Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանի հոշոտման պայմանագիրը. քեմալա-բոլշևիկյան գործարքը «Cuiprodest» կամ ում է ձեռնտու

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը կնքվել է Հայաստանի հոշոտման հաշվին, և դրա զոհը հայ ժողովուրդն ու Հայաստանն են: Փոխարենը մեծապես շահել է Թուրքիան, անսահման շահել են Ադրբեջանը, Վրաստանը, և սրա կնքահայրը եղել է Ռուսաստանը՝ Թուրքիայի հետ միասին: Սա Հայաստանի հոշոտման պայմանագիր էր՝ կնքված երկու դահիճի կողմից՝ Քեմալի և Լենինի: Հիմա ժամանակն է ոչ թե լռելու ու սպասելու՝ այլ գործելու, առանց մտավախության, որ մեզ կխաբեն: Աստված մեզ ուղեղ ու գիտակցություն է տվել:

Հաղորդման սղագրություն

_  Ողջույն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ: FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Cui prodest» կամ Ում է ձեռնտու» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Ողջույն, պրն. Շիրինյան:

_ Բարև Ձեզ:

_ Հարգելի ունկնդիրներ, բոլոր նրանք, ովքեր մեզ պարզապես լսում են, նշենք, որ կարող են նաև դիտել www.lratvakan.am կայքում: Այսօր թողարկման առանցքում  լինելու է Փետրվարյան հեղափոխությունը և ազգային գաղափարը: Պրն. Շիրինյան, մինչև տաղավար մտնելը  նշեցիք, որ շատ կարևոր բաներ ունեք ասելու թե՛ առաջինի, թե՛ երկրորդի մասին, բայց քանի որ փետրվարն է, երևի հենց հեղափոխությունից սկսենք. ի՞նչ նշանակություն ուներ այն մեզ համար, առհասարակ, փետրվար ամսվա դերը հայ ժողովրդի կյանքում, պատմության մեջ:

_ Կանխավ պետք է ունկնդրին ասենք, որ թեման, ինչի շուրջ խոսելու ենք, մեր նորագույն շրջանի՝ 20-րդ դարի, Հայաստանի քաղաքական պատմության ամենախեղաթյուրված, ամենաանիրավված հարցն է սովետական պատմագրության և քաղաքական հարաբերությունների տեսակետից, բայց մեր ժողովրդի ազատության, քաղաքական իդեալի դրսևորման բարձրագույն կետն է, որն ունի ոչ միայն պատմական նշանակություն, անշուշտ, որը խիստ արդիական է՝ կապված Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի հետ, որի մասին 10.000 հոգի խոսում է, բայց ես 2-3 անգամ է՝ փորձում եմ դա ազգային ինքնագիտակցության ոլորտ բերել, բայց չի հաջողվում, որովհետև պլատֆորմը, որով վերլուծվում է, չի արտացոլում Հայաստանի քաղաքական պատմությունը. չեմ ասում՝ հայ ժողովրդի, որովհետև դա մի քիչ աղճատված պատկերացում է: Առիթ եմ ունեցել հեռուստատեսությամբ երկու անգամ ասելու, սա երրորդն է. եթե չեղարկվելու է Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը, դա մեզ չի վերաբերում, որովհետև մեր պայմանագիրը չէ, բայց այդ պայմանագիրը կնքվել է Հայաստանի հոշոտման հաշվին, և դրա զոհը հայ ժողովուրդն ու Հայաստանն են, որից մեծապես շահել է Թուրքիան, անսահման շահել է Ադրբեջանը, Վրաստանը, և որի կնքահայրը եղել է Ռուսաստանը՝ Թուրքիայի հետ միասին. մենք ենք, որ տուժել ենք: Ճիշտ է, որ մենք ռազմավարական փոխհարաբերության մեջ ենք, բայց ռուս բարեկամները պետք է իմանան, որ մենք մեր քաղաքական պատմությունը լավ գիտենք, և լավ գիտենք ոչ թե այն  դեղատոմսով, որ նրանք հրամցնում են նաև այսօր, այլ մեր պատմության տրամաբանությամբ, և կարծում եմ, որ իրենք դա պետք է ընդունեն, եթե անկեղծ են: Սա Հայաստանի հոշոտման պայմանագիր է՝ կնքված երկու դահիճների կողմից՝ Քեմալի և Լենինի, որին Հայաստանը մասնակից չէ: Քանի որ ռուսները հիմա ինչ-որ առումով նեղ վիճակում են, Թուրքիայի հետ հարաբերություններում փափուկ ուժի շրջանակում սկսել են, այսպես ասած, պայմանագիրը շրջանառել և պատճառաբանում են, որ դա Ռուսաստանի թուլության արդյունքն էր: Հայ որոշ վերլուծաբաններ, թույլ տրվի ասելու՝ թութակի նման, կրկնում են օտար ափերում ծնված միտքն ու գաղափարը, որ դա Հայաստանի հոշոտման պայմանագիրն է, 1939 թ. կնքված Հիտլեր-Ստալին՝ աշխարհի բաժանման մոդելի առաջին փորձն է, որն առաջին անգամ 1921թ. Հայաստանի առիթով է փորձարկվել, այսինքն՝ Հիտլերն ու Ստալինը 1939թ. օտար հայրենիքներ, օտար ինքնիշխան պետություններ բաժանելու շատ լավ փորձ ունեին, որոնք, թվում է, իրենց հետ առնչություն չունեն, և այդ ժողովուրդների կամքը չեն հարցրել: Սա կարևոր փաստարկ է ռուս բարեկամների հետ խոսակցություն սկսելու համար, որ ճիվաղությունն առաջին անգամ եղել է Հայաստանի հաշվին այն պարագայում, որ Ցեղասպանության զոհ էր դարձել մի ժողովուրդ, որը մինչ այդ, իբրև թե, Ռուսաստանի դաշնակից ժողովուրդ էր: Սա լենինյան և հայ բոլշևիկների ոճիրը շատ է մեծացնում. սա ցեղասպանված ժողովրդի ցեղասպանության շարունակություն է, թուրքականը թողնենք մի կողմ, որովհետև դա պարզ է: Մենք սա պետք է ընդունենք և գնանք առաջ:  Երկրորդ, ռուսներն ասում են՝ մենք շատ թույլ էինք. ո՛չ, ուղղակի լենինյան բանդան իմպերիալիստական նպատակներ էր հետապնդում, և համաշխարհային հեղափոխություն բոցավառելու նպատակներից մեկն էր՝ իբրև թե թուրքերի հետ միասին, իսկ թուրքերը զոհ էին պահանջում.  Հայաստանը նրան տրվող կերակուրն էր, որպեսզի բոցավառեր մահմեդական աշխարհը: Պատճառը թուլությունը չէ, նույնիսկ սա պետք է ասվի մեր այնպիսի բարեկամներին, ինչպիսիք Տարասով, Սալավյոն և մյուսները: Թուլությունը չէ պատճառը Ռուսաստանի, այլ Սովետական Ռուսաստանի իմպերիալիստական նկրտումներն են:

_ Պրն. Շիրինյան, Դուք խոսեցիք Ցեղասպանության ճանաչման և այդ հարցերի մասին, նաև հաղորդման առաջին հատվածում նշեցիք, որ պիտի խոսեք ազգային գաղափարի մասին. արդյո՞ք Ցեղասպանության ճանաչումը կարելի է դիտարկել որպես ազգային տեսլական,  քանի որ ասում են՝ հայ ժողովուրդը միշտ այդ օրերին է միաբանվում: Եվ մինչև թուրքերի կողմից  Ցեղասպանության իրականացումը, մենք անընդհատ ձգտում էինք՝ պետականություն, պետականություն. ո՞րն էր հայ ժողովրդի պետականության իմաստը և նպատակը:

_ Ես այս հարցով շատ եմ խորհել, և մենք, ցանկացած ժողովրդի պես, մեր ազգային տեսլականն ունենք, և այդ հարցը եկել, կանգնել, դառնում է ազգային տեսլական, որը նեգատիվ է, պոզիտիվ գաղափար չէ: Ինձ թվում է, որ հենց այստեղ է նաև այն փետրվարի խորհուրդը. այստեղ մի քիչ պարզաբանենք և տեսնենք, որ մեզ համար պատմության տրամաբանությունը շարունակվում է: 1920թ. դեկտեմբերի 2-ին Դրո-Լեգրան պայմանագրով Հայաստանը դարձավ սովետական (ով ուզում է, թող կարդա պայմանագրի բովանդակությունը), որտեղ կար մի կետ, որ Ռուսաստանը՝ որպես դաշնակից, այդ օրերին պետք է օժանդակի, զենքով պաշտպանի Հայաստանին: Ռուսաստանն իր պարտավորությունները չկատարեց, իսկ Հայաստանում հայ բոլշևիկները նախճիր կազմակերպեցին երկու դահիճների՝ Ավիս Նուրիջանյանի և Աթաբեկ Աթաբեկյանի ղեկավարությամբ, չեկիստներ, որոնք Հայաստանն ավելի էին ամայացնում, քան թուրքերը՝ Արևմտյան Հայաստանը: Ստեղծված իրավիճակում ժողովուրդը 1921թ. փետրվարի 18-ին ապստամբեց, սովետական իշխանությունը տապալվեց, Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ Երևանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»: Այս օրերին Մոսկվայում ռուսների և թուրքերի միջև սկսվել էին գաղտնի բանակցությունները, որը հասավ մինչև մարտի 16-ը՝ պայմանագրի կնքումով: Մինչև ապրիլի 2-ը «Հայրենիքի փրկության կոմիտեն» ազգային անկախությունն ու պետականությունը վերականգնել էր՝ որպես Ռուսաստանի խոստումները չկատարելու արդյունք: Երբ խոսվում է 1921թ. պայմանագրի մասին, յուրաքանչյուրը պիտի ասի, որ Հայաստանում ազգային պետականությունը նույնիսկ վերականգնվել էր, սովետական իշխանություն էլ չէր. սա Ռուսաստանի և Թուրքիայի հանցանքը մեծացնում է՝ ում երկիրն ինչպես եք բաժանել: Ապրիլի 2-ին իշխանությունը նորից տապալվեց, արտագաղթ և այլն: Փետրվարյան հեղափոխությունը մեր ժողովրդի ազատության տենչն էր, և սովետական իշխանությունը տապալվել էր 42 օր: Որպեսզի հոսահատ հայերի, հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք նայողների տրամադրությունը բարձրանա, ասեմ, որ սովետական իշխանությունն առաջին անգամ տապալվել է Հայաստանում, ազգային իշխանությունը շարունակվել է 42 օր, հետո՝ 1956թ., հունգարացիներին հաջողվեց Հունգարիայում ընդամենը 5-6 օր տապալել սովետական իշխանությունը, մի 2-3 օր էլ չեխերին՝ 1968-69թթ. իրադարձությունների ժամանակ: Ըստ էության երկու անտագոնիստական պետություններ, երկու իրար թշնամի քաղաքակրթություններ և երկու ոխերիմ բարեկամներ Հայաստանի հաշվին միավորվեցին, և տարածքի իմաստով շահեցին, ինչպես ասացի, մեզանից բացի բոլորը: Այդ օրերի հերոսական պատմությունը և այս օրերի ռուս-հայ-թուրքական հակամարտությունը, դրա անընդհատ սրացումը և ինչ-որ առումով անկանխատեսելի իրավիճակը ինձ բերում է մի համոզման, թե վերջը մենք ի՞նչ տեսլական ունենք, որով պետք է շարունակենք. Ցեղասպանության ճանաչումը: Բայց դա, կարծում եմ, բացասական գաղափար է և չի կարող որևէ ժողովրդի միավորող միակ հարցը լինել: Կարծում եմ, որ եթե մենք այստեղ ազգային գաղափարը նկատի ունենք՝ որպես ազգային ինքնագիտակցության շերտերում տվյալ ժողովրդի մշտական պայքարի կոորդինատներ ունենալու հարց, այս իմաստով կարծում եմ, որ մեզ համար ազգային գաղափար, տեսլական կա՝ պետականության վերակերտումը և հայրենիքին վերատիրացումը. սա 1 տարում կլինի,  10 տարում, 100, 1000 տարում կլինի, կարևոր չէ: Կարծում եմ, որ մեր ազգային գաղափարը լինելու է Հայաստանի պետականության վերակերտումը, հզորացումը և մեր իրավունքների վերատիրացումը: Դրա միջազգային իրավական հիմքերը շատ են քննվել՝ և՛ Սևրի դաշնագիր, և՛ Վիլսոնի իրավարար վճիռ, և՛ Լոզանի արևելյան սահմանների ճշգրտում և այլն: Սա է, որ մեզ պետք է միավորի, ոչ թե՝ Ցեղասպանության ճանաչման հարցը. իհարկե, դա էլ է կարևոր, դրա դեմ խնդիր չկա:

_ Ո՞րն է  մեր պետականության իմաստը, պրն. Շիրինյան:

_ Դա շատ պարզ է. նախ մենք այն ժողովուրդն ենք, որ մի քանի անգամ ենք պետականություն վերականգնել, ունեցել ենք կայսրություն, փառահեղ մշակույթ և այլն: Սա նշանակում է, որ մենք մեր ազատության տենչը, ցանկացած ժողովրդի նման, կարող ենք իրականացնել միայն մեր ազգային պետականության շրջանակում. դրա համար եմ ասում՝ պետականության հզորացումն ու իրավունքների վերատիրացումը պետք է դառնա ազգային տեսլական:  Նպատակը պարզ է՝ ունենալ ազգային այն կառույցը, որը մեզ ապահով կտանի դեպի ապագա, և այստեղ ես բազմիցս ասել եմ, որ այդ պետականությունը կարող է լինել մեր ժողովրդի իսկական և միակ բացառիկ դաշնակիցը: Սա նշանակում է, որ մենք պետք է ազգովի, աշխարհով խնկարկենք այն  Հայաստանը, որն այսօր գոյություն ունի, որի շուրջ այսօր համախմբվել է Արցախը, վստահ եմ՝ վաղը Ջավախքը պետք է միավորվի, Նախիջևանի հարցը կարող է շատ օրախնդիր դառնալ այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ ծավալվում են իրադարձությունները, և այսպես շարունակական գուցե և ուրիշ հարցեր: Հիմա ես ուզում եմ այս շրջագծի մեջ հետևյալն ասել. նորից սկսել է շահարհվել իռացիոնալ մի բացատրություն, որ ռուսները մեզ միշտ խաբել են, հիմա կարող են խաբել և այլն: Աստծո կողմից մարդուն գլուխը և կրթությունը տրվել է նրա համար, որ չխաբվի, ուրեմն այս հիստերիկ վիճակն առաջացնելն իմաստ չունի. եթե իրենք մտածում են, որ խաբելու են, դե դուք այդպես խաբեք ռուսներին: Երկրորդ, որ Ռուսաստանը հերթական շրջադարձն է ապրում, ակնհայտ է, բայց դրա մեջ ունենք պատմական փաստեր, երբ ավելի նպաստավոր վիճակ է առաջացել: Ես երևի թե ռուսական քաղաքականության առաջին քննադատներից մեկն եմ, բայց դա չի նշանակում, որ պիտի մերժեմ դաշնակցային հարաբերություները և ամեն ինչ: Ալեքսանդր 2-րդի օրոք Ռուսաստանը ոչ  մայր Արաքս էր իջել, այլ նաև Կարսի նահանգ էր ստեղծել, շարժվել դեպի Արևմտյան Հայաստան, այսինքն՝ դուք երաշխիք ունե՞ք, որ Ռուսաստանը բավարարվելու է իր հերթին, իր կողմից միայն Արաքսի շրջագծում լինելով: Հիմա ինչի՞ հիման վրա եք կրկնում, դա ոռնոցի է վերածվում. ոչ թե պիտի մերժել, սարսափահար նստել ու ժողովրդին էլ սարսափի մեջ գցել, որ խաբվել ենք, նորից կարող ենք խաբվել. կարող են խաբել, բայց կարող են խաբել ամերիկացիները, թուրքերը, ադրբեջանցիները, լավ խաբում են վրացիները: Սա նշանակում է՝ լուրջ աշխատել: Այստեղ գիտե՞ք ինչ սխալ է թույլ տրվում՝ անշուշտ, ռուս-հայկական հարաբերություններ ունեն բարդություն. բարդություն կարող են ունենալ հայ-ամերիկյան, հայ-պարսկական և այլն, բայց մանավանդ արևմտամետների համար եմ ասում, սփյուռքից հնչող, այսպես ասած, որոշ գործիչների, վերլուծողների՝ բարեկամնե՛ր, 1915թ. համեմատությամբ Հայաստանն այսօր անկախ պետականություն է, սա Օսմանյան պետության, ռուսական պետականության հպատակ այն ժողովուրդը չէ, որը խաղալիք կարող է դառնալ: Պետականության գոյության փաստն ինքնին իրավիճակը շրջում, շուռ է տալիս: Դրա համար ասում եմ՝ տեսլականը ձևակերպեք, պետականորեն աշխատեք, և հաջողություն կարող է և լինել: Պա՞րզ չէ, որ այսօր ռուս-թուրքական այն հարաբերությունները, որ կային, այլևս չեն կրկնվելու, և պետականորեն, այո՛, ռուսների հետ աշխատեք՝ սեփական բաժինն ունենալու համար մեր հայրենիքում, մեր  տարածքի վրա, աշխատեք նաև արևմուտքի և այլնի  հետ, ոչ թե փորձեք օտարի փոխարեն ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման տեսակետից աշխատել, փորձեք դրանք համատեղել: Եվ ես կարծում եմ, որ այս ժամանակներում կարող է և ունենանք հաջողություն: Կարևորը տվյալ պարագայում այն տեսլականն է, որը ես ասացի՝ ազգային գաղափար, որը հայրենիքի և իրավունքների վերատիրացումն է:

_ Գառնիկ Ասատրյանն էր ասում, որ միշտ՝ անգամ փոքր սահմանները պետք է դուրս նայեն, եթե դու քո ազգի ապագան տեսնես քո սահմանների ներսում, ապա շատ մոտ ապագայում կկործանվես: Այսինքն՝ միշտ պետք է սահմաններից  դուրս նայել:

_ Ես Ձեզ շնորհակալ եմ իմ լավ բարեկամին, լավ ընկերոջը և ազգային մտածողության այդ տաղանդավոր գրողներից մեկին հիշատակելու համար: Այլևս ասելիք չունեմ, ըստ էության:

_Շնորհակալությո՛ւն, պրն. Շիրինյան:  Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, լսում էիք «Cui prodest» կամ Ում է ձեռնտու» հաղորդաշարը:  Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Հաջողություն:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan