13:53   26-10-2020
Image Description
«Մի՛ լռեք». Արցախցի կանայք ՀՀ-ում ԵՄ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

Երևանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի դիմաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք միջազգային հանրությունից պահանջում են չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:

Կանայք ակցիան սկսեցին Արցախի օրհներգը երգելով:

Նրանք վանկարկում էին՝ «Ճանաչե՛ք Արցախի  անկախությունը», «Կույր մի՛ եղեք», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարեցրե՛ք ահաբեկչությունը», «Էրդողա՛ն հանցագործ», «Ալի՛և մարդասպան», «Մի՛ լռեք» և այլն:

«Մենք պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, պահանջում ենք, որպեսզի հավասարության նշան չդնեք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Արցախում և, որպեսզի մենք ունենանք ապրելու ու արարելու իրավունք՝ մեր հողում: Պահանջում ենք նաև, որպեսզի ԵՄ-ն նույնպես չլռի»,- ընդգծեց ակցիայի մասնակից Իրինա Սաֆարյանը։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ նամակ են բերել, որը ցանկանում են փոխանցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, նաև հանդիպեն նրա հետ։

«ԵՄ-ից մենք պահանջում ենք, որպեսզի Արցախի հարցը չդիտարկվի տարածքային ամբողջականության համատեքստում: Տարիներ շարունակ մեզ ցեղասպանել են, կոտորել ու մորթել, նույնը կրկնվում է այսօր: Ձեր լռությունը հանցավոր մասնակցություն է այս ամենին»,- ընդգծեց ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը։

Մոտենալով արցախցի կանանց՝ ԵՄ-ի գրասենյակի անվտանգության աշխատակիցը հայտնեց, որ աշխատակիցներից ոչ ոք տեղում չէ՝ կապված համավարակի հետ:

«Մենք պահանջում ենք հանդիպում տիկին Վիկտորինի հետ, ինչից հետո միայն կփոխանցվենք նամակը: Այսքան ժամանակ մյուս կառույցների մոտ բողոքի ակցիա անելով և հանդիպումներ ունենալով, դարձյալ լսում ենք իրենց «խորը մտահոգությունները»: Տպավորություն ենք ստանում, որ մարդկայնորեն մեզ հասկանում են, սակայն այդ ամենը մեզ բավարար չէ: Իրենց պահվածքով ու լռությամբ նրանք խախտում են իրենց իսկ հռչակած արժեքները»,- նշեց ակցիայի մասնակից Սիրանուշ Սարգսյանը:

Քիչ անց ԵՄ գրասենյակի անվտանգության աշխատակիցը կրկին մոտեցավ ակցիայի մասնակիցներին և հաղորդեց, որ գրասենյակից կանանց կոնտակտային տվյալներ են ցանկանում, որպեսզի իրենց հետ կապ հաստատեն:

Արցախցի կանայք շեշտեցին, որ իրենք չեն հեռանալու տարածքից և շարունակելու են իրենց պայքարը:

ՀՀ-ում ԵՄ գրասենյակի անվտանգության պատասխանատուն, զանգահարելով ակցիայի մասնակիցներին, արցախցի կանանց առաջակեց նամակը թողնել գրասենյակում կամ հոկտեմբերի 27-ին ժամը 11:00-ին 3 հոգով գալ հանդիպման, սակայն հստակ չնշեցին, թե ում հետ: 

Նրանք համաձայնեցին գալ նաև հոկտեմբերի 27-ին, սակայն շարունակեցին իրենց պայքարը: Կանայք պահանջեցին, որպեսզի իրենց հստակ անուն տրվի, թե ում հետ պետք է իրենք հանդիպեն:

«Մենք տեղեկացանք, որ վաղը ժամը 11-ին մեր նախաձեռնող խմբին ընդունելու է դեսպանատան պատվիրակության ներկայացուցիչը»,- ասաց Լիանա Ադամյանը:

Loading...