21:46   22-10-2020 Image Description
Արցախի հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում է, որ Արցախի հակամարտությունը սկսվել է ոչ թե որպես պետությունների միջև պայքար տարածքի համար,  այլ այն սկսվել է էթնիկ առճակատումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ նախագահն ասել է «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ: «Ցավոք, սա փաստ է, երբ Սումգայիթում, հետո Արցախում իրականացվեցին դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք»,- ասաց ՌԴ նախագահը: 

Նա հավելեց, որ տարիներ շարունակ  արել են ամենատարբեր առաջարկներ ճգնաժամը կարգավորելու համար, որպեսզի կայունացնեն իրավիճակը երկար պատմական հեռանկարում: «Բայց հավատացեք, դա դիրքորոշումների մոտեցման լարված աշխատանք է եղել: Որոշ պահերի թվում էր, որ ևս մի քիչ, ևս մեկ քայլ, և մենք որոշում կգտնենք: Ցավոք դա տեղի չունեցավ,  և այսօր մենք ունենք կոնֆլիկտ իր վատագույն դրսևորմամբ: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են զոհվում»,- նշեց ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ կան հազարավոր կորուստներ: 

ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այս կարճ ժամանակահատվածում կորուստները հազարավոր են: 

«Իսկ ինչքան վիրավորներ կան, որքան մարդ է տառապում, երեխաներ: Սա մեզ համար յուրահատուկ իրավիճակ է»,- ընդգծեց Պուտինը: 

Նա հավելեց, որ ստեղծվել է Մինսկի խումբը, Ռուսաստանը, Ֆրանսիան ԱՄՆ-ն համանախագահներ են, որոնց վրա բանակցային գործընթացի պատասխանատվություն Է ընկած: ՌԴ նախագահի խոսքով՝ հասկանալի է, որ այս գործընթացի բոլոր մասնակիցները անկեղծ ցանկանում են, որ իրավիճակը կարգավորվի, սակայն ոչ ոք այնքան հետաքրքրված չէ դրանով, որքան Ռուսաստանը, որովհետև այս ամենը տեղի է ունենում իրենց աչքերի առաջ:  «Դրա համար մեր  դիրքորոշումն այնպիսին է, որը թույլ կտա օգտվել ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի վստահությունից և որպես միջնորդ էական դեր խաղալ այս հակամարտության կարգավորման, դիրքորոշումների մոտեցման հարցում: Ես շատ կցանկանայի, որ այդ փոխզիջումը ձեռք բերվեր: Դուք գիտեք, որ ես սերտ կապերի մեջ եմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ: Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսով խոսում եմ նրանց հետ, մեկ օրվա մեջ մի քանի անգամ: Մեր արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայություների ղեկավարները մշտական կապի մեջ են: Դուք գիտեք, որ հերթական  անգամ երկու երկրների արտաքին գործերի նախարարները Մոսկվայում էին, հոկտեմբերի 23-ին նրանք Վաշինգտոնում են հանդիպում ունենալու: Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ համընթաց, կօգնեն կարգավորմանը, լավագույնի հույս ունենք»,- եզրափակեց Պուտինը: 

Loading...