16:32   20-10-2020
Image Description
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել:

«Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով։

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները: Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Loading...