պետք է փակել, ժողովուրդը պիտի կամք ունենա, պարտադրի, որովհետև ինքն է ինքնիշխանը: Խորհրդային տարիներից մի բան է մտել, որը սխալ է: Իրականում չինովնիկը ամենաբարձր կամ ցածր մակարդակում ժողովրդի հպատակն է, ժողովուրդը հպատակ չէ: Եթե միապետություն է, ուրիշ հարց է, բայց հանրապետության մեջ ինքնիշխանը, սուվերենը ժողովուրդն է: Եթե այդպես է, ապա ժողովուրդը պետք է նաև իր սուվերեն իրավունքներին տերը լինի, նաև հասարակությունը պիտի բաց լինի, այսինքն՝ չլինի Հայաստանում մի բան են անում, բլեֆով տարածում, աշխարհին ցույց են տալիս ուրիշ մի բան: Կա նաև ազնվության մի չափ. պիտի իմանալ, որ քաղաքականությունից սկսած, ուզում եք՝ կենցաղ, մշակույթ, ընտանիք, որտեղ ճիշտ խոսելը, չխաբելն արժանիք է, ուրեմն խաբելը ստորություն է: Նույնիսկ քաղաքականության մեջ է ստոր բան, որովհետև դուք կարող եք սեփական ժողովրդին խաբել, դիմացինին չեք կարող խաբել, բացառված է: Դրա համար այն տեսակետը, որ քաղաքականությունն անբարո բան է, տարածված կենցաղային մի ստոր միտք է, որ անընդհատ շրջանառվում է ինչ-որ մարդկանց կողմից: Քաղաքականությունը շատ ազնիվ բան է, հետևաբար դա պետք է ազնվորեն վարվի, մանավանդ՝ հակառակով հավատացող չկա, լռող կա: Այդ կապակցությամբ ասեմ. 17-18-րդ դարում մի խորվաթ փիլիսոփա-մտածող կար՝ Կրիժանիչ, ասում էր՝ քաղաքականությունը արքաներին և նրա ծառաներին վայել արվեստ է, գիտություն, հետևբար այդ արքաները և նրանց միջավայրը քաղաքականությանը վերաբերվում են ազնիվ՝ որպես արվեստի գործի: Այդ նույնը չէ՞ Մարտիրոս Սարյանի արվեստի գործ և այլն: Սա է քաղաքականությունը, մնացածը շառլատանություն է, և այդ իմաստով դուք ո՛չ Պուտինին կխաբեք, ո՛չ Օբամային, նույնիսկ թուրքին չեք խաբի, ոչ մեկին չեք կարող խաբել, բացի սեփական ժողովրդից: Դրա համար, կարծում եմ, ժողովուրդը, բարոյակամ կերպարի իմաստով, նեղանալու չլինի, պիտի փորձի վերադառնալ մինչև 1915թ. իր կենցաղին, հարաբերություններին և ամեն ինչին: Ես ասեմ հստակ, ինձ համար հարյուր տոկոսով պարզ է՝ եթե մենք ազնիվ չլինեինք, 1915թ. արհավիրքը չէինք անցնելու, բացառված էր. այդ արհավիրքը մեր ուժի բանը չէր, բայց հաղթահարեցինք բացառապես հայոց ազնվության շնորհիվ: Եվ պատահական չէ, որ հայությունը առևտրի մեջ շատ առաջացել է. դուք գիտեք՝ միջնադարը հիմա պատկերացվում է որպես ինտերնետային մի ցանց, որի բջիջները հայ վաճառականներն են եղել: Այդ վաճառականությունը, որ գնահատված է ցանցի իմաստով, գնահատված է Կանտի և համաշխարհային մեծերի կողմից, հիմնված է ազնվության վրա, վաճառականը խանութպանը չէ, դրա համար պետք է հրաժարվել խանութպանությունից և վերադառնալ հայկական արմատներին:
_ Շնորհակալություն, պրն. Շիրինյան: Փաստորեն, ամփոփելով տարին՝ կարող ենք ասել, որ սկսում համառ և ազնիվ հիմունքներով աշխատանքի տարի: Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք՝ լսում էիք «Cui prodest կամ Ում է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Հաջողություն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan