09:32   30-10-2020
ԱՄՆ–ն լուրջ արձագանքի չարժանացրեց Արցախի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերջին բռնկումը․ Al Arabiya English
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն, ի տարբերություն Ֆրանսիայի և Ռուսաստանի, լուրջ արձագանքի չարժանացրեց Արցախի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերջին բռնկումը, գրում է Al Arabiya English-ը։
Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկին պարբերականին հայտնել է, որ ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների վարչակազմերի՝ այս հակամարտությունը պակաս առաջնային էր ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում մոտալուտ նախագահական ընտրությունները և կորոնավիրուսի սրվող համավարակը վարչակազմի ուշադրությունը կենտրոնացրել են ներքին խնդիրների վրա։
«Հաշվի առնելով ԱՄՆ-ում ընտրությունները, դժվար կլիներ պատկերացնել, որ Թրամփի վարչակազմը այդ պահին ավելին կանի»,- թերթին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը հավելել է, որ Արցախում ռազմական գործողություների վերսկսումից հետո ողջունելի կլիներ Պոմպեոյի այցը Մոսկվա, Փարիզ կամ նույնիսկ Երևան և Բաքու։
ԱՄՆ-ի մասնակցության բացակայությունը համապատասխանում է Թրամփի վարչակազմի «Առաջինը Ամերիկան» արտաքին քաղաքականությանը՝ ազդարարելով միջազգային բեմից մասնակիորեն հեռանալու մասին, ասել է նա։
«Այդ տարածաշրջանը շատ հեռու է ԱՄՆ-ից, հակամարտությունը տեղի չի ունենում Մեքսիկայում կամ Վենեսուելայում, այլ աշխարհի մյուս մասում, ուստի չեմ կարծում, որ միևնույն մակարդակի ուշադրության կարժանանա»,- ասել է Ստրոնսկին:
Նա հավելել է, որ ղարաբաղյան հակամարտությունը, հավանաբար, ավելի մեծ ուշադրության կարժանանա Ջո Բայդենի վարչակազմի կողմից, եթե վերջինս հաղթի ընտրություններում։

Loading...