Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Մոծակից վախեցար, Էջմիածին չեկար» Կոմիտասը՝ Թումանյանին.«Հայու տեսակ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

 

Համով, «քյոփագություններ անող», կյանքով լի, կատակաբան Կոմիտասը կարողանում էր մարդկանց հոգին լցնել երկնային լույսով: Թումանյանին ասում է. «Ափսոս, որ Տփղիս եղած ժամանակս քեզ տեսնել չկարողացա. պետք է մի լավ ծեծեի: Արդեն Համբարձումն էլ անցավ, դեռ դու չերևացիր, և ես ստիպված, հույսս էլ կտրած, առա գրիչս, որ քեզ լավ հայհոյեմ, բայց ջահել-ջիվանիդ ափսոսացի. էս անգամ ձեռիցս պրծար»: Նույն Թումանյանին ասում է. «Մոծակից վախեցար, Էջմիածին չեկար: Էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդ նորանեն վախենա: Ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի ախպերն իր ճտերով չէր կարող մուտք գործել»: Եվ շատ կան այսպիսի վկայություններ, որոնք մեր մտապատկերից վանում են խելագարված Կոմիտասի այդ սևավոր պատկերը:
Հաղորդման սղագրություն

  _ Բարև ձեզ, սիրելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: «Լրատվական ռադիոյի» եթերում կրկին «Հայու տեսակ» հաղորդաշարն է, և այսօրվա թեման կրկին աստվածային, տիեզերական Կոմիտասն է, և իմ հյուրը կրկին իմ լավ բարեկամ Արծվի Բախչինյանն է՝ հայագետ, բանասեր, ում հետ մենք կփորձենք բացահայտել մեզ բոլորիս համար անծանոթ Կոմիտասին:

            Ողջույն, Արծվի ջան:

            _ Ողջույն:

            _ Շնորհակալություն, որ կրկին հյուրընկալվել ես, և քո թանկարժեք ժամանակը խլել ենք:

            _ Սիրով:

            _ Բայց վստահ եմ, որ դու գզրոցներից, ինչպես նախորդ հաղորդմանը նշեցի, մեղվի նման հատիկ-հատիկ նեկտարը հավաքել ես, որպեսզի մեղրի տեսքով վերադարձնես հայ ժողովրդին: Շնորհակալություն, որ մեզ հետ ես:

            Կուզենայի՝ շարունակենք Մարգարիտ Բաբայանի թեման, ինչպես նաև՝ նրա մտերիմ բարեկամուհու, ում հետ նա նաև ստեղծագործական լուրջ առաքելություն է իրականացրել: Իսկ ընդհանրապես Կոմիտասի մասին պիտի ասեմ, որ անհնար է դադարել, անհնար է կշտանալ այն հիացումից, որ կա Կոմիտասի կենսագրությունն ուսումնասիրելու այդ առաքելության մեջ, և անհնար է պատկերացնել, թե ինչպես մի մարդ կարող էր այդպիսի մեծ առաքելություն կատարել: Իմ մեծ բարեկամ, լուսահոգի Վահագն Ստամբոլցյանը 2-3 երգահանի համար էր, որ ուղղակի խենթանում էր՝ Բախ, Կոմիտաս, Հենդել: Եվ եթե Կոմիտասին համեմատենք Բախի հետ, ապա, նրա ստեղծագործական ձիրքերը մի կողմ թողած, պիտի ասենք, որ նրանք անհամեմատելի են, որովհետև Բախը, իր խցում նստած, միայն դաշնակել է, ստեղծագործել է, հորինել է իրենց եկեղեցու համար, իսկ Կոմիտասը՝ մի ամբողջ առաքելություն՝ հենց աշխարհիկ երգերը ճանաչելու և ուղղակի ազգը ճանաչելու, ուղղակի ազգի հոգևոր հայելին հստակեցնելու, պարզելու և, ի վերջո, ազգի դիմագիծն իրեն վերադարձնելու. մի ահռելի աշխատանք, որի համար, բացի աստվածաշնորհ հատկություններից, չեմ պատկերացնում, թե նաև ինչ կամք է պետք, ինչ նվիրում է պետք, ինչ վստահություն է պետք սեփական քայլերի նկատմամբ և ինչ տոկունություն է պետք, որ կարողանաս այդ ամենն ի կատար ածել:

            _ Ի դեպ, Բախի հետ Կոմիտասի մի նմանություն, այնուամենայնիվ, կարող եմ նշել. Բախն էլ, թեև ճնշող մեծամասնությամբ գրել է հոգևոր երաժշտություն, բայց ինքն էլ բավականին աշխարհիկ մարդ էր: Ժամանակիցների հուշերում նա ներկայացված է որպես չափից ավելի աշխարհիկ մարդ: Մենք գիտենք, որ երկու անգամ ամուսնացել է, 15 կամ ավելի զավակ է ունեցել, սիրում էր ուտել-խմել, և զարմանում ես, թե ինչպես է այս մարդը, լինելով այդքան հողեղեն, ստեղծել այդ աստվածային երաժշտությունը: Կոմիտասը եղել է ասկետիկ, ժուժկալ, բայց՝ նույնպես շատ աշխարհիկ, սիրել է հումորը, սիրել է ուրախությունը, սիրել է կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով:

Եվ երբ մենք կարդում ենք նրա նամակները՝ հատկապես իր սիրելի բարեկամուհի Մարգարիտ Բաբայանին գրված, ապշում ենք, թե որքան կենսառատ է նրա տրմադրությունը, որ հատկապես Մարգարիտին և նրա քույրերին անընդհատ աշխատել է ուրախացնել, զվարթացնել, այդ համով «քյոփագություններն անել», ինչպես Բաբայանների հայրն է նշել:

Եթե բացեք Կոմիտասի նամականին, որ 2 անգամ հրատարակվել է Երևանում, ամենաաշխույժը Մարգարիտ Բաբայանին ուղղված նամակներն են: Սրանք մատնում են տեսակը չունեցող մի բարեկամություն, և հասկանում ես, որ շատ ավելին է եղել իրականում Մարգարիտ Բաբայանը Կոմիտասի համար, քան սոսկ հոգեկից ընկերը: Ասում են, որ յուրաքանչյուր հանճարի կյանքում առնվազն մեկ կին է լինում, որը նրան մղում է մեծ ներշնչումների և փայլատակումների: Եվ, ինչո՞ւ ոչ, կարող ենք ասել, որ Մարգարիտ Բաբայանը եղել է այդ կինը Կոմիտասի կյանքում: Շատ հետաքրքիր նամակներ կան: Մարգարիտին գրած իր այդ նամակները Կոմիտասն օրհնում էր կատականկարներով. հայտնի է նրա այդ «Էս էլ ես եմ» շատ աբստրակտ գծանկարը: Կամ նամակի վերջում գրում է մոծակի մասին ինչ-որ երգիծական բանաստեղծություն, և կամ այն հայտնի նամակը, որտեղ նա «ր» և «շ» հնչյունները չի գրել և այդ ոչ փոքր նամակն ամբողջովին շարադրել է թլվատ լեզվով. «Սիլելի օլիոլդ Մալգալիտ, նախ և ալաջ կհալցնեմ Ձել թանկագին ալողջությունը, մեզ ոլ հալցնեք, փալք և գոհություն Աստծուն»: Եվ այլն: Մյուս կողմից էլ սա ավելի անհայտ է մնում, եթե կարդաք Մարգարիտ Բաբայանի՝ Կոմիտասին գրած նամակները. դարձյալ կտեսնեք շատ հետաքրքիր փոխհարաբերություններ ուսուցչի և աշակերտի, բարեկամների միջև: Ինչո՞ւ պատկառելի կուսակրոն վարդապետին նույնպես շատ լուրջ, Ֆրանսիայի մայրաքաղաքում «կարիերա անող» թիֆլիսեցի հայ օրիորդը անվանում է «սիրելի Հայր Սուրբիկ», «Հայր Սուրբչիկ», «մայմունչիկ», և նման անուններով է դիմում. ուրեմն ինչքան մտերիմ են եղել: Այս խոսքերն էլ վկայում են, թե ինչքան չարաճճիություններ են արել նրանք: Բայց ուրիշ վկայություններ էլ ենք տեսնում Մարգարիտի նամակներում: Օրինակ՝ մի նամակ կա. թերահավատները դարձյալ ասում են, որ սա ոչինչ չի նշանակում, բայց գուցե փորձենք կարդալ տողերի արանքում, երբ Անգլիական Ուայթ կղզուց հարազատներին գրած նամակում Մարգարիտը սևով սպիտակի վրա գրում է. «Երանելի օրեր ենք անցկացնում Հայր Սուրբիկի հետ, կարծես երկուսս էլ դրախտումը լինենք»: Եվ գրում է պատմություն այն մասին, թե ինչպես մի անգլուհի (ասում ենք, չէ՞, սառը անգլիացիներ) լսում է Կոմիտասի երգը և արտասվում է՝ չհասկանալով ո՛չ լեզուն, ո՛չ մեկ այլ բան: Ահա, մի կողմից՝ այդ չարաճճի մարդը, որ իր ընկերուհու հետ գնում է մի կղզի Անգլիայում, և դրախտային օրեր են անցկացնում, և այնտեղ նա իր երգով սառը թվացող անգլիացու աչքերից արցունք է քամում:

            Ահա այսպիսի համով, «քյոփագություններ անող», կյանքով լի, կատակաբան Կոմիտասը միևնույն ժամանակ կարողանում էր մարդկանց հոգին լցնել երկնային լույսով, ինչպես Մարգարիտ Բաբայանի հայրն է բնորոշում: Եվ ուրիշ նամակներում էլ, ոչ միայն Մարգարիտին գրված, կարող ենք տեսնել այդ ուրախ հոգին, աշխուժությունը. երբ Թումանյանին ասում է. «Ափսոս, որ Տփղիս եղած ժամանակս քեզ տեսնել չկարողացա. պետք է մի լավ ծեծեի: Արդեն Համբարձումն էլ անցավ, դեռ դու չերևացիր, և ես ստիպված, հույսս էլ կտրած, առա գրիչս, որ քեզ լավ հայհոյեմ, բայց ջահել-ջիվանիդ ափսոսացի. էս անգամ ձեռիցս պրծար»: Կամ երբ նույն Թումանյանին ասում է. «Մոծակից վախեցար, Էջմիածին չեկար: Էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդ նորանեն վախենա: Ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի ախպերն իր ճտերով չէր կարող մուտք գործել»: Եվ շատ կան այսպիսի վկայություններ, որ մեր մտապատկերից վանում է խելագարված Կոմիտասի այդ սևավոր պատկերը, բայց, իհարկե, խելագարության թեման էլ մենք անկարող ենք անտեսել:

            _ Անընդհատ աչքիս առաջ հառնում է այն նկարը, որտեղ պատկերված է լոգանք ընդունող Կոմիտասը: Այն ժամանակ, կներեք բառիս համար, սելֆի չկար, այն ժամանակ լուսանկարչությունն այդքան զարգացած չէր, և ամեն օր չէ, որ մարդը կարող էր նկարվել, առավել ևս՝ լոգանքի պահին: Այսինքն՝ դա նույնպես նրա կենսունակության, կենսախնդության, նաև չարաճճիության ապացույց է: Ես չեմ հիշում մեկ այլ մարդ այդ թվականներին, որը լոգանք ընդունելիս տակառի մեջ նկարված լինի:

            _ Երևի իրեն էլ Դիոգենեսի տեղն է դրել, ինչո՞ւ ոչ:

            _ Նժդեհը պիտի ասեր. «Լավ է Դիոգենեսի նման բավարարվել տակառով, քան Արիստիպոսի նման հացկատակ անել թագավորական սեղաններին»: Իրականում Կոմիտասն այդպես էլ նաև կաթողիկոսական սեղաններին հացկատակ անողը չեղավ, և շատ հաճախ Ձեր ասած գանահարումները, հետապնդումները հոգևորականների կողմից նաև իր այդ ազատատենչ, ազատ, տիեզերական, հոգևոր հզոր կերպարն էր, որ վայրահաչումների տեղիք էր տալիս: Եվ վստահ եմ, որ, ինչպես ժողովուրդն է ասում, բեռի տակ կքած ծառի վրա են քար նետում, անպտուղ ծառի վրա ոչ ոք քար չի նետում. բնական է, որ մարդիկ նախանձից դրդված են նմանատիպ մոտեցում ցույց տվել: Այնպես չէ, որ նա Աստծո կողմից ստացած օրհնությունը վայելելու համար էր օգտագործում իր տաղանդը, հանճարը՝ ստեղծագործելու և նման ձևով նաև ժողովրդի ծոցից հանած գանձն ավելի ներկայանալի դարձնելու այդ ունակությունը, որովհետև այն, ինչ որ ժողովրդի ծոցում կա և գողտրիկ պահված է, միշտ չէ, որ ընկալելի է աշխարհին: Եվ ամեն մարդ չէ, որ ուներ այդ շնորհը՝ նույնիսկ այդ գանձը տեսնելուց հետո այն աշխարհին ընկալելի դարձնելու, այդ շնորհը, որ նա կարողանում էր յուրաքանչյուր գանձին այնպիսի փայլ հաղորդել, որ աշխարհից՝ այդպես հիացած, Ձեր խոսքերով ասած՝ արցունքներ քամեր: Ամեն մեկին չէր, որ դա տրված էր:

            _ Շնորհքը՝ մի կողմից, բայց չմոռանանք նաև փայլուն մասնագիտական կրթությունը՝ մյուս կողմից: Եվ դարձյալ երախտագիտությամբ հիշենք Մանթաշովի անունը, որը նպաստեց դրան:

            _ Ստեղծեց այդ հնարավորությունը, որ Կոմիտասն այդ ուսումը ստանար: Բայց ուզում եմ ասել՝ մարդիկ նախանձում էին առանց հասկանալու, որ այդ ժողովրդական սիրո, այդ ահռելի հետևում ընկած է ուղղակի մի մեծ մարդու նվիրում՝ ինքնամերժ նվիրում: Եվ նրանք, իրենց կյանքն այդպես ցոփ ու շվայտ անցկացնելով, նախանձում էին Կոմիտասին: Կարծում եմ՝ պիտի հասկանանք, որ այսօր էլ նման մարդիկ կան, որոնք մատը մատին չեն խփում, բայց նախանձում են ուրիշ մարդկանց, որոնք ինչ-ինչ հաջողություններ ունեն: Շատ հետաքրքիր են Կոմիտասի հուշերը:

Ես 2-3 տարի է՝ անընդհատ ասում եմ, որ ես նոր ինձ համար բացահայտում եմ Կոստան Զարյանին, և պիտի խնդրեմ, որ Կոստան Զարյանի ստեղծագործությանն էլ մի փոքր անդրադառնաք: Ես 2-3 տարի է՝ անընդհատ տարբեր նյութեր, տարբեր ստեղծագործություններ եմ ուսումնասիրում: Կոստան Զարյանի հանդեպ իմ «մոլուցքը» այն աստիճանի է հասել, որ իմ դուստրերն ինձ ամանորյա նվեր մատուցեցին՝ Կոստան Զարյանի «Բառերու ոսկին», այսինքն՝ դա նաև նրանց է փոխանցվել: Բայց, միևնույն է, Կոստան Զարյանն անհատակ մի մարդ է, և վստահ եմ, որ մտավոր, փիլիսոփայական, խոհափիլիսոփայական մտքի առումով, կասեի, որ նույնիսկ ավելի բարձր, քան Եվրոպան էր այդ տարիներին. ահռելի, խորիմաստ և մյուս կողմից՝ վեհանձն մտքեր, ինչը, կարծում եմ, ոչ միայն մեր ազգին, այլև իրականում ամբողջ աշխարհին պատիվ բերող մի գագաթ է: Կուզենայի, որ Կոմիտաս վարդապետին նվիրված այդ ստեղծագործությանն էլ անդրադառայիք, որովհետև Դուք ինձ հուշեցիք, որ այդպիսի ստեղծագործություն կա, և ես սիրով ըմբոշխնեցի:

_ Իրականում մեկը չէ, մի քանի բանաստեղծություն ունի Կոստան Զարյանը՝ գրած Կոմիտաս վարդապետի մասին: Ի դեպ, տարիներ առաջ Տիգրան Մանսուրյանը մեկ բանաստեղծության հիման վրա շատ հաջող խմբերգ է գրել: Ասեմ, որ Կոստան Զարյանը, որպես Եվրոպայում երկար տարիներ ապրած, արևմտյան մտքի և մշակույթի մեծերի հետ «նստած-վեր կացած» անձնավորություն, եղել է շատ նրբաճաշակ և շատ դժվարահաճ անձնավորություն. հնարավոր չէր որևէ բանով նրան զարմացնել կամ նրանից ինչ-որ գովասանքի խոսք կորզել:

_ Երբ կարդում ես, այնպիսի խիստ քննադատություններ կան տարբեր մարդկանց նկատմամբ, և մտածում ես՝ մի կողմից՝ երջանկություն է, որ նրան չես ճանաչել. երջանկություն կլիներ, եթե նրան ճանաչել, բայց շատ վտանգավոր կլիներ, եթե ինքը քեզ ճանաչեր՝ պարզ չէ, թե ինչեր կմտածեր կամ կգրեր քո մասին:

_ Եվ բացառիկ է, որ նման մարդը, որ ծանոթ էր քաղաքակիրթ աշխարհի անցյալի և ներկայի բոլոր նվաճումներին, բնագիր լեզուներով էր կարդում շատ հեղինակների, փիլիսոփա էր իր մտածողությամբ՝ թե՛ արձակում, թե՛ պոեզիայում և թե՛ կյանքում, ընդհանրապես իր բանաստեղծության մեջ չի անդրադարձել ժամանակակիցներին. իր էսսեներում, հրապարակախոսության մեջ, այո, ինչպես նշեցիք, հիմնականում քննադատաբար շատերին է անդրադարձել, բայց որ պոեզիայում անդրադառնա մեկին, դա հազվադեպ է, և այդ հազվագյուտ դեպքերը վերաբերում են հենց Կոմիտաս վարդապետին: Այսինքն՝ Զարյանը, որ այնքան նախանձախնդիր էր, հայ մարդու անխառն, իսկական, հայու՝ առանց որևէ օտար ազդեցության ոգու ջատագովն էր: ա նույնիսկ երբեմն առաջին հայացքից շատ ծայրահեղական, ազգայնական թվացող ձևակերպումներ է կատարել: Խոսում էր արարատյան մարդու մասին՝ այն մարդու, որն այսօրվա քաղաքակիրթ Եվրոպային դասեր է տվել ժամանակին: Առհասարակ, նա հայ էր, որը աշխարհին, Եվրոպային դիտում էր ոչ թե ցածից, այլ վերից՝ Արարատի գագաթից: Այսպիսի մարդու համար, բնականաբար, Կոմիտաս վարդապետի կատարած գործը շատ մեծ պիտի լիներ, և նա, ինչքան էլ դժվարահաճ և քննադատաբար մոտենար մշակույթի, և հատկապես՝ իր հայրենի մշակույթի երևույթներին, չէր կարող այն մեծ ակնածանքը և բացարձակ գնահատականը չունենալ Կոմիտաս վարդապետի անձի և գործի հանդեպ: Եվ սրանով է բացատրվում, որ նա մեկից ավելի անգամ պոետիկ պատկերներով անդրադարձել է Կոմիտասին, մասնավորապես՝ նրա վերադարձին Հայաստան. հավերժության ճամփան բռնելուց հետո նա գեղեցիկ, շատ հետաքրքիր, ինքնատիպ պատկերներով ստեղծված մի պոեմ՝ ընդարձակ բաաստեղծություն է նվիրել: Այս առումով մի լավ բան էլ հիշեմ, որ նույնպես ժամանակի մամուլի խունացած էջերից գտել եմ. Կոստան Զարյանի առաջին կինը, որ պոլսահայ դաշնակահարուհի էր, Կոմիտաս վարդապետի մասին գրել է ամենագեղեցիկ, ամենաանուշ հուշերից մեկը՝ պատմելով, թե ինչպես ինքը, եվրոպական երաժշտական կրթություն ստացած լինելով, վերապահ է եղել հայ երաժշտության հանդեպ, և թե ինչպես ինքը մի անգամ Պոլսում ընկերուհու պնդմամբ գնացել է Կոմիտաս վարդապետի երգչախմբի համերգին, և ինչպես է դա հեղաշրջել հայ երաժշտության մասին իր մեջ եղած պատկերացումները:

_ Եվ ընդհանրապես՝ երաժշտության մասին:

_ Եվ, կարծում եմ, նա միակը չի եղել: Եվ պատմում է, որ երբ լսել է առաջին իսկ կատարումը, աննկարագրելի զգացողություն է ապրել. «Կարծես տաք գինի ինձ խմեցրին: Ես քաշվեցի օթյակի խորքը և լաց եղա: Վարդապետը մոգպետ էր. նրա երաժշտությամբ թատրոնի պատերն անհետացան, և ես կարծես տեսա մեր ամբողջ Հայաստանը, Արարատյան դաշտը, Սևանը»: Ես խոսում եմ, և հուզվում եմ, որովհետև անհնար է այս բաների մասին խոսել և չփշաքաղվել, որովհետև սա խոսում է մեր հոգու այն բաների մասին, որ միայն հնարավոր է միայն մեր հանճարների թողած ժառանգությունը ներկայացնելիս, դրանց առնչվելիս, միայն այդ ժամանակ է հնարավոր այսպիսի խոր ապրումներ ունենալ: Կոստան Զարյանի կինն էլ, ահա, ներկայացնում է, թե ինչպես ինքն այդ վերադարձը, այդ նորովի ճանաչումն ունեցել է Կոմիտասի միջոցով, և հետագայում, ի դեպ, որոշակի վաստակ է ունեցել նրա դաշնամուրային ստեղծագործությունները տարածելու գործում:

Կոմիտասի մասին առանց հույզի խոսելն անհնար է:

_ Ես մի անգամ նման աֆորիզմ գրեցի. «Հանճարը մարդկայնորեն ծնողների ընդունակությունների ռեզոնանսն է՝ մարդկային առումով, իսկ աստվածային առումով դա ուղղակի Աստծո ներկայությունն է երկրի վրա»: Վստահ եմ, որ Կոմիտասը դրա լավագույն ապացույցներից մեկն է՝ Աստծո ներկայությունը երկրի վրա, և սրանք ավելորդ բառեր չեն. ավելի քան համոզված եմ, որ եթե նրանց ժամանակահատվածում Աստված ապրում էր մի քանի մարդկանց մեջ, ապա մեկը դրանցից կամ միակը, վստահաբար, Կոմիտասն էր, որը ավելի քան ճանաչում էր՝ ինչ է Աստված, ինչ է տիեզերք, ինչ է անհունություն, և ինչ է՝ անհատ: Հզոր երևույթ, ինչը որ նրան դարձնում է այդպիսին: Այլապես անհնար է բացատրել, թե ինչպես կարող էր Կոմիտասը մի ամբողջ նվագախմբի ելույթից հետո դուրս գալ և իր սև սքեմի թևատակից հանել շվին և մեկ շվիով գերել ամբողջ դահլիճը: Շնորհակալություն, իհարկե, Ձեր բոլոր բացահայտումների համար, բայց այս տեսանկյունից վստահ եմ, որ մենք դեռ շատուշատ պիտի բացահայտենք Կոմիտասին, եթե ուզում ենք, որ Կոմիտասը, ի վերջո, նաև մեր բազմաթիվ հարցերի սպեղանին դառնա: Մեր բացահայտումը ոչ միայն նրան մեծարելու, նրա մասին նորից բարձրաձայնելու, նրան անծանոթ տեսանկյունից ներկայացնելու համար է. Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ Կոմիտասի՝ նաև պարերի հետ կապված այդ առաքելությունը: Ցավոք, վստահ եմ, որ նա դեռ անդրադառնալու էր պարերին, եթե 1915 թ. չլիներ. շատ եմ ցավում, որովհետև խորին երախտիքս և ակնածանքս Սրբուհի Լիսիցյանին և նրանից հետո եկած բոլոր պարագետներին, որոնք մեծ ծավալի աշխատանք են կատարել, բայց Կոմիտասի երկու փոքրիկ ստեղծագործություները՝ «Պարն ու մանուկը» և «Հայ գեղջուկ» պարը ինձ համար ավելի ֆունդամենտալ երևույթ են և ավելի բացահայտում են ազգային պարի ինքնությունը, ազգային պարի ներաշխարհը, տիեզերքը, քան ամբողջ-ամբողջ մնացած երևույթները՝ միասին: Եվ, ի տարբերություն մյուս մարդկանց գործերի, որոնց անդրադառնում են զուտ գործնական տեսանկյունից մեկ անգամ ևս այս պարի, այն պարի մասին կամ ընդհանուր առմամբ ազգային պարի մասին տեղեկություն կորզելու համար, Կոմիտասին եմ վերադառնում պարբերաբար՝ այդ երկու փոքր ստեղծագործություններին, որովհետև դրանով լցվում եմ և հոգևոր առումով ինքնամաքրվում՝ ճիշտ թարգմանը լինելու այս կամ այն պարը ժողովրդին ներկայացնելուց առաջ: Վստահ եմ, որ ինձ հետ համակարծիք եք, որ եթե հավատարիմ մնանք «չբացահայտված, անծանոթ Կոմիտաս» խորագրին,  չբացահայտված է նաև նրա պարային ժառանգությունը, և, ի ուրախություն մեզ, նրա գրառած պարերից մեկը՝ «Շորորը», որի միայն մեղեդին իրականում արդեն իսկ ամեն ինչ արժի, ի վերջո, կարողացանք վերծանել և բարձրացնել բեմ: Ես չեմ ուզում խոսել պարի մասին, որովհետև պարն էլ, ինչպես, կարծես թե, ամբողջ հայ մշակույթը, առաջին հայացքից՝ շատ պարզ, շատ մատչելի, շատ աշխարհիկ է, բայց երբ մտնում ես, հասկանում ես, որ դա շատ մեծ տիեզերք է, շատ մեծ հույզ է, շատ մեծ ապրում է տանում իր հետևից՝ տիեզերական գալակտիկական պտույտներով և անընդհատ արագությունը մեծացնելով ու քեզ անընդհատ ավելի վեր բարձրացնելով: Կուզենայի, որ մի քանի բառ էլ ասեիք պարերի մասին կամ այն մասին, ինչ որ, Ձեր կարծիքով, շատ կարևոր էր, որ այս հաղորդման ընթացքում անծանոթ Կոմիտասի մասին հնչեր, ինչ որ, ըստ Ձեզ, ավելի կօգներ, որ մենք ճանաչեինք Կոմիտասին: Իսկ Կոմիտասին ճանաչել նշանակում է ինքնաճանաչ լինել, որպես հայ մարդ դառնալ ինքնաճանաչ, որպես հայ մարդ լինել սեփական տեսակը տիրապետող. սեփական տեսակը տիրապետել նշանակում է նաև ավելի քիչ սխալվել և ավելի վստահ քայլել կյանքում:

_ Այո, վերջում կուզեմ գոհունակությունս հայտնել, որ մեր այս համատարած քանդումի և առևտրական շահի հետևից ընկած ժամանակներում մի լույս եղավ՝ շուտով կլրանա 1 տարին, ինչ մեր մայրաքաղաքում սկսեց գործել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը. նշանակում է՝ ևս մեկ մշակութային օջախ մեր մայրաքաղաքում, որտեղ պարտադիր է յուրաքանչյուր հայի մուտքը: Եվ ամեն անգամ, լինելով այնտեղ, գոհունակություն եմ զգում՝ տեսնելով, որ երեխաներին բերում են դպրոցներից՝ հատուկ ներկայացնելու Կոմիտաս վարդապետին: Այո՛, դեռ վաղ մանկուց մեր ժողովրդի զավակները պետք է ճանաչեն իրենց հանճարներին: Եվ ի՜նչ լավ է, որ կոմիտասյան աշխարհը որոշ չափով վերականգնված է այնտեղ, որ բավականին թարմ ցուցադրությամբ, տեսողաբար, լսողաբար կարելի է մտնել այդ պատերի մեջ, առնչվել այդ մեծ աշխարհին, որը քեզ կուղեկցի ամբողջ քո գիտակցական կյանքի ընթացքում: Ուզում եմ այդ լավատեսական նոտայով ավարտել և մաղթել, որ մեր հայ աշխարհում նման օազիսներ, նման կղզյակներ, որտեղ մենք կկարողանանք մեզ ավելի մոտ զգալ մեր ինքնությանը, մեր արմատներին, մեր ազգային նկարագրին, շատ լինեն:

_ Շնորհակալություն: Արծվի ջան, ես ուզում եմ հիշեցնել, որ տվյալ կառույցի հեղինակը, ճարտարապետը՝ Արթուր Մեսչյանը, նախկին շենքի ճարտարապետական կոթողը, ոչ միայն չոչնչացնելով, այլ լրացնելով և ավելի զարգացնելով, հասավ մի շատ ինքնատիպ կառույցի, որը գոնե ինձ համար իրոք տաճար է: Շնորհակալություն ամբողջ աշխատակազմին, որի անդամները որևէ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի այնտեղ իրոք կոմիտասյան շունչը տիրի: Իրականում տնօրենը, որ մեր մտերիմ բարեկամն է՝ պրն. Կոստանյանը, ուղղակի մի քանի անգամ անակնկալի է եկել. ես չեմ կարողանում այնտեղ գտնվելիս զանգը չհնչեցնել՝ այդտեղի զանգն ուղղակի տիեզերական շատ հրաշալի զգացողություններ է հաղորդում: Շատ հետաքրքիր են ձևավորումները, և այդ սրահով քայլելու ընթացքում անընդհատ այստեղից-այնտեղից կոմիտասյան տարբեր պատառիկների հնչեղությունն ուղղակի ցնցող տպավորություն է թողնում, ինչպես նաև աստիճաններ չունենալը, կոմիտասյան բանաստեղծությունը.

Բարակ ուղին սողալով,

Ոտքի տակին դողալով …..........

Եվ այդ բառերը... Ես ինքս փշաքաղվում եմ: Այդ ամբողջ մթնոլորտը իրոք կոմիտասյան է, իրոք լուսավոր է, և այդ լույսը, որ կա այնտեղ, Աստված տա, ավելի շատանա, ավելի լավ պահպանվի: Մեկ անգամ ևս ուրախ եմ, որ քո շնորհիվ մի լրացուցիչ անգամ առնչվեցինք այն լուսավոր երևույթի հետ, որ կոչվում է Կոմիտաս: Եվ վստահ եմ, որ մենք շատ հաճելի ակնթարթներ նվիրեցինք մեր հայ ունկնդրին՝ ռադիոլսողին և ռադիոդիտողին: Մեկ անգամ ևս վստահ եմ, որ Կոմիտասի հոգին սավառնում է, և այն հոգիները, որ ամոքվում են և վերադառնում իրենց ակունքներին, դա կոմիտասյան հոգու շնորհիվ է, այն հոգևոր լույսի, այն երկնային լույսի, ինչպես ասացիք Դուք, որ կա այսօր էլ, և թևածում է, սավառնում է մեր երկնակամարում, և այն երբեք չի լքելու Հայաստանը:

Շնորհակալություն, Արծվի ջան:

_ Ես էլ եմ շնորհակալ:

_ Եվ հիշեցնեմ, որ եզրափակելով մեր հաղորդումը՝ ցավոք սրտի, Կոմիտասի հաղորդումն ավարտվում է, բայց, ի ուրախություն մեզ, Կոմիտասը միշտ մնում է մեզ հետ, Կոմիտասը շարունակում է ապրել մեզ հետ և ապրեցնել մեզ: «Լրատվական ռադիոյի» եթերում «Հայու տեսակ» հաղորդաշարն էր: Այսօր կրկին իմ հյուրն էր հայագետ, բանասեր Արծվի Բախչինյանը, իսկ մեր զրույցի թեման մեզ անծանոթ Կոմիտասն էր:

Մնացեք մեզ հետ, մնացեք Կոմիտասի հետ, մնացեք հայ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan