Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վ.Օսկանյան. Քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել

Վ.Օսկանյան. Քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վ.Օսկանյան. Քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսևորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Թոմաս Հոբսը իր «Լևիաթան» (1651) աշխատությունում գովերգում է միահեծան և ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: «Քանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան և անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս»:
Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: Լոկը համարում է, որ մարդկանց խառնվածքը և բնավորությունը ձևավորվում են նրանց փորձառությամբ: Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ և հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության և սեփականության: Իշխանության գոյության և գործունեության իմաստը և նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, և ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել:
Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա:
Հայաստանի սահմանադրության հիմքում դրված Լոկի սկզբունքները իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այդ փոփոխությունների ճանապարհներից մեկը կառավարման խորհրդարանական համակարգին անցնելն է, որի պարագայում առավել մեծ հնարավորություններ կլինեն քաղաքական համակարգում ստեղծելու հակակշիռներ, առավել թափանցիկ որոշումներ կայացնելու և մեծացնելու որոշում կայացնողների պատասխանատվության բեռը:
Քաղաքական այն համակարգը, որն իր մեջ չի պարունակում հնարավոր ճգնաժամի սերմերը, չի կարող լինել արդար և արդյունավետ: Այսօր մեր համակարգից դա իսպառ բացակայում է: Միայն քաղաքական ճգնաժամերով անցած համակարգը կարող է զարգանալ և կատարելագործվել՝ դրանով իսկ առավել ուժեղ դարձնելով պետությունը:
Մեզ մոտ ուժի և իշխանության ընկալումն ու սահմանումը նույնպես հոբսյան է, որը խեղաթյուրում է օրինական ուժի և իշխանության ժամանակակից հասկացողությունը: Իշխանության ուժը գալիս է ժողովրդից և օրինակարգությունից, այլ ոչ թե վախից և ուժային կառույցներից:
20-րդ դարում ամենակարևոր տրանսֆորմատիվ իրադարձությունները տեղի են ունեցել այնպիսի մարդկանց միջոցով, որոնց ո՛չ արտաքինը, ո՛չ էությունը, ո՛չ գործունեությունը ուժի որևէ դրսևորում չեն ունեցել: Գանդին պայքարել և հաղթել է մի ամբողջ Բրիտանական կայսրության, Մարտին Լյութեր Քինգը՝ խտրականությանը ԱՄՆ-ում, իսկ Նելսոն Մանդելան՝ապարտեիդին Հարավային Աֆրիկայում: Նրանց հաջողության գրավականն ընդամենը եղել է նրանց դատի արդարությունը, ազնվությունը և, իհարկե, ժողովրդի ուժը:
Հաճախ է ասվում, որ մեզ պետք է այնպիսի ուժեղ նախագահ, որը կարողանա ձեռքը խփել սեղանին և հարցեր լուծել: Ես բացարձակապես դեմ եմ այդ մտքին: Մեզ պետք է այնպիսի քաղաքական համակարգ, որը երբեք թույլ չի տա՝ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այդ «ուժեղ մարդը» ձեռքը խփի սեղանին և հարց լուծի»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan