Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչպես Էրդողանը դարձավ երկգլխանի. ովքեր են «պայթեցնում» Թուրքիան.«Կիսալուսնի մայրամուտը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Արդյո՞ք Թուրքիան ունի բավականաչափ ռեսուրսներ և թիկունքում հզոր աջակից, որ կարողանում է արդեն բացահայտ կանգնել ահաբեկչական կազմակերպության կողքին, ռմբակոծել Սիրիայի քրդերին, դուրս գալ ԱՄՆ-ի դեմ, պատերազմել Ռուսաստանի հետ: Արդյո՞ք դա արկածախնդրություն է, թե՞, այնուամենայնիվ Թուրքիան ինչ-որ գաղտնի ուժ կամ ինչ-որ գաղտնի ռեսուրս ունի: Թեմայի շուրջ զրուցել են թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը և Գայանե Չոբանյանը:


Հաղորդման սղագրություն

 

 _ Ողջույն, հարգելի ունկնդիրներ: «Լրատվական ռադիոյի» եթերում իր աշխատանքն է սկսում «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Գայանե Չոբանյանը և հաղորդման հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը:

            Բարև Ձեզ, Տիրան:

            _ Բարև Ձեզ:

            _ Նախորդ տարվանից Թուրքիայում լայն թափ ստացած ահաբեկչական գործողությունները շարունակվեցին նաև այս տարի: 2016 թ. հենց սկզբից մենք ականատես ենք եղել, լսել ենք, որ Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական պայթյուններ են տեղի ունեցել, սակայն վերջին՝ փետրվարի 17-ին և 18-ին տեղի ունեցած, պայթյունները իրենց վրա սևեռեցին ոչ միայն միջազգային հանրության, այլև Թուրքիայի կառավարության ուշադրությունը, որովհետև թիրախ էին ընտրվել կոնկրետ ռազմական օբյեկտներ: Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեցին բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, և տարբեր երկրների ղեկավարներ շտապեցին իրենց ցավակցությունը հայտնել Թուրքիային և դատապարտել այս գործողությունը, իսկ Թուրքիայի կառավարությունն էլ իր հերթին շտապեց գտնել մեղավորներ և դատապարտել: Քանի որ պարզվեց, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունն իրականացրել էր Սալի Սեջարը, որը Սիրիայի քաղաքացի էր և փախստական, 1 տարի գտնվում էր Թուրքիայում, Էրդողանը և Դավութօղլուն իրենց հայտարարությունների մեջ մեղադրեցին Սիրիայի քրդերին, մասնավորապես՝ Դեմոկրատական Միություն կուսակցությանը և ժողովրդական պաշտպանական բանակին, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական խմբավորում և Քրդական աշխատավորական կուսակցության մի ճյուղ, ինչպես նաև այս կոնտեքստում մեղադրեցին Ռուսաստանին և Ասադի կառավարությանը, որոնք լայնորեն աջակցում են Սիրիայում գտնվող քրդերին, այսինքն՝ ամբողջ մեղքը բարդվեց քրդերի վրա: Ձեր դիտանկյունից ովքե՞ր են կանգնած այս գործողության ետևում, ի՞նչ ուժեր էին կանգնած:

            _ Սա առաջին անգամ չէ, որ Թուրքիայում ահաբեկչություն է իրագործվում, տարիներ շարունակ մենք սովոր ենք դրան, և ոչ միայն ահաբեկչության նման դրսևորումների, այլև պետական ահաբեկչությանը, և ինձ համար հետաքրքիր էր այն փաստը, որ երբ Թուրքիայում օրական տասնյակ մարդիկ են սպանվում հենց պետական ահաբեկչության պատճառով, աշխարհը միանգամից աշխարհը սրեց, երբ պետության դեմ գործված մի ահաբեկչական գործողությամբ 27 հոգի սպանվեցին, և ամբողջ աշխարհի պետությունները շտապեցին ցավակցություններ հայտնել, բայց 2 շաբաթ առաջ, երբ Դիարբեքիրի մի նկուղից 60 դիակ էին հանել, ես ոչ Ռուսաստանից, ոչ ԱՄՆ-ից, ոչ էլ որևէ այլ պետությունից ցավակցական ձայն չլսեցի, որ այդքան մարդ է մահացել: Հետաքրքիրն այն է, որ, ինչպես ասացիք, այս գործողությունն ուղղված էր հենց զինվորականների դեմ: Ես դեռևս տվյալ չունեմ, որ բարձրաստիճան զինվորականներ են մահացել: Բարձրաստիճան զինվորական մի վիրավոր կա՝ գեներալ, բայց թեթև վիրավոր է:

            _ Թուրքիայի լրատվամիջոցներում ասում էին, որ 28 զոհ կա Անկարայի պայթյունի արդյունքում, 20-ը՝ բարձրաստիճան զինվորականներ, 8-ը՝ ուղղակի ծառայողներ:

            _ Իմ տվյալներով մեկը քաղաքացիական անձ է, բայց նորից զինվորական ծառայող (գուցե վարորդը լինի), բայց արդեն 5 հոգի հանձնվել են իրենց ընտանիքներին, մնացածի խնդիրը շարունակվում է: Այսինքն՝ հավանաբար պայթյունը բավականին ուժեղ է եղել, որ անձերի ճշտման խնդիր է եղել, թե չէ այսքան չէր ուշանա. ինչ-որ ուշացնում են այդ ամենը: Սրա հետ մեկտեղ շատ շտապ եղավ հայտարարությունը, թե ով է կազմակերպել այս ամենը: Դավութօղլուն հայտարարեց, որ իրենք կոնկրետ տվյալներ ունեն, ամեն ինչ լուծված է: Փաստորեն, 24 ժամում ամեն ինչ լուծեցին, ճշտվեց հանցավորի անձը, ճշտվեց, թե ինչ նպատակներով է արել, ով է կանգնած եղել նրա հետևում, և այլն: Եվ այս ամենը՝ հակառակ այն բանին, որ քրդական կազմակերպությունները հայտարարեցին, որ իրենք չեն կանգնած այս ահաբեկչության հետևում: Սակայն Էրդողանն արդեն ինքը հայտարարեց՝ չնայած, որ քրդերն ասում են, որ իրենք չեն արել, բայց մենք շատ լավ գիտենք, որ նրանք են արել, և մենք աշխարհին զգուշացնում էինք, որ քրդերն ահաբեկիչ են, և այլն, ՊԿԿ-ն և ՊԿԿ-ի՝ Սիրիայում գործող այդ թևը: Եվ դա, ինչպես ասացիք, ամբողջությամբ քրդերի վրա բարդվեց: Դա, իհարկե, սպասելի էր, այդպես էլ պետք է լիներ: Հետաքրքիր է իմանալ, թե իրականում ով էր կանգնած դրա հետևում. ահաբեկիչը, այո, որպես փախստական Թուրքիա եկած մարդ էր: Որտեղի՞ց գիտենք դա. քանի որ նա որպես փախստական մտել է Թուրքիա, նրա մատնահետքերն էին վերցրել, և այդ մատնահետքերի միջոցով էլ կոնկրետ իմացան, թե ով է այդ անձը, սակայն հետաքրքիր է, թե ինչպես իմացան, թե որ կազմակերպությանն է պատկանում այդ անձը. եթե գիտեին, որ այդ մարդը ՊԿԿ-ի կամ քրդական մյուս կուսակցությունների անդամ է, ինչո՞ւ չէին մինչև այդ՝ մատնահետքերը վերցնելուց հետո ձերբակալել, այլ հիմա, երբ որ ահաբեկչություն գործեց, միանգամից հայտարարում են, որ նա ՊԿԿ-ական է կամ մյուս քրդական կուսակցություններից է: Իհարկե, այս մոտեցումը շատ լուրջ չէ, սակայն սպասելի էր, այդպես էլ պետք է լիներ: Եթե մենք այս տեսությունները մի քիչ ավելի ընդլայնենք, կարող ենք շատ հեռու հասնել՝ ոչ միայն իսլամական ահաբեկչական կուսակցություն, այլև կարող ենք հասնել անգամ ուրիշ ուժերի, և անգամ կարելի է մտածել, որ դա հենց Թուրքիան է կազմակերպել:

            _ Ես հենց այդ հարցն էի ուզում ուղղել Ձեզ, որովհետև երբ որ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ցամաքային ուժերը համատեղ կենտրոնացան թուրք-սիրիական սահմանին և որոշեցին ցամաքային զորք մտցնել Սիրիայի սահման, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից այս քայլը դատապարտվեց, սակայն Թուրքիան շարունակում էր Սիրիայի քրդերին ռմբակոծել, հարվածներ հասցնել, և փետրվարի 15-ին ԱՄՆ-ի կառավարությունն անմիջապես ուղերձով հանդես եկավ, որ դատապարտում է Թուրքիայի կառավարության այս արարքը, և կոչ է անում, հորդորում է, որ Թուրքիայի կառավարությունը համագործակցի քրդական Դեմոկրատական միություն կուսակցության հետ ընդդեմ ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմավորման, Էրդողանը շատ ցավագին արձագանքեց այս հորդորին՝ անգամ մեղադրելով ԱՄՆ-ին, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ասադը աջակցում են ահաբեկչական կազմակերպությանը, այսինքն՝ Դեմոկրատական միություն քրդական կուսակցությանը, որը իբր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման անունի տակ նույն ահաբեկչական գործողություններն է անում, և ասաց, որ ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի Անկարայի և քրդերի միջև: Այնուհետև Դավութօղլուի կողմից հայտարարվել էր, որ Սիրիայի քրդերը Հաթայի հարվածներ են հասցնում Թուրքիային, և Թուրքիան ստիպված պետք է պաշտպանվի: Էրդողանը նաև հայտարարել էր, որ չի հանդուրժի Թուրքիայի սահմանի մոտ ինչ-որ քրդական ինքնավար մի կազմավորման գոյությունը: Եվ նրա այս քայլերն արդարացնելու փորձից անմիջապես հետո եղավ այս ահաբեկչական գործողությունը, և դրանում մեղադրվեցին Սիրիայի քրդերը, ինչը Թուրքիայի կառավարությանը հնարավորություն է տալիս միջամտել՝ զորք մտցնել Սիրիա: Այսինքն՝ ստացվեց, որ այս խառը իրադրությունից Թուրքիայի կառավարությունը շահող դուրս եկավ. այդ պատրվակով կարող է արդեն և քրդերին ներսում ավելի հեշտ ճնշել, և դրսում ունենալ իր պատճառաբանությունները:

            _ Դեռ չգիտենք՝ շահող դուրս եկավ, թե ոչ, սակայն կարելի է նաև որպես մի շախմատային քայլ դիտարկել սա: Բոլորին էլ հայտնի է, որ աշխարհի բոլոր պետություններն էլ նման քայլերի դիմում են՝ իրենք իրենց որոշակի վնաս պատճառելով՝ մի զինվոր կորցնում են մեծ առավելություն ստանալու համար: Սովորական պետք է ընդունել դա. ինչքան էլ ցավալի է, արվում են նման բաներ: Սակայն պետք չէ աչքաթող անել նաև այդ վարկածը: Գալով քրդերի այդ հարաբերությանը, այո, Թուրքիան նույնպես, սա էլ, դժբախտաբար, ընդունված կարգ է, ինչ-որ բան կազմակերպել և մեղադրել հակառակ կողմին, թե դու սկսեցիր առաջինը, և ես էլ պետք է քեզ պատասխանեմ: Թուրքիան սկսեց, այո, քրդերի դեմ ինչ-որ գործողություններ անել՝ չնայած, որ քրդական կողմը դրանից հետո էլ հայտարարեց, որ իրենք մի փամփուշտ անգամ չեն կրակել Թուրքիայի ուղղությամբ: Իսկ մոտ 2-3 օր առաջ Թուրքիան ծանր հրետանի տեղակայեց սահմանի վրա, քանի որ քրդական ուժերն առաջանում էին դեպի քրդական սահման, որտեղ իսլամական այդ ահաբեկիչները դեռևս որպես մի գիծ պատսպարված էին, ուզում էին դեռևս այդ տարածքն էլ մաքրել: Թուրքիան շտապ ծանր հրետանի կենտրոնացրեց, որը կարող է կրակել մինչև 40 կմ հեռու կարող է ճշգրիտ կրակել, և սկսեց ռմբակոծել քրդերի դիրքերը, որոնք առաջխաղացում էին գրանցել: Եվ Դավութօղլուն այսօր նշում է, որ քրդերից իր որակմամբ 70-80 «ահաբեկիչ» է սպանվել, և անգամ ասում է, որ իրենք անուն առ անուն գիտեն, և որ բարձրաստիճան ղեկավարներ նույնպես եղել են սպանվածների շարքում: Իհարկե, անհասկանալի է, թե ոնց են իմանում. միգուցե, հնարավոր է:

Սակայն այստեղ հետաքրիր է, թե ինչի համար են կրակում քրդերի վրա. որովհետև քրդական այդ կազմակերպությունը՝ այդ կուսակցությունը, առաջխաղացում էր ունենում դեպի այն տարածքները, որոնք ղեկավարվում էին «Իսլամական պետություն» կոչված այդ կազմակերպության տարածքների վրա: Փաստորեն, ստացվում է, որ Թուրքիան օգնության է գալիս «Իսլամական պետություն» կազմակերպությանը՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի, թե՛ արևմուտքի կողմից հովանավորվող ԻՊ կազմակերպության դեմ գործող միակ իրական ուժի դեմ: Սա, իհարկե, հետաքրքիր է: Դրանով Էրդողանը ցույց է տալիս իր դիրքորոշումը, ինչը, իհարկե, վաղուց է անում:

Հետաքրքիր է՝ «Իսլամական պետություն» կազմակերպությունը Թուրքիայի դեմ էլ միշտ սպառնալիքներ տեղացել է. մենք գիտենք մի քանի դեպք, որ նրանք նաև Թուրքիայում են ահաբեկչություն կազմակերպել: Սակայն ինչ-որ կերպ Էրդողանի և այդ կազմակերպության շահերը համընկնում են, կամ հեռուն գնացող ինչ-որ հաշիվներ կան, որ Էրդողանը «ատամներով պաշտպանում է» այդ կազմակերպությանը, որն ամբողջ աշխարհում պախարակված է որպես ամենամեծ, ամենավայրենի ահաբեկչական կազմակերպություն, և այսօր դրա դեմ դուրս եկող, կարելի է ասել, միակ ուժը, որը գոյություն ունի սիրիական հողում, քրդերն են: Իհարկե, ցամաքայինի մասին է խոսքը՝ օդային ուժեր, իհարկե, կան՝ օդային ռմբակոծումներ կատարող ԱՄՆ, Ռուսաստան, և այլն: Եվ հետաքրքիր է, որ այդ ուժին սատարում է ամբողջ աշխարհը՝ բացի Թուրքիայից և Սաուդյան Արաբիայի նման երկրներից:

_ Եթե մինչ այդ Թուրքիայի ամենամոտ դաշնակիցը ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ն էր համարվում, սատարում էր Թուրքիային, այստեղ ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը տարանջատվեցին՝ ԱՄՆ-ն արդեն մեղմ քաղաքականություն որդեգրեց Ասադի նկատմամբ: Եթե մի քանի տարի առաջ՝ 2013 թ. նա հանդես էր գալիս, որ Սիրիայի խնդիրը կարելի է լուծել, թեկուզ ռազմական ուղիով, միայն Ասադին գահընկեց անելու միջոցով, այժմ խոսում են ավելի մեղմ, որ, միգուցե, Ասադը մնա, կամ ինչ-որ ժողովրդավարական ընտրություններ տեղի ունենան, և սատարում է նաև Սիրիայի քրդերին: Եվ տեսնում ենք, որ ԱՄՆ-ի հարաբերությունները լավացան նաև Իրանի հետ, ինչը նյարդայնացնում է Սաուդյան Արաբիային: Կարո՞ղ ենք ասել, որ առաջացել է Սաուդյան Արաբիա-Թուրքիա մի համագործակցություն՝ ընդդեմ ԱՄՆ-Իրան շահերի. Սաուդյան Արաբիան էլ ունի իր շահերը Սիրիայում, Սաուդյան Արաբիան նույնպես համարվում էր ԱՄՆ մոտ դաշնակից, սակայն կրկին, ինչպես տեսնում ենք, շահերը չեն համընկնում: Սաուդյան Արաբիան չի ուզում իր դիրքերը զիջել Իրանին. ամեն կերպ փորձում էր պատերազմական գործողություններ հրահրել և ԱՄՆ-ին ներքաշել, սակայն տեսնում ենք, որ չի հաջողվում, քանի որ ԱՄՆ-ը, հանելով Իրանի նկատմամբ սանկցիաները, աստիճանաբար տնտեսական համաձայնության եզրեր է ձևավորում:

_ Շահերը տարբեր են, այդ պատճառով ինչ-որ ժամանակ դիրքերը փոխվում են և ավելի գերակա նկատվող շահն ավելի առաջնային պլան է մղվում: Թուրքիան և Սաուդյան Արաբիան, իհարկե, իրար հետ ինչ-որ շահեր ունեն և ինչ-որ նպատակներ ունեն: Դա առաջին հերթին, կարելի է ասել, կրոնային պատկանելիության հետ առնչվող շահեր են: Իհարկե, նրանք շահեր ունեն նաև ԱՄՆ-ի հետ, և այլն: Շահերի այս բախումը կամ այս խառնաշփոթը վերջին տարիներին շատ լավ արտացոլվեց հենց Սիրիայում: Օրինակ՝ Սիրիայում այսօր պայքարում են տարբեր փոքր և մեծ խմբեր, ինչպես նաև պետություններ, բայց թե ով ում հետ ում դեմ է պայքարում, արդեն լրիվ խառնվեց իրար. մի օր այս 2 խումբը պայքարում են մյուսի դեմ, մյուս օրը հանկարծ տեսնում ենք, որ այս խմբերից մեկը այս անգամ մյուսի հետ պայքարում է իր սկզբնական ընկերոջ հետ: Ինչո՞ւ, որովհետև շահերի փոփոխություն է առաջ գալիս: Այսօրվա գերակա շահը նրան ստիպում է, օրինակ, սպիտակի հետ համագործակցել: Մեկ շաբաթ կամ մեկ ամիս անց մեկ ուրիշ շահ ավելի գերակա է դառնում և ստիպում է նրան համագործակցել հակառակորդի հետ, այդ պատճառով այսօր էլ նույն խնդիրը կա նաև պետությունների միջև: Սկզբում ԱՄՆ-ը և Թուրքիան համատեղ շահ ունեին Սիրիայում: Թուրքիան, կամ, եթե ավելի նեղ արտահայտվենք, Էրդողանը, ինչ-որ գերակա շահ ունի, ինչն ակներև է: Եվ գնալով այդ գերակա շահը վտանգվում է ավելի մեծ՝ միջազգային չափսերի քաղաքականության շահերի ներքո:

_ Կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիայի գերակա շահը Սիրիայում այս իրավիճակում ինչ-որ տարածքներ իրեն միացնելու փորձերն էին:

_ Դա էլ կա, իհարկե, սակայն, ըստ իս, դա մի քայլ է Թուրքիայի այդ գլոբալ շահի մեջ, ոչ թե աշխարհի շահի մեջ: Այդ շահը կապ ունի նաև օսմանիզմի, պանօսմանիզմի հետ, կապ ունի Մուսուլի հետ, հակաքրդական պայքարի հետ, պանթուրանիզմի հետ, և այլն. ինչ-որ մի հեռահար նպատակ ունեն, և դեպի այդ հեռահար նպատակը գնացող ճանապարհի վրա այս պահին վտանգ հայտնվեց: Այսինքն՝ նրանց ճանապարհին խոչընդոտ առաջացավ: Նրանք գնում էին այդ ճանապարհով, սակայն այդ գլոբալ շահը, այսինքն՝ աշխարհի գլոբալ շահը, որի մեջ ԱՄՆ-ն է գլխավորը, վերջինս ուրիշ բան էր ակնկալում, վնասեց Էրդողանի այդ ընթացքը: Բայց երևում է, որ Էրդողանը (անգամ չեմ ուզում ասել Թուրքիա), նրա շուրջը գտնվողները և նրա նպատակներին հետևողները համարյա թե հասել էին իրենց նպատակին, և ինչ-որ շատ մեծ շահեր ունեին, չէին ուզում կորցնել, և այսօր ատամներով պայքարում են իրենց այդ նպատակի համար: Եվ նույնիսկ այսօր, երբ ամեն ինչ ակնհայտ է, նրանք կարողանում են ամեն ինչ խեղաթյուրել, ամեն մեկի դեմ կանգնել՝ անգամ իրենց գործընկեր ԱՄՆ-ի դեմ, անգամ Ռուսաստանի դեմ պատերազմի պատրաստ լինել:

_ Դա է հետաքրքիր: Արդյո՞ք Թուրքիան ունի բավականաչափ ռեսուրսներ և թիկունքում հզոր աջակից, որ կարողանում է արդեն բացահայտ կանգնել ահաբեկչական կազմակերպության կողքին, ռմբակոծել Սիրիայի քրդերին, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ, արդեն ԱՄՆ-ի դեմ դուրս գալ, որվհետև հայտարարություններում նշվում է, որ ԱՄՆ-ն արդեն նույնացվում է Ասադի և Ռուսաստանի հետ՝ որպես ահաբեկչությանն աջակցող ևս մեկ երկիր: Ի՞նչ ակնկալիքներ ունի. արդյո՞ք դա արկածախնդրություն է, թե՞, այնուամենայնիվ, հնարավոր է, որ Թուրքիան ինչ-որ գաղտնի ուժ կամ ինչ-որ գաղտնի ռեսուրս ունի:

_ Իմ կարծիքով՝ այստեղ հետաքրքիր հոգեբանական իրավիճակ է. նման իրավիճակներում, երբ ինչ-որ մի խմբակ, անձնավորություն, և այլն, մի գերնպատակ է դնում իր առաջ, ինքը աստիճանաբար համոզվում է, որ ինքը կարող է դա իրագործել: Այդ ժամանակ արդեն տրամաբանությունը մղվում է երկրորդ պլան, և մարդիկ չեն նայում՝ ինչքան ռեսուրս ունեն, ինչքան կարողություններ ունեն այդ բաներն անելու: Եվ ընդհանրապես, մեծ բախումների ժամանակ, կամ գերհզոր պետությունների, գերտերությունների բախումների ժամանակ մենք տեսնում ենք, թե ինչպես են տապալվում նրանք. այդպես տապալվեց Հիտլերը, այդպես տապալվեց Նապոլեոնը, և այլն: Այդ պահին նրանք չեն տեսնում, որ եթե իրենց հաշվարկների մեջ ինչ-որ բան այնպես չընթանա, ինչպես հաշվարկել են, հիմնովին կործանվելու են: Ի միջի այլոց, ինչո՞ւ ենք հեռու գնում՝ մենք էլ նույն ճանապարհով անցանք. երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում քննարկումներ էին ընթանում, մենք էլ մասնակցեցինք, և այլն, գիտեք, որ հայկական կողմը 2 խմբով մասնակցեց, և նրանք իրենց պահանջներն այնպես էին դրել, որ նրանք ուզում էին ոչ միայն Մեծ Հայաստանը վերականգնել, այլև նույնիսկ Կիլիկան էլ հետը՝ անգամ չունենալով այդքան մարդ, այդքան մարդկային ռեսուրս՝ այդքան հող բնակեցնելու: Եվ եվրոպացիները մի երկու անգամ հիշեցրին մեզ՝ հարցնելով, թե արդյոք մենք այդքան մարդ ունենք այդ տարածքները բնակեցնելու համար: Մենք ոչ մտածում էինք, թե ինչքան զինվորներով էինք պահելու այդ տարածքները, ոչ էլ մտածում էինք, թե ինչքան տարածքներով էինք վերաբնակեցնելու:

_ Կարծում եմ՝ մեր խնդիրը միշտ միասնական մի ծրագիր չունենալն է:

_ Այս դեպքում, իմ կարծիքով, հենց սա է, որ մենք գերագնահատում էինք մեր ուժերը: Ոչ թե գերագնահատում էինք, այլ պարզապես չէինք մտածում՝ մենք ունենք արդյոք այդ ռեսուրսները, թե չունենք: Այս պահին գուցե Էրդողանն էլ չի մտածում՝ ունի այդ ռեսուրսը, թե չունի, նա մտել է այդ պայքարի մեջ: Սա խաղամոլի վիճակին է մի քիչ նման. երբ խաղամոլը կորցնում է, ավելի շատ պահանջ է ունենում խաղալու: Նա մտածում է՝ ոչինչ, ես նորից հետ կբերեմ իմ կորցրածները: Սակայն ամեն մի կորցրածի հետ մեկտեղ նրա շանսերը գնալով պակասում են, քանի որ նրա ձեռքում եղած փողը, այսինքն՝ այս դեպքում՝ ռեսուրսը, գնալով պակասում է՝ ավելի է դժվարանում կորցրածը հետ բերել: Այս պահին նա կարող է չմտածել, եթե գերնպատակներ ունի: Կարծում եմ, որ այդ գերնպատակը կա, ինչ-որ շատ մեծ ծրագիր կա, որը ստիպում է Էրդողանին անգամ վատացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:

_ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

Հիշեցնեմ՝ «Լրատվական ռադիոյի» եթերում «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդաշարն էր, տաղավարում աշխատում էին Գայանե Չոբանյանը և հաղորդման հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը: Ցտեսություն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan