10:56   30-10-2020
Image Description
Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է փոխարտգործնախարար Ալեյնիկի հետ, քննարկվել են նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ մի շարք բանաձևերին առնչվող հարցեր

2020թ․ հոկտեմբերի 29-ին կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ալեյնիկի հետ։

Հանդիպման ընթացքում արծարծվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առնչվում են միջազգային ասպարեզում հայ-բելառուսական փոխգործակցության առաջմղմանը՝ Հայաստանի և Բելառուսի միջև բարեկամության և համագործակցության 2001 թվականին կնքած պայմանագրի դրույթների, ինչպես նաև բազմակողմ միավորումների և կազմակերպությունների շրջանակներում կողմերի ստանձնած փոխադարձ պարտավորությունների ներքո։

Նախարարի տեղակալ Ս.Ալեյնիկը տեղեկացվել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների ներգրավմամբ սանձազերծված ագրեսիայով պայմանավորված Արցախի հակամարտության գոտում իրավիճակի զարգացման մասին։

Դեսպանի կողմից նաև ներկայացվել է տեղեկատվություն Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների և բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, որոնց իրականացման դեպքում, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ընթացքում, կիրառվել են արգելված սպառազինություններ ևս։

Շոշափվել են նաև Արցախի դեմ ագրեսիան և Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող միջազգային արձագանքի, ինչպես նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ մի շարք բանաձևերին առնչվող հարցեր։

Երկուստեք վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի շարունակման անհրաժեշտությունը:

Loading...