18:32   31-10-2020
Արցախի դպրոցականներին անվճար ինտերնետ ապահովելու համար բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են ընթանում. ԿԳՄՍՆ փոխնախարար
Թողնել մեկնաբանություն

Մեկտեղել ջանքերը և առավել արդյունավետ դարձնել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին տրամադրվող կրթական աջակցությունը․ այս նպատակն էր հետապնդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած առցանց քննարկումը՝ հասարակական կազմակերպությունների, զարգացման կենտրոնների, գրադարանների և այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է տարբեր կազմակերպությունների իրականացրած աշխատանքները, միաժամանակ` ընդգծելով այդ գործընթացում երեխաների անձնական տվյալների գաղտնիության, ինչպես նաև համավարակի ընթացքում հակահամաճարակային բոլոր կանոնների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Փոխնախարարի խոսքով՝ այս ընթացքում իրականացվել է Արցախից ժամանած երեխաների կարիքների գնահատում և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվել են լուծումներ։

Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, ներկայացրել է ռազմական դրության հայտարարումից հետո ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները։ Նրա խոսքով՝ ապահովվել է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք ընդգրկվել են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականներն ապահովվել են նաև անհրաժեշտ դասագրքերով։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի արցախցի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտության, ուսումը շարունակում են ՀՀ ուսումնական հաստատություններում։ Ըստ փոխնախարարի՝ ամենօրյա ռեժիմով իրականացվում է մոնիթորինգ․ ՀՀ մարզերից և Երևանից ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ է ստանում, թե Արցախից ժամանած երեխաների որ մասն է ընդգրկված կրթության ոլորտում։

Loading...