Վերակառուցման ծիծեռնակներն ու երկրաշարժը




Միքայել Յալանուզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«1988թ. դեկտեմբերին Հայաստանում պարետային ժամն արդեն գործում էր. Երևանում ամենուր կարելի էր հանդիպել զրահամեքենաների, մահակներով ու վահաններով զինվորների: Ուշ երեկոյան քաղաքի փողոցները հաճախ դղրդում էին զրահամեքենաների ընթացքից: Այն ժամանակ ես 13 տարեկան էի և փողոցի աղմուկը լսելիս շտապում էի պատուհանի մոտ' ԲՏՌ-ներին ու ԲՄՊ-ներին նայելու: Խորհրդային ամբողջատիրության ժողովրդավարացման հաջորդ ցուցանիշը քաղաքի վրա սավառնող ուղղաթիռներն էին, որոնց, եթե հիշում եք, ժողովուրդն անվանել էր «վերակառուցման ծիծեռնակներ»: Հաճախ դրանք այնքան ցածր էին թռչում, որ երևում էին օդաչուի դիմագծերը: Եթե զրահամեքենաներն իրենց թրթուռներով խուլ դղրդոց էին արձակում, ապա ուղղաթիռների թռիչքից ցնցվում էին շենքերը, զնգզնգում պատուհանների ապակիները:
* * *
Դասն անհետաքրքիր էր. ես սպասում էի այդքան սիրելի դպրոցական զանգին ու կարոտով նայում դպրոցի շենքի ետևի ֆուտբոլի դաշտին, որը շատ ավելի հետաքրքիր ապագա էր խոստանում: Թեև ձմեռ էր, բայց ձյուն չկար և կարելի էր որոշ ժամանակ վազվզել այնտեղ, իսկ եթե դեպքերն ավելի նպաստավոր զարգացում ունենային' նաև ֆուտբոլ խաղալ:
Երբ ապակիները սկսեցին զնգզնգալ, ես ուրախացա. ուղղաթիռի թռիչքը թեկուզ կարճատև, բայց որոշակի հետաքրքրություն կբերեր տաղտկալի դասին: Զնգզնգոցը շարունակվում էր, բայց բաղձալի ուղղաթիռը չկար: Երբ զգացինք, որ ապակիներից բացի ցնցվում է նաև հատակը, հասկացանք, որ երկրաշարժ է: Մինչ մենք կհասցնեինք վախենալ, ցնցումն ավարտվեց, բայց դպրոցում արդեն աղմուկ էր ու բոլորը դուրս էին շտապում: Մեզ էլ դա էր պետք: Երբ հասանք տուն, միայն պատի ժամացույցն էր տարօրինակորեն կանգնած' 11:41: Երեկոյան արդեն լուրերի թողարկումը ցույց տվեց երկրաշարժի սարսափելի հետևանքները...»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն: