10:38   20-10-2020
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում․ Արամ Ա Կաթողիկոս
Թողնել մեկնաբանություն

Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը եւ Սփյուռքը պետք է բարձրացնի այդ դրոշն ամբողջ աշխարհում։ Այս մասին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին ուղղած իր շրջաբերական նամակում շեշտել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը։

«Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերական լայն հնարավորություններով կոչված է բարձր պահել Արցախի ճանաչման դրոշը։ Արդարեւ, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման   որեւէ քայլ իր կարեւոր նպաստը կարող է բերել միջազգային համայնքին կողմից Արցախի անկախության ճանաչման գործում», նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում։ Արամ Ա  Վեհափառը հանձնարարել է թեմերի առաջնորդ սրբազաններին, ազգային կառույցներին ու հարակից մարմիններին հետեւողական աշխատել Արցախի միջազգային ճանաչման համար։

Նորին Սրբությունը միաժամանակ հիշեցրել է, որ «գործնական բոլոր միջոցներով պետք է շարունակենք մեր ամբողջական ու անվերապահ աջակցությունը Հայոց բանակին։ Հայոց բանակը մեր հպարտությունն է, մեր ազգի ու հայրենիքի գոյության երաշխիքն է, բոլոր ճակատներում մեր հերոս տղաները պայքարում են գիշեր-ցերեկ եւ պատրաստ են իրենց արյունը թափել հանուն Արցախի անկախության»։

Նշվում է նաեւ, որ Վեհափառ Հայրապետը նաեւ հոգեւոր առաջնորդների, միջեկեղեցական կառույցների եւ կազմակերպությունների հետ իր շփումնրում շարունակելու է մեծ կարեւորություն տալ Արցախի ճանաչման հարցին։

Loading...