Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեզ անծանոթ՝լուսավոր և կենսուրախ Կոմիտասը. «Հայու տեսակ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Կոմիտասն իսկական վարդապետ էր՝ այնքան էր կապված Էջմիածնին՝ իր հոգևոր ծնողին, որ սկզբնական շրջանում ստորագրում էր Կոմիտաս Գևորգյան՝ Գևորգյան ճեմարանի անունով: Սխալ է լուսավոր ու կենսուրախ Կոմիտասին հիշել ու ներկայացնել սգացող և դժբախտ: Բավական է կարդալ նրա նամակները, բանաստեղծությունները և երգերը: Կենսուրախ, կատակասեր ու անգամ չարաճճի. մեզ անծանոթԿոմիտասի մասին պատմում է հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանը:

Հաղորդման սղագրություն          

_ Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում կրկին «Հայու տեսակ» հաղորդաշարն է, և այսօր իմ հյուրն է հայագետ, բանասեր Արծվի Բախչինյանը՝ իմ լավ բարեկամը: Ուրախ եմ, որ այսօր խոսակցության թեման մեծն Կոմիտասն է: Պիտի ասենք, որ Կոմիտասը՝ բոլորիս համար հայտնի և բացահայտված, իսկ իրականում չբացահայտված, շատ դեպքերում մեզ անծանոթ Կոմիտասը, որին այդպես էլ չենք ուզում ծանոթանալ, և որն էլ հենց այսօրվա մեր խոսակցության թեման է: Ես դեռ չեմ հասցրել դիտել «Վարդապետի լռությունը» ֆիլմը և չեմ ուզում ո՛չ դրական, ո՛չ բացասական խոսքեր ասել. հուսով եմ՝ շուտով կտեսնեմ: Բայց ինձ ցավ է պատճառում, որ մենք անընդհատ անդրադառնում ենք Կոմիտասի ոչ թե հանճարին, այլ ողբերգությանը, մենք անընդհատ անդրադարձ ենք կատարում ոչ թե այն հզոր, տիեզերական երևույթին (իրականում կոմիտասը կոմետա, կոմետոս բառն է, որը թարգմանաբար նշանակում է գիսավոր)՝ այդ աստղաբույլին, որ անցավ հայոց երկնակամարով, ոչ թե այն լույսին, որ թողեց իր հետևից Կոմիտասը, այն լույսին, որ այսօր էլ լուսավորում է ամբողջ մի ազգ, այլ այն մութ, խավար էջերին, որոնք, կարծես թե, ոչ միայն Կոմիտասի ողբերգությունն են, այլև ազգի ողբերգությունը, որ մենք չկարողացանք փրկել և պահպանել մի երևույթ, որն իրականում մի ամբողջ ազգի կենսագրություն էր դարձել:

            Բարև, Արծվի ջան: Շատ ուրախ եմ, որ մենք կրկին միասին եթերում ենք, և ինձ համար շատ հաճելի է, որ այն թեման, որը պիտի արծարծենք, դու այնքան հմտորեն ես բացահայտում, որ կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ մարդու համար՝ մանավանդ երիտասարդ սերնդի համար, այն Կոմիտասը, որին դու այսօր պիտի բացահայտես, այն ոչ ստանդարտ չափորոշիչների մեջ տեղավորվող Կոմիտասը, որը, թերևս, ոչ մեկի պատկերացման մեջ կարող է չտեղավորվել, որովհետև մենք այլ ստերեոտիպեր ունենք Կոմիտասի հետ կապված, պիտի դառնա իրական հայու տեսակի նկարագիր, հայու տեսակի խորհրդանիշ: Շնորհակալություն, որ ընդունեցիր հրավերը, և կրկին ու կրկին մեծն Կոմիտաս՝ Ձեր մեկնությամբ:

            _ Շնորհակալություն, սիրելի Գագիկ: Ամեն անգամ ինձ համար մեծ պատիվ է խոսել Կոմիտասի մասին: Պետք չէ երաժշտագետ լինել մեր ազգի այս մեծության մասին խոսելու, գրելու համար: Թեև մինչև հիմա ես որևէ աշխատություն, հոդված չեմ գրել նրա մասին և դրա հավակնությունն էլ չունեմ, սակայն որպես բանասեր ծանոթանալով նրա մասին եղած, մամուլում սփռված կամ արխիվներում սփռված մի շարք վկայությունների և փորձելով դրանք դնել շրջանառության մեջ՝ ես իսկապես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը, որ Կոմիտասին լավագույն դեպքում վատ գիտի, մի փոքր այլ լույսի ներքո տեսնի: Ես շատ ուրախ եմ որ այդ լույս բառը դու օգտագործեցիր, քանի որ իսկապես եթե կա խավար, ապա կա նաև լույս: Մենք հաճախ տեսնում ենք կամ մեկը, կամ մյուսը:

            _ Իրականում խավար չկա՝ խավարը լույսի բացակայությունն է:

            _ Այո, այո:

            _ Ուրեմն պետք չէ Կոմիտասին կորցնել, որպեսզի խավարում չհայտնվել:

            _ Համաձայն եմ: Երբ 2014 թ. երգչուհի Աննա Մայիլյանի և այլ երաժիշտների հետ մենք ձեռնամուխ եղանք մի գրական-երաժշտական կոմպոզիցիայի կամ հորինվածքի, որ երկու անգամ ցուցադրեցինք միասին մեր բեմերում, վերնագիրն էլ հենց այդպես էր՝ «Կոմիտասի երկնային լույսով»: Մեր մտահոգությունը դարձյալ այն էր, որ մեր լայն զանգվածներին ներկայացնենք մի նոր Կոմիտաս՝ այն, որ քիչ հայտնի է, այն, որ շատ ավելի ընդունելի և սիրելի կարող է դառնալ, քան այն, ինչ մինչև հիմա մեզ ներկայացվում էր: Իսկ մեզ ներկայացվում էր հիմնականում միակողմանի ձևով թե՛ մեր կերպարվեստում, թե՛ մեր գրականության մեջ: Օրինակ՝ Լյուսի Թարգյուլի «Կոմիտաս» վեպն այսօր ոչ ոք չի կարդում. դա՝ մի կողմ: Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը» շատերն են հավանում՝ որպես գրական գործ. ես իմ սուբյեկտիվ կարծիքը, իհարկե, չեմ ասի՝ տեղում չէ: Իր ժամանակին այդ ստեղծագործությունն իսկապես կարևոր դեր կատարել է մեր ժողովրդի ազգային զարթոնքի՝ 60-ականներին ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու գործում, սակայն այնտեղ Կոմիտասի կերպարը, կարծում եմ, թող ինձ ների Պարույր Սևակը, բավականին միակողմանի է ստացվել: Մյուս կողմից էլ՝ Գրիգոր Խանջյանի պատկերազարդումները, որոնք նույնպես արվեստի մեծ գործեր են, սակայն այնտեղ միշտ տեսնում ենք այդ մինորային Կոմիտասին: Իսկ արդյո՞ք միայն մինորային է եղել նա, արդյո՞ք միայն այդ սևավորն է եղել նա, արդյո՞ք միայն այդ խելագարվածն է եղել նա. պարզվում է, որ ոչ: Հիմա այսքան որ ասում ենք բացահայտել, և այլն, իրականում ընթերցողներն իրենք կարող են բացահայտել՝ կարդալով նրա բանաստեղծությունները, նրա նամակները, կարդալով ժամանակակիցների հուշերը Կոմիտասի մասին, և ընդունվածից բավականին տարբեր մի կերպար կցոլանա նրանց դիմաց, որը շատ հեռու կլինի այդ սգավոր և խելագարված վարդապետի կաղապարված կերպարից: Կարծում եմ՝ այդ մի քանի անգամները, երբ մենք ներկայացրինք «Կոմիտասի երկնային լույսով» ծրագիրը, իրենց դերը որոշակիորեն կատարեցին, քանի որ համերգներից հետո մեզ մոտենում էին մարդիկ և շնորհակալություն հայտնում Կոմիտասին նորովի բացահայտելու համար: Ես էլ շատ ուրախ կլինեմ, եթե Ձեր նշած կինոնկարում նույնպես այդ միակողմանիությանը վերջ տրվի, և, այո՛, իմանանք, որ մինչև այս խորին, ծանր ողբերգություն ապրելը Կոմիտասը մեկ այլ այսօրվա բառով ասած՝ «իմիջ» է ունեցել թե՛ ժամանակակիցների համար, և թե՛ իր արվեստի մեջ: Իհարկե, նրա խելագարության պատմությունը, որ ինքնին շատ ծանր ու ցավալի է, նույնպես իր մեջ տարբեր շերտեր ունի, և ավելի մանրամասն ծանոթանալով հիվանդության պատմության առկա փաստաթղթերին և ժամանակակիցների հուշերին, կարելի է տեսնել, որ շատ բաներ այնտեղ այնքան միանշանակ չեն, ինչքան մեզ կարող է թվալ: Այնպես որ չգիտեմ՝ գուցե մենք շարունակենք բեմից ներկայացնել այդ լուսավոր, կենսուրախ Կոմիտասին, բայց մյուս կողմից ահա, դարձյալ շրջանառության մեջ դնելով նորանոր, քիչ ծանոթ վկայություններ, կարդալ տալով նրա հոյակապ նամականին և բանաստեղծությունները, ինչպես նաև այսպիսի ձևաչափերով մենք կարող ենք իսկապես ժողովրդին ներկայացնել մեր մեծ հանճարին շատ ավելի բազմակողմանիորեն, ես հուսով եմ:

            _ Շատ հատկանշական է, որ Կոմիտասը, որ մի ամբողջ ազգի շտեմարանը, բառիս բուն իմաստով, լայն իմաստով՝ ամբողջ գանձարանը վերականգնեց և վերադարձրեց ժողովրդին, բնականաբար, Ձեր ասած՝ իր խառնվածքը հաշվի առնելով՝ նա չէր կարող հոգևոր երգերը կամ միայն դաշնակել, կամ միայն ուղղակի գրառել. նա գրառում էր ամբողջը՝ այն ինչ վերաբերում է մեր ժողովրդին: Իրականում շատ տխուր է փաստը, որ երբ խոսում ես ազգային մշակույթից կամ խոսում ես այն մասին, որ մեր միջոցառումների ժամանակ օտարամոլ երաժշտություն է հնչում, և հանկարծ հնչում է միտք՝ իսկ ինչքա՞ն պիտի Կոմիտասով բավարարվենք, ինչպե՞ս կարող ենք հարսանիքին «Կոմիտասի տակ պարել»: Ես ասում եմ, որ ընդհանրապես երաժշտության ներքո, նվագակցությամբ են պարում, և եթե անգամ հաշվի առնենք, որ մոտ 4000 երգ է գրառվել Կոմիտասի կողմից, եթե կեսն էլ չհաշվենք, այլ մեկ քառորդը, ապա կարծում եմ՝ 1 ազգի համար 1000 երգն ավելի քան բավական է: Ինչի՞ց է, որ մեր մեջ հիմնավորվել է այդ մոլուցքը՝ Կոմիտասին անընդհատ, ինչպես Դուք ասացիք, սևազգեստ, սևավով նորկայացնելու: Մենք  շարունակենք խոսել այն մասին, որ մենք հաճախ սևազգեստ, սևավոր Կոմիտասին ենք անդրադառնում, մեր մեջ տպավորված է այդպիսին՝ ողբերգակ, ողբերգական կենսագրությամբ, ողբերգական ավարտ ունեցող, նաև ողբերգական սկիզբ ունեցող, որբ և թրքախոս, որին կաթողիկոսն ընդունեց և ի սկզբանե զարգացավ թուրքերեն խոսքի, թուրքերեն երգի համար, բայց իրականում մի աշխույժ, մի կայտառ մարդ, և կարծում եմ, որ մի սևավոր և սևազգեստ, դալուկ ու տխրամած մարդը չէր կարող այդ ահռելի աշխատանքը կատարել, ինչ որ նա է կատարել: Վստահ եմ, որ Դուք ավելի փաստերով կներկայացնեք, բայց ավելի քան վստահ եմ, որ նման ծավալի գործ կարող է կատարել մի մարդ, որն ավելի քան վստահ էր իր առաքելության մեջ, ավելի քան ներուժ ուներ, ավելի քան տաղանդ կամ հանճար ուներ, և ի սկզբանե վստահ քայլեր էր ձեռնարկում, և դա ակնհայտ է իր արած աշխատանքի մեջ. Գարեգին Նժդեհը չէր կարող դալուկ, տխրամած մարդ լինել: Կոմիտասը ոչ այլ ինչ է արել, քան հաղթել է, հաղթել է մի ողջ ազգի ողբերգություն, նա ոչ թե ինքն է ողբերգակ եղել, այլ հաղթել է մի ազգի ողբերգություն, որովհետև ունենալ հազարամյակների արարած աստվածային մի մշակույթ և դա նետել աղբանոցը, և, ինչպես ասվում է «Անլռելի զանգակատան» մեջ, այդ շարբաթային մեղեդուն տրվել, այդ քաղցր-մեղցր տրվել, երբ որ մենք ունենք աստվածային ելևէջ: Վստահ եմ, որ Կոմիտասի արածը ոչ այլ ինչ էր, քան հաղթել մեր տկարությունը և լինել ավելի զորեղ, քան ազգի ճակատագիրն էր, քան ազգի պարտված մշակույթն էր: Կուզենայի, որ Դուք ավելի շատ փաստերով ներկայացնեիք այդ ամենը, որպեսզի մենք Կոմիտասի օրինակով հասկանանք, առանց հզոր, խանդավառ, ուրախ և կայտառ մարդ լինելու անհնար է նման ծավալի աշխատանք կատարել, և, առավել ևս, քայլել այդ համաշխարհային քաոսում, երբ ամեն ազգություն կորցնում էր իր ինքնությունը: Բայց Կոմիտասը կարողացավ վերագտնել ոչ միայն իր, այլև ամբողջ ազգի մշակութային ինքնությունը, ամբողջ տեսակը վերադարձնել ինքն իրեն, ապա՝ իր միջոցով նաև ժողովրդին:

            _ Շատ ճիշտ եք ասում, ամեն բառի հետ համաձայն եմ: Ի դեպ, ամբողջ սփյուռքը նրան միշտ անվանել է Կոմիտաս վարդապետ, իսկ հայ իրականության մեջ խորհրդային գաղափարախոսության պատճառով ընդունվեց այս՝ միայն Կոմիտաս ձևը, որն այնքան էլ ճիշտ չէ: Այո, նա վարդապետ էր: Նա, կանուխ որբացած, Էջմիածնում դաստիարակվեց, գիտենք, և նույնիսկ այնքան էր կապված Էջմիածնին՝ իր հոգևոր ծնողին, որ սկզբնական շրջանում նա նույնիսկ ստորագրում էր Կոմիտաս Գևորգյան՝ Գևորգյան ճեմարանի անունով: Այսինքն՝ նա այն իր ծնողն էր համարում: Խորապես հավատացյալ մարդ էր և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ և սպասավոր, բայց այս հանգամանքը բնավ չի նշանակում, որ մարդը միշտ պետք է լինի լրջության կաղապարի մեջ, որ մարդը միշտ եղել է մռայլ, եկեղեցու պատերի մեջ պարփակված և ինչ-որ գաղափարախոսական սահմանափակման մեջ: Ի սկզբանե ընդունենք, որ մեկը մյուսին չի հակադրում. կարող ես լինել կուսակրոն վարդապետ, բայց միաժամանակ՝ աշխարհիկ մարդ: Կարելի է ասել՝ մեկը մյուսին լրացնում է:

            _ Գոնե Կոմիտասի դեպքում դա ակնհայտ է: Այլապես հետաքրքրական է, թե ինչու հոգևորական մարդը, եթե գրում է բանաստեղծություններ, ստեղծագործում է բացառապես աշխարհիկ թեմաներով, գովերգում է բնություն, գովերգում է սեր, գովերգում է մարդկային ջերմ հարաբերությունները: Եվ որոշ չափով տեղը կընկնի, որ ահա այս մարդը, որը հայ վարդապետի սքեմ է հագել, սակայն կյանքի բերկրանքն ամբողջովին զգացել է և արտահայտել է: Եվ իսկապես պետք է լինել բնության զավակ, պետք է լինել ազգին պատկանելիությունը խորապես գիտակցող մեկը և ունենալ այդ ամբողջ կենսասիրությունը, այդ ամբողջ լավատեսությունը, նաև ֆիզիկական ամրությունը՝ կատարելու համար այն գործը, որ Կոմիտասը տասնամյակներ շարունակ կատարել է, լինել ասկետ: Ժամանակակիցների վկայություններից մենք գիտենք, որ Կոմիտասն ամեն հարցում ժուժկալ էր, նրա համար կարևորը գործն էր, նա գաղափարի մարդ էր, մեծ իդեալիստ էր, այլապես ինչպե՞ս բացատրեր, որ նա, հաշտվելով իր ժամանակի եկեղեցական բարքերին (իսկ մենք գիտենք, որ նա բազմիցս հալածվել է), խցում փակվելու փոխարեն զինվորագրվել մի դժվարին աշխատանքի, շրջել Հայ աշխարհի բոլոր անկյունները և մեղվի պես նեկտարի նման հավաքել և մոռացությունից փրկել հայ երգարվեստի նմուշները: Նա այն սխոլաստիկ գիտնականը չէ, որ կարող է միայն ձեռագրերի վրա կռացած հայ հոգևոր երգը դաշնակել: Հիշենք նրա հայտնի խոսքը, որ նա հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտությունը համարում էր նույն արմատից սերած հարազատ քույր և եղբայրներ, ուստի նա չէր կարող միայն այդ մի կողմը գնալ, կենտրոնանալ միայն հոգևորի վրա. նա պետք է գնար բուն ժողովրդի մեջ, գտներ այն բուն արմատը, այն անաղարտ մնացածը: Եվ նա այդպես էլ արել է, շրջել է: Հուշերից գիտենք, որ մնում էր մարդկանց տանը, քնում էր ընդամենը հատակին՝ հաճախ իր ձեռքը դրած գլխի տակ: Նման առաքելության նվիրվելու համար պետք է լինել շատ մեծ հոգևոր և ֆիզիկական ուժի տեր, կարողանալ շփվել և խոսել բնակչության բոլոր խավերի հետ և բոլորի համար լինել հարազատ: Ուստիև, Կոմիտաս ասելով, մենք նկատի ունենանք թե՛ վարդապետին, թե՛ աշխարհիկ մի մարդու, որը, ի դեպ, այս երկու բնույթները՝ հոգևորը և աշխարհիկը, կարողացել է լավագույնս համադրել իր մեջ: Մի ապացույց բերեմ Կոմիտաս վարդապետի՝ հոգևոր և միաժամանակ աշխարհիկ բնույթի. մի նամակում լավագույնս է բնորոշել նրա բարեկամուհի Շուշիկ Բաբայանի (հետագայում Ֆրանսիայում հայտնի դաշնակահարուհի է) հայրը՝ բժշկապետ Ավետիք Բաբայանը: Այս նամակն անտիպ է, ես այն գտա մեր Գրականության և արվեստի թանգարանի գզրոցներում: Ուրեմն, Ավետիք Բաբայանը Փարիզից գրում է քրոջը. «Առաջին օրը Շուշիկս գնաց խոստովանելու Կոմիտաս Հայր Սուրբի մոտ: Անիրավը հո՜ էնքան քյոփագություններ է անում, բայց խոստովանանքը այնպիսի լրջությամբ է կատարել, այնպիսի բացատրություններով, որ Շուշոյի սիրտը փխրած, դիփ լաց է եղած լինում: Մի առանձին երկնային լուսով լցված՝ տուն եկավ»: Այստեղ քյոփագություն բառը պետք է հասկանալ չարաճճիության իմաստով: Մարդ ինչքան մեծ է, այնքան պարզ է, այնքան զվարթ է, այնքան կարողանում է համատեղել իր մեջ այդ լրջությունը և կենսուրախությունը: Իսկապես, կարդում ես նրա բանաստեղծությունները՝ խաղեր են՝ խաղ լեզվի հետ, բառեր է հնարում, կատակում է բառերի հետ, կատակում է պատկերների հետ: Բառերը հաճախ նվազական-փաղաքշական ձևով է գործածում՝ ուշիկ-ուշիկ, նուշիկ-նուշիկ, ծաղիկ-ծաղիկ: Զուլալ մանկական հոգի, կատակասեր բնույթ, աշխարհը դիտում էր մանկան աչքերով, երբեք իրեն բարձր չէր համարում՝ այդ խոնարհությունը, այդ զսպվածությունը նա ուներ, բայց իր շրջապատի համար էլ նա եղել և մնում էր մի մեծ տոն, ուրախություն: Այդպիսի արտահայտություն կա՝ մարդ-տոնակատարություն. Կոմիտասն իսկապես այդպիսին էր: Հիմա ինձ թող չփորձեն հակառակն ապացուցել: Միևնույն է, կարդում ես նրա նամակները, ասում ես՝ Տեր Աստված, այս ի՞նչ կենսախինդ մարդ է, այս ի՞նչ զուլալ հոգի է. անընդհատ կատակներ, կատակներ: Այո, Վարդապետ էր, հասկացանք, բայց նաև իր մտերիմ կանանց հետ առօրյա հարաբերություններ ուներ: Այս նույն նշածս Շուշիկ Բաբայանի քույրը՝ Մարգարիտ Բաբայանը, որ Ֆրանսիայում հայտնի երգչուհի և ձայնամարզության ուսուցչուհի էր և Կոմիտասի ամենամտերիմ բարեկամը, հետագայում մեծ գործ կատարեց նրա շատ ստեղծագործությունների հրապարակման գործում, ինչպես նաև նա Կոմիտասի մասին լավագույն հուշերից մեկի հեղինակն էր: Սա, իհարկե, առանձին խոսակցության թեմա է՝ Մարգարիտ Բաբայան և Կոմիտաս վարդապետ, բայց սա դարձյալ ցույց է տալիս, որ այո՛, վարդապետն էլ կարող էր ջերմ, գուցե ջերմից անդին գնացող զգացմունքներ տածել մի տաղանդավոր, գեղեցիկ կնոջ հանդեպ: Ի դեպ, այս մասին կանադահայ հոգեվերլուծող և գրող Ռիտա Սուլահյան-Կույումջյանը «Խելագարության ակունքներում» Կոմիտասի մասին աշխատության մեջ բավականին գրել է, և ես հիշում եմ, որ քանի դեռ գիրքը չէր թարգմանվել և հատուկենտ մարդիկ էին անգլերենով կարդացել այն, շատերին վրդովել էր, որ հեղինակը բաց տեքստով նշել է այն սիրո մասին որ գոյություն է ունեցել ողջ կյանքում չամուսնացած օրիորդ Մարգարիտի և կուսակրոն վարդապետ Կոմիտասի միջև: Հայերեն թարգմանությունը նախորդ տարի եղավ, և հիմա, կարծում եմ, շատերը կկարդան, և վրդովվողների թիվն ավելի մեծ կլինի, բայց նախ՝ ապացույցը չկա, չնայած՝ շատ կռահումներ մենք կարող ենք անել այս երկու անձանց հարաբերությունների վերաբերյալ, բայց մենք դարձյալ ոչ դատելու իրավունք ունենք, ոչ առավել ևս ինչ-որ պիտակներ կպցնելու 100 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ հարաբերությունների, և կարծում եմ՝ ավելի լայն պիտի նայենք:

            _ Ինձ թվում է՝ ով փորձում է Կոմիտասին պիտակավորել, այդ պիտակավորումը բումերանգի նման իրեն է վերադառնալու: Եվ կրկնեմ՝ Կոմիտասի նման տիեզերական մեծության մասին որևէ մեկը չի կարող որևէ կերպ ինչ-որ սխալ արտահայտություն թույլ տալ իրեն, որևէ կերպ արատավորել նրա անունը կամ պախարակել նրան, որովհետև յուրաքանչյուրը դրանով միայն ինքն իրեն է վնասելու, այնպես որ Աստված նրանց հետ, ով կփորձի պիտակավորել: Եվ կարծում եմ, որ մարդ այդ ահռելի աշխատանքը՝ հոգևոր երգերին զուգահեռ նաև այդ աշխարհիկ երգերը, կատարելու համար աշխարհիկ բոլոր հույզերի սպեկտրը պիտի վերապրի, որպեսզի կարողանա հասկանալ, այդ երգը գրառելիս ինչ-որ փոքրիկ սիրախաղ կամ սիրերգ գրառել: Ճիշտ նոտա գրելու և ժողովրդին ճիշտ վերադարձնելու կամ երգչախմբին ճիշտ սովորեցնելու համար ավելի քան վստահ եմ, որ ինքդ այդ հույզը պիտի ապրած լինես, որպեսզի կարողանաս ճիշտ ընկալել տալ և ճիշտ վերարտադրելու ունակությունը ներդնել նաև քո երգչախմբում: Այնպես որ ավելի քան վստահ եմ, որ Կոմիտասը սուրբ է, չնայած՝ այս տարի Եղեռնի հարյուրամյակի հետ կապված սրբացրին բոլոր նահատակներին, բայց ոչ Կոմիտասին, ինչը ինձ ուղղակի զավեշտ է թվում, ինձ համար գոնե 19-21 դդ. եթե կան երկու անհատներ, որ առանձնանում են, որ կարող են սրբացվել պատմության մեջ, դրանք Կոմիտասն ու Նժդեհն են: Այսինքն՝ այս տեսանկյունից մենք մի քիչ այլ տեսակետ ունենք, քան շատ-շատերը, և նրանք էլ ուրիշ տեսակետ ունեն, որ ինձ համար տրամաբանական չէ: Այնուամենայնիվ, ինձ շատ հոգեհարազատ է թվում այդ քյոփագություն բառը, և սիրտդ ուղղակի լցվում է ջերմությամբ: Ես ավելի քան համոզված եմ, որ մարդը չէր կարող այդքան մտերմիկ ու ջերմ, կատակասեր չլինել և կարողանալ այդքան աշխատանք կատարել: Բոլորս գիտենք «Լոռվա գութաներգի» այդ պատմությունը, որ այդ հորովել երգողը չի երգել, հետո հաջորդ օրն է գնացել, գրառել: Այսինքն՝ որպեսզի կարողանալ այդ մարդկանցից քաղել այդ երգը (պարերին դեռ կանդրադառնանք), պետք է հասնել մտերմության, հարազատության այն աստիճանին, որպեսզի այն մարդը վստահի քեզ այնքան, որ իր հոգին բացի քո դեմ, որովհետև այն հույզը, որ կա երգի-պարի մեջ, այնքան ներանձնական է, և առավել ևս ոչ թե խմբակային կատարման մասին է խոսքը, երբ կողքից է դիտում վարդապետը, այլ հենց վարդապետի համար նստել նրա դիմաց և երգել, որպեսզի վարդապետը գրառի և դեռ հարցեր տա: Կարծում եմ՝ ամեն մարդ չէր կարողանա վարդապետի առջև այդքան լայն բացել իր հոգու դարպասները, եթե վարդապետը նրանց համար իրոք իրենցից ավելի հարազատ չդառնար: Շատերի համար, վստահ եմ, որ կարողացել է սեփական հորից, մորից, եղբորից ավելի հարազատ դառնալ, և դա կեղծ ու ձևական չի եղել, այլ իր հոգու շնորհն է եղել, իր աստվածայնության ապացույցն է եղել, իր՝ իրականում սուրբ լինելու ապացույցն է եղել: Չեմ ուզում իմ կարծիքը պարտադրել, բայց վստահ եմ, որ ինձ հետ համակարծիք եք, որ Կոմիտասն իրոք այդ շնորհն ունեցել է՝ մտնելու յուրաքանչյուր մարդու հոգու մեջ, հարազատանալու նրա հետ, վերապրելու այդ մարդու ներքին հույզը, կարողանալ այդ մարդու համար այնպիսի հոգևոր դաշտ ստեղծել, որ այդ մարդը, ասես ինքն իր հետ մենակ մնացած, կարողանա իր երգը երգել կամ իր միտքն արտահայտել: Միանշանակ, մենք երկրորդ հաղորդումը պետք է ձայնագրենք, բայց կուզենայի՝ այս հաղորդման համար Ձեր կարևորագույն մտքերն ասել եզրափակելուց առաջ: Ուղղակի ես ինքս ոչ Կոմիտասից կարող եմ կշտանալ, ոչ էլ Ձեր պատմություններից, որովհետև շատ պատմություններ կան, որ ինձ համար էլ բացահայտումներ են: Շնորհակալություն եմ հայտնում տքնաջան և ժրաջան մեղվի (միգուցե, Կոմիտասն էլ այդպես կասեր) նման գզրոց կոչվող ծաղկի միջից յուրաքանչյուր նեկտարը հատիկ-հատիկ հանելու և ժողովրդի համար մեղր դարձնելու համար:

           _ Շնորհակալ եմ: Մենք պարզապես պետք է շատ կարդանք և շատ լսենք Կոմիտասին և փորձենք ամեն մեկս հասկանալ, որ հանճարները, այո՛, այսպիսին են լինում՝ բնական, ազգային մեծ դիմագծով և բաց ամբողջ աշխարհի առաջ՝ ուղեղը, սիրտը, հոգին միշտ բաց, և Կոմիտասը դրա լավագույն օրինակն է:

            _ Շնորհակալություն, սիրելի Արծվի: Անպայման կհանդիպենք հաջորդ եթերին:

            Իսկ սիրելի ռադիոլսողներին և ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ «Լրատվական ռադիոյի» եթերում «Հայու տեսակ» հաղորդաշարն էր, և այսօր իմ հյուրն էր հայագետ, բանասեր Արծվի Բախչինյանը, և մեր զրույցի թեման աստվածային Կոմիտասն էր:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan