Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայկական հարցը մեկ լուծում ունի. «Մոդուս վիվենդի»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ռուս-թուրքական հարաբերությունները վատացան, քրդերը շուտով կունենան պետություն, տարածաշրջանը խառնվեց իրար, իսկ մենք դեռ պատմում ենք, թե ինչ լավ անցան մեր միջոցառումները, որտեղ ինչ խաչքար բացվեց, որ համայնքի մանուկները ինչ արտասանեցին: Ոչ մի գործնական քայլ՝ ուղղված մեր պետության կենսաապահովմանը:

Հաղորդման սղագրություն
_ Ողջո՛ւյն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Ողջո՛ւյն, պրն. Պապյան:

_ Բարև Ձեզ:

_ Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք այն մասին, թե Ցեղասպանության 100-ամյակից հետո ինչպես դասավորվեցին հայկական հարցերը: Պրն. Պապյան, կարծես դուրս ենք մնում միջազգային գործընթացներից, տեսնում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում. քրդերն իրենց պետության հարցն են առաջ քաշում, ազգերի ինքնորոշման հարցերն են առաջ գալիս: Սակայն Հայաստանը, կարծես, այս ամբողջ փաթեթից անմասն մնաց. այս պահին Հայաստանի առջև դրված միակ խնդիրը Արցախի ճանաչման և միացման հարցն է, այսինքն՝ մեր 45.000 քկմ սահմանից դուրս չեկանք: Ինչո՞ւ այսպես եղավ:

_ Նախ ասեմ, որ ո՛չ մեր նոր պետականության սկզբում, ո՛չ էլ հիմա մենք չենք պատասխանել կարևորագույն հարցին՝ արդյո՞ք ներկա Հայաստանը ներկա սահմաններով ի վիճակի է ոչ թե պարզապես գոյատևել, այլ՝ զարգանալ: Սա շատ կարևոր հարց է, որի մասին ես գրել եմ և վստահ եմ, որ ցավոք սրտի, չի կարող: Ներկա Հայաստանը կամ պիտի լինի, ինչպես Սովետական Միության տարիներին էր, ինչ-որ  մի երկրի մաս. ըստ էության մենք դրան էլ գնում ենք՝ Եվրասիական Տնտեսական Միությունը դա է, բայց դա չի գործում, որովհետև մենք ամեն դեպքում մնում ենք կտրված այդ տարածքից, դա մեկ: Երկրորդ, քանի որ ԵՏՄ-ն, ի տարբերություն ՍՍՀՄ-ի, ոչ թե պլանավորվող տնտեսություն է, այլ՝ շուկայական, թեկուզ՝ ոչ ազատ մրցակցային, այդուհանդերձ այնտեղ հրամայական ձևով չի կատարվում տնտեսությունը, այլ  շահույթ հետապնդող կազմակերպություններ են, այսինքն՝ ռուսաստանցի որևէ գործարար չպետք է գա Հայաստանում ներդրում անի, որովհետև նույն Կրասնոդարում, Ռոստովում կամ Կալուգայում ավելի հարմար և էժան է. մենք գիտենք, որ այնտեղ բենզինը 2 անգամ ավելի էժան է, էլեկտրականությունն էժան է և այլն: Միակ առավելությունը, որ մենք ունեինք, ըստ էության, աշխատուժի ավելի ցածր  գինն  էր, բայց դա էլ ենք արդեն կորցրել, որովհետև այնքան այլ ծախսեր կան, որ աշխատուժը չի կարող գրավիչ լինել: Հետևաբար իմ այն տեսակետը, որ Հայաստանը զարգանալու համար պիտի փոխի իր սահմանները, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ: Ասում եմ՝ ցավոք սրտի, որ եթե սխալ դուրս գար, միգուցե ավելի լավ կլիներ, մենք հույս կունենայինք զարգանալու: Հետևաբար, մեր սպասումները, որ Ցեղասպանության 100-ամյակը պետք է հայոց պետականության իմաստի հարցերը ինչ-որ ձևով շոշափեր, չիրականացավ. քաղաքական շոու էր, որը  չտվեց պատասխանը 2 հիմնական հարցի. առաջինը,  ինչո՞ւ պիտի լուծվի Հայկական հարցը: Ներկայումս Հայկական հարց ասելով՝ մենք  հասկանում ենք ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումը. դա շատ կարևոր հարց է, որին քիչ անց ավելի մանրամասն կանդրադառնանք: Երկրորդ հարցը, եթե այդ հարցը պիտի լուծվի, ինչպե՞ս պիտի լուծվի: Մինչև մենք այս երկու հարցի պատասխանը չտանք, մնացածը ընթացիկ մանր հարցեր են. վարկ ենք վերցնում, ճանապարհ ենք կառուցում, ասֆալտապատում, վարկի կեսը կամ 90 տոկոսն ուտում ենք, դրանք էական չեն, որովհետև անգամ լավ կառավարման պարագայում եթե այդ երկու հիմնական հարցերին պատասխան չի տրվել, երկիրը չի կարող զարգանալ: Հիմա գանք նրան, թե ինչու պիտի լուծվի այդ հարցը: Պետությունը շատ բանով նման է կենդանի օրգանիզմի,  և շատ քաղաքական տեսություններ կան, որ համեմատում են պետությունը բնական ապրող օրգանիզմի հետ, անգամ օգտագործում են պետության «ծերացում»,  «մահացում», «երիտասարդացում», որը ճիշտ է: Հետևաբար, ինչպես կենսապահովման համար դու պիտի ապահովես ստացած վերքերի ապաքինումը և կարողանաս դրա հիման վրա առողջանալ, նույնն էլ պետությունն է: Հիմա Դուք նշեցիք Արցախի հարցը, որը Հայկական հարցի լուծման մի փոքր մասն է ընդամենը: Ի՞նչ է դա մեզ տալիս: Ենթադրենք, մեզ համար զարգացման լավագույն տարբերակը՝ ճանաչեցին Արցախի միացումը Հայաստանին, անգամ այն մասով, ինչ մասով մենք վերահսկում ենք: Ես գրեթե անհավատալի բան եմ ասում, թեև սա, ըստ էության, նվազագույնն է կենսապահովման, բայց արևելյան սահմանների մասով, այսինքն՝ Արցախը Հայաստանին տալիս է որոշակի անվտանգություն որոշակի անվտանգության արևելյան կողմից:

_ Այսինքն՝ պետք է դիրքապահները հանվեն, պատերազմական վիճակը դադարի. իմ տպավորությամբ՝ պլան-մաքսիմումը դա է, որ մենք այլևս Ադրբեջանի հետ չենք պատերազմում:

_ Դա արդեն շատ վիճելի հարց է, որովհետև կարող է չպատերազմենք 3 տարի, 5 տարի, 15 տարի, վերջը նորից պատերազմենք, և դա շատ բան չի փոխում: Հիշենք, որ ՍՍՀՄ տարիներին նորից այդպես էր: Ինձ գոնե պատմում էին, որ մինչև 50-ականների վերջերն անգամ շատ վտանգավոր էր մեքենայով անցնել, օրինակ, Ղազախի շրջանով, որտեղ թուրքաբնակ ժողովուրդներն էին:

_ Պրն. Պապյան, սակայն երբ Դուք նշում եք, որ Կանադան կամ Ռուսաստանը Սիբիրի կամ մեկ այլ տարածքի համար պայքարում  են, այդ տարածքն իրենց կենսապահովման հարցն է լուծում: Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է ղարաբաղա-հայկական, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմն անխուսափելի, քանի որ այնպես չէ, որ Ադրբեջանը բացառապես Արցախի հիմնախնդրի պատճառով է վատ ապրում, այսինքն՝ իրեն այն տարածքն էր պակասում, որ լավ պետություն դառնա. ո՛չ նեղուցներ են, ո՛չ ելք է դեպի ծով, ո՛չ էլ հանքեր կան, արհեստական կոնֆլիկտ է կարծես:

_ Ոչ: Ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի համար խնդիրը Ղարաբաղը չէ, Ղարաբաղը պատրվակ է Ադրբեջանի, և ընդհանրապես, թուրքական աշխարհի համար Հայաստանի գոյությունն է խնդիրը, այսինքն՝ դրված է Հայաստանի ոչնչացումը:

_ Ինչո՞վ է այս պահին Հայաստանը՝ իր սահմաններով, փոքրիկ տարածքով,  խանգարում Թուրքիային:

_ Խանգարում է, որովհետև, մեր առածն ասում է. «Գող, սիրտը՝ դող»:  90-ական թթ., երբ մենք կիսապաշտոնական հանդիպումներ ունեինք թուրքերի հետ, ինքս էլ մասնակցել եմ մի քանի հանդիպումների, որտեղ նաև պիտի թարգմանեի, սա Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ էր, և մենք թուրքերին ասում էինք, պաշտոնապես հայտարարում էինք, որ որևէ պահանջ չունենք, և ասում էինք՝ ինչով ենք մենք ձեզ խանգարում: Այսինքն՝ մենք սահմանների փոփոխության որևէ խնդիր չենք դրել, որևէ պահանջ չունենք, անգամ՝ Ադրբեջանի նկատմամբ, համարյա գնում էինք Ադրբեջանի կազմում ինքնավարության: Հետաքրքիր էր թուրքերի պատասխանը, դեսպաններից մեկը բառացիորեն հետևյալն ասաց. «Դուք Հայկական հարցը կդնեք սառնարան, որովհետև այսօր թույլ եք: Հետո, երբ կգա ժամանակը, կհանեք սառնարանից այդ հարցը, կտաքացնեք, և նորից մենք խնդիրներ պիտի ունենանք, մեր անվտանգության շահը պահանջում է Հայաստանի չգոյությունը»: Առարկությունները նույնպես ընդունելի չէին նրանց համար. դուք դա չանեք, ուրիշները կանեն: Եվ իսկապես, մենք հիմա տեսնում ենք ռուս-թուրքական հարաբերությունների լարման հետևանքով այդ հարցը նորից մեջտեղ է գալիս: Հետևաբար, այնպես չէ, որ մենք անպայմանորեն պահանջներ ենք դրել, այդ պատճառով է: Ես առիթներ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ՝ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված չէ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականությամբ: Դա ինքուրույն քաղաքականություն է, որն առաջնորդվում է սեփական անվտանգության շահերով, սեփական տարածքային ամբողջականության պահպանմամբ, նյութական ռեսուրսների վերահսկմամբ, այսինքն՝ պետության համար կարևոր բաներ կան: Եվ հայերի կազմակերպված, առավել ևս՝ պետական գոյությունը Թուրքիային խանգարում է:

_ Պրն. Պապյան, իսկ արդյոք քրդերի ի հայտ գալուց հետո հայերը չդադարեցին լուրջ խոչընդոտ լինել Թուրքիայի համա: Մի տեսակետ եմ լսել, որ թուրքական վերնախավում շատ հաճախ քննարկում են այն հարցը, որ սխալ էր Ցեղասպանությունը, ավելի լավ էր ունենալ «թշնամի հայեր», քան՝ դրանք լինեին քրդերը, քանի որ հայերն ավելի կանխատեսելի էին, ավելի փոքրաթիվ և այլն: Այսինքն՝ իրենք իրենց փոսը գցեցին:

_ Այո, դրա մասին ես էլ եմ խոսել, թերևս ինաձնից եք լսել: Թուրք դեսպաններից մեկն ասաց, որ իրենց կողմից ստրատեգիական սխալ էր հայերին կոտորելը. դա տակտիկական հաղթանակ էր, բայց ստրատեգիական պարտություն: Ի վերջո, սուլթանները շատ ավելի խելոք էին վարվել, նրանց հաջողվել էր հավասարակշռություն ստեղծել Արևելյան Անատոլիայում (ինքն այդպես արտահայտվեց), միջինացված ասենք՝ քրդերն ու հայերը գրեթե 40-40 տոկոս էին, մեկը մյուսին հակակշռում էր և չէին կարող անկախանալ: Եվ նա ասաց, որ եթե այսօր մի քանի միլիոն հայեր ապրեին խառը՝ քրդերի մեջ, քրդերը վստահաբար չէին կարողա ձգտել անկախության: Բնական է, որ թուրքերը պիտի ձգտեն ամեն ինչ անել, որ քրդերը չանկախանան: Կհաջողվի՞, թե՝ ոչ, մեծ հարցական է: Իմ համոզմամբ՝ չի հաջողվի. քրդերն ի վերջո կստանան անկախություն, ամեն ինչ դրան է գնում: Մենք տեսնում ենք՝ Իրաքում գրեթե պետություն ունեն, այսօր անպայման խոսվում է Սիրիայում ինքնավարության մասին, անգամ ռուսներն իրենք են պնդում, որ Ասադը, եթե նույնիսկ մնա իշխանության, չի կարող ոչինչ չտալ քրդերին, պիտի պահանջեն: Գալիս ենք նորից այն կետին, որ քրդական և հայկական հարցը քաղաքականապես, պատմականորեն փոխկապակցված է: Եթե նայենք պաշտոնական շատ տեղեկանքներ (ես մի քանիսն ունեմ՝ բրիտանականը, ամերիկյանը. խոսքն Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող և ընթացիկ տարիների մասին է), շատ հետաքրքիր է, դրանցում պաշտոնական տարբեր տվյալներ էր գրվում, և ասենք “Armenia and Kurdistan”, այդ երկուսը մի միավորի տակ էին հաշվարկվում, որովհետև, այսպես ասած, Հայաստանն ու Քուրդիստանը գրեթե նույն տարածքն էր շատ հարցերում, և այսօր էլ հենց այդ խնդիրը կա՝ քրդերի հավակնությունները: Եվ ինչո՞ւ եմ ես զբաղվում նաև վիլսոնյան Հայաստանի հարցով, որ գոնե մենք պիտի ցույց տանք աշխարհին և քրդերին, որ իրավականորեն այդ երկիրը մերն է, իսկ դա շատ կարևոր հանգամանք է: Ինչպե՞ս կզարգանա. այդուհանդերձ մեր հիմնական, այսպես ասած, հաղթաթուղթը իրավական պահն է: Ցավոք սրտի, մենք չունենք այն թվերը, ինչպես երկրում ապրող քրդերն ունեն, փոխարենն ունենք իրավական պահը:

_ Պետական մակարդակով որևէ քայլ արվե՞ց Ձեր նշած ճանապարհով գնալու համար, թե՝ ոչ: Պատկերացնենք, որ մենք ունենք Արտաքին գործերի հզոր նախարարություն, և արտաքին պետական քաղաքականությունը շատ ուժեղ է. այս պարագայում մենք արդեն իսկ ի՞նչ պիտի արած լինեինք:

_ Իմ կարծիքով խնդիրը «ինչո՞ւ պիտի լուծենք» հարցի պատասխանն է: Ես կարծում եմ, որ առանց այդ հարցը լուծելու պետությունը չի լինի կենսունակ: Առնվազն իշխանությունները գտնում են, որ պետությունը կարող է լինել կենսունակ, այն էլ՝ ինչպես են պատկերցանում՝ ռուսական ֆորպոստ, ծայրագավառ և այլն, որովհետև բուն նպատակը իսկական ինքնիշխան, բարգավաճ, իհարկե՝ ոչ կուսակցական ըմբռնմամբ, Հայաստանի ստեղծումը չէ: Բուն նպատակն է ունենալ որևէ տարածք, որն արտաքին աշխարհից պարտքեր կվերցին (5 մլրդ անցավ արդեն, 5 մլրդ 71 մլն), այդ պարտքերն ինչ-որ ձևով կժառանգվի, հետագայում՝ ով ինչպես կփակի, Աստված գիտի: Սա է հարցը. եթե մենք ուզում ենք ունենալ ինքնիշխան և զարգացած երկիր, անպայման պիտի փոխենք այս երկրի սահմանները: 1922 թ. Ալեքսանդր Մյասնիկյանը հեշտ տարբերակով լուծեց, թերևս միակն տարբերակն էր, երկիրը միացավ, Անդրկովկասի ֆեդերացիայի միջոցով ՍՍՀՄ-ի կազմի մեջ մտավ, և այդ ձևով սահմանները փոխվեց, որովհետև մենք հաճախ չէինք ընկալում՝ ինչ էր նշանակում ՍՍՀՄ կազմավորումը Հայստանի համար: Դա Հայաստանի սահմանների փոփոխությունն էր, այսինքն՝ Հայաստանի տնտեսական գործունեության դաշտի ընդլայնումը: Հիշենք, որ Հայաստանը նույն սովետական տարիներին պատվերներ էր ստանում, 170-ից ավելի նախագծային ինստիտուտներ կային... ՍՍՀՄ որևէ այլ մասի համար և այլն: Այդ պատճառով երբ ես խոսում եմ վիլսոնյան Հայաստանի մասին, շատերը չեն պատկերացնում, որ ես ուղղակիորեն չէ, որ դնում եմ այդ տարածքի վրա Հայաստանի ինքնիշխանության տարածման հարցը: Մարդիկ հաճախ այդ նրբերանգները չեն զգում, ես ասում եմ՝ մեր իրավունքների վերահաստատում, որ նշանակում է այդ 140 հազար քկմ տարածքի վրա, որտեղ ապրում է 6.5-7 մլն մարդ, Հայաստանի ազատ տնտեսվարման իրավունք: Սա ինչուների պատասխաններից մեկն է, որովհետեև մենք, լուծելով այդ հարցը, այսինքն՝ վերահաստատելով մեր իրավունքը վիլսոնյան Հայաստանի նկատմամբ, բայց չհաստատելով ինքնիշխանությունը, կունենանք տնտեսական գործունեության մեծ դաշտ: Եկեք ընդունենք, որ այսօր մեր խնդիրներից մեկը մեր շուկայի փոքրությունն  է, և կրճատվող ազգաբնակչության պարագային մենք անընդհատ նկատում ենք, որ վիճակն ավելի ու ավելի է վատանում: 2016 թ.-ին վիճակը հաստատ վատանալու է, բոլոր կանխատեսումներն են դա ցույց տալիս: Այսինքն՝ առանց արմատական փոփոխության սա ուղղակի տանում է կործանման, ոչ միայն ժողովրդագրական, այլև՝ տնտեսական կործանման: Հետևաբար, մեզ նոր շուկաներ են պետք: Նոր շուկա այլ ձևով, քան իմ նշածն է, հնարավոր չէ: Մյուսը, ռազմական անվտանգության հարցն է. սա «ինչո՞ւ պետք է լուծվի Հայկական հարցը» հարցի պատասխանն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ կործանել Հայաստանը: Կարող է պատերազմ լինել, մի բանում կհաղթենք, մյուսում՝ կպարտվենք, բայց Հայաստանը կապրի և կգոյատևի՝ առավել ևս հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս տնտեսական վիճակի վատթարացումը: Թուրքիայի պարագայում վիճակն այլ է: Այսինքն՝ որևէ ռազմական բախում Թուրքիայի հետ Հայաստանի համար կարող է լինել կործանարար: Հետևաբար, Հայաստանի և Թուրքիայի միջև այնպիսի միջնորմ, պատվար պետության ստեղծումը, ինչպիսին վիլսոնյան Հայաստանն է, կամ եթե դա անգամ պետություն չկոչենք, այլ միջազգային որոշակի այլ կարգավիճակ ունեցող տարածք, Հայաստանի համար փրկություն է: Ես իմ այս հայեցակարգում, որ գրվել է դեռևս 2008 թ. և տպագրվել է «Հայրենատիրություն» գրքի մեջ, նաև՝ առանձին, վաղուց կատարված հաշվարկներ են: 1990թ.-ի Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին Փարիզի միջազգայնագրով (Սովետի վերջին կոնվենցիաներից էր, որը 1992թ.-ին ադապտացվեց Տաշքենդում) հարձակվողական 5 զենքերի նկատմամբ սահմանափակում, կամ, այսպես ասած, առաստաղների դնելն էր: Դա այդպես կատարվում էր, որովհետև եթե դրանք՝ հրետանի, հարվածային ուղղաթիռներ, հարվածային ինքնաթիռներ, տանկեր, զրահամեքենաները, որոշակիորեն վերահսկվեն և սահմանափակվեն, ոչ մի պետություն չի կարող մյուսին կործանել: Թուրքիայի պարագայում այս արևելյան հատվածը դուրս է մնացել այդ ամբողջից, որովհետև ՍՍՀՄ-ի դեմ լուրջ ուժ չէր ներկայացնում, իսկ մեր դեմ ուժ է: Եթե վիլսոնյան Հայաստանի նկատմամբ մենք իրավականորեն՝ դե յուրե, հաստատում ենք մեր իրավունքները, հետևաբար, Փարիզի նշածս կոնվենցիայի կիրառումն այդ տարածքներում իրավական տեսանկյունից դառնում է դյուրին, ինչ նշանակում է այդ տարածքում հարձակվողական այդ զենքերի ապառազմականացում: Չի նշանակում, որ Թուրքիան ընդհանրապես իր զորեքրը հանում է, այնտեղ կարող է ժանդարմերիա և այլն լինի, բայց, օրինակ, հրետանու պարագայում առավելագույն տրամաչափի սահման կա: Այսինքն՝ դրանով Թուրքիան չի կարող միջպետական պատերազմ մղել: Դուք հիմա պատկերացրեք՝ թուրքական բանակը կանգնած է Երևանից 50 կմ հեռավորության վրա, իսկ միանգամից այդ տարածությունը դառնում է 350-400 կմ, էապես փոխվում է մեր աշխարհաքաղաքական վիճակը, նաև՝ մեր հարաբերությունները դաշնակիցների հետ: Այսինքն՝ Ռուսաստանի գոյությունն ու ներկայությունը դառնում է անիմաստ, որովհետև ռուսներն ասել են, որ Ղարաբաղի կռվին չեն մասնակցում, իբրև թե մեզ պիտի պաշտպանեն թուրքերից: Հիմա լավ է, որ թուրքերի հետ /ռուսների/ հարաբերությունները վատացան, գուցե պաշտպանելու խնդիր կա, առաջ ես մեծ հարցական ունեի: Հետևաբար, իր տարածքային բաղադրիչով Հայկական հարցի լուծման  դրսևորման ձևերը մեր ժողովուրդը հստակ չի պատկերացնում: Պատկերացնում է մոտավորապես այսպես՝ կամ մերը պիտի լինի, կամ իրենցը, այնինչ դրա լուծման տարբեր ձևեր կան. առաջինը՝ դա: Երկրորդը, ժողովուրդը չի հասկանում, որ այդ «ինչու»-ն երկրի կենսապահովման կարևորագույն գործոններից է: Որքան էլ տարածքն այսօր կորցրել է իր ռազմական նշանակությունը, այսինքն՝ բալիստիկ հրթիռների, անգամ միջցամաքային հրթիռների առկայությունը, միևնույն է, անգամ Սիրիայի պատերազմում հստակ ասվում է՝ մինչև ցամաքային զորքերը չներգրավվեն, որքան էլ ուզում է ռմբակոծեք, հրթիռակոծեք, դրանով հարց չի լուծվի: Իմ ասած պարագայում եթե թուրքական ցամաքային զորքերը հարձակողական 5 զինատեսակներով մի կողմ են քաշվում, բնականաբար, այդ վտանգն էապես կրճատվում է, այսինքն՝ մենք ունենում ենք տնտեսական զարգացման հնարավորություն, ռազմական վտանգի էական անկում, որը բերում է խաղաղության հնարավորություն նաև արևելյան ուղղության՝ Ղարաբաղի վրա, որովհետև պիտի հասկանանք, որ քիչ հավանական է, որ Ադրբեջանը միայնակ  կգնա պատերազմի:

_ Պրն. Պապյան, այն, ինչ Դուք ասում եք, փաստորեն, էքստերիտորիալ իրավունքի վերահաստատումն է Արևմտյան Հայաստանի կամ վիլսոնյան Հայաստանի տարածքների վրա: Երբ ասում ենք՝ պետք է վերահաստատվեն մեր իրավունքները, լուծվի Հայկական հարցը, մեր ռադիոլսողներից շատերին  թվում է, որ Թուրքիան փաթեթավորելու է, վերադարձնի մեզ և ասի՝ եկեք: Մի փոքր բացենք չակերտները, թե ինչ է էքստերիտորիալ իրավունքը, և իրականում ինչ է նշանակում իրավունքների հաստատում` նույն տնտեսական կապերը, արտաքին շուկան, որ Դուք նշեցիք, և ինչ քայլերի պետք է դիմի մեր պետությունը՝ դրան հասնելու համար:

_ Եթե չկան այն 5 հարձակողական զենքերը՝ տանկեր, զրահամեքենաներ, հրետանի, ավիացիա և ուղղաթիռներ, առանձնապես չես կարող ո՛չ զորք տեղափոխել, ո՛չ պատերազմ մղել: Ի՞նչ է նշանակում էքստերիտորիալ լուծումը, տարբերակ ասենք ներդրումների պարագայում: Վերցնենք պարզ օրինակ, ես խոսեցի, որ դա Հայաստանին զարգացման հնարավորություն կտա, և մեր իշխանություններն ինչքան զիջումների գնացին սահմանը բացելու համար, բայց չհաջողվեց: Եթե մենք վերահաստատում ենք մեր իրավունքները վիլսոնյան Հայաստանի պարագայում, սահմանը բացելն ինքնստինքյան խնդիր չէ, որովհետև դա մեր սահմանն է, առավել ևս եթե սահմանից այն կողմ արդեն վերահսկողություն է լինում, միջազգային կառույցները ևս ներգրավվում են: Ասեմ, որ սրա նման մի բան կար դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից առաջ՝ Մանդելշտամի ծրագիրը, որը հայաբնակ 6 նահանգները բաժանեց երկու մասի, և դրանք պիտի տնօրիներին եվրոպացիները՝  Հոֆի և Վեսթենենկի հանձնաժողովները: Հայաստանի տնտեսական զարգացման համար մի պարզ օրինակ բերեմ. Բայազետով ուղիղ գնալու դեպքում Երևանից մինչև Վանա լիճ ճանապարհը գրեթե 2 անգամ ավելի կարճ է, քան՝ Երևանից Բաթումի: Պատկերացրեք, որ եթե դա գործեր, և մեր հայկական բուրժուազիան հնարավորություն ունենար, նաև այդքան էլ խելք կունենար Վանա լճի ափին հյուրանոցներ կառուցելու, էքստերիտորիալ իրավունքով,  որ հարկերը կմուծվեր, Հայաստանի եկամտահարկը ըստ գլխամասային տեղակայության՝ օֆիսի տեղակայության, Հայաստանի բյուջեն ինչքան լրացուցչ փող կունենար, և մեր 100.000-ավոր հայրենակիցները, որ գնում են Վրաստան և հարստացնելու Վրաստանը, կգնային Թուրքիա՝ դե ֆակտո, բայց դե յուրե՝ Հայաստան, և ծախսի՝ գոնե եկամտային մասով հարկերը կգային Հայաստան: Տեղական իշխանությունները ևս կշահեն, որովհետև տեղական որոշակի հարկեր և աշխատատեղեր կստեղծվեն իրենց համար:

_ Եթե Քրդստանը մի օր ստեղծվի, որը Դուք չեք բացառում, արդյո՞ք քրդերը չեն բացի սահմանը, և մենք այդ նույն հնարավորությունների առաջ չե՞նք կանգնի, կամ արդյո՞ք քրդերն իրենց  հերթին կփակեն՝ կրկին վախենալով հայերից:

_ Ես չեմ կարծում, որ քրդերը կփակեն, որովհետև դա նրանց ձեռնտու չէ: Ընդհակառակը՝ բավականին համատեղելի ենք այն առումով, որ իրենք բժիշկների, ինժեներների և նման աշխատուժի պակաս ունեն, մենք էլ ավելցուկ ունենք: Բայց խնդիրն այն է, որ եթե մենք Վիլսոնյան իրավատիրությունը չհաստատենք, քրդերը մեզ էքստերիտորիալ իրավունք չեն տա, այսինքն՝ դու կգնաս, ներդրում կանես Քրդստանում, ինչպես այսօր մեր հարուստները Ղրիմում են հյուրանոց առնում, Աբխազիայում, Վրաստանում կամ Բաթումում: Իմ ասածն այն է, որ Հայաստանի տնտեսական գործունեության համար ավելի լայն դաշտ ստեղծվի, այսինքն՝ պարտադիր չէ քարտեզի վրա անպայման այդ գույնը փոխվի, այլ այդ իրավական հնարավորություններն այնպիսին են, որ հնարավորություն տրվի այդ հարցը, իրավատիրությունը մի փոքր հետաձգելով, բայց վերջնական այդ հնարավորությունն ունենանք. սա կարևոր պահերից մեկն է: Ընդունենք, որ այսօր մեր հիմնական, ամենամեծ խնդիրը ժողովրդագրական է, դա մեծ մասամբ տնտեսական պատճառ ունի, այսինքն՝ ժողովրդի աղքատացումը բերում է արտագաղթի, նաև՝ չամուսնանալու կամ ամուսնանալուց հետո շատ քիչ երեխաներ ունենալու: Հայերը, ի տարբեություն եվրոպացիների, հոգեբանորեն դեռևս մանկասեր, երեխա սիրող ժողովուրդ են, այսինքն՝ դուք չեք գտնի մի հայ, որ ամուսնանա և ասի՝ ես երեխա չեմ ունենա, որովհետև գլխացավանք է՝ գիշերը մի քնի, պահի և այլն: Շատ եվրոպացիներ անում են: Հայերը, ընդհակառակը, գտնում են, որ պետք է ամուսնանալ, երեխա ունենալ, գոնե երկուսը, եթե մի քիչ հնարավորություն կա՝ երեքը: Իմ հայեցակարգի մեջ կա նաև Ցեղասպանության նյութական հատուցումների պահը, նաև՝ տարածքների վարձակալության, այսինքն՝ առանձին հիմնադրամների ստեղծումը: Ցեղասպանության մարդկային կորուստները հնարավոր չէ հատուցել, ասում են՝ մեռելներին հո չե՞ս կենդանացնի. այո՛, բայց դրանք անհատներ չեն, ազգի մասնիկներ են: Բայց կարելի է ստեղծել ծրագիր, որը  խրախուսի բազմազավակությունը, թեկուզ՝ միայնակ մայրերի երեխա ունենալը. կյանք է՝ դասավորվում է–չի դասավորվում, մեկն ամուսնանում է-չի ամուսնանում, հազար հարց կա, բայց, կրկնում եմ՝ հիմնական խոչընդոտն այսօր նյութականն է, անգամ հոգեբանականն էլ չէ: Հետևաբար, կարելի է ստեղծել օրինակ՝ Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնադրամ, որին առաջին հերթին մուծումներ կկատարի Թուրքիան՝ որպես պետություն, որովհետև միլիարդներ և հարյուրավոր միլիարդներ է խլել, բայց նաև այլ երկրներ՝ իրենց պատասխանատվության չափով՝ Գերմանիան, Ֆրանսիան, որը Կիլիկիան հանձնեց քեմալականներին: Հիմա կարող է ասեն՝ դե, չեն տա: Լսե՛ք, ի՞նչ ենք արել այդ ուղղությամբ, որ տվել են-չեն տվել: Վերջերս կարդացի մի հաղորդագրություն, որ ամերիկյան ֆեդերալ իշխանությունները, նախկինում կատարած անօրինականությունների համար, հնդկացիական ցեղերից մեկին 562 մլն դոլարի հատուցում պիտի տան: Այսօր աշխարհը փոխվել է. մի բան, որ Միացյալ Նահանգները մի քանի տասնամյակ առաջ չէր անի, այսօր անում է, նման բաներ տեսնում ենք Կանադայում, մինչևիսկ՝ Թուրքիայում: Հետևաբար, այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն, այսինքն՝ մենք պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը բարոյական հատուցման հարց չէ, որովհետև այդ ճանաչումը, ըստ էության, բարոյական հատուցում է, այլ դա այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման, ռազմական անվտանգության և ապագան որոշակիորեն կայունացնելու հնարավորություններից մեկն է:

_ Շնորհակալությո՛ւն, պրն. Պապյան: Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք, լսում էիք «Մոդուս վիվենդի» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, Արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Հաջողություն:

 

 

 

 

 

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan