15:45   17-10-2020
Հայ ժողովրդի հետ պատրաստ ենք մինչև վերջին շունչը պայքարել թշնամու դեմ. եզդիական համայնքից կամավորականների երկրորդ ջոկատը նախապատրաստվում է ռազմաճակատ մեկնելուն
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ եզդիական առաջին ջոկատը, որը բաղկացած էր բացառապես եզդիներից, մեկնել է առաջնագիծ հոկտեմբերի սկզբից, նրանք արդեն վերադարձել են 15 օր կռվելուց հետո, ներկայումս կազմակերպվում է երկրորդ ջոկատը, սակայն մոտակա օրերին այդ առաջին ջոկատը՝ համալրված այլ անդամներով, ևս մեկնելու է սահման: Ի դեպ, նա ասաց, որ առաջին ջոկատում եղել է կռվող մեկ եզդի կին:

Սաիդ Ավդալյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերում արդեն իսկ ծառայում են եզդի զինվորներ, և բացի եզդիական ջոկատներում կռվողներից՝ բազմաթիվ եզդիներ իրենց հայ ընկերների հետ կամ գյուղի տղաների հետ կամ դաշնակցական ընկերների հետ արդեն մեկնել էին առաջնագիծ,  ինչպես նաև զինկոմիսարիատի միջոցով ևս մեկնողներ եղել են: Նա նշեց, որ այս ընթացքում, նախնական տվյալներով, ունեցել են մեկ զոհ:

«Մենք մարտական ենք տրամադրված, բոլոր ժամանակներում մենք պատրաստակամ ենք հայ ժողովրդի հետ կռվելու իրական թշնամու դեմ, մեր իրական թշնամին մեկն է՝ Ադրբեջանը, Թուրքիան և իսլամիստ ծայրահեղականները, որոնք ֆինանսավորվում են հենց նրանց կողմից: Մենք պատրաստ ենք մինչև վերջին շունչը պայքարել այդ թշնամիների դեմ, չէ որ մենք ևս ապրում ենք Հայաստանում, այս հողի ջրով և հացով ենք սնվում, և երբ թուրքը մտնի, բոլորիս է  կոտորելու»,-ասաց նա:

Ասոցիացիայի նախագահը նշեց, որ եզդիական առաջին ջոկատը կռվել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ռզգան Սարհանգյանի հրամանատարությամբ, որն Արցախի առաջին պատերազմին ևս մասնակցել է, թշնամու ուժեղ և թույլ կողմերը լավ գիտի, ծանոթ է տեղանքին: «Լուրջ, համառ մարտերի են մասնակցել, շրջափակման մեջ են հայտնվել, բայց հաջողվել է դուրս գալ բոլորով՝ ողջ, առողջ ու հակահարվածներ տալ և մեծ հաջողություններ գրանցել»,-ասաց նա և նշեց, որ ջոկատում մեկ կին է եղել:

Սաիդ Ավդալյանը շեշտեց, որ կամավորական ջոկատի ձևավորումը ինչ-որ մեկի հրամանով կամ խնդրանքով չի եղել: «Մարդիկ իրենց սրտի թելադրանքով, սեփական կամքով են մասնակցել:  Նրանք լավ գիտեն, թե ուր են գնալու, գիտեին, որ կարող է՝ գնային և չվերադառնային, այսինքն՝ նրանք պատրաստ էին այդ ամենին, ինչ-որ մեկի խնդրանքով չեն մասնակցել»,-ասաց նա:

Loading...