Եվրոպական կողմին հետաքրքրել է ԲՀԿ-ն




ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր առավոտյան ԲՀԿ պատվիրակությունը Բրյուսելից վերադարձել է Հայաստան:Պատվիրակության կազմում էր նաև Օսկանյանը:
«Եթե փորձեմ միայն մեկ բառով բնութագրել այցը, կասեի, որ դա անհրաժեշտ այցելություն էր:
Նախ, անհրաժեշտ էր, որ ԲՀԿ-ն՝ որպես Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժ, ներկայացներ իր տեսակետները երկրի ներկայի և ապագայի վերաբերյալ:
Երկրորդ, կարևոր էր, որ Եվրոպական Միությունը՝ որպես Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, ԵՄ-Հայաստան ծրագրերի իրականացման հարցում ԲՀԿ-ին ընդուներ և ընկալեր որպես հուսալի գործընկեր:
Երրորդ, անհրաժեշտ էր փարատել այն թյուրըմբռնումը, թե ԲՀԿ-ն միակողմանի ուղղվածություն ունեցող քաղաքական ուժ է և այնքան էլ չի դավանում եվրոպական արժեքները:
Ասեմ, որ այցելությունն արդյունավետ էր և ծառայեց իր նպատակներին: Եվրոպական կողմին հիմնականում հետաքրքրում էր, թե էությամբ ինչպիսի կուսակցություն է «Բարգավաճ Հայաստանը» և ինչ ծրագրեր ունի երկրի ապագայի վերաբերյալ: Բացի այդ, եվրոպացի պաշտոնյաներին հետաքրքրում էր, թե ԲՀԿ-ն ինչ պատասխանատվություն կարող է վերցնել իր վրա` ոչ միայն օգնելու ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ ասոցացման և Ազատ առևտրի մասին համաձայնագրերի բանակցությունների փուլը, այլև անցնելու դրանց գործնական կիրառմանը:
«Բարգավաճ Հայաստանին» հիմնականում հետաքրքրում էր, թե որն է Եվրոպական Միության անկեղծ և օբյեկտիվ գնահատականը Հայաստանում ընթացող գործընթացների, բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ-ի հետ ծրագրերի հարցում: ԲՀԿ-ին նաև հետաքրքրում էր, թե ինչ կարելի է անել, որ այդ համագործակցությունը միայն թղթի վրա չլինի, այլ որ պահպանվեն ձեռք բերվող պայմանավորվածությունների տառն ու ոգին:
Կարծում եմ՝ երկուստեք ստացանք մեր հարցերի պատասխանները»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն: