Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Վարպետաց դաս» ապագա քաղկալանավորների ու նրանց հարազատների համար. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

Ամբողջական տարբերակը հասանելի է Բաժանորդներին
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Հայաստանում եղել են, կան ու ամենայն հավանականությամբ դեռ երկար ժամանակ կլինեն մարդիկ, ում նեղություն կտան քաղաքական հայացքների ու գործունեության համար: Ինչպե՞ս պահել քեզ, երբ պետական մեքենան սկսում աշխատել քո կամ հարազատիդ դեմ, ինչպե՞ս չջարդվել, ինչպե՞ս պահել քեզ կալանավայրում և որտե՞ղ փնտրել արդարությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմող քաղաքացիների թվով Հայաստանը նորանոր ռեկորդներ է սահմանում: Իրավապաշտպան համայնքը պնդում է, որ այս հարցում մեր երկիրը Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցում: Այդ դատարանում մարդիկ բողոքարկում են տեղական դատարանների վճիռներն ու որոշումները: Եվրադատարան ուղղված դիմումների հոսքը մի պարզ բանի մասին է խոսում: Մեր երկրի դատաիրավական համակարգի որակը չի համապատասխանում Հայաստանի քաղաքացիների պատկերացումներին և սպասելիքներին: Սովորաբար Եվրադատարանը դանդաղ է աշխատում. մարդիկ տարիներով են սպասում, որ իրենց գործը քննության առնվի: Մեր այսօրվա հերոսի գործը, սակայն, երկու ամսում ընթացք ստացավ, որովհետև, ինչպես պնդում են նրա ներկայացուցիչները, խախտումները չափազանց ակնհայտ էին: Այսօր մենք տաղավար ենք հրավիրել բազմաթիվ իրավապաշտպան կառույցների կողմից քաղկալանավոր ճանաչված Անդրեաս Ղուկասյանի տիկնոջը՝ ռադիոհայ ընկերության հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանին, որպեսզի հարցնենք նրան, թե ինչպես վարվել, երբ փորձությունը չոքում է դռանդ:

- Խնդրում եմ մի փոքր խոսեք դատաիրավական  համակարգի որակի մասին. Ձեր ամուսնու պարագայում կոնկրետ ո՞ր կետերն են խախտվել:

            - Այսօր ամենամեծ խնդիրը ոստիկանական եւ քննչական իրավունքի խախտումներն են, այսինքն՝ նախաքննության ժամանակ քաղաքացու ձերբակալությունը, որը խստորեն արգելվում է, Հայաստանում շատ մեծ տարածում է գտել, եւ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինչքան մարդու են ստիպված պահում: Մենք ասում ենք, որ «Նուբարաշեն»-ում բազմաթիվ խնդիրներ կան: Ես կասեմ, թե ինչ որակի մարդկանց այսօր ձերբակալում են եւ երկար ամիսներ՝ ընդհուպ մեկ տարի, «ճշտով եւ ոչ ճշտով», հիմնականում՝ «ոչ ճշտով» պահում են «Նուբարաշեն»-ում՝ ոստիկանության կամ քննչականի պահանջով: «Նուբարաշեն»-ի ամբողջ «բնակչության» ընդամենը 25-30 տոկոսն է, որ իրոք անցնում են քրեական գործերով: Մնացածներն այս կամ այն հանգամանքներով մեզ պես հասարակ մարդիկ են: Նրանք միջին եւ միջինից քիչ բարձր դասի գործարարներ են, որոնց ձերբակալում են, ամիսներով պահում՝ պնդելով, որ նրանք իրականացրել են ինչ-որ հանցագործություն: Դա ճնշում է անձի վրա:     

- Իսկ սա օրենսդրությո՞ւնն է թույլ տալիս, թե՞ արատավոր իրավակիրառ պրակտիկան է:

           - Դա արատավոր պրակտիկան է, որովհետեւ թե ՛ Եվրոպական դատարանը, թե՛ Հայաստանը պահանջում են, որ եթե մարդն արդեն ձեւավորվել է եւ իրեն ներկայացրել է որպես պատշաճ քաղաքացի, որն ունի տուն, ընտանիք, գործունեություն, կարող է ձերբակալության ամիսների դիմաց որոշակի գումար վճարել, որն իր  ազնվության եւ ճիշտ վարքի երաշխիքը կլինի: Այսինքն՝ այդ մարդուն չի կարելի ձերբակալել: Մյուս կողմից Եվրադատարանն ասում է՝ մարդուն կարելի է ձերբակալել միայն ամենածանր, ամենաանընդունելի պահվածքի դեպքում: Մնացած դեպքերում մարդը, քաղաքացին իրավունք չունի ձերբակալվելու, եթե դատարանի միջոցով հաստատված չէ նրա մեղավորությունը: Այսօր իրավիճակը լրիվ այլ է: Երբ մարդուն նախնական ձերբակալում են, հետո ամիսներով անօրինական կերպով պահում, պահ է գալիս, որ պետք է ապացուցել, որ իրենց քայլերն իրավական դաշտի մեջ էին: Գալիս է հաջորդ քայլը, երբ ոստիկանական եւ քննչական մարմինները սկսում են ճնշում գործադրել դատարանների վրա, տալիս են ի սկզբանե շատ անփույթ կազմված գործեր՝ մեծ խախտումներով ու սխալներով, մարդուն զրկում են իր հիմնարար իրավունքից՝ պաշտպանվելու, իր օգտին պաշտպանողական փաստաթղթեր ներկայացնելու եւ այլն: Ականատես ենք լինում իրավիճակների, երբ փաստերը մեկը մյուսին ծածկում են, չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ, Անդրիասին սկսել են հետապնդել եւ գաղտնալսել հեռախոսային խոսակցությունները՝  խախտելով իր, իր ընտանիքի եւ ընկերների  իրավունքները հուլիսի 20-ից սկսած , երբ դեռ չկային «Սասնա ծռեր», չկային որեւէ զարգացումներ: Ոստիկանությունը դատարան է բերում պրն. Գասպարյանի տեղակալներից մեկի կողմից ստորագրված մի նամակ, որտեղ խոսվում է այն մասին, որ,  Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է մասսայական անկարգություններ կազմակերպել՝  կապված 2016թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ, հետեւաբար պետք է գաղտնալսել նրա հեռախոսային խոսակցությունները, մինչդեռ հանրաքվեն տեղի էր ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի հակադիր փաստեր են բերում դատարան, իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանը ստորագրում է, որը եւ հիմք է հանդիսանում մեր հեռախոսային գաղտնալսումներին: Օրենքն ասում է՝  եթե անօրինական ձեւով ձեռք են բերվել ինչ-որ փաստեր, ապա դրանք ամբողջությամբ պետք է հանվեն գործից եւ չեն կարող հիմք հանդիսանալ հետագա քրեական եզրակացությունների համար: Անդրիասը միջնորդությունով դիմում է, որ գործից հանվեն գաղտնալսումները,  եւ  գաղտնալսման մասին դատավոր Ռուբեն Վարդազարյանի որոշումը ճանաչվի անօրինական: Սակայն երկու փաստերն էլ մերժում են: Պատկերացրեք 35 միջնորդություն, որով պրն. Ղուկասյանը դիմում է քննչական մարմիններին, եւ բոլոր դիմումներն էլ մերժվում են: Նա դիմում է դատախազին, որպեսզի իր դիմումների հիման վրա հետ վերադարձվի գործը եւ նոր հետաքննություն իրականացվի՝ ավելի մանրամասն եւ պատշաճ ձեւով: Սակայն դատախազը դա էլ է մերժում: Անդրիասը դիմում է դատարան՝  պահանջելով, որ իր իրավունքը, որը մարդու սահմանադրական իրավունքներից ամենակարեւորն է, պաշտպանվի: Դատարանը լսում է իր կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները՝  33 միջնորդություն, եւ նորից մերժում  է: Այս պահին շատ դժվար է խոսել արդարադատության մասին: Մենք խոսում ենք մի անձնավորության՝ Անդրիասի մասին, որն ունենալով երկու կրթություն՝ տնտեսագետի եւ իրավաբանի, անցյալ տարի խորացրեց քրեական օրենսդրության իր գիտելիքները եւ այսօր գիտի, թե ինչի վրա եւ ինչպես ուշադրություն դարձնել:

            - Ինչպե՞ս վարվել, երբ քո դեմ աշխատում է պետական մեքենան: Եթե հիշում եք, Սոլժենիցինի «Արշիպելագ Գուլագ» ստեղծագործության մեջ ցուցումներ է տալիս, թե ինչ վերցնել, երբ քեզ տանում են: Նմանօրինակ մի խորհուրդ բոլոր այն մարդկանց, ում դեմ պետական մեքենան է աշխատում, այսինքն, ինչպես  կարող է քաղբանտարկյալը պայքարել, եթե իրավաբան չէ եւ այդ բոլոր գիտելիքները չունի:

            - Ես ի նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր անօրինական կերպով ձերբակալված են: Այսօր Հայաստանում ձերբակալվածների 70 տոկոսն այն մարդիկ են, ովքեր պատշաճ քաղաքացիներ են, գործարարներ եւ ինչ-որ ունեցվածքի տեր են: Ձեռք չեն տալիս այն հանցագործներին, որոնց ունեցվածքն այնքան մեծ է, որ նույնիսկ չեն էլ համարձակվում մոտենալ այդ մարդկանց. ընկերություն են անում նրանց հետ, փորձում են հեռվից շրջանցել: Իսկ եթե մարդը միջին մակարդակի գործարար է, ապա հաստատ  նրանց ուշադրության կենտրոնում է, եւ դա շատ տխուր իրավիճակ է: Ես չգիտեմ՝ այսօր ինչպես պաշտպանվի սովորական քաղաքացին, որը չունի կրթություն, չգիտի իր ձերբակալության պատճառը: Եթե մենք ուզում ենք գնալ դեպի փոփոխություններ, ապա առաջին քայլերից մեկը պետք է լինի խիստ արգելանք՝ մարդկանց ձերբակալել  մինչեւ դատարանի որոշումները, կամ պարզապես քրեականորեն պատժելի ամենասոսկալի իրավիճակները պետք է լինեն. չեմ պատկերացնում, թե մարդասպանությունից դուրս ինչ հանցագործություն կարող է կատարել անձը, որ ոստիկանությունը ձերբակալի նրան: Իհարկե, ցանկացած անձ պետք է նախնական կալանքի ենթարկվի, բայց քննության ժամանակ մարդը պարտադիր պետք է լինի ազատության մեջ: Եթե մարդն անազատության մեջ է, եւ ոստիկանությունը հնարավորություն ունի մարդուն պահել անազատության մեջ, դա նախաբանն է բազմաթիվ խախտումների, որոնք այսօր իրականացվում են մեր քաղաքացիների նկատմամբ:

            - Արդյո՞ք արդարադատական համակարգը քաղբանտարկյալին ու ՀՀ սովորական քաղաքացուն նույն աչքերով է նայում, թե՞ ինչ-որ առանձնահատկություններ, այնուամենայնիվ, կան քաղբանտարկյալի պարագայում:

            - Առանձնահատկություն չկա, ուղղակի ավելի խիստ են վերաբերվում: Իհարկե, ցանկացած քաղբանտարկյալ նշանակում է՝  մտքի, խոսքի, ազատության սահմանափակում: Դա ապացուցելու համար պետք է բերել տարբեր դրվագներ, որոնք էլ ստիպված են լինում կեղծել:

            - Ձեր հաջորդ քայլը ո՞րն է:      

            -  Անդրեասի գործն արդեն Եվրադատարանում է, ընդունված է, եւ օր-օրի սպասում ենք կոմունիկացիայի:  Սովորաբար Եվրադատարանի դիտարկումը մեկ-երկու տարի է տեւում, սակայն Անդրիասի  դեպքը շատ արագ, մեկ ամսում ընդունեց, որովհետեւ խախտումներն շատ էին: Եվ արդեն երեք ամիս հետո սպասում ենք, որ կլինի Եվրադատարանի ուշադրության կենտրոնում:

            - Իսկ բանտային պայմաններն ինչպե՞ս են: Մենք հաճախ բողոք ենք լսում, որ  կալանավայրերում բժիշկ չեն տրամադրում եւ այլն: Նույն «Սասնա ծռեր»-ի դեպքով բազմաթիվ հաղորդագրություններ տարածվեցին փաստաբանների կողմից:

            - Անդրեասի դեպքում որեւէ դեպք կամ իրավիճակ չի եղել բողոքելու համար, չեմ կարող դժգոհել. մեծ հարգանքով են վերաբերվել, շատ ուշադիր: Քանի որ երկուսս էլ օրենքի մարդիկ ենք, երբեք չենք փորձում խախտել օրենքը: Գուցե համաձայն ենք, գուցե՝ ոչ, բայց եթե ընդունված է, պետք է ենթարկվել: Դա մեր սկզբունքն է, կարող ենք համաձայն լինել կամ չլինել Սահմանադրության այս կամ այն կետի հետ, բայց եթե այն ընդունված է, ապա մենք խիստ հետեւում ենք եւ շարժվում Սահմանադրության եւ օրենքի տառերով: Թե՛ քննիչները, թե՛ դատավորները, թե՛ դատախազները, թե՛ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, տարօրինակ է ասել, բայց շատ ջերմ են վերաբերվում Անդրիասին. հասկանալի է, որ ունեն հրաման եւ ստիպված են ենթարկվել: Մենք դա հասկանում ենք, եւ ո՛չ իմ սրտում, ո՛չ Անդրիասի սրտում բացարձակապես չկա չարություն՝ անցյալ տարվա ընթացքում մեզ շրջապատող մարդկանց նկատմամբ:

            - Ամփոփելով կարող ենք ասել, որ երբ պետությունն իր ուժի մենաշնորհն է գործադրում, եւ օրենքի տարբեր խախտումներով դու հայտնվում ես կալանավայրում, միակ տարբերակը, փաստորեն, Եվրադատարանն է եւ սեփական իրավունքների ուսումնասիրությունը ավելի խորացված տարբերակով,  այլընտրանքային ճանապարհ չունենք:

            - Այո:

            Շնորհակալություն: Հարգելի ունկնդիրներ, դուք լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը ճարտարապետ, «Ռադիո հայ» ռադիոընկերության հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանն էր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan