12:36   22-10-2020
«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ
Թողնել մեկնաբանություն

Արցախցի կանայք և երեխաները արդարության և լսելի լինելու պահանջով բողոքի ցույց են անցկացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության շենքի մոտ: Նրանք պահանջում են ԱՄՆ-ից օր առաջ ճանաչել Արցախի անկախությունը: Ակցիան ընթանում է «Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի՛ եղեք», «Կանգնի՛ր, էրդողան» կարգախոսներով:   Նախաձեռնող խմբի անդամներից մեկն իր խոսքում նշեց, որ այստեղ են՝ պահանջելու վերջ դնելու այն ահաբեկչությանը, որն այսօր տեղի է ունենում Արցախի սահմաններին՝ ընդհուպ մինչև Ստեփանակերտ: «ԱՄՆ-ից պահանջում ենք, որպես ՆԱՏՕ-ի անդամ, սանկցիաներ կիրառել Թուրքիայի դեմ և վերջ դնել Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գործընթացին: Նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ միջամտի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Ցանկանում ենք, որ ԱՄՆ դեսպանը լսի մեզ, որպեսզի սեպտեմբերի 11-ը չկրկնվի նաև Արցախում»,- նշեց նա:Նախաձեռնող խմբի անդամ Արմինե Մելքոնյանն էլ հայտարարեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղ բնակչության դեմ կիրառում են նաև ամերիկյան զինատեսակներ, ինչն անթույլատրելի է: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ ԱՄՆ-ը ստանձնի իր դերակատարությունն այս տարածաշրջանում և կանխի ահաբեկչությունը: ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչն ընդառաջ եկավ ակցիայի մասնակիցներին և առաջարկեց երեք կանանց մտնել շենք, հանդիպել դեսպանի հետ և հանձնել պահանջագիր-նամակը:  

Loading...