10:16   30-10-2020
Image Description
Զոհրաբ Մնացականյանը Ուրուգվայի արտգործնախարարի հետ զրույցում շեշտել է, որ Թուրքիան փորձում է կյանքի կոչել տարածաշրջանը ահաբեկչական կենտրոնի վերածելու իր աղետալի ձգտումները

Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի  հետ:

Նախարարն իր ուրուգվայցի գործընկերոջը ներկայացրեց Արցախի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ համապարփակ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող պատերազմական գործողություններին:

Արձանագրելով, որ ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվում են կենսական նշանակության ենթակառուցվածքների, այդ թվում, առողջապահական հաստատությունների հրթիռակոծմամբ՝ հանգեցնելով մեծաթիվ զոհերի և վիրավորների քաղաքացիական բնակչության շրջանում, նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից բնաջնջելու ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ցեղասպան ձեռագիրը: 

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածություններին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորություններից միակողմանի հրաժարվելու ուխտադրուժ կեցվածքը՝ նշելով, որ այն ոչ այլ ինչ է, քան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականության շարունակական դրսևորում: 

Զրույցի առանցքային թեմաներից էր Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն անմիջական սպառնալիք հանդիսացող Թուրքիայի բացասական դերակատարության աճը: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ սատար կանգնելով Ադրբեջանի կողմից մղվող պատերազմին, Թուրքիան փորձում է կյանքի կոչել տարածաշրջանը ահաբեկչական կենտրոնի վերածելու իր աղետալի ձգտումները: 

Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: 

Loading...