19:20   22-10-2020
Բորելը արտաքին կողմերին կոչ է անում դադարեցնել Արցախի վերաբերյալ սադրիչ հռետորաբանությունը
Թողնել մեկնաբանություն

Արցախի կոնֆլիկտի հետ կապված արտաքին կողմերը պետք է դադարեցնեն «վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանությունը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրամիության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել  Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Բոլոր սուբյեկտները, ներառյալ արտաքին կողմերը պետք է զերծ մնան ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների շարունակությանը և նոր զոհերի: Դա իր մեջ ներառում է վտանգավոր, սադրիչ և այլատյաց հռետորաբանության դադարեցումը»,-նշել է նա:

Ժոզեպ Բորելը կոչ է արել կողմերին վերադառնալ Արցախի կոնֆլիկտի կարգավորման բանակցային սեղանի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ առանց նախապայմանների, առանց հապաղելու:

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, խիստ ձևով պահպանել համաձայնեցված հրադադարի ռեժիմը: Ցանկացած գործողություն, որն ուղղված է քաղաքացիական անձանց դեմ կամ քաղաքացիական բնակչությանը լրացուցիչ տառապանքներ պատճառելուն, պետք է անհապաղ դադարեցվի»,-նշել է նա:

Loading...