09:44   17-10-2020
Image Description
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Արցախում ադրբեջանական հարձակումների հետևանքով վիրավորված երեխաներին

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Արցախի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, տեղեկանում ենք ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Արցախի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին:

Այցի ընթացքում նրանց ողջունել և ուղեկցել են ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը և բուժանձնակազմը:

Այցի ընթացքում Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները:

Նա նաև պատմեց իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի: Բացահայտեցին որ երկուսն էլ շուն են սիրում, փոխանակեցին իրենց շների նկարները և պայմանավորվեցին խաղալ շախմատ, երբ Նարեկը լիովին ապաքինվի:

Քանի որ Ռուբենը իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, Շարփը երկար զրուցեց նրա մայրիկի հետ, ով ևս վիրավոր է: Ռուբենի մայրը պատմեց դժբախտության, որդու հետաքրքրությունների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին, որին հույս ունի վերադառնալ ապաքինվելուց հետո:

Բուժանձնակազմի խոսքով, փոքրիկ Արծվիկը այս օրերի ընթացքում առաջին անգամ ժպտաց՝ խաղալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների կողմից բերված խաղալիքներով:

«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- նշեց Շարփը իր այցի ժամանակ, - «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:

Այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք էր:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ»,- նշված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում:


Loading...