11:03   17-10-2020
Պետդումայի պատգամավոր Միլոնովն արձագանքել է Արցախ այցի պատճառով Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնվելուն՝ Բաքվին խորհուրդ տալով «ուշքի գալ»
Թողնել մեկնաբանություն

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը, որն այս օրերին գտնվում է Արցախում, Լուրերի դաշնային գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ադրբեջանական իշխանությունների «սև ցուցակում» ներառվելը:

Քաղաքական գործիչը կատարվածը համարում է խորհրդանիշն առ այն, որ պատերազմ հրահրած ագրեսորները չեն ցանկանում մասնակցել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն իրեն ներառել է այդ ցուցակում, քանի որ այնտեղ կարծում են, որ ռուս պատգամավորը պետք է Բաքվի հետ համաձայնեցնի իր այցը  Արցախ:

«Եթե դա այն երկիրն է, որն ինքս եմ տեսել՝ ինչպես է ռմբակոծում խաղաղ բնակիչներին, այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում՝ կանանց, երեխաներին սպանելու, խաղաղ քաղաքները գնդակոծելու համար, ապա ես, հավանաբար, չեմ ուզում լինել այդ երկրի «սպիտակ ցուցակներում», ես ավելի լավ է լինեմ «ամենասև ցուցակներում»»,- նշել է պատգամավորը:

Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին նման արձագանքի համար, սակայն ընդգծել է, որ Ադրբեջանը լավ կլինի, որ «ուշքի գա»:

«Քաղաքակիրթ պետությունը, որը փորձում է համաշխարհային հանրության անդամ լինել, չպետք է իրեն այդպես պահի: Եվ եթե նույնիսկ ձախ ուսին նստած են «Իսլամական պետության» գրոհայինները և պարոն Էրդողանը, պարոն Ալիևը չպետք է իրեն պահի այնպես, ինչպես մի մարդ, որը մեկընդմիշտ իր անունը կմտցնի ադրբեջանական պատմության սև ցուցակներում: Չէ՞ որ նա Ադրբեջանի որդիներին դրդում է դեպի հակամարտություն, եղբայրասպան պատերազմի, մահվան»,- ընդգծել է ռուս պատգամավորը և հույս հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները  Արցախում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում կկայացնեն:

«Նրանք կարող են ինձ ցմահ գրանցել այդ ցուցակում, կարևորն է այն, որ իրենք այդ ցուցակներում չներառեն մահացած խաղաղ բնակիչներին: Իսկ նրանք հենց դա էլ անում են: Նրանք պատերազմ են վարում, նրանք մարդասպաններ են, և մարդկանց արյունը նրանց ձեռքերի, նրանց խղճի վրա է»,-մեկնաբանել է Միլոնովը:

Loading...