12:39   20-10-2020
Image Description
Գեղարքունիքում բերքահավաքի եւ աշնանացանի ընթացքը դանդաղել է

Գեղարքունիքի մարզում բերքահավաքի եւ աշնանացանի ընթացքը դանդաղել է արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված ռազմական գործողությունների պատճառով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Մարտին Պետրոսյանը, աշխատանքները դանդաղում են հիմնականում Մասրիկի հարթավայրում, որտեղ սեպտեմբերի 27-ին հաջորդող օրերին թշնամին անօդաչու թռչող սարքերից եւ հրետանային միջոցներից կրակ է վարել բնակավայրերի ուղղությամբ՝ վնասներ պատճառելով շինություններին, խլելով մարդկային կյանքեր, պատճառելով վիրավորումներ:

Վերջերս բերքահավաքի գնալու ճանապարհին անօդաչուի  հարձակման թիրախ էր դարձել Վարդենիս քաղաքի բնակիչ Արզոյանների ընտանիքը, ինչի արդյունքում ծանր վիրավորում էր ստացել 14 տարեկան Նարեկը: Այդուհանդերձ, օգտվելով հարաբերական դադարից, տնտեսություններն այս օրերին շարունակում են կարտոֆիլի եւ պտղի բերքահավաքը: 

«Մարզի տնտեսություններում այս տարի ցանվել է մոտ 8 հազար հեկտար կարտոֆիլ, որից հոկտեմբերի 20-ի դրությամբ արդեն բերքը հավաքվել է մոտ 6300 հեկտար տարածքում: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 200-250 ցենտներ: Քանդող տեխնիկայի խնդիր չունենք, պարզապես աշխատանքները դանդաղում են հավաքողների անբավարար քանակի պատճառով: Ավարտին է մոտենում նաեւ պտղի բերքահավաքը՝ նկատելիորեն լավ արդյունքներով: Թշնամու կողմից ձեռնարկված հարձակումների պատճառով դանդաղել են նաեւ աշնանացանի աշխատանքները: Այսօրվա դրությամբ կատարվել է մոտ 6 000 հեկտար աշնանացան ցորենի ցանք»,-իրավիճակը ներկայացրեց Մարտին Պետրոսյանը:

Loading...